ՎԱՆՔ
id457Վանքերը ծագել են մենակյաց
ճգնավորների միություններից՝ դրանք վերածելով հատուկ
կանոնադրությամբ միաբանված եղբայրությունների: Առաջին վանքերը ստեղծվել են IV դ. սկզբին մեծահամբավ
ճգնավորների շուրջ՝ նրանց ի վերուստ տրված հրամանով և
հայտնությամբ, որով նրանք ստանձնել են միաբանության կազմակերպումը և առաջնորդությունը:
Վանական կյանքը մեծապես նպաստում էր
բարեպաշտության զարգացմանը և հոգևոր ճանաչողության խորացմանը: Ուստի շուտով վանքերը դարձան
Եկեղեցու կյանքի առանցքը: Նրանց մեջ ներգրավվեցին
Եկեղեցու սպասավորները և
նվիրապետները, որոնք առավել ընդհանրացրին նրանց
կանոնադրությունը՝ նպաստելով վանքերի բարգավաճմանը և բազմացմանը: Ստեղծվեցին
վանական կյանքին վերաբերող խրատական գրքեր:
Վանքեր սկսեցին հիմնվել ոչ միայն բազմամարդ բնակավայրերից հեռու (տե՛ս
Անապատ), այլև քաղաքների և գյուղերի մոտակայքում՝ նպաստելու համար հոգևոր կյանքի ընդհանուր աշխուժացմանը: Շատ վանքեր դարձան խոշոր հոգևոր-կրթական և մշակութային կենտրոններ: