ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹՅՈՒՆ
id358Աստված բոլոր արարածներին կառավարում է Իր իմաստուն նախախնամությամբ, որով ամեն ինչ հանգեցնում է տրամաբանական ավարտի և ծառայեցնում աստվածային ծրագրերի իրականացմանը:
Նախախնամելով արարածներին՝
Աստված ամենևին չի բռնանում նրանց կամքի ազատության վրա, ուստի չի բացառում նրանց
մեղանչելը և հակառակվելը Իրեն, սակայն կանխատեսությամբ ամեն ինչ դնում է այնպիսի փոխհարաբերության մեջ, որ ի վերջո բացահայտվում և հաստատվում է Իր
ճշմարտությունը:
Աստվածային նախախնամությունը Նրա արարչական
սիրո արտահայտությունն է, թեև բացահայտորեն չի երևում՝ աշխարհում առկա
չարիքի պատճառով: Շատ բաներ, որոնք մեզ կարևոր ու բարի են թվում, Տերը նախախնամաբար բացառում է, քանզի մեզանից իրականում միայն Ինքը գիտե, թե ինչն է մեզ համար բարի:
Աստված Իր նախախնամությամբ ոչ միայն հոգում է յուրաքանչյուր արարածի մասին՝ ապրուստի միջոցներ տալով՝ անկախ նրա արդար կամ մեղավոր լինելուց, այլև հրաշալի կերպով ուսուցանում է Իր
արդարությունը թե՛ անհատի, թե՛ ողջ հանրության գոյության ընթացքով: Այդ ուսուցանությունից ճշմարտապես խրատ առնողը ի վերջո
դարձի է գալիս, արժանանում
շնորհի և կամովին մասնակցում է Տիրոջ իմաստուն նախախնամությամբ մարդկության
փրկագործության աստվածային ծրագրին: