ԱՇԽԱՐՀԻ ՍՏԵՂԾՈՒՄ
id039Աստված աշխարհը ստեղծել է ոչնչից:
Ամեն ինչ սկիզբ ունի, բայց
Աստված անսկիզբ է և Իր կողմից ստեղծված որևէ բանի կարիքը չունի, քանզի կատարելապես ինքնաբավ է ու երանելի:
Ուրեմն ինչո՞ւ
Աստված արարեց աշխարհը…
Նա ամեն ինչ ստեղծեց Իր անսահման բարության պատճառով, որպեսզի արարածները Իրենից ստանան այնքան բարիք, որքան կարող են ընդունել, և սքանչանան ու երանության մեջ լինեն մշտապես:
Աստված ամեն ինչ արարեց Իր խոսքով, քանզի Նա ամենակարող է:
Նա աշխարհը չստեղծեց միանգամից, այլ որոշակի ժամանակի՝ 6 օրվա ընթացքում: Այդ օրերը մեզ ծանոթ՝ 24-ժամանոց օրերը չէին. չէ՞ որ այն ժամանակ տակավին չկար Երկիր մոլորակը իր 24-ժամյա պտույտով: Մենք չենք կարող պատկերացնել արարչագործության օրերի տևողությունը: Ինչպես գրված է
Սուրբ Գրքում, Աստծո մեկ օրը հազար տարի է [
Բ Պետ. 3.8]: Այնպես որ, այդ օրերը կարող ենք անվանել նաև դարեր կամ դարաշրջաններ: Եվ սակայն դա էլ խիստ պայմանական է:
Եվ այսպես, սկզբում
Աստված ստեղծեց
երկինքն ու երկիրը: Դա ոչ թե մեզ այսօր տեսանելի աստղալից
երկինքն ու մեր երկրագունդն էր, այլ այսպես ասելով՝
Սուրբ Գիրքը նկատի ունի երկու՝ աննյութական և նյութական աշխարհները:
Երկինքը, այսինքն՝ հոգևոր աշխարհը, աննյութական և անմահ բանական արարածներն են՝
հրեշտակները: Իսկ երկիրը՝ նյութական աշխարհը, սկզբում անտեսք էր, այսինքն՝ չուներ ձև, որովհետև սկզբում այն ընդամենը նախնական նյութականություն էր, որից պետք է աստիճանաբար՝ 6 «օրվա» ընթացքում ձևավորվեին նյութական առարկաները՝ տեսանելի
երկինքը, աստղերը, երկրագունդը և այնտեղ գտնվող ամեն ինչ:
Աշխարհի ստեղծումը և նախամարդու պատվիրանազանցությունը
Իսֆահան, ձեռ. 15, էջ 10բ, Աստվածաշունչ, 1662/3 թ., Նոր Ջուղա
Առաջին օրը
Աստված ստեղծեց լույսը: Այն ոչ թե արեգակից կամ կրակից արձակվող լույսն էր, այլ նյութականության առաջին դրսևորումը:
Այսօր գիտությունը գտնում է, որ լույսը գոյություն ունի անկախ արևից, կրակից: Ավելին՝ պարզվում է, որ նյութի նախնական հիմքը էներգիան է, իսկ էներգիայի նախնական կերպը լուսային էներգիան է: Այսպիսով պարզ է դառնում, թե ինչու նյութական աշխարհի ձևավորման սկզբում
Աստված ստեղծեց լույսը:
Երկրորդ օրը Նա ստեղծեց հաստատությունը, այսինքն՝ այն անսահման տարածությունը, որը շրջապատում է մեր երկրագունդը՝ տեսանելի
երկինքը:
Նյութական աշխարհը սկսեց ձև ստանալ՝ բաժանվելով անթիվ գնդերի, որոնք կարծր նյութ չէին:
Սուրբ Գիրքը դրանք ջրեր է կոչում: Այդ գնդաձև ջրերի միջև ստեղծված տարածությունը բաժանում է նրանց և ձգողության ուժով հաստատուն պահում հեռավորությունը միմյանց միջև: Այս պատճառով այդ տիեզերական տարածությունը կոչվում է հաստատություն:
Երրորդ օրը
Աստված ջուրն անջատեց ցամաքից, այսինքն՝ Նրա հրամանով մեր մոլորակի ոչ կարծր, գնդաձև նյութական հիմքը վերակերտվեց ջրի և ցամաքի: Ցամաքի վրա առաջացան ջրատար խորություններ՝ գետեր, լճեր, ծովեր: Այսպիսով, երբ ավարտվեց ջրի և ցամաքի բաշխումը, և ստեղծվեցին կյանքի համար անհրաժեշտ պայմաններ, Արարչի հրամանով երկրի վրա հայտնվեցին բույսերի բազմաթիվ տեսակներ:
Սակայն ինչպե՞ս կարող է առանց արևի ծագել բուսական աշխարհը: Չէ՞ որ արեգակը
Աստված երրորդ օրը դեռևս չէր ստեղծել: Այսօր դա չպետք է զարմացնի մեզ. բազմաթիվ գիտափորձեր ցույց են տվել, որ բույսերը կարող են աճել և զարգանալ էլեկտրական հոսանքի միջոցով: Ուստի կարող ենք ասել, որ առաջին բույսերն աճել են նախնական՝ դեռևս ցրված լույսի ազդեցությամբ: Սակայն նրանց տեսքը և զարգացումը ներկայիս նման չէր: Դրանք վիթխարի կանաչ զանգվածներ էին, որոնց քարացած մնացորդն է մեզ հայտնի քարածուխը:
Արարչության չորրորդ օրը
Աստծո հրամանով մեր երկրագնդի վրա շողացին
երկնային լուսատուները՝ արևը, լուսինը, աստղերը: Տիեզերքում առաջացած որոշ գնդաձև մարմինների մեջ նախաստեղծ լույսն այնպես կենտրոնացավ, որ նրանք սկսեցին ինքնուրոյն լույս ճառագել: Դրանք մեզ տեսանելի լուսատուներն են՝ արեգակն ու աստղերը: Գնդաձև մյուս մարմինները մեր երկրագնդի պես մնացին կարծր, սակայն ընդունակ անդրադարձնելու լուսատուների լույսը, ինչպիսին է լուսինը: Այդ պատճառով այն նույնպես լուսատու է կոչվում:
Հինգերորդ օրը
Աստված ստեղծեց ջրում ապրող կենդանիներին և օդում թռչող թռչուններին: Այս օրը բնության մեջ առաջացան նոր, շնչավոր, ինքնուրոյն շարժվող և զգացող էակներ: Օժտելով բազմանալու կարողությամբ և
օրհնելով այդ՝
Աստված նրանց տվեց սերունդներ ունենալու կարողություն՝ յուրաքանչյուրն ըստ իր տեսակի:
Վեցերորդ օրը
Աստված ստեղծեց կենդանիներին և վերջապես՝ մարդուն: Եթե զեռուններին ու թռչուններին Նա ստեղծեց ջրից, ապա կենդանիների և մարդու ստեղծման համար դիմեց ցամաքին՝ կենդանացնող զորություն հաղորդելով երկրին: Եվ առաջացան բազմաթիվ կենդանիներ՝ իրենց զանազան տեսակներով:
Այնուհետև
Աստված ասաց. «Ստեղծենք մարդուն Մեր պատկերով և նմանությամբ» [
Ծն. 1.26]: Նա հողից ստեղծեց մարդու մարմինը և նրա մեջ անմահ հոգի փչեց: Մարդը դարձավ տիեզերքի պսակը՝ այն միակ կենդանի արարածը, որը նման է
Աստծուն, այսինքն՝ ունի բանական հոգի և միտք:
Իսկ յոթերորդ օրը Տերը հանգստացավ Իր բոլոր գործերից, այսինքն՝ դադարեց արարչագործել: Նա
օրհնեց այդ օրը և մարդուն էլ պատվիրեց շաբաթվա յոթերորդ օրը չաշխատել, այլ հանգստանալ՝ թողնելով կենցաղի հոգսերը և ամբողջովին նվիրվելով
աստվածպաշտության: