SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՊԱՀՔ
id404Պահքը աղոթքի և ողորմության հետ ամբողջացնում է ստացական առաքինությունները: Եթե աղոթքով հարաբերվում ենք Աստծո հետ, իսկ ողորմությամբ՝ մերձավորի, ապա պահքը վերաբերում է սեփական անձին՝ նրա ներքին և արտաքին՝ հոգու և մարմնի կարգավորությանը:
Պահքը, առաջին հերթին վերաբերելով սննդին, ամենևին չի սահմանափակվում միայն դրանով: Բացի կերակրատեսակներին վերաբերող արգելքներից, պահքի ժամանակ մարդը պետք է իրեն պարտադրի յուրահատուկ, երբեմն արհեստական թվացող միջոցներով նվազեցնել բոլոր այն տպավորություններն ու հարաբերությունները, որոնք չեն առնչվում հոգևոր կյանքին:
Ի տարբերություն մյուս Առաքելական Եկեղեցիների՝ Հայ Եկեղեցում պահքը հիմնականում խիստ է, այսինքն՝ մերժվում է կենդանական ծագում ունեցող ցանկացած կերակուր՝ բացի մեղրից: Ոչ խիստ պահոց օրեր են համարվում միայն 5 տաղավար տոների նախօրեները (տե՛ս Նավակատիք), որոնցում մատուցվող ս. պատարագից հետո թույլատրվում են ձկնեղեն, ձու և կաթնեղեն: Ըստ Եկեղեցու օրացույցի՝ բոլոր չորեքշաբթի և ուրբաթ օրերը պահոց օրեր են՝ բացառությամբ Ս. Ծննդյան ութօրեքի (տե՛ս Աստվածահայտնություն) և Հինանց շրջանի առաջին 40 օրերի: Շաբաթվա այս երկու օրերից բացի՝ հաստատված են նաև տևական պահոց շրջաններ: Դրանք են Մեծ պահքը, որը տևում է 7 շաբաթ և նախորդում է Զատիկին, և՝ 10 շաբաթապահքերը, որոնք նախորդում են մյուս կարևոր Եկեղեցական տոներին և հիմնականում կոչվում են նրանց անուններով: Տարվա առաջին շաբաթապահքը սկսվում է Մեծ պահքից 3 շաբաթ առաջ և կրում է Առաջավորաց պահք անվանումը:
Սահմանված կարգից բացի՝ բարեպաշտ քրիստոնյաները երբեմն անհատապես, որոշակի տևողությամբ պահք են պահում, մանավանդ ս. հաղորդությանը պատրաստվելիս:
Պահքի առավել խիստ տեսակն է ծոմը՝ օրվա մեջ միայն մեկ անգամ կերակրվելը կամ առհասարակ օրն անսվաղ, այսինքն՝ առանց սննդի ու ջրի անցկացնելը, ինչին հավատացյալը դիմում է առավել խիստ ապաշխարելու ցանկությունից կամ մեծ ջերմեռանդությունից: Իսկ մինչև ս. հաղորդություն ստանալը օրվա սկզբից անսվաղ լինելը սահմանված է կանոնով:
Պահքի նշանակությունը շատ մեծ է բարեպաշտության մեջ: Իբրև պատվիրան՝ այն տրված էր մարդուն ի սկզբանե՝ բարու և չարի գիտության ծառի պտղից ճաշակելու արգելքով: Աստվածադիր պահքի խախտմամբ մարդը վտարվեց դրախտից և հեռացավ Աստծուց: Վերադարձն առ Աստված և մուտքն իմանալի դրախտ՝ սուրբ Եկեղեցի, ինչպես նաև նրանում հարատևելը մեծապես պայմանավորված են պահքով:
Քրիստոնեության առաջին դարերում պահքը նախորդում էր մկրտությանը՝ իբրև նրան պատրաստվելու կարևորագույն պայմաններից մեկը: Տոներից առաջ սահմանված պահոց շրջանները երախաների համար հատուկ փուլ էին համարվում՝ մկրտվելուց առաջ ապաշխարելու և մարմինն ամբողջովին հոգուն հնազանդեցնելու, մարմնի երկրահակ ծանրությունից թոթափվելու և առանց ներքին արգելքների երկնային շնորհն ընդունելու համար:
Եթե մկրտությամբ մարդը վերադառնում է դրախտ, ապա յուրաքանչյուր մեղք սպառնում է նրան վտարվել դրախտից, այսինքն՝ զրկվել աստվածային շնորհից, քանզի մեղանչելիս քրիստոնյան տրտմեցնում է Սուրբ Հոգուն, Որով ինքը մկրտվել է: Այս պատճառով Եկեղեցու իմաստուն ավանդությամբ հաստատված պահոց շրջանները դարձել են ոչ միայն մկրտությանը նախապատրաստվելու, այլև ապաշխարելով մկրտության շնորհի լեցունությունը վերստանալու ժամանակահատվածներ: Հնազանդվելով Եկեղեցուն և պահելով նրանում հաստատված պահոց օրերը՝ հավատացյալը պատսպարվում է մեղքի բազմահնար առիթներից, ընդունակ դառնում հոգևոր կատարելագործման՝ պատրաստ ընդունելու Սուրբ Հոգու շնորհները և վայելելու Աստծո մերձավորությունը:
Այսպես է իմաստավորվում պահքը, նրա յուրաքանչյուր շրջանը և օրը: Ուստի ճշմարիտ քրիստոնյան, բարեխղճորեն պահելով այն, ոչ միայն իր հնազանդության պարտքն է կատարում, այլև պահեցողության շնորհիվ դյուրությամբ առաջադիմում է մյուս առաքինություններում:
 
sacredtradition.am