ՇԱՊԻԿ
id377Եկեղեցու նվիրապետության առաջին աստիճանն ունեցողի՝
դպիրի միակ
ծիսական հանդերձն է: Այն հիմնականում սպիտակ է, քանի որ
խորհրդանշում է նվիրյալի
հրեշտակային մաքրությունը:
Շապիկ՝ հրեշտակների և սրբերի պատկերներով
1776 թ.: Ս. Էջմիածնի գանձատուն
Շապիկը ծածկում է այն կրողի ողջ մարմինը՝ ուսից մինչև գարշապար: Սովորաբար շապիկի վերին մասը զարդարվում է առանձին կտորով՝ ուսանոցով, որն ամուր կարվում է շապիկին: Այն շապիկի վերին մասում ծածկում է թիկունքը և ուսերը, իսկ առջևից՝ կուրծքը:
Շապիկը
նվիրապետական բոլոր աստիճաններում էլ մնում է իբրև առաջին զգեստը, որի վրայից կրում են
նվիրապետական հաջորդ աստիճանները
խորհրդանշող հանդերձանքը:
Պատարագիչ քահանայի շապիկն ամբողջովին միայն սպիտակ է լինում, առանց ուսանոցի՝ իբրև
խորհրդանիշ սրբության և անապականության, այն
լուսեղեն պատմուճանի, որ կրում էր
Ադամը դրախտում:
Պատարագի զգեստավորման արարողության ժամանակ շապիկը հագնելիս
քահանան ասում է. «Հագցրո՛ւ ինձ, Տե՛ր,
փրկության հանդերձ և ուրախության պատմուճան»: