ՍՏԵՓԱՆՈՍ ՍՅՈՒՆԵՑԻ (մոտ 660-735)
id450Հայ նշանավոր
աստվածաբան և թարգմանիչ, մեկնիչ և
շարականագիր Ստեփանոս Սյունեցին եղել է Դվինի
կաթողիկոսարանի ավագերեցի որդին: Նախնական կրթությունը ստացել է
կաթողիկոսարանի դպրանոցում, այնուհետև դարձել է
վանական և ստացել
վարդապետական աստիճան: Չգոհանալով իր ունեցած կրթությամբ՝ նա մեկնել է Բյուզանդիա, որտեղ կատարելագործել է իր
աստվածաբանական, իմաստասիրական և երաժշտագիտական իմացությունները, խորացել հունարենի և լատիներենի մեջ: Այդ ընթացքում նա թարգմանություններ է արել ս.
Դիոնեսիոս Արեոպագացու, ս.
Աթանաս Ալեքսանդրացու, ս.
Կյուրեղ Ալեքսանդրացու և Նեմեսիոս Եմեսացու երկերից: 728-ին վերադարձել է հայրենիք և սկսել դասավանդել Դվինի
կաթողիկոսարանի դպրանոցում՝ միաժամանակ շարունակելով իր մատենագիտական ուսումնասիրությունները և ստեղծելով ինքնուրույն երկեր:
Ստեփանոս Սյունեցու բազմաթիվ աշխատությունների մեջ աչքի են ընկնում Ծննդոց, Հոբի և Դանիելի գրքերի, 4 Ավետարանների, ինչպես նաև
Հայ Եկեղեցու ժամակարգության մեկնությունները: Նա կարևոր ներդրում ունի նաև հայ հոգևոր երաժշտության տեսության զարգացման մեջ: Հեղինակել է բազմաթիվ
շարականներ ու տաղեր:
735-ին Ստեփանոսը դարձել է Սյունյաց
եպիսկոպոսը, բայց նույն թվականին էլ սպանվել է մի կնոջ ձեռքով, որին
քարոզի ժամանակ հանդիմանել էր անառակ վարքի համար: