ՈՍԿԵ ՀՈՐԹ
id389Աստված ընտրեց
Իսրայելի ժողովրդին, որպեսզի նա ուղղվի,
սրբանա և արժանանա ընդունելու
Մեսիային: Սակայն
իսրայելացիները տակավին թույլ էին հոգով և հաճախ պարտվում էին
փորձությունների ժամանակ՝ դավաճանելով
Աստծուն:
Այդպես եղավ և այն ժամանակ, երբ
Ավետյաց երկրի ճանապարհին
Մովսես մարգարեն բարձրացել էր Սինա լեռան գագաթը՝ Տիրոջից
օրենքի տախտակները ստանալու համար: Երկչոտ և անկայուն ժողովուրդը չկարողացավ համբերությամբ սպասել իր առաջնորդին և կարծեց, թե
Մովսեսը լքել է իրեն: Նա մոռացավ
Աստծո անսահման ողորմածությունն իր հանդեպ, մոռացավ նաև իր պարտավորությունները Նրա առջև ու ցանկացավ մի կուռք շինել իր համար: Ժողովուրդը պահանջելով ու տրտնջալով այնքան ճնշեց
Ահարոնին, մինչև որ նա զիջեց: Ի վերջո, հավաքելով
Իսրայելի կանանց ոսկե զարդերը,
Ահարոնը դրանցից մի ոսկե հորթ ձուլեց եգիպտական կուռքերից մեկի նմանությամբ:
Իսրայելացիները սկսեցին
երկրպագել ոսկե հորթին՝ աղաղակելով. «Սա՛ է քո աստվածը, Իսրայե՛լ, որ քեզ դուրս բերեց Եգիպտացիների երկրից» [
Ել. 32.4]: Իսկ հաջորդ օրը զոհեր մատուցեցին արձանին և սկսեցին խրախճանք անել:
Մովսեսը Տիրոջից իմացավ կատարվածի մասին և լեռան գագաթից անհապաղ իջավ ժողովրդի մոտ:
Քիչ առաջ նա ականատես էր եղել
Աստծո աննկարագրելի
փառքին և հիմա, երբ տեսավ անկենդան կուռքի շուրջ պարող իր հայրենակիցներին, վառվեց ահեղ ցասումով: Նա վար գցելով փշրեց
օրենքի քարե տախտակները: Այսպես հենց այն ժամանակ, երբ
Աստված ավելի քան երբևէ մերձ էր
իսրայելացիներին, նրանք մոռացան Տիրոջ ներկայությունը, կասկածեցին Նրա գոյությանը և խոնարհվեցին կուռքի առջև:
Մովսես Մարգարեն բարկությունից փշրում է օրենքի տախտակները
XIX դ.: Հեղինակ՝ Յուլիուս ֆոն Կարոլսֆելդ
Եվ
Աստված խստորեն պատժեց
կռապաշտներին:
Այսօր էլ հաճախ մարդը նմանվում է հին Իսրայելի խստապարանոց որդիներին, երբ լքում է
Աստծո ճշմարիտ
հավատը և դիմում զանազան սնոտիապաշտությունների և նրանց պես դավաճանում է
Աստծուն, երբ թողնում է, որ իր սրտում պաշտելի դառնա իմանալի «ոսկե հորթը»՝
սերը դրամի, իշխանության, որևէ արժեքավոր թվացող իրի կամ
մեղանչական հրապույրի հանդեպ՝ դրանց մեջ մխիթարություն փնտրելով:
Մինչդեռ
Աստված՝ ճշմարիտ Մխիթարիչը, համբերատար սպասում է այն պահին, երբ մարդը վերջնականապես կճանաչի «երկրային դրախտի» ողջ պատրանքը ու կփնտրի աստվածային հավիտենական բարիքները, որպեսզի նրան ի վերջո ընդգրկի Իր
փառքի մեջ ու պարգևի Իր վերերկրային հարստությունը` հավիտենապես ուրախացնելով ճշմարիտ,
երկնային մխիթարությամբ: