SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ԹԵՈԴՈՍ ԹԱԳԱՎՈՐ (347-395)
id524Ս. Թեոդոս թագավորը (Թեոդոսիոս Մեծ կայսրը) Եկեղեցու կողմից խիստ մեծարվում է իր բացառիկ պատմական դերի համար. եթե նրա մեծ նախակարապետը՝ Կոստանդին կայսրը (306-337), վերացրեց քրիստոնյաների հալածանքները և նրանց հեթանոսներին հավասար արտոնություններ տվեց, ապա Թեդոսիոսը քրիստոնեությունը հռչակեց որպես Հռոմեական կայսրության պետական կրոն և արգելեց հեթանոսական պաշտամունքներն ու զոհաբերությունները: Նրա օրոք (379-395) Եկեղեցուց արմատախիլ եղան մինչ այդ համաճարակի պես տարածված հերձվածողական ուսմունքները, և հաստատվեցին ուղղափառ սկզբունքները: Նրա ջանքերով 381 թ.-ին գումարվեց Կոստանդնուպոլսի երկրորդ տիեզերական ժողովը, որով դատապարտվեց հոգեմարտության հերձվածը:
Այս բոլոր գործերի համար, որոնք ուրացության ճանապարհով ընթացող արդի քաղաքակրթությունը կարող է համարել խղճի ազատության և իրավահավասարության խախտում, Եկեղեցին դարեր շարունակ փառաբանել և առ այսօր փառաբանում է ս. Թեոդոսիոսին՝ խորապես գիտակցելով, որ հենց քրիստոնեական քաղաքակրթությունն է և՛ աշխարհի խաղաղություն, և՛ Եկեղեցու հաստատության պատվարը:
Լինելով քաջարի զորավար, ինչով հռչակվել էր դեռևս կայսր դառնալուց առաջ, ս. Թեոդոսիոսը մեծապես նպաստեց Հռոմեական կայսրությունը նաև իր արտաքին թշնամիներից պատսպարելու գործին՝ հաջողությամբ դիմագրավելով գոթերի, վանդալների, հոների և այլ բարբարոսների արշավանքները։
390 թվականը կայսրությունում նշանավորվեց մի դառնաղետ պատահարով. Թեսաղոնիկեում ժողովրդական խռովությունների հետևանքով սպանվեցին գավառի զորապետը և այլ պաշտոնյաներ, ինչը սխալմամբ համարելով հակապետական ապստամբություն՝ կայսրն իսկույն հրամայեց ճնշել ամբոխին կազմակերպված կոտորածով: Արդյունքում զոհվեց ավելի քան 7000 քաղաքացի: Այս միջադեպով խիստ աղարտվեց կայսեր բարի համբավը: Սակայն, երբ եպիսկոպոս Ամբրոսիոսը նրան արգելեց մտնել եկեղեցի՝ աղոթելու, ի զարմանս ժողովրդի, նա ցուցաբերեց մեծ խոնարհություն՝ լիովին հնազանդվելով եպիսկոպոսին: Կայսրը կատարեց եպիսկոպոսի սահմանած ծանր ապաշխարությունը և միայն 8 ամիս անց արձակում ստանալով՝ արժանացավ ս. հաղորդության, որին մերձենում էր արտասվելով՝ բազում ականատեսների ստիպելով լալ իր հետ: Այսպես նա ոչ միայն քավեց իր ծանր մեղքը, այլև բարեպաշտության մեծ օրինակ ծառայեց բոլորի համար:
Ս. Թեոդոսիոսը վախճանվեց 395 թ.-ին Միլանում՝ արդար և բարեպաշտ թագավորի անուն թողնելով:
 
sacredtradition.am