ՔԱՐՈԶ
id4971. Հոգևոր
ճշմարտությունները խոսքով հանրությանը ծանուցելը կոչվում է քարոզ: Այն
հավատի նախապայմանն է: Բոլոր
մարգարեները քարոզելով էին իրականացնում իրենց ծառայությունը:
Քրիստոս Իր քարոզով բացեց մեր հոգու աչքերը՝ մեզ արթնացնելով
մեղքի թմբիրից, բացահայտելով մեր մոլորությունները և ավետելով գալիք
փրկությունը: Ապա Նրա
փրկագործության խորհրդի քարոզչությամբ հանդես եկան սուրբ
առաքյալները՝
դարձի բերելով շատ ժողովուրդների: Այնուհետև քարոզը դարձավ
Եկեղեցու պաշտոնյաների հովվական պարտականություններից մեկը, որն արտահայտվեց ոչ միայն բանավոր, այլև գրավոր խոսքով: Այսօր
Եկեղեցու վարդապետարանը լի է ս.
վարդապետների գրած բազմաբովանդակ քարոզներով:
Պողոս առաքյալը քարոզելիս (լուսանցապատկեր)
Երևան, ձեռ. 206, էջ 530ա, Աստվածաշունչ, 1318 թ., Գլաձոր
Ծաղկող՝ Թորոս Տարոնացի
2. Եկեղեցական ժամակարգության մեջ քարոզ են կոչվում որոշակի բովանդակությամբ
աղոթքի կոչերը, որոնց համապատասխան էլ հյուսված են նրանցից հետո ընթերցվող
աղոթքները: Այդ քարոզները կոչված են ներկաների ուշադրությունը առավել սևեռելու
աղոթքի բովանդակությանը և մտքով մասնակից դարձնելու ընթերցվող
աղոթքին: