ՄԱՀ
id324Մահը մարդու հոգու բաժանումն է մարմնից, ինչից հետո մարմինն ապականվում է և տարրալուծվում: Այն անխուսափելիորեն սպասում է բոլորիս: Բայց սա
Աստծո արարչության օրինաչափություններից չէ, այլ՝ մի պատուհաս, որը ժառանգեց ողջ մարդկությունը
ադամական մեղքի հետևանքով:
Աստված մարդուն ստեղծել է ոչ թե մահվան, այլ հավիտենական կյանքի համար: Սակայն նախամարդը, խախտելով Տիրոջ
պատվիրանը և
հավատալով ստին ու խաբեությանը, ետ շրջվեց Կյանքի աղբյուրից ու ընկավ
սատանայի իշխանության տակ, որն ապականեց ու կործանեց նրա բնությունը:
Մարդը երբեք չի հաշտվում մահվան իրողության հետ, քանզի այն անբնական է իր համար: Եվ մահից հետո հոգու անկախ գոյությունը մարմնից, որքան էլ մխիթարական է թվում, չի գոհացնում մարդուն, քանի որ հակասում է նրա էությանը. չէ՞ որ
Աստված մարդուն ստեղծեց մարմնով և հոգով, ինչով էլ նա տարբերվում է անմարմին արարածներից՝
հրեշտակներից:
Հոգու անջատումը մարմնից ոչ թե նրա ազատագրումն է, ինչպես այդ կարծում են որոշ
աղանդներ, այլ՝ մահվան դատավճռի կայացումը:
Սակայն մահվան պատուհասը ոչ միայն
Աստծո արդար պատիժն է, այլև Նրա մեծ ողորմածությունը և անճառելի
նախախնամությունը: Ենթակա լինելով տառապանքի ու մահվան՝ մարդը, ի տարբերություն
սատանայի ու
դևերի, ընդունակ է
ապաշխարել և մաքրվել, վերստանալ
Աստծո շնորհը և կենդանանալ Նրա առջև:
Այդ հնարավորությունն էլ դարձավ մեր
փրկության նախապայմանը, քանզի
Աստծո Որդին, գալով աշխարհ և մարդանալով, բոլորի փոխարեն չարչարվեց, խաչվեց ու մահացավ՝
քավելով մեր
մեղքերը և ընձեռելով
մկրտության ու
ապաշխարության խորհուրդները, որպեսզի մենք սրբագործվենք և հարատև գտնվենք
շնորհի մեջ: Իր կամավոր մահվամբ և հրաշափառ
հարությամբ Քրիստոս մահվան պատուհասը վերածեց պարգևի: Նրա մահով մենք մեռնում ենք
մեղքերի համար և ապրում անմահության
հույսով՝ ըստ Իր իսկ խոսքի. «Ով հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կապրի» [
Հովհ. 11.25]:
Ճշմարիտ
քրիստոնյայի վրա մահն այլևս իշխանություն չունի, քանզի նա ինչպես որ
հավատով ապրում, այնպես էլ
հավատով է մեռնում
Քրիստոսի հետ՝ Նրան հանձնելով իր վերջին շունչը, և փոխադրվելով արդարների կայան՝ ուրախությամբ սպասում է
համընդհանուր հարությանը, երբ կվերամիավորվեն հոգին ու մարմինը՝ պայծառացած անմահության
շնորհի լույսով: