SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ՏՐԴԱՏ ԹԱԳԱՎՈՐ (մոտ 250 - մոտ 330)
id481Տրդատը հայոց Խոսրով արքայի որդին էր: Երբ Անակ Պարթևը դավով սպանեց նրա հորը, և պարսիկները մտան Հայաստան, կոտորածից փրկելու նպատակով Տրդատին փախցրին Կեսարիա, իսկ նրա քրոջը՝ Խոսրովիդուխտին, պատսպարեցին Անի ամրոցում: Պատանի հասակում Տրդատին տարան Հռոմ, որտեղ նա մնաց արքունիքում: Մասնակցելով պատերազմների և բազմաթիվ կրկեսամարտերի՝ Տրդատը հռչակվեց իր հսկայական ուժով ու քաջությամբ: Իսկ 287 թ. Դիոկղետիանոս կայսրը նրան ճանաչեց հայոց թագավոր և զորքերով ուղարկեց հայրենիք: Գահին բազմելով՝ Տրդատը կարճ ժամանակում երկիրն ազատագրեց թշնամիներից: Այնուհետև ամուսնացավ ալանների արքայադստեր՝ Աշխենի հետ: Իսկ Խոսրովիդուխտ մեծ օրիորդը նախընտրեց կուսությունը:
Սակայն Տրդատը հեթանոս էր և դաժանորեն հալածում էր քրիստոնյաներին: Նա ծանր խոշտանգումների ենթարկելուց հետո Խոր վիրապ նետեց ս. Գրիգոր Լուսավորչին և տանջամահ արեց ս. Հռիփսիմյան կույսերին: Սակայն կույսերի նահատակությունից 3 օր անց Աստված պատժեց անօրեն թագավորին. նա վայրի խոզի կերպարանք ստացավ և դևերից հալածվելով՝ փախավ եղեգնուտները: Ոչ ոք չէր կարողանում սանձել նրան և բերել քաղաք: Այդ ժամանակ Խոսրովիդուխտին երկնային տեսիլքով հայտնվեց, որ թագավորին և երկրի թափուր մնացած գահը կարող է փրկել միայն Գրիգորը: Այդ տեսիլքն ահեղ սպառնալիքներով կրկնվեց երկրորդ անգամ, մինչև որ նախարարները հավատացին և շտապեցին վիրապից դուրս բերել ս. Գրիգորին:

Ս. Տրդատ թագավոր, ս. Խոսրովիդուխտ և ս. Աշխեն թագուհի
Պահպանված հատված Ս. Էջմիածնի Մայր տաճարի նկարազարդումներից, 1712-1721 թթ.
Հեղինակ՝ Նաղաշ Հովնաթան

Սուրբը նախ բժշկեց թագավորի ձեռքերն ու ոտքերը: Եվ Տրդատը, խորապես զղջալով ու ձգտելով քավել իր ահավոր մեղքը, բոլորի հետ մասնակցեց կույսերի վկայարանների կառուցմանը: Իր ահռելի ուժի շնորհիվ նա Մասիս սարից հսկայական քարեր էր պոկում և բերում շինարարության համար: Եվ երբ ամփոփեցին կույսերի մարմինները և պարսպապատեցին Միածնի իջման տեղը, որտեղ, ըստ տեսիլքի, պետք է եկեղեցի կառուցվեր, ս. Գրիգորի աղոթքով թագավորը վերստացավ իր նախկին կերպարանքը: Այնուհետև Լուսավորիչը Եփրատ գետում մկրտեց Տրդատին և նրան վերանվանեց Հովհաննես: Դարձի եկած թագավորը քրիստոնեությունը տարածեց ամբողջ Հայաստանում և 301 թ. այն հռչակեց պետական կրոն:
Երբ հայոց հայրապետը ճգնության համար վերջնականապես հեռացավ լեռները, Տրդատ Մեծը, փափագելով ընթանալ նրա ճանապարհով և հոգնելով պայքարել տակավին հեթանոս մնացած ըմբոստ իշխանների դեմ, նույնպես հեռացավ Մանյա այրք:
«Մեր լուսավորության երկրորդ հայրը», ինչպես նրան կոչում է ս. Մովսես Խորենացին, թագավորեց 56 տարի և մահացավ՝ թունավորվելով թշնամի նախարարների ձեռքով, որոնք հետո կեղծավորությամբ մեծ պատվով ու արծաթապատ դագաղով հողին հանձնեցին նրա աճյունը Թորդան գյուղում:
Աշխեն թագուհին առանձնացավ Գառնու ամրոցի ճգնարանում: Իսկ Խոսրովիդուխտը, որն իրավամբ համարվում է ողջ Հայաստանի կույսերի մայրը, նույնպես միայնացավ Գառնիում, որտեղ և բարեպաշտությամբ ավարտեց իր կյանքը:

Ս. Էջմիածնի Մայր տաճարի դիմաց կառուցված Տրդատի դուռը
Լուսանկար՝ Սերգեյ Հակոբյանի

 
sacredtradition.am