SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՊԱՏԱՐԱԳ
id406Մարդու աստվածպաշտությունը նրա ողջ պատմության ընթացքում դրսևորվել է զոհաբերություններով, որոնց լրումը դարձավ Քրիստոսի պատարագը՝ Նրա ինքնազոհաբերումը խաչի վրա, որով Աստված իրագործեց մարդկության փրկությունը:
Խորհրդավոր ընթրիքին, Իր մարմինն ու արյունը բաշխելով աշակերտներին, Քրիստոս հաստատեց ս. հաղորդության խորհուրդը. դրանով սկիզբ դրվեց նոր, քրիստոնեական աստվածպաշտությանը, որի առանցքը պատարագի արարողությունն է: Նախկինում այն արտահայտվում էր ագապեներով, որոնց ընթացքում առաքյալները, այնուհետև՝ նրանց կողմից ձեռնադրված երեցները, ժողովրդին հաղորդում էին Քրիստոսի մարմնին և արյանը: Ագապեների ժամանակ աղոթքով և փառաբանությամբ խոսվում և ուսուցանվում էր Քրիստոսի փրկական տնօրինությունների, Նրա մահվան և հարության մասին:
Այդ ամենը աստիճանաբար զարգացավ՝ վերաճելով ամբողջական ծիսական համակարգի, որը խոսքերի, պատկերների և շարժումների միջոցով արտահայտում է Քրիստոսի բոլոր տնօրինությունները և Նրա փրկագործության խորհուրդները:
Այսպիսով, պատարագի արարողությանը մասնակցող հավատացյալ ժողովուրդը, որպես «ընթրիքի հրավիրվածների» բազմություն, ընկալում է այն ամենը, ինչ կատարեց Քրիստոս երկրի վրա և կատարում է այժմ երկնքից: Պատարագի միջոցով հավատացյալները հաղորդ են դառնում Քրիստոսի փրկական շնորհներին և ս. հաղորդություն ստանալով՝ նախաճաշակում երկնքի արքայության երանությունը: Պատարագով ողջ եկեղեցին՝ այնտեղ գտնվող հավատացյալներով հանդերձ, դառնում է երկինք երկրի վրա և դրախտ՝ կենաց ծառի անմահարար պտուղներով:
Պատարագի արարողությունն իրականացնում են պատարագիչ քահանան, սարկավագը և դպիրները: Քահանան պատարագ մատուցողն է, սարկավագը՝ նրա անմիջական օգնականը, իսկ դպիրները ներկայացնում են ժողովրդին՝ երգելով և գոհություն հայտնելով Աստծուց:
Հայ Եկեղեցում ներկայումս մատուցվող պատարագը բաղկացած է 4 հիմնական մասերից.
ա. պատրաստություն,
բ. երախայից պատարագ,
գ. հավատացելոց պատարագ,
դ. արձակում:
Ստորև ներկայացված են այդ մասերից յուրաքանչյուրի կառուցվածքը և բացատրությունը:




Ա. ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ


Զգեստավորում
Քանի դեռ դպիրները կամ եկեղեցու երգչախումբը երգում է «Խորհուրդ խորին» շարականը, սարկավագը ավանդատանը հատուկ կարգով զգեստավորում է պատարագիչ քահանային: Քահանայի զգեստավորվելը՝ նախկին ծառայական զգեստը հանելը և պայծառ ծիսական հանդերձների մեջ մտնելը, խորհրդանշում է հին մարդուց մերկանալը, մեղքերի ու ցանկությունների մեռնելը և Քրիստոսին հագնելը՝ պայծառանալով երկնային շնորհներով: Այս պատճառով զգեստավորման ընթացքում քահանան աղոթում է Աստվածորդուն, որ ինքը արժանի լինի կատարել պատարագի ահավոր խորհուրդը և մաքուր մտքով ու սրտով մտնել երկինք, այսինքն՝ ս. խորան, և սրբությամբ ծառայել ս. սեղանի առջև:


Նախամուտ
Դուրս գալով ավանդատնից՝ քահանան ու նրա սպասավորները դասում կատարում են նախամուտի կարգը, որի ընթացքում նախ սաղմոսի ընթերցմամբ և Աստվածամոր բարեխոսությամբ հայցվում է մեղքերի թողություն և ճշմարիտ աստվածպաշտություն, ապա փառաբանությամբ և օրհնությամբ բարձրանում են խորան: Վարագույրը փակվում է, և դպիրներն ու երգչախումբը սկսում են երգել օրվա խորհրդին պատշաճող շարականը:


Առաջադրություն
Շարականի երգեցողության ընթացքում փակ վարագույրի ետևում կատարվում է առաջադրության կարգը. պատարագիչ քահանան հատուկ աղոթակարգով գինին լցնում է սկիհի մեջ, վրան է դնում մաղզման՝ նշխարով հանդերձ, ապա ծածկոցով այն ծածկելով՝ խնկարկում է նրա առջև, որից հետո զետեղում է խորանի աջակողմյան (հյուսիսային) խորհրդանոցում:




Բ. ԵՐԱԽԱՅԻՑ ՊԱՏԱՐԱԳ


Խնկարկություն
Այնուհետև բացվում է վարագույրը, և քահանան սեղանի շուրջ խնկարկելուց հետո իջնում է խորանից՝ խնկարկելու ողջ ժողովրդին: Նրան ուղեկցում է սպասավոր դպիրների թափորը՝ խաչվառով ու խնկամանով: Ժողովուրդը համբուրում է պատարագչի ձեռաց խաչը, խաչվառը, իսկ ոմանք խնկամանի մեջ խունկ են դնում: Քահանան խնկարկելով շրջում է ժողովրդի մեջ, ապա բեմի մյուս կողմից դարձյալ բարձրանում է խորան: Սրանով նա խորհրդանշում է Քրիստոսին, որ իջավ երկնքից, շրջեց մարդկանց մեջ ու դարձյալ երկինք բարձրացավ:

Պատարագի պահ. Խնկարկություն
Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. 9 ապրիլի, 2006 թ.
Լուսանկար՝ Սերգեյ Հակոբյանի


Սկիզբ
Վերստին խորան բարձրանալով՝ պատարագիչը երեք անգամ խնկարկում է ս. սեղանի առջև, ապա բուրվառը հանձնում է սարկավագին: Դրան հետևում են Աստծուն վերառաքվող օրհնություններ և հատուկ խնդրանք՝ երկնային ողորմածությամբ օրհնելու այդ պահին եկեղեցում սպասավորող հոգևոր դասին և հավատացյալ ժողովրդին:


Ճաշու ժամամուտ
Պատարագի այս հատվածում պատարագիչ քահանան Տիրոջ գութն ու ողորմությունն է հայցում տաճարում ներկա գտնվողների համար: Այնուհետև հնչում է շարական ըստ օրվա խորհրդի և «Երեքսրբեան»-ը (տե՛ս Ժամերգություն), որին հաջորդում են խնդրվածքներ ողջ աշխարհի խաղաղության և Եկեղեցու հաստատունության մասին, հոգևոր դասի, աշխարհիկ առաջնորդների, ննջեցյալների հոգիների, ինչպես նաև ժողովրդի ուղղափառ հավատի և Տիրոջ կամքին հանձնվելու մասին:


Ճաշու ընթերցվածքներ
Պատարագի կարևորագույն մաս են կազմում Սուրբ Գրքի ընթերցումները, որոնց նպատակն է ժողովրդին վարդապետությամբ խրատելը և դեպի բարին հորդորելը: Ավետարանից առաջ նախ ընթերցվում են մարգարեություններ Հին Կտակարանից, ապա՝ Նոր Կտակարանի առաքելական թղթերից՝ դրանով ցույց տալով, որ այն, «ինչ նախագուշակեցին մարգարեները, առաքյալներն ականատես եղան»: Իսկ Ավետարանի ընթերցմանը նախորդում են սթափեցնող և ուշադրություն հրավիրող հատուկ կոչեր:


Հավատո հանգանակ
Ավետարանն ընթերցելուց հետո սարկավագը շրջվում է դեպի խորանը և արտասանում Հավատո հանգանակը: Նրան ձայնակցում են բոլոր հավատացյալները: Սա պատարագի ամենաարտասովոր պահերից է. ողջ ժողովուրդը մեկ մարդու պես միաձայն կատարում է Հավատո հանգանակի ասերգը՝ վերստին հաստատվելով ճշմարիտ հավատի խոստովանության մեջ:


Աղոթք Հավատո հանգանակից հետո
Հավատի միասնական խոստովանությանը հետևում է սարկավագի կողմից առաջադրվող խնդրվածքների շարքը, որոնցով հայցվում է խաղաղություն և մեղքերի թողություն, պահպանություն և զորություն, ճշմարիտ հավատի ու սիրո մեջ հաստատուն մնալու շնորհ: Այս խնդրվածքներն ամփոփվում են Սուրբ Երրորդության ճշմարիտ երկրպագու լինելու քահանայի եզրափակիչ մաղթանքով. սրանով ավարտվում է երախայից պատարագը: Առջևում պատարագի բուն կանոնի՝ հավատացելոց պատարագի կատարումն է:



Գ. ՀԱՎԱՏԱՑԵԼՈՑ ՊԱՏԱՐԱԳ

Թեև հավատացելոց պատարագի սկզբում քահանան, տյառնագրելով ժողովրդին, Աստծո օրհնությունն է հայցում բոլորի՛ համար, այնուհանդերձ հնչում է սարկավագի կոչը՝ ուղղված չմկրտված երախաներին ու դեռևս ապաշխարության մեջ գտնվողներին, որ նրանք աղոթասրահից դուրս գան գավիթ. քանզի սկսվում է պատարագի բուն խորհուրդը, որը միայն նրանց համար է, ովքեր մկրտված են և ապաշխարությամբ նախապատրաստված ընդունելու ս. հաղորդությունը: Այսուհետև հնչող աղոթքներն ու երգերը վերաբերում են Տիրոջ փրկագործության խորհրդին, որով Նա մեզ հաշտեցրեց Հոր հետ, կապեց սատանային ու բացեց երկնքի դուռը և Սուրբ Հոգու շնորհի հեղմամբ մեզ միավորեց երկնաբնակիչների հետ, վերջապես՝ Իր սուրբ մարմնի և արյան հաղորդությամբ շնորհեց մեզ մեղքերի կատարյալ քավություն և աստվածանմանություն:


Վերաբերություն
Այժմ սարկավագը, խնկարկելով սեղանի շուրջ, մոտենում է խորհրդանոցին, վերցնում սուրբ ընծաները և բերում քահանայի մոտ: Այդ ընթացքում հնչում են երգեր Աստծուն սպասավորողների հրեշտականմանության և կատարվող խորհրդի ահավորության մասին: Պատարագիչը մեծ երկյուղով ընդունում է ընծաները՝ աղոթելով, որ իր անարժան մարդկային բնությամբ հանդերձ արժանի գտնվի քահանայագործելու Քրիստոսի անարատ մարմինն ու պատվական արյունը:

Պատարագի պահ. վերաբերություն
Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. 9 ապրիլի, 2006 թ.
Լուսանկար՝ Սերգեյ Հակոբյանի


Ընծաների մատուցում
Սարկավագը ջուր է բերում սեղանի մոտ՝ լվանալու պատարագչի մատների ծայրերը. այս լվացումը խորհրդանշում է մարդկային մտքի սրբագործումը չնչին մեղանչումներից՝ քահանայագործության բուն կարգին անցնելուց առաջ: Այնուհետև սարկավագը քարոզով դիմում է ժողովրդին՝ հորդորելով մեծ երկյուղածությամբ, կատարյալ հավատով ու սիրով կանգնել Աստծո սեղանի առջև և աղոթել, քանզի մոտենում է հացն ու գինին Քրիստոսի մարմնի և արյան վերածվելու սրբազան և խորհրդավոր պահը: Այդ ընթացքում քահանան բազկատարած աղոթում է Հայր Աստծուն՝ խնդրելով Նրան իրագործել այս ահավոր և անպատում խորհուրդը, և ինչպես որ անգոյությունից գոյության կոչեց ողջ տիեզերքը, այնպես էլ առաջադրված հացն ու գինին վերածի Իր Միածին Որդու մարմնի և արյան՝ իբրև անմահական դեղ այն ճաշակողներիս համար:


Ողջույն
Պատարագչի կողմից սուրբ նվերների վերընծայումից անմիջապես հետո սարկավագը հորդորում է ժողովրդին սուրբ համբույրով ողջույն տալ միմյանց՝ ավելացնելով, որ նրանք, ովքեր անպատրաստ են ս. հաղորդությանը, դուրս գան աղոթասրահից, քանզի միմյանց սիրո ողջագուրումով հպվելը այդ պահին մեծ խորհուրդ է պարունակում և անմիջական կապ ունի Քրիստոսի մարմնի և արյան քահանայագործության հետ: Քրիստոսի մարմինն ու արյունը կոչվում են նաև սրբություն, և հաղորդություն առնելը՝ սրբություն ստանալ: Սրբությունը աստվածային հատկանիշ է, իսկ աստվածմերձությունը պահանջում է սրբացում: Պատարագի ընթացքում ոչ միայն սրբագործվում են հացն ու գինին, այլև՝ հավատացյալները, իսկ սրբության ամենահատկանշական կողմը սիրո միությունն է. չի կարող լինել ճշմարիտ սեր առանց սրբության, և առանց սիրո չի կարող լինել ճշմարիտ սրբություն: Ուստի ժողովուրդը չի կարող արժանանալ ս. հաղորդության, եթե իր մեջ լինեն մեղքի դատապարտության ենթակա անձինք կամ էլ մտքի ու սրտի էական տարանջատումներ, եթե նա միավորված չլինի հոգևոր սիրով: Սակայն այդ սերը Ինքն Աստված է, և միայն Նրա ներկայությամբ ու Նրա շնորհների ներգործությամբ մենք կարող ենք միավորվել ճշմարիտ և սուրբ սիրով: Այդ պատճառով հավատացյալների փոխադարձ ողջագուրումը սկսվում է քահանայի օրհնությամբ, իսկ այդ ընթացքում հնչում է «Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ» երգը:


Գոհություն
Արդարև, սիրո ողջագուրումից հետո հավատացյալ ժողովուրդը նման է հրեշտակներին, որոնք անդադար գոհանում և փառավորում են Արարչին սրբազան երկյուղով ու դողով: Պատարագի այս մասում սարկավագի կողմից ասվող քարոզը հորդորում է մեծ իմաստությամբ ու զգուշությամբ միտքը վերընծայել առ Աստված և ամբողջ սրտով գոհանալ Նրանից Իր անճառելի տնօրինության համար: Այդժամ պատարագիչ քահանան օրհնում է Աստծուն, Ով մեզ շնորհեց սերովբեների ու քերովբեների հետ համարձակորեն սրբասացություն եղանակել, և նրա խոսքերին հաջորդում է հետևյալ սքանչելի երգը. «Սո՜ւրբ, սո՜ւրբ, սո՜ւրբ ես, Տե՛ր զորությունների, երկինքն ու երկիրը լի են Քո փառքով. օրհնությո՜ւն բարձունքներում, օրհնյա՜լ ես, որ եկար և գալու ես Տիրոջ անունով. օվսա՜ննա բարձունքներում»:


Հիշատակ
Երգի ընթացքում պատարագիչ քահանան իր ծածուկ աղոթքում սկսում է հիշատակել Տիրոջ երախտիքները, որոնցով Նա տնօրինեց մեր փրկագործությունը՝ աշխարհի ստեղծումից, բանավոր ու գրավոր օրենքների տվչությունից և մարգարեների կանխագուշակումից մինչև Իր Միածին Որդու առաքումը, որ մեզ համար եղավ մեղքերի «Պարտապան և Պարտք, Զոհ և Օծյալ, Գառ և Երկնավոր հաց, Քահանայապետ և Պատարագ»: Քանզի նույն Ինքը՝ ամեն ինչ մեզ Բաշխողը, բաշխվեց մեր մեջ՝ վերնատանը ասելով. «Առեք կերե՛ք, այս է Իմ մարմինը», և՝ «Խմե՛ք սրանից ամենքդ, այս է նոր ուխտի Իմ արյունը», և մեզ պատվիրեց նույնը անել՝ Իր մահվան հիշատակն անմոռաց պահելու համար:
Արդ, Քրիստոսի փրկական տնօրինությունները հիշատակելով Հայր Աստծո առջև, պատարագիչը վերաձայնում է. «Քոնը եղածը Քեզ ենք մատուցում՝ ըստ ամենայնի և ամենքի համար». այսինքն՝ Հոր կողմից ուղարկված Միածնին դարձյալ Հորը նվեր ենք մատուցում: Քանզի միայն Նրա ինքնապատարագմամբ մենք կարող ենք հաշտվել Աստծո հետ, Ով, մեր մեղքերը վերցնելով Իր վրա, մեր փոխարեն խաչի մահվամբ վճարեց բոլորիս պարտքերը և այժմ պատարագի ահավոր խորհրդով նվիրագործում է մեր քավությունը:


Վերակոչում
Որդու պատարագման միջոցով Հոր հետ հաշտություն ստանալու երաշխիքն ընդունելուց հետո պատարագիչը համարձակորեն խնդրում է, որ Հայրը Իր առջև դրված ընծայի վրա ուղարկի Իր էակից Սուրբ Հոգուն, որպեսզի Նրանով հացն ու գինին փոխարկվեն Տիրոջ մարմնի և արյան: Եվ Սուրբ Հոգին, անտեսանելի կերպով իջնելով հացի ու գինու վրա, Քրիստոսի ճշմարիտ մարմնի և արյան աստվածային զորությունն է հաղորդում նրանց: Եվ քանի որ, այս պահից սկսած, պատարագչի առջև ոչ թե հաց ու գինի է, այլ Քրիստոսի մարմինն ու արյունը, նա երկյուղով աղերսում է, որ բոլոր նրան մերձեցողները անդատապարտ մնան, քանզի ս. հաղորդությունը արդարև դատապարտության է մատնում նրանց, ովքեր նրան են մոտենում իբրև սոսկ հացի և գինու:


Հիշատակություններ
Տիրոջ կենդանի մարմինն ու արյունը ս. սեղանի վրա ներկայանում են ոչ միայն իբրև հոգևոր կերակուր, այլև ողջ տիեզերքի և մանավանդ Քրիստոսի Եկեղեցու օրհնության առիթ: Այս պատճառով պատարագիչը խնդրում է, որ նրա միջոցով սեր և խաղաղություն լինի ողջ աշխարհում, հաստատուն մնա Եկեղեցին, և հանգստություն տիրի ի Քրիստոս վախճանված բոլոր ննջեցյալների հոգիներին: Այնուհետև հայցվում է, որ ս. պատարագը բոլոր սրբերի հիշատակման առիթ լինի, ոչ թե՝ որովհետև նրանք մոռացվել են Աստծո կողմից, այլ՝ որպեսզի նրանց սրբության հիշատակումով շարժվի Տիրոջ գութը մեր՝ նրանց բնութենակիցներիս հանդեպ: Սրբագործված ընծաների առջև Տիրոջ հիշատակումն ու ողորմությունն է հայցվում նաև ողջ Եկեղեցու սպասավորների և հավատացյալ ժողովրդի համար:


Քարոզ
Սարկավագը կարդում է քարոզ, որը կոչված է ժողովրդին պատրաստել զգաստությամբ ընդունելու երկնային շնորհը, որն արդեն առկա է Քրիստոսի մարմնի և արյան փոխարկված հացի ու գինու մեջ: Քարոզը հորդորում է ժողովրդին բոլոր սրբերի բարեխոսությամբ խնդրել երկնավոր Հորը, որ Նա, Իր Միածնի պատարագն ընդունելով, բոլորիս պարգևի Սուրբ Հոգու շնորհները: Այս քարոզը կատարվում է երգեցողությամբ: Սարկավագի կողմից երգվող յուրաքանչյուր հորդորից հետո դպիրը ժողովրդի անունից կրկներգում է. «Տէ՛ր, ողորմեա՛»:
Սրանից հետո սովորաբար պատարագիչ քահանան քարոզում է ժողովրդին՝ լուսաբանելով օրվա ընթերցվածքի կամ օրվա տոնի խորհուրդը, հիշեցնում է աստվածային պատվիրանները և խրատներ կարդում քրիստոնեական կյանքի, ինչպես նաև քիչ հետո մատուցվելիք ս. հաղորդությանը սրբությամբ մերձենալու վերաբերյալ:


Տերունական աղոթք
Այժմ, երբ ժողովուրդը քաջատեղյակ է, թե ինչ խորհրդի առջև է կանգնած, երբ կարելվույն չափ իր սիրտը պատրաստել է՝ ընդունելու Սուրբ Հոգու շնորհները, դիմում է երկնավոր Հորը՝ հարազատ որդու համարձակությամբ երգելով «Հայր մեր»-ը:


Խոնարհում
Քահանայի կողմից ժողովրդին խաղաղության օրհնություն տալուց հետո սարկավագը հորդորում է երկրպագել Աստծուն: Պատարագիչը խոնարհվում է ս. սեղանի առջև և նրա հետ բոլոր սպասավորներն ու ողջ ժողովուրդը երկրպագում են աստվածային խորհրդի առջև՝ ունկնդրելով քահանայի գոհաբանությունը՝ ուղղված Ամենասուրբ Երրորդությանը:


Բարձրացում
Այնուհետև սարկավագը բացականչում է «պռօսխումէ», որ նշանակում է «վերև՛ նայեցեք», քանզի քահանան այդ պահին վեր է բարձրացնում ընծան՝ ասելով. «Սրբությունը՝ սրբերին». այսինքն՝ ս. հաղորդությունը ապաշխարությամբ սրբագործվածների համար է: Իսկ դպիրների դասը ժողովրդի անունից վերաձայնում է. «Միայն Տէր Հիսուս Քրիստոս է սուրբ՝ Հայր Աստծո փառքի մեջ»:


Փառաբանություն
Սրան հետևում է Սուրբ Երրորդության փառաբանության երգը, որով օրհնություն է վերառաքվում նախ Երրորդության յուրաքանչյուր Անձին, ապա՝ երեք Անձերին միասնաբար: Այսպես պատարագի ընծայի առջև խորհրդաբանելով՝ հավատացյալը մտքի հայեցողությամբ բարձրանում է դեպի բոլոր բարիքների Սկզբնապատճառի՝ Ամենասուրբ Երրորդության անճառելի էությունը: Հոր կողմից ուղարկված Որդու պատարագմամբ քրիստոնյան ի զորու է լցվել Սուրբ Հոգու շնորհներով և հավիտենապես միավորվել Սուրբ Երրորդության հետ:


Թաթախում
Պատարագիչ քահանան, երկրպագելով ս. սեղանին, համբուրում է այն և վերցնելով հացը՝ թաթախում է գինու մեջ՝ աղոթելով, որ բոլորն արժանի կերպով ընդունեն ս. հաղորդությունը և մեղքերի թողություն ստանան: Այնուհետև շրջվում է դեպի աղոթասրահը և սկիհով խաչակնքելով ժողովրդին՝ ասում է. «Սրբությամբ ճաշակենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի սուրբ, սուրբ և պատվական մարմնից ու արյունից ....»: Երբ քահանան ետ է շրջվում դեպի ս. սեղանը, փակվում է խորանի վարագույրը, և դպիրներն ու սարկավագները փոխեփոխ երգում են «Տէ՛ր, ողորմեա՛»:


Բեկում
«Տէ՛ր, ողորմեա՛»-ի ավարտին սարկավագը թվերգով կարգադրում է դպիրներին և մյուս սպասավորներին սաղմոսերգել և օրհնել Տիրոջը: Այդ ընթացքում պատարագիչ քահանան, համբուրելով ս. հաղորդությունը, օրհնում է Սուրբ Երրոդությանը, խոստովանում Աստվածորդու փրկագործությունը և բեկելով հացը՝ լցնում է սկիհի մեջ՝ ասելով. «Սուրբ Հոգու լրումը»:


Հաղորդություն
Մինչ դպիրները երգում են «Քրիստոս պատարագվելով բաշխվում է մեր մեջ» երգը, պատարագիչ քահանան ս. հաղորդության առջև գոհանում է և աղերսում, որ սրբագործվի նրա միջոցով: Ապա խաչակնքում է և իր, ժողովրդի և ողջ աշխարհի, ինչպես նաև իր թշնամիների համար աղոթելով՝ ճաշակում է Քրիստոսի մարմինն ու արյունը՝ ասելով. «Քո անապական մարմինը թող ինձ համար կյանք լինի, և Քո սուրբ արյունը՝ քավություն և թողություն»:
Բացվում է խորանի վարագույրը, և սարկավագը բարձր ձայնով դիմում է ժողովրդին. «Երկյուղով և հավատով առա՛ջ եկեք և սրբությամբ հաղորդվեցե՛ք»: Եվ հավատացյալները հերթով մոտենում են դասի ատյանին և քահանայի ձեռքից ընդունում ս. հաղորդությունը: Հաղորդության ավարտին դպիրները երգում են՝ «Մեր Աստվածը և մեր Տերը երևաց մեզ. օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկողը», իսկ քահանան տյառնագրելով օրհնում է ժողովրդին՝ ասելով. «Ապրեցրո՛ւ, Տե՛ր, Քո ժողովրդին և օրհնի՛ր Քո ժառանգությունը, հովվի՛ր և բարձրացրո՛ւ նրանց այսուհետև մինչև հավիտյան»:


Գոհաբանություն
Դարձյալ փակվում է վարագույրը, և դպիրները երգում են՝ «Լիացանք Քո բարիքներով....», որի ընթացքում պատարագիչ քահանան, գոհաբանության ծածուկ աղոթքն ասելով, լվանում է սկիհը և ձեռքերը, իսկ սարկավագը սուրբ սպասքը տանում է խորհրդանոց:
Երգից հետո բարձր ձայնով հնչում է սարկավագի հրահանգը՝ գոհանալ սուրբ, երկնային, անարատ և անապական խորհրդին արժանանալու համար: Եվ դպիրները բոլոր հաղորդվողների անունից երգում են. «Գոհանում ենք Քեզանից, Տե՛ր, որ մեզ կերակրեցիր Քո անմահական սեղանից՝ բաշխելով մարմինդ և արյունդ աշխարհի փրկության համար....»:




Դ. ԱՐՁԱԿՈՒՄ


Արձակման աղոթք
Այժմ, երբ բոլոր արժանիները հաղորդվել են, երբ պատարագի խորհուրդը հասել է իր լրմանը, սարկավագը կանչում է՝ «Օրհնի՛ր, Տեր», իսկ պատարագիչ քահանան ասում է ս. Հովհան Ոսկեբերանի աղոթքը. «Որ օրհնում ես նրանց, ովքեր օրհնում են Քեզ, Տե՛ր, և սրբացնում ես Քեզ հուսացողներին, ապրեցրո՛ւ Քո ժողովրդին և օրհնի՛ր Քո ժառանգությունը: Պահի՛ր Քո Եկեղեցու ամբողջությունը: Սրբի՛ր նրանց, ովքեր սիրով ողջունեցին Քո տան վայելչությունը: Փառավորի՛ր մեզ Քո աստվածային զորությամբ և մի՛ լքիր Քեզ հուսացողներիս»: Այս սքանչելի աղոթքի յուրաքանչյուր խնդրվածքից հետո դպիրները կրկներգում են «ամեն»: Քահանան Քրիստոսից համարձակորեն հայցում է Եկեղեցու լիակատար պահպանություն և օրհնություն, զորություն և խաղաղություն, քանզի ս. հաղորդությունը ժողովրդի սիրտը սրբագործելով միավորել է Աստվածության հետ և լիացրել Սուրբ Հոգու շնորհով: Այս իսկ խորհրդով դպիրները եզրափակում են աղոթքը՝ ողջ ժողովրդի անունից երիցս երգելով՝ «Թող օրհնվա՜ծ լինի Տիրոջ անունը այսուհետև մինչև հավիտյան», իսկ պատարագիչ քահանան, ավետարանը ձեռքին, իջնում է խորանից և ասում. «Մեր Փրկիչ Քրիստոս Աստվա՛ծ, Դու ես մարգարեների և օրենքների ամբողջացումը, որ լիովին կատարեցիր Քո հայրակամ տնօրինությունը, մե՛զ էլ լցրու Քո Սուրբ Հոգով»:


Վերջին ընթերցվածք
Արձակումից առաջ պատարագիչ քահանան ընթերցում է Հովհաննեսի Ավետարանի 1.1-14 հատվածը, որն ամփոփ կերպով բովանդակում է Աստվածորդու փրկական տնօրինության և ս. հաղորդության խորհուրդը: Ընթերցումից հետո դպիրները փառաբանում են Աստծուն, իսկ քահանան սարկավագի հորդորից հետո կարդում է պահպանության աղոթքը:


Արձակման օրհնություն
Պատարագն ավարտվում է եկեղեցու սպասավորների և ժողովրդի կողմից Փրկչին վերառաքվող օրհնություններով. սարկավագը բացականչում է. «Ամեն ժամ պիտի օրհնեմ Տիրոջը, ամեն ժամ Նրա օրհնությունը իմ շուրթերին է» [Սաղմ. 33.2]: Քահանան խաչակնքում է ժողովրդին և ասում. «Օրհնյա՛լ եղեք Սուրբ Հոգու շնորհներով: Գնացե՛ք խաղաղությամբ, և Տերը թող բոլորիդ հետ լինի. ամեն»: Իսկ դպիրները շարունակում են թվերգել 33-րդ սաղմոսի մնացած տները, որի ընթացքում ժողովրդին է բաշխվում մասը: Վերջինս նրանց համար է, ովքեր չեն կարողացել մասնակից լինել ս. հաղորդությանը և միայն ճաշակում են սուրբ սեղանի փշրանքներից՝ Ավետարանից հայտնի քանանուհու նմանությամբ [Մատթ. 15.27]:

Պատարագի պահ. մասի բաժանում
Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Լուսանկար՝ Սերգեյ Հակոբյանի

 
sacredtradition.am