Ս. ՎԼԱՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ (+316)
id522Սեբաստիայի
եպիսկոպոսն էր Հռոմեական կայսրության արևելյան մասում Դիոկղետիանոսի (284-305) և Լիկինիոսի (307-324) տիրակալության ժամանակաշրջանում, երբ
քրիստոնյաները խիստ հալածանքների էին ենթարկվում։
Ս. Վլասը մեկն է միջնադարի մեծահամբավ
սրբերից: Հայտնի էր իր սրբակեցությամբ ու ճգնասիրությամբ,
արիությամբ և գթասրտությամբ, բժկություններով ու հրաշագործություններով: Նա իր հոտի հավատարիմ հովիվն էր՝ հալածանքների մեջ երբեք չլքելով նրան, մշտապես քաջալերելով նահատակներին և օժանդակելով բանտարկվածներին: Երբ հալածանքները խիստ սաստկացան, ս. Վլասը հանձնարարեց հավատացյալներին հեռանալ լեռները և ինքն էլ առանձնացավ Արգեոս լեռան մի քարանձավում՝ հանձնվելով
ճգնակեցության: Պատմում են, որ այստեղ նրան հնազանդվում էին լեռան գազանները, որոնց նա
օրհնում էր, իսկ հիվանդ կենդանիներին՝
աղոթքով բժշկում:
Շուտով հայտնաբերվում է
սրբի թաքստոցը, և նա, փառաբանելով
Աստծուն, հետևում է իրեն Կեսարիա ուղեկցող զինվորներին: Ճանապարհին ս. Վլասը բազմաթիվ հրաշքներ է գործում՝ մինչև իսկ մի մեռյալի
հարություն տալով: Երբ սուրբ
հայրապետին բերում են Կեսարիա, կուսակալ Ագրիկողայոսը նրան դիմում է կեղծ ողջույնով՝ կոչելով աստվածների բարեկամ: Սուրբը, պատասխանելով այդ ողջույնին, անպատվում է կուսակալի պաշտած աստվածներին՝ անվանելով
դևեր, ինչով էլ արագացնում է իր ցանկալի
նահատակության դատավճիռը:
Ս. Վլասի մարտիրոսությունն ուղեկցվում է հրաշքներով. խստագույն խոշտանգումներից հետո նա մնում է անվնաս ու զվարթերես, իսկ երբ նրան նետում են Սեբաստիայի լիճը, սկսում է քայլել ջրի վրայով՝ փառաբանելով
Քրիստոսին և ծաղրելով չաստվածներին: Ի վերջո սուրբ
հայրապետին գլխատում են:
Մահից առաջ նա
աղոթում էր բովանդակ աշխարհի համար:
Ս. Վլասի հետ
նահատակվում են յոթ բարեպաշտ կանայք և երկու մանուկներ: