SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՈՒԽՏ
id3951. Նշանակում է դաշինք, որ կնքվում է երկու կողմերի միջև, ինչպես նաև՝ հավատարիմ խոստում:
Թեև Ադամի ու Եվայի մեղանչումից հետո Աստված պատժեց նրանց՝ վտարելով դրախտից, բայց և այնպես չթողեց անմխիթար, այլ խոստացավ, որ ի վերջո մարդու սերունդը պիտի հաղթի օձին՝ սատանային, և ազատագրվի չարի իշխանությունից:
Դա Աստծո առաջին խոստումն էր՝ առաջին ուխտը, որով Նա կանխանշեց Քրիստոսի գալուստը: Այնուհետև Տերն ուխտ կնքեց Նոյի հետ, ապա Աբրահամի և Մովսեսի միջոցով՝ ողջ Իսրայելի հետ՝ ընտրելով և հաստատելով Իր ժողովրդին, որի մեջ պիտի ծնվեր Փրկիչը: Այս ամենը ներկայացնում է Աստծո՝ մարդկության հետ կնքած հին ուխտը, այսինքն՝ Նրա հին խոստումն ու դաշինքը, որով Տերը մարդկությանը նախապատրաստեց ընդունել Մեսիային: Իսկ այդ խոստման իրականացումը Հիսուս Քրիստոսի գալստյամբ և փրկագործությամբ կոչվում է նոր ուխտ, քանի որ Նա Իր տնօրինություններով մեզ փրկեց կորստից և նոր դաշինք կնքեց, որը կատարելով՝ բոլորը դարձյալ կարող են ստանալ կորսված հավիտենական երանությունը, այսինքն՝ մտնել երկնքի արքայություն:


2. Հավատացյալի կողմից Աստծուն տրված խոստում՝ այն հավատարմորեն կատարելու պարտավորության ստանձնումով: Այդպիսի ուխտը կարող է լինել ժամանակավոր կամ մշտական, նյութական (օրինակ՝ մատաղը կամ այլ նվիրատվություն), մարմնական (օրինակ՝ ծոմապահությունը և այլ կամավոր հրաժարումներ) կամ էլ բարոյական (ինչպիսին էր, օրինակ, Սամուել մարգարեի մոր կամ Աստվածամոր ծնողների՝ իրենց զավակին Աստծուն նվիրելու խոստումը):
Բնույթով նման, բայց առավել պաշտոնական և ծեսով ամրագրվող ուխտեր են կուսակրոնության, աղքատության և այլ կանոնական խոստումները, որոնք տրվում են հոգևորականների կողմից՝ ըստ կրոնական կոչվածության:


3. Սուրբ ուխտ է կոչվում նաև կուսակրոնության ուխտ արած վանական միաբանության բոլոր անդամների ամբողջությունը. օրինակ՝ ասում են Սուրբ Երուսաղեմի ուխտ, Սուրբ Թադեի ուխտ, Արմաշի սուրբ ուխտ և այլն:


 
sacredtradition.am