SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ
id446Քրիստոնեական աստվածաբանությունը, ինչպես գիտենք, հիմնված է ոչ թե Աստծո մասին մարդկային պատկերացումների, այլ Աստծո կողմից տրված հայտնության վրա: Եկեղեցու վարդապետները, հասնելով բարձր աստվածճանաչողության, ինչպես նաև հիմնվելով Սուրբ Գրքի վրա, ուսուցանում են, որ Աստծուն պետք է դավանել որպես Սուրբ Երրորդության՝ հավատալով և երկրպագելով Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն: Աստվածային երեք Անձերը միավորված են մի բնությամբ: Նրանց կոչում են միասնական, անբաժանելի և համագո. այսինքն՝ Նրանք երեքն էլ կատարյալ և ճշմարիտ Աստված են: Սակայն ոչ թե երեք Աստծո ենք դավանում, այլ հավատում և խոստովանում ենք Երեքին՝ որպես մեկ Աստծո:

Սուրբ Երրորդություն
Երևան, ձեռ. 2627, էջ 2բ, Աստվածաշունչ, 1338 թ.
Ծաղկող՝ Սարգիս Պիծակ

Թեև մարդկային հասկացողությունից վեր է Ամենասուրբ Երրորդության ուսմունքը, սակայն ճշմարիտ քրիստոնյաները հավատով ընկալում են այն, քանզի գիտեն, որ Հայրն առաքեց Որդուն, և Որդին՝ Հիսուս Քրիստոս, մարդանալով՝ իրագործեց մեր փրկությունը, որ Նա խաչի վրա մարդկության մեղքերի համար մահացավ, երրորդ օրը հարություն առավ և ապա 40 օր անց երկինք՝ Հոր մոտ համբարձվեց: Գիտեն նաև, որ այնուհետև իջավ Սուրբ Հոգին և բազում շնորհներով հեղվեց առաքյալների, ապա բոլոր Քրիստոսին հավատացողների վրա: Եվ այսպես ստեղծվեց սուրբ Եկեղեցին, որի բոլոր անդամները մկրտվել են Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով:
 
sacredtradition.am