ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ
id5111. Օրհնությունը
սիրո արտահայտությունն է և բարի կամքի հաստատումը: Այն հատուկ է թե՛
Աստծուն և թե՛ մարդկանց:
Աստվածային օրհնությունը լինում է ժամանակավոր և հավիտենական, նյութական ու հոգևոր: Օրհնելով Իր սիրելիներին՝
Աստված ապահովում է նրանց արտաքին խաղաղությունն ու բարեկեցությունը կամ էլ օժտում ներքին հոգևոր խաղաղությամբ ու
շնորհներով՝ հաղորդ դարձնելով Իր աստվածային կյանքին ու երանությանը:
Մարդու օրհնությունը լինում է և՛ մերձավորի, և՛
Աստծո հանդեպ: Մերձավորին օրհնելը յուրահատուկ
աղոթք է և բաղձանք՝ նրա վրա հրավիրելու աստվածային բարեհաճությունը: Իսկ
Աստծուն օրհնել նշանակում է Նրանից գոհանալ սրտի խորքից վերառաքվող սիրով ու երախտագիտությամբ:
Եկեղեցական աստվածպաշտությունը լի է Արարչին վերառաքվող օրհնություններով և օրհներգներով, որոնք ինքնաբուխ արտահայտութունն են աստվածային օրհնությանը գոհությամբ արձագանքող մարդկային սրտի:
2.
Օրհնություն է կոչվում նաև հոգևորականի միջոցով աստվածային
շնորհի հրավիրումը որևէ անձի կամ առարկայի վրա, ինչն արտահայտվում է տյառնագրությամբ՝ խաչաձև շարժմամբ և հատուկ
աղոթքով: Նման օրհնությունը հաճախ վերաբերում է նաև որևէ կարևոր նպատակի կատարմանը, եթե այն չի հակասում
պատվիրաններին և կարիք է զգում
շնորհի օժանդակության: Այդպիսի օրհնությամբ են կատարվում
Եկեղեցու խորհուրդները:
3. Գիշերային ժամերգության մեջ օրհնություն են կոչվում
Սուրբ Գրքից վերցված այն
մարգարեական երգերը, որոնք երգվում են
սաղմոսի կանոնից հետո (տե՛ս
Սաղմոսերգություն): Օրհնությանը հաջորդում է համապատասխան սկսվածք և բովանդակություն ունեցող Օրհնության
շարականը: