ՎԵՐԱՓՈԽՈՒՄ
id466Այս բառն արտահայտում է արդարների ննջումը կատարյալ խաղաղության և
աստվածմերձության մեջ: Այն ոչ թե
մահ է, այլ՝ երանելի անցում դեպի
երկինք:
Այդպիսին էր
Աստվածամոր երկրային կյանքի վախճանը: Սուրբ Կույսի ննջումից առաջ զարմանահրաշ կերպով նրա մոտ հայտնվեցին
առաքյալները՝ հրաժեշտ տալու իրենց սիրելի մորը: Նրանք ականատես եղան, թե ինչպես
Քրիստոս ընդունեց սուրբ Մարիամի հոգին՝
օրհնելով ու լուսավորելով
երկնային փառքով:
Առաքյալները պատանեցին նրա մարմինը և տարան գերեզման: Հուղարկավորությունն ուղեկցվում էր մեծ նշաններով.
Տիրամոր մահճին դիպչելով՝ բժշկվում էին անբուժելի հիվանդները, և
դևերը վռնդվում էին
դիվահարներից: Շարունակ մեծ բազմություն էր հավաքվում, որից զգուշանալով՝ հրեա իշխաններն ու
քահանաները ամեն կերպ ձգտում էին խափանել սուրբ հուղարկավորությունը: Մի
քահանա, ատելությամբ լցված, վազեց Կույսի մահճի մոտ և ուզում էր շրջել այն: Բայց այդ պահին Տիրոջ
հրեշտակը անտեսանելի հարվածով կտրեց նրա երկու ձեռքերը: Դրանից ուժգին ցնցվելով՝ հրեան անմիջապես
զղջաց, իսկ
Պետրոս առաքյալը, դիպչելով նրան, հրաշքով բժշկեց:
Վերափոխում
Երևան, ձեռ. 5786, էջ 266ա, Արքունական Ավետարան, 1336 թ.
Ծաղկող՝ Սարգիս Պիծակ
Աստվածամոր թաղումից 3 օր անց
Երուսաղեմ վերադարձավ
Բարդուղիմեոս առաքյալը և խորապես վշտացավ, որ իր բացակայության պատճառով չէր կարողացել հրաժեշտ տալ
Տիրամորը:
Առաքյալները նրա համար բացեցին գերեզմանը, սակայն սուրբ Մարիամի մարմինը այնտեղ չէր, քանզի
Աստված հարություն էր տվել նրան և մարմնով հանդերձ Իր մոտ՝
երկինք փոխադրել՝ հաստատելով բոլոր
հրեշտակներից վեր՝ հավիտենական
փառքի լույսերի մեջ:
Աստվածածնի վերափոխմանը նվիրված համանուն տոնը
Հայ Եկեղեցում նշվում է օգոստոսի 15-ի մերձակա
կիրակի օրը: Այդ օրը, ըստ վաղեմի
ավանդության,
պատարագից հետո կատարվում է
խաղողօրհնեքի արարողություն: Տոնը շարունակվում է ևս 8 օր՝ կազմելով իննօրյա տոնախմբական շրջան: