Ս. ՈՍԿՅԱՆՔ (+ մոտ 100)
id390Այս երանելի անձինք Հռոմի կայսերական պալատի 5 պաշտոնյա ազնվականներ էին, որոնց կայսրը դեսպան էր ուղարկել Հայաստան: Ճանապարհին հանդիպելով ս.
Թադեոս առաքյալին՝ նրա
քարոզի և հրաշագործության շնորհիվ ազնվականները
դարձի են գալիս և
մկրտվում: Ս.
Թադեոսը խմբի գլխավորին՝ Խրիզոսին (հունարեն՝ Ոսկի)
քահանա է
ձեռնադրում, որի անունով էլ խումբը կոչվում է Ոսկյանք: Շուտով նրանք որոշում են թողնել իրենց երկրային առաքելությունը և դառնում են սուրբ
առաքյալի ուղեկից աշակերտները՝ օրըստօրե խորամուխ լինելով հոգևոր կյանքում և հաստատվելով
բարեպաշտության մեջ:
Ս.
Թադեոսի նահատակությունից (46 թ.) հետո Ոսկյանք առանձնանում են Հայաստանի Ծաղկոտն գավառի լեռներում, որտեղից սկիզբ է առնում Եփրատը, և անձնատուր են լինում
ճգնությունների ու հարատև
աղոթքի: Ավելի քան 40 տարի այսպես կենցաղավարելուց հետո աստվածային ազդմամբ Ոսկյանք գալիս են Արտաշես արքայի պալատը: Այստեղ նրանց
քարոզի շնորհիվ
դարձի են գալիս Սաթենիկ թագուհու հետ Ալանաց աշխարհից եկած մի խումբ մարդիկ՝ 19 հոգի, որոնց ս. Ոսկին
մկրտում է Եփրատի ակունքում՝ փոխելով բոլորի անունները. առաջինին անվանում են Սուքիաս, որտեղից էլ ծագում է խմբի ընդհանուր անվանումը՝
Սուքիասյանք: Շուտով նորադարձները լքում են արքունիքն ու հեռանում լեռներ, փնտրում և գտնում են Ոսկյանց և բնակություն հաստատում նրանց մոտ՝ աշակերտելով
ճգնակեցության և
բարեպաշտության մեջ:
19 անձանց հեռացումն աշխարհից արքունիքում ընկալվում է իբրև չարիք և մոլորության: Հայոց արքայորդիները, գտնելով Սուքիասյանց, փորձում են համոզել ետ կանգնել իրենց ճանապարհից, բայց տեսնելով նրանց անկոտրում կամքը՝ զայրացած
մահվան են դատապարտում իրենց պալատականների «մոլորության» պատճառ դարձած Ոսկյանց: Սուքիասյանք մեծ սգով հողին են հանձնում
սրբերի պատվական
նշխարները, ապա հեռանում Բագրևանդ գավառի լեռները:
Ս. Ոսկյանք Հայոց աշխարհի առաջին
ճգնավորներն էին, որ
նահատակվեցին և
Հայ Եկեղեցու հիմնաքարերը եղան տակավին առաջին դարի վերջին:
Նրանց հիշատակը նշվում է Առաջավորաց
պահքին հաջորդող հինգշաբթի օրը, երբեմն էլ՝ երեքշաբթի՝ ս.
Սուքիասյանց հետ միասին: