ԱՌԱԿ
id045Նշանակում է այլաբանական, իմաստալից խոսք՝ խրատական բովանդակությամբ:
Սուրբ Գրքում «առակներ» անվան տակ հանդես է գալիս
Սողոմոն թագավորի հակիրճ խրատների ժողովածուն, ինչպես նաև՝
Քրիստոսի պատմած բազմաթիվ առակները: Իր
քարոզներում Տերը հաճախ դիմում էր այլաբանության՝ բնության կամ կենցաղի օրինակներով, առակավոր խոսքով ներկայացնելով հոգևոր կյանքի ծածուկ
խորհուրդները:
Նա որոշ առակներ առանձին բացատրում էր Իր աշակերտներին, իսկ ժողովրդին մեծ մասամբ չէր մեկնում դրանց իմաստը, որպեսզի մարդկանց ուշադրությունը սրվի, և նրանք սկսեն խորհել
հավատի ու
երկնքի արքայության մասին: Մեզ համար ևս
Քրիստոսի առակները կարևոր միջոց են հոգևոր կյանքի, նրա օրինաչափությունների մասին մտորելու համար:
Քրիստոսի առակներն օժտված են զարմանալի պարզությամբ, սակայն նրանց իմաստը բազմաշերտ է ու բազմախորհուրդ, ինչը բացահայտվում է
քրիստոնյայի ողջ կյանքի ընթացքում՝ առավել իմաստնացնելով նրան: Այս պատճառով դրանք
վարդապետների կողմից արժանացել են ընդարձակ մեկնությունների:
Ավետարաններում զետեղված են բազմաթիվ առակներ, որոնցից շատերը վերաբերում են այն
ավետիսին, որը
Քրիստոս բերել էր աշխարհին, այն նոր ճանաչողությանն ու
հավատին, որով բացվում է
երկնքի արքայության մուտքը և հավիտենական կյանքի երանավետ հեռանկարը:
Ավագ երեքշաբթի, Տասը կույսերի առակի ծիսակատարության պահ
Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, 11 ապրիլի, 2006 թ.
Լուսանկար՝ Սերգեյ Հակոբյանի
Այդպիսին է Իմաստուն և հիմար կույսերի առակը [տե՛ս
Մատթ. 25.1-13], որտեղ ձեթը
խորհրդանշում է քրիստոնեական
առաքինությունները՝ հատկապես
ողորմությունը, որի պակասից հիմար կույսերը, այսինքն՝
առաքինությունից զուրկ
քրիստոնյաները, ի տարբերություն իմաստունների, չմտան
երկնքի արքայություն: