SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՉԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
id402Չարը մարդուն մեղքի մեջ է գցում խորհուրդների միջոցով: Միշտ չէ, որ մարդը կարողանում է որսալ իր մեջ հայտնված չար խորհուրդը և մերժել այն որպես օտար, վնասակար, իր աստվածաստեղծ բնությանը խորթ իրողություն: Ավելի հաճախ նա դրանք ընդունում է իբրև սեփական մտածություն կամ ցանկություն և հոժարակամ հետամուտ լինում իրագործել այն: Այսպես ցանկացած մեղքի կատարմանը նախորդում է համապատասխան խորհրդի ընդունումը և սրտի համաձայնությունը նրա հետ: Ըստ էության, դա անտեսանելի խորհրդակցություն է չարի հետ, ինչի ընթացքում վերջինս հմտորեն խաբում է մարդուն՝ մեղքը ներկայացնելով իբրև բարի և բնական անհրաժեշտություն:
Հաճախ մարդիկ միմյանց հանդեպ նենգավոր որոշումներ են ընդունում՝ կարծելով, թե խելամտությամբ պաշտպանում են իրենց անձնական շահը, և ամենևին չեն գիտակցում, որ իրականում նախանձի, ատելության, բարկության, ագահության և այլ խորհուրդների միջոցով չարը հիմարացնում է իրենց՝ կորստյան մատնելու նպատակով:
Երբեմն էլ մարդիկ բարի արարքներ են գործում՝ ներքուստ, սակայն, բռնված լինելով սնափառության, ինքնահաստատման ու մարդահաճության չար խորհուրդներով, և կարծելով, թե առաքինություն են գործում, իրականում ծառայում են չարին և դրանով զրկվում են Աստծո բարեհաճությունից:
Չար խորհուրդներով սատանան նենգափոխում է պատվիրանի ըմբռնումը, մինչև իսկ այն զենքի վերածում ընդդեմ քրիստոնյաների: Այս պատճառով ս. հայրերն ուսուցանում են, որ անհնար է ճշմարիտ հոգևոր պտուղ տալ, եթե չլինի ներքին պատերազմ նման խորհուրդների դեմ: Այս պատերազմի մեջ անխուսափելիորեն ներքաշվում է յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյա, ով չի կամենում ոչնչով վշտացնել Տիրոջը՝ թեկուզ և անգիտակցաբար Նրա հակառակորդի՝ սատանայի կամքը կատարելով: Ուստի Քրիստոսի հավատարիմ զինվորը պետք է ձգտի ուշադիր և զգոն լինել յուրաքանչյուր խորհրդի հանդեպ, որպեսզի ճանաչի դրա էությունը և ծպտված չարիքը բացահայտելիս անմիջապես մերժի և աղոթքով վանի իր սրտից:
Սուրբ հայրերը չար խորհուրդները խմբավորում են ըստ ութ գլխավոր խորհուրդների և ուսուցանում են դրանց դեմ պայքարել հետևյալ կարգով. բղջախոհություն, որկրամոլություն, արծաթասիրություն, տրտմություն, ձանձրույթ, բարկություն, սնափառություն, ամբարտավանություն: Այս ուսմունքը նման է յոթ մահացու մեղքերի ուսմունքին և առավել հատուկ է ճգնավորական գրականությանը:
 
sacredtradition.am