ՈՐՄՆԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ
id392Քրիստոնեական արվեստում որմնանկարչությունը ամենանահին և գործուն կրոնական արտահայտչաձևերից է: Դեռևս Հին Հռոմի կատակոմբներում, որտեղ գաղտնի հավաքվում էին
քրիստոնյաները, շատ պատերի վրա պատկերվել են զանազան քրիստոնեական
խորհրդանիշներ, ավետարանական թեմաներով խմբանկարներ, ինչպես նաև առանձին
սրբապատկերներ: Քրիստոնեությունը Հռոմեական կայսրությունում պաշտոնապես արտոնելուց, իսկ Հայաստանում իբրև պետական կրոն հռչակելուց հետո քրիստոնեական որմնանկարչությունը դուրս է գալիս կատակոմբներից և իր պատվավոր տեղը գրավում
եկեղեցիների պատերին:
Սրբապատկերի հոգևոր նշանակության և կարևոր
քարոզչական դերի գիտակցումը մեծ խթան է հանդիսանում
եկեղեցիների պատկերազարդման համար:
Ուսումնասիրությունները փաստում են, որ հայոց հնագույն
եկեղեցիների մեծ մասը որմնանկարված է եղել: Ցավոք, նրանցից շատ քչերն են պահպանվել, այն էլ՝ մանր բեկորներով: Հայ եկեղեցական որմնանկարչության վաղ շրջանից մեզ հասած փոքրիշատե ամբողջական նմուշները վերաբերում են VII դ.: Դրանցից հատկանշական են
Լմբատավանքի Ս. Ստեփանոս,
Թալինի Կաթողիկե և
Արուճի Ս. Գրիգոր եկեղեցիների որմնանկարները: Այս 3
եկեղեցիներում էլ համեմատաբար լավ են պահպանվել ավագ
խորանի որմնանկարները: Այս նմուշները թույլ են տալիս հայ եկեղեցական որմնանկարչության վաղ շրջանը գնահատել իբրև հին արևելաքրիստոնեական
սրբապատկերային ավանդության խոշորագույն երևույթ և իր ժամանակի համաշխարհային մշակույթի բարձրարժեք նվաճում: Բոլոր այս որմնանկարներում բարձր վարպետության հետ մեկտեղ նկատելի է կրոնական պատկերի հոգևոր-
խորհրդանշական հայտնութենական մատուցումը: Ամեն ինչ կրում է նվիրականության կնիք, պատկերները ներկայացված են ոչ թե իրենց արտաքին՝ նյութական հատկանիշներով, այլ՝ յուրահատուկ հանդիսավոր ոճով, որն ընդգծում է նրանց հոգևոր՝ վերերկրային
խորհուրդը: Այս որմնանկարները ոճային ընդհանրություն ունեն հայոց հնագույն
մանրանկարների հետ:
Լմբատավանքի Ս. Ստեփանոս եկեղեցու ավագ խորանի գմբեթարդի որմնանկարը (VII դ.)
Աղբյուր՝ Նիկոլայ Քոթանջյան, Գույնը Հայաստանի վաղմիջնադարյան գեղանկարչությունում. VI-VII դդ. հուշարձանների վերլուծություն. «Սովետական գրող», Երևան, 1978
VIII-IX դ. արաբական տիրապետության հետևանքով Հայաստանում մշակույթի այլ բնագավառների հետ ընդհատվում է նաև որմնանկարչությունը:
Հայ եկեղեցական որմնանկարչության հաջորդ շրջանը սկսվում է X դարից և որոշ ընդհատումներով, կապված թուրք-սելջուկյան տիրապետության հետ (XI-XII դդ.), շարունակվում մինչև ուշ միջնադար: X դ. ստեղծված առաջին խոշորագույն նվաճումներից են
Աղթամարի Ս. Խաչ և
Տաթևի վանքի Ս. Պողոս-Պետրոս
եկեղեցիների որմնանկարները, որոնք որոշակի պատկերացում են տալիս այդ շրջանում
եկեղեցու ամբողջական ներքին պատկերազարդման համակարգի մասին: Ստեղծված լինելով միևնույն ժամանակահատվածում (X դ. առաջին կես)՝ այս
եկեղեցիների որմնանկարները բավականին տարբեր են իրենց ոճական առանձնահատկություններով: Աղթամարի որմնանկարները հին արևելաքրիստոնեական
ավանդության տիպական օրինակներ են և ավետարանական պատկերների հետ ունեն նաև հինկտակարանյան դրվագներ (գմբեթին՝ արարչագործության, մարդու ստեղծման և դրախտից վտարման պատկերը), ինչն ավելի ուշ կարելի է տեսնել Վենետիկի Ս. Մարկոս տաճարի խճանկարներում և որոշ հռոմեական որմնանկարներում:
Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու հյուիսարևմտյան խորշի վերին հատվածը. սուրբ հայրապետներ (X դ.)
Աղբյուր՝ © Ստեփան Մնացականյան, Աղթամար, Editions Erebouni, 1985
Տաթևի Ս. Պողոս-Պետրոս
եկեղեցու որմնանկարներից (930 թ.) պահպանվել են
Քրիստոսի ծննդյան պատկերի մի մասը (Մանկան լոգանքը և հովիվները՝
հրեշտակների բարի լուրը լսելիս) և «
Ահեղ դատաստանի» մեռելների
հարության հատվածը: Այստեղ ֆիգուրներն օժտված են պլաստիկայով և հուժկու հուզական շարժմամբ: X դ. սկզբում ստեղծված որմնանկարի կարևոր օրինակ է նաև
Հաղպատի վանքի Ս. Նշան
եկեղեցու ավագ
խորանի գմբեթարդում մասնակիորեն պահպանված «Բարեխոսություն» կոմպոզիցիան: XII դարից պահպանված ամենանշանավոր որմնանկարներն են
Անիի Ս. Փրկիչ եկեղեցու գմբեթարդների
սրբապատկերները, որոնք որոշակի առնչություն ունեն Փոքր Հայքի և Անիի
մանրանկարչական դպրոցների հետ:
Անիի Ս. Փրկիչ եկեղեցու աբսիդի որմնանկարված գմբեթարդ. Ղուկաս ավետարանիչ (XII դ.)
Լուսանկար՝ Զավեն Սարգսյանի
Հայաստանում որմնանկարչությունը նոր վերելք է ապրում Զաքարյանների իշխանության օրոք (XIII-XIV դդ.), երբ թուրք-սելջուկների լուծը թոթափելուց հետո կառուցվում են բազմաթիվ
եկեղեցիներ ու վանական համալիրներ: Այս շրջանից մեզ են հասել Անիի Բախտաղեկի Ս. Գրիգոր ավերված եկեղեցու գլխավոր աբսիդի որմնանկարի բեկորներ,
Անիի Տիգրան Հոնենցի Ս. Գրիգոր եկեղեցու,
Ախթալայի Ս. Աստվածածին վանքի գլխավոր եկեղեցու,
Քոբայրի վանքի եկեղեցիների և
զանգակատան,
Կիրանց վանքի գլխավոր
եկեղեցու և սեղանատան,
Դադիվանքի Կաթողիկե եկեղեցու,
Կեչառիսի վանքի Ս. Գրիգոր
եկեղեցու,
Հաղպատի վանքի Ս. Նշան և այլ
եկեղեցիների որմնանկարների հատվածներ: Ըստ պահպանված նմուշների՝ կարելի է ասել, որ X-XIII դդ. Հայաստանում վերջնական և ընդհանուր մշակում է ստացել
եկեղեցու ամբողջական նկարազարդման համակարգը, ինչպես Բյուզանդիայում և Փոքր Հայքին հարևան Կապադովկիայում:
Հատված Քոբայրի վանքի գլխավոր եկեղեցու խորանի որմնանկարից (XIII դ.)
Լուսանկար՝ Սերգեյ Հակոբյանի
XV դ. սկսած՝ Հայաստանում ծանրանում է քաղաքական և տնտեսական կացությունը՝ կապված թուրքմենական վայրենի ցեղերի ասպատակությունների, ապա՝ Օսմանյան Թուրքիայի և Պարսկաստանի բռնատիրության հետ, ինչի հետևանքով վերանում են որմնանկարի ստեղծման համար անհրաժեշտ պայմանները: Հայ սրբանկարիչները սահմանափակվում են հաստոցային
սրբապատկերների ստեղծմամբ, որոնք աստիճանաբար սկսում են ենթարկվել արևմտաեվրոպական ավանդության ազդեցությանը:
Հայ որմնանկարչությունը որոշակի վերածաղկում է ապրում XVII-XIX դդ.: Այս շրջանին են պատկանում
Ս. Էջմիածնի Մայր տաճարի, Ագուլիսի Ս. Քրիստափոր
եկեղեցու,
Ագուլիսի Ս. Թովմա վանքի տաճարի,
Ապրակունիսի վանքի Ս. Կարապետ և
Դարաշամբի Ս. Ստեփանոս Նախավկա վանքերի Ս. Ստեփանոս
եկեղեցիների որմնանկարները: Դրանցում նկատելի է մի կողմից՝ արևելյան զարդաձևերի անսովոր առատությունը, և մյուս կողմից՝ արևմտաեվրոպական կերպարվեստի հետևողությամբ ստեղծված կերպարների իրապաշտական բնույթը: Երկու ազդեցություններն էլ նահանջ են հոգևոր աշխարհընկալումից դեպի աշխարհիկը, թեև այդ երկուսի զուգորդմամբ յուրահատուկ խորհրդական միջավայր է ստեղծվում: Առավել ուշ շրջանի և հիմնականում դեպի արևմտաեվրոպական կերպարվեստը հակված որմնանկարներ են պարունակում
Էջմիածնի Ս. Գայանե եկեղեցու մուտքի բարավորն ու 2 որմնախորշերը,
Մուղնու Ս. Գևորգ վանքի համանուն
եկեղեցին,
Սաղմոսավանքի Ս. Սիոն
եկեղեցին, ինչպես նաև
Վարագավանքի գավիթն ու ժամատունը:
Ագուլիս. Ս. Թովմա եկեղեցու գմբեթի որմնանկարը (XVII դ. վերջ)
Հեղինակ՝ Նաղաշ Հովնաթան
Լուսանկար՝ Զավեն Սարգսյանի
Նշված օրինակներն այս շրջանի որմնանկարչության միայն մի մասն են կազմում. մինչև XX դ. Երևանի, Թիֆլիսի, Շուշիի, Ջուղայի և այլ կենտրոնների
եկեղեցիները հարդարվել են որմնանկարներով, որոնցից շատերն այսօր պահպանված չեն:
XX դ. սկզբից Հայաստանին հասած արհավիրքների հետևանքով կտրուկ ընդհատվում է որմնանկարչության մշակույթը: Որմնանկարի փոխարեն սկսում են առանձին հաստոցային
սրբապատկերներ զետեղել
եկեղեցու որոշակի մասերում, ինչը, ավանդույթի ուժ ստանալով, շարունակվում է մինչև այսօր: Այնուհանդերձ, ներկայումս
Հայ Եկեղեցում որոշ փորձեր են արվում՝ վերականգնելու հայկական որմնանկարչության դարավոր
ավանդությունը: