ՍՈՂՈՄՈՆ ԹԱԳԱՎՈՐ
id445Սողոմոնը
Դավիթ թագավորի 10-րդ որդին էր, որին նա շատ էր սիրում և, երբ ծերացավ, հրամայեց, որ նրան օծեն ու ողջ ժողովրդի առջև հայտարարեն
Իսրայելի ապագա թագավոր: Վախճանից առաջ Դավիթը Սողոմոնին տվեց իր վերջին պատգամները՝ միշտ պահպանել սրտի մաքրությունն ու հավատարմությունը Տիրոջ նկատմամբ և արդար լինել ամեն ինչում, ինչպես նաև նկարագրեց իր վաղեմի երազանքի՝
Աստծո տաճարի կառուցման մանրամասները:
Սողոմոն թագավոր
Երուսաղեմ, ձեռ. 1925, էջ 745ա, Աստվածաշունչ, 1269 թ., Երզնկա
Սողոմոնը ճշտությամբ կատարեց հոր բոլոր
խորհուրդները: Եվ
Աստծո շնորհը նրա վրա էր:
Մի օր Տերը երազում ասաց նրան, որ խնդրի Իրենից, ինչ որ ցանկանում է: Եվ Սողոմոնը խնդրեց ոչ թե հարստություն,
փառք կամ հաղթություն թշնամիների նկատմամբ, այլ
իմաստություն, որպեսզի կարողանա առանց
մեղանչելու,
արդարությամբ դատել և կառավարել ժողովրդին:
Աստված գնահատեց Սողոմոնի
խոնարհ ու ազնիվ ցանկությունը և նրան ոչ միայն իմաստուն և հանճարեղ սիրտ շնորհեց, այլև
փառք ու հարստություն, այնպես որ նրա նման մեկ այլ թագավոր չգտնվեց երկրի վրա:
Սողոմոնը կառավարում էր
Իսրայելի ժողովրդին մեծ
իմաստությամբ և
արդարությամբ: Իր գիտելիքներով ու խորաթափանց մտքով նա գերազանցում էր Արևելքի բոլոր իմաստուններին և ապշեցնում իր հյուրերին: Նրա թագավորության օրոք ժողովուրդն ապրում էր անհոգ ու երջանիկ, որովհետև խաղաղություն էր տիրում, և երկիրը շարունակ բարգավաճում էր:
Սողոմոնը ոչինչ չխնայեց
Երուսաղեմի Տաճարի համար, որպեսզի այն փայլի վեհաշուք տեսքով: Երբ տաճարը կառուցվում էր,
Աստված Սողոմոնին ասաց. «Եթե դու շարժվես Իմ օրենքներով, առաջնորդվես Իմ որոշումներով և կատարես Իմ բոլոր պատվիրանները, Ես կապրեմ Իսրայելի որդիների մեջ ու չեմ լքի Իմ ժողովրդին» [
Գ Թագ. 6.12-13]:
Եվ արդարև, Սողոմոնի թագավորության շրջանը
Իսրայելի պատմության ոսկե դարը եղավ:
Սակայն երբ նա ծերացավ, հրապուրվելով իր թագավորության
փառքով՝ հպարտացավ ու հեռացավ
Աստծուց, մոռացավ Նրա խոստումը և նախազգուշացումը, թողեց իր հայրերի
հավատը և սկսեց ծառայել կուռքերի: Բացի այդ, նա սկսեց անարդար վարվել իր ժողովրդի հետ՝ ծանրացնելով հարկերը: Այս ամենի հետևանքով
Աստված երես թեքեց Սողոմոնից, ժողովուրդն աստիճանաբար դադարեց սիրել նրան, ու բազմացան դժգոհությունները, որոնք ի վերջո հանգեցրին թագավորության պառակտմանը (տե՛ս
Իսրայելի թագավորներ):
Սակայն որքան էլ մեծ էր Սողոմոնի անկումն ու մոլորությունը, նրա թագավորության առաջին տարիների
իմաստությունը և
փառքը՝ այդ ընթացքում նրա գրած գրքերով հանդերձ, մնում են որպես
Եկեղեցու սրբազան ժառանգությունը: Նրա առակների գիրքն առ այսօր մեզ համար
առաքինության և
իմաստության ուղեցույց են հանդիսանում, իսկ
մարգարեական Երգ երգոցը
Քրիստոսին և
Եկեղեցուն միավորող
սիրո խորհուրդների գանձարանն է: