SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՄԱՐԳԱՐԵ
id334Մարգարեները Աստծո հայտնությունների բանբերն են և գտնվում են Նրա հետ սերտ հաղորդակցության մեջ: Տերը խոսում է նրանց հետ՝ իբրև Իր բարեկամների, և բացահայտում Իր ծրագրերը, ինչպես գրված է. «Մի՞թե Ես իմ ծառա Աբրահամից գաղտնի պիտի պահեմ այն, ինչ անելու եմ» [Ծն. 18.17]: Ուստի և մարգարեների համար սովորական է «Աստված ասաց» արտահայտությունը:
Եկեղեցական ավանդության մեջ «մարգարե» են կոչվում հատկապես հին ուխտի այն ընտրյալ անձինք, որոնց Տերը ծառայության էր կանչում միայն Իսրայելի ժողովրդի միջից: Նրանց շուրթերից հնչում էին ոչ միայն հեռու և մոտ ապագայում կատարվելիք իրադարձությունների կանխահայտնումներ, այլև հանդիմանություն ու նախազգուշացում, ապաշխարության կոչ ու փրկության ավետում: Փաստորեն, մարգարեները հանդես էին գալիս իբրև Աստծո ժողովրդի առաջնորդներ և ուսուցիչներ:
Իսրայելի առաջին և մեծագույն մարգարեն Մովսեսն է, ում շնորհիվ իսրայելացիները փրկվեցին Եգիպտոսի գերությունից և վերադարձան Ավետյաց երկիր, ում միջոցով Աստված նրանց տվեց գրավոր օրենքը:

Նաբավ լեռան Ս. Մովսես եկեղեցին
Նաբավ լեռան գագաթից Մովսես մարգարեն մահից առաջ տեսավ Ավետյաց երկիրը: Այժմ այդ մասում գտնվում է Ս. Մովսես եկեղեցին (531 թ.)

Ավետյաց երկրում Իսրայելի ողջ պատմության ընթացքում հանդես եկան բազմաթիվ մարգարեներ, որոնց միջոցով Աստված խրատում և ուղղորդում էր կռապաշտ ազգերով շրջապատված և հաճախ նրանց ազդեցությանը ենթարկվող իսրայելացիներին: Այդպիսիք էին, օրինակ, Սամուելն ու Եղիան, Երեմիան ու Եսային, որոնցից պատկառում էր ժողովուրդը և հաճախ նրանց հանդիմանությունների ու նշանների ազդեցությամբ ետ կանգնում մոլորություններից:
Մարգարեներից շատերն աստվածային ներշնչմամբ գրել են մարգարեական գրքեր, որոնք բովանդակում են սպասվող Մեսիայի գալստյանը, ինչպես նաև հավատին, Եկեղեցուն և ողջ աշխարհի ճակատագրին վերաբերող կանխասացություններ:
Այդ մարգարեները բաժանվում են երկու դասի՝ մեծ և փոքր: Եսային, Երեմիան, Եզեկիելը և Դանիելը կոչվում են մեծ մարգարեներ իրենց թողած գրքերի ընդարձակության պատճառով: Իսկ փոքր մարգարեները 12-ն են՝ Օսեե, Հովել, Ամոս, Աբդիու, Հովնան, Միքիա, Նավում, Ամբակում, Սոփոնիա, Անգե, Զաքարիա և Մաղաքիա: Ի տարբերություն նախորդների՝ նրանք թողել են ավելի փոքրածավալ մարգարեական գրքեր:


Դանիելի մարգարեության տիտղոսաթերթի հատված Դանիել մարգարեի պատկերով
Երևան, ձեռ. 4243, էջ 175բ, Աստվածաշնչային ժողովածու, 1263-1266 թթ.

 
sacredtradition.am