Ս. ԱՏՈՄՅԱՆՔ (+449)
id537Պարսից կրակապաշտ արքա Հազկերտի II-ի օրոք (438-457), երբ Հայաստանի մեծ մասը գտնվում էր պարսկական իշխանության տակ, մեծ հալածանքներ սկսվեցին
քրիստոնյաների նկատմամբ: Այդ ժամանակ արքայի հրամանով պարսից արքունիքում ծառայող հայկական գնդերի զորավարներն էին հայոց նախարարներ Ատոմ Գնունին և Մանաճիհր Ռշտունին, որոնք համարձակորեն խոստովանում էին իրենց քրիստոնեական
հավատը: Որոշելով նրանց դավանափոխ անել՝ Հազկերտը զորավարներին
սիրո և երախտագիտության խոսքերով լի ուղերձով հրավիրում է արքունիք՝ իբրև թե մեծ պատվով ծառայությունից արձակելու և հայրենիք ուղարկելու համար: Կռահելով արքայի նենգ ծրագրի մասին՝ նախարարները, առերևույթ հնազանդվելով, իրենց գնդերով ուղևորվում են արքունիք՝ ճանապարհին անդադար
աղոթելով, որպեսզի Տերը հայտնի Իր կամքը և այս դժվարին կացության մեջ վարվեն այնպես, ինչպես հաճելի է
Աստծուն: Հասնելով այն ճամփաբաժանին, որտեղ ճանապարհներից մեկը տանում էր Հայաստան, զորավարներն անսում են անսպասելի այցելած երկնային
խորհրդին և հավաքելով իրենց գնդերը՝ բոլորին հորդորում են խուսափել Հազկերտի հետ հանդիպումից՝ քաջ գիտենալով, որ նրա կողմից սպասվում են բազում գայթակղություններ
հավատի ուրացության դիմաց, և կոչ են անում նախընտրել ուղղամիտ և բացահայտ անհնազանդությունը արքային՝
նահատակության ելքով: Բոլորը միաբան որոշում են ուղևորվել դեպի հայրենիք և գալով հանգրվանում են Անձևացյաց գավառի մի լեռնային վայրում, որտեղ ապրում էր մի քարանձավաբնակ
ճգնավոր: Վերջինս
մարգարեանում է նրանց սպասող մարտիրոսության մասին և
օրհնում արիաբար ընդառաջ գնալ իրենց պսակին: Երանելի զինվորները, նմանվելով
հրեշտակների բանակի, սաղմոսելով և
օրհներգությամբ պատրասվում են
նահատակության: Առավոտյան, ինչպես և
մարգարեացել էր սուրբ
ճգնավորը, Հազկերտի առաքած մեծաքանակ զորքը հասնում է Անձևացյաց գավառ և, տեղաբնակներից ճշտելով գնդերի վայրը, բանակում է մոտակայքում: Նախ պատգամավորներ են ուղարկվում, որոնք հայտնում են արքայի վերջնական հրամանը՝ կա՛մ ընդունել կրակապաշտությունը, կա՛մ մեռնել: Վճռական ժխտում ստանալուց հետո պարսից զորքը գրոհում է դեպի լեռը: Հայոց զորագնդերը, տեսնելով թշնամական զորքի հարձակումը, շտապ ձի են հեծնում: Ատոմյանց գունդը խմբվում է մի բլրի վրա՝ պատրաստվելով մարտի, իսկ Ռշտունյաց գունդն առաջ է անցնում՝ նպատակ ունենալով թիկունքից հարվածել թշնամուն: Բայց այդ պահին բոլորին երևում է մի երկնառաք
տեսիլք՝ անվախճան
լույսի և անթառամ պսակների տեսքով, և բոլորը հասկանում են, որ արդեն պահն է ոչ թե ռազմական, այլ հոգևոր
արիության: Նախ
նահատակվում է ամբողջ Ատոմյանց գունդը. իջնելով երիվարներից և վայր դնելով զենքերը՝ նրանք սրատվում են՝
սաղմոսերգությունը շուրթերին: Իսկ Մանաճիհրի գունդը հասնում է հայրենի Ռշտունյաց գավառ և այնտեղ սպասելով՝ նույն անվեհերությամբ
նահատակվում է վրահաս զորքի կողմից:
Սուրբ Ատոմի և սուրբ Մանաճիհրի գնդերը միասին կազմում էին շուրջ հազար հոգի, որոնք վերին նախախնամությամբ իրենց արյամբ ոռոգեցին հայրենի երկիրը 449 թ.՝ Հազկերտ II-ի քրիստոնեահալած հրովարտակից անմիջապես հետո, ինչը եղավ հայերի առաջին մեծաքանակ վկայությունը և ազդարարությունը՝ ամբողջ ազգով ընդդիմանալու բռնի հավատափոխությանը: