ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
id054Քրիստոնեության առաջին դարերում աստվածաբան են կոչել այն հոգևոր ուսուցիչներին, որոնք իրենց ուսմունքներում հաճախ խոսել են
Աստծո, Նրա բնության, հատկությունների մասին: Դրանք այն սակավաթիվ սրբերն էին, որոնք հասել էին մեծ
աստվածճանաչողության և կարողանում էին ոչ միայն վկայել Հիսուս
Քրիստոսի մարդեղության և
տնօրինությունների մասին՝
վարդապետելով մեր
փրկության ճանապարհը, այլև՝ ճառել
Սուրբ Երրորդության Անձերի, Նրանց տարբերությունների ու նմանությունների, Նրանց
երկնային հավիտենական գոյության և էության մասին. մի խոսքով՝ ուսուցանել այն, ինչը նրանց տրվել էր հայեցողությամբ և
հայտնությամբ: Այս պատճառով նրանց կոչում էին աստվածաբան: Այդպիսի բարձր տիտղոս են կրել ս.
Հովհաննես ավետարանիչը, ս.
Գրիգոր Աստվածաբանը, ս.
Դիոնեսիոս Արեոպագացին և մի շարք այլ մեծ
վարդապետներ, իսկ նրանց այս բնույթի գրվածքները կոչվել են աստվածաբանություն:
Հետագայում աստվածաբանական կոչվեցին բոլոր այն հոգևոր ուսմունքները, որոնք առնչվում են
Աստծո հետ և վերաբերում մարդու և
Աստծո հարաբերությանը: Այսպես «աստվածաբանություն» բառը դարձավ տարբեր հոգևոր ուսմունքների ընդհանուր անվանումը:
Այսօր գոյություն ունեն բազմաթիվ աստվածաբանական առարկաներ, սակայն հիմնականում նրանք բաժանվում են երկու մասի՝
դավանական և բարոյական:
Դավանական աստվածաբանությունը ներկայացնում է քրիստոնեական
հավատի տեսական կողմը, որը վերաբերում է
աստվածային Անձերին,
Քրիստոսի տնօրինություններին,
Սուրբ Հոգու շնորհներին,
փրկաբանությանը,
Եկեղեցուն, վախճանաբանությանը և այլն: Իսկ բարոյական աստվածաբանությունը մարդու
մեղքերի հաղթահարման,
ապաշխարության,
առաքինությունների, այս ամենը
Եկեղեցու խորհուրդների միջոցով ձեռք բերելու ուսմունքների ամբողջությունն է:
Աստվածաբանություն է կոչվում նաև ցանկացած հավատացյալի խոկումը
Աստծո, Նրա որպիսության, կարողությունների, Նրա
փրկագործության և այն ամենի մասին, ինչը նպաստում է
հավատի մեջ առավել ամրանալուն: Այդպիսի ներքին խոկումը, տարբերելով
սրբերի կողմից
հայտնությամբ տրված աստվածաբանությունից,
վարդապետները կոչում են չափավոր աստվածաբանություն: