ՈՒԽՏԻ ՏԱՊԱՆԱԿ
id396Այս անունով է կոչվել այն նվիրական արկղը, որի մեջ էին պահվում
օրենքի տախտակները, որոնք
Աստծո և Իր ժողովրդի միջև կնքված
ուխտի վկայությունն էին: Նրա մեջ էին պահվում նաև
Ահարոնի ծաղկած
գավազանը, ոսկե սափորի մեջ դրված
մանանան, ինչպես նաև մի օրինակ
Մովսեսի Հնգամատյանից: Այն դրվում էր
սրբություն սրբոցում, ուր անտեսանելիորեն ներկա էր
Աստված (տե՛ս
Վկայության խորան,
Երուսաղեմի Տաճար) և բազում անգամ հայտնում էր Իր կամքը:
Անապատով ընթանալիս ուխտի տապանակը
քահանաները տանում էին ժողովրդի առջևից: Նրա հետ կապված են բազմաթիվ հրաշքներ. այսպես՝ նրա առջև կանգնեցին
Հորդանանի ջրերը՝ ճանապարհ տալով
Իսրայելի ժողովրդին. տապանակով հանդերձ Երիքովի շուրջ 7 անգամ պտտվելուց հետո փլվեցին քաղաքի պարիսպները. իսկ երբ փղշտացիները գերեվարեցին այն, շուտով ետ վերադարձվեց աստվածառաք հարվածով:
Ուխտի տապանակն անհետ կորավ
բաբելոնյան գերության ժամանակ՝ հավանաբար ծածուկ տեղ պահվելով
բարեպաշտ հրեաների կողմից: