ՍՐԲՈՒԹՅՈՒՆ
id4531. Սրբությունը
Աստծո և Նրա հավատարիմ ծառաների այն հատկանիշն է, որը հակադիր է աստվածամարտ ոգիներին և
ադամական մեղքի հետևանքով առաջացած ապականելի
աշխարհին: Արարչի կամքով չընթացող և Նրա
շնորհից զրկված յուրաքանչյուր արարած օտար է
Աստծո բնությանը և Նրա նկատմամբ՝ անմաքուր ու անսուրբ, քանզի առանց
Աստծո կյանքը ենթակա է ապականության: Մարդու վերադարձը և հաշտությունը Արարչի հետ ենթադրում է այդ օտարության և անմաքրության հաղթահարում, որ կատարվում է
Աստծո բնությանը մերձենալով և Նրա սրբությամբ սեփական անսրբությունից մաքրվելով:
Աստված մարդուց պահանջում է նմանվել Իրեն ոչ թե գերբնական հատկանիշներով, զարմանալի գործերով ու արտաքին սխրանքներով, այլ՝
մեղքերի հաղթահարմամբ և ընկած բնության նորոգությամբ, այսինքն՝ սրբությամբ. «Սո՛ւրբ եղեք, քանզի Ես՝ ձեր Տեր Աստվածը, սուրբ եմ» [
Ղևտ. 19.2]: Մարդու սրբացումը հոմանիշն է նրա
փրկագործման: Սակայն նա չի կարող նորոգվել ու սրբանալ սեփական կարողություններով: Մարդու սրբացումն ու
փրկությունը պայմանավորված է
Աստծո տնօրինություններով և կատարվում է
Սուրբ Հոգու շնորհի հատուկ ներգործությամբ: Ուստի և սրբության արժանանում են նրանք, ովքեր
հավատով միավորվում են
Աստծո տնօրինագործությանը և
բարեպաշտ կյանքով շահում
շնորհի մշտառկայությունը իրենց մեջ:
2. Սրբություն է համարվում
Աստծո կողմից տրված յուրաքանչյուր
հայտնություն. սուրբ է Նրա խոսքը,
պատվիրանը, սուրբ են Նրա բոլոր
տնօրինությունների, ինչպես նաև Նրա ճշմարիտ ծառաների՝
սրբերի հետ առնչված հիշատակություններն ու տոները, վայրերն ու իրերը, ուստի և արժանանում են հատուկ հարգանքի ու
երկյուղած վերաբերմունքի:
Եկեղեցիներն ու մատուռները մեծ մասամբ կառուցվում են այդպիսի սրբավայրերում, իսկ շատ սուրբ իրեր, ինչպիսիք են Տիրոջ
խաչափայտի կամ վարշամակի մասնիկները,
սրբերի մասունքները և այլն, պահվում են հատուկ պահարաններում:
Սրբություն են համարվում քրիստոնեական տաճարի և նրանում զետեզված գույքի ամեն մի մասնիկ,
աստվածպաշտության մեջ գործածվող յուրաքանչյուր առարկա, հոգևորականի հանդերձանք և
ծիսական գիրք:
3. Հին
ուխտի վկայության խորանի և
Երուսաղեմի Տաճարի ներքին տարածքի երկու բաժինները, իբրև հատկապես սրբազան վայրեր, հենց այդպես էլ կոչվում էին՝ «սրբություն» և «
սրբություն սրբոց»: