ՎԱՐԴԱՆ ԱՐԵՎԵԼՑԻ (մոտ 1200-1271)
id460Հայ Եկեղեցու մեծանուն
վարդապետ Վարդան Արևելցին դեռևս իր կյանքի օրոք հռչակվել է իր բեղուն գրական ժառանգության և եռանդուն եկեղեցական գործունեության շնորհիվ, մեծարվել «եռամեծ» և «տիեզերալույս» պատվանուններով: Աշակերտելով իր ժամանակի նշանավոր
վարդապետներ Մխիթար Գոշին, ապա Վանական
վարդապետին՝ նա ստացել է
վարդապետի, իսկ 1235-ին՝ րաբունապետի աստիճան: Գործուն մասնակցություն է ունեցել կարևոր
եկեղեցական ժողովներում և
դավանաբանական սուր պայքար մղել
քաղկեդոնականության դեմ, հիմնադրել է մի շարք դպրեվանքեր, նաև դասավանդել է:
Նրա թողած գրավոր ժառանգությունն ընդգրկում է
աստվածաբանական, պատմաբանական, քերականագիտական և երաժշտագիտական երկեր, բազմաթիվ ճառեր ու ներբողներ,
քարոզներ և
սուրբգրային մեկնություններ: Երկարամյա և բազմաբնույթ մատենագիտական ուսումնասիրություններով նա լիովին յուրացրել է
Հայ Եկեղեցու իրեն նախորդած ողջ
վարդապետական ժառանգությունը և մեծ ազդեցություն թողել հայ
վարդապետական մտքի զարգացման հետագա ընթացքի վրա: