ԱՇԽԱՐՀԻ ՎԱԽՃԱՆ
id040Աշխարհի վախճանը, համաձայն քրիստոնեական
հավատի, սկիզբն է նոր կյանքի՝
երկնքի արքայության, որն այլևս վախճան չի ունենալու: Այն համապատասխանում է
Քրիստոսի երկրորդ գալստյանը, որն ուղեկցվելու է, ինչպես գրված է
Սուրբ Գրքում,
հրեշտակների փողերի հնչմամբ,
համընդհանուր հարությամբ և
ահեղ դատաստանով:
Քրիստոս Իր երկրորդ գալստյամբ վերացնելու է
չարիքն ու
մահը, և
ճշմարտությունն ու բարին վերջնակապես հաղթելու են անիրավությանը և տառապանքին:
Աշխարհի վախճանը
Քրիստոսի փրկագործության տրամաբանական ավարտն է:
Աշխարհի վախճանից առաջ ոչ միայն պետք է հասունացած լինի
քրիստոնյաների աստվածպաշտության պտուղը, այլև խավարի իշխանությունը պիտի զորանա ու հասնի իր ծայրահեղ աստիճանին, որպեսզի վերջին դատաստանի առջև ամբողջապես բացահայտվեն նրա այլանդակությունն ու կեղծիքը: Աշխարհում պետք է անչափ շատանան
մեղքերն ու անօրինությունները, պակասի
սերը, տարածվի սուտն ու կեղծիքը, հայտնվեն սուտ
մարգարեներ և սուտ
քրիստոսներ:
Վերջապես, այդ ժամանակ հայտնվելու է Նեռը՝ «անօրինության մարդը և կորստյան որդին» [
Բ Թես. 2.3], Հակաքրիստոսն ու Դերաքրիստոսը, որն ամեն կերպ գործելու է քրիստոնեության դեմ, բռնությամբ տիրելու է աշխարհին և ուսուցանելու է, որ ոչ թե Հիսուս
Քրիստոս, այլ ինքն է սպասված
Մեսիան: Նեռը մոլորեցնելու է ժողովուրդներին սուտ
վարդապետության, նյութական ապահովության և զարմանալի նշանների միջոցով: Նա հալածելու է
քրիստոնյաներին՝ նրանց զրկելով տարրական իրավունքներից, թույլ տալով վայելել երկրային բարիքները լոկ նրանց, ովքեր կուրանան
Քրիստոսի ճշմարիտ
հավատը և կերկրպագեն իրեն:
Սակայն երբ Նեռը հասնի իր ամբարտավանության գագաթնակետին, իր բոլոր
երկրպագուների համար անսպասելի կերպով պիտի կործանվի: Նրա կործանումից հետո բոլոր նրանք, ովքեր չէին
հավատում Հիսուս
Քրիստոսին ու
երկրպագում էին Դերաքրիստոսին, կմատնվեն մեծ տագնապի և հուսահատության: Շատերը, տեսնելով
ճշմարտության հաղթանակը,
դարձի կգան, կընդունեն
Քրիստոսին որպես ճշմարիտ
Աստծո, կապաշխարեն և կփրկվեն հավիտենական
մահից:
Այդ ժամանակ անսպասելիորեն կգա
Քրիստոս երկնային փառքով,
սրբերի ու
հրեշտակների ուղեկցությամբ: Եվ
քրիստոնյաներին զրպարտող ու հակառակվող անձինք, որոնք այդպես էլ չհավատացին
Քրիստոսին և մերժեցին
Եկեղեցու ճշմարիտ
վարդապետությունը, պիտի կործանվեն, մինչդեռ ճշմարիտ
քրիստոնյաները կհառնեն Նրա առջև առանց
մահ ճաշակելու: Այդժամ բոլոր մեռյալները
հարություն կառնեն՝ կանգնելու համար
Աստծո ահեղ դատաստանի առաջ:
Այսպիսով, թույլ տալով, որ աշխարհի վախճանին
չարիքը խիստ շատանա,
Աստված այնուհանդերձ իսպառ վերացնելու է այն: Եվ այդ վերջին
փորձության բովից անցած ու ոսկու պես զտված և հաղթանակով դուրս եկած
սրբերի հետ Նա կթագավորի հավիտենապես: