SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ
id319Մարդու միտքը հակված է ճանաչելու ճշմարտությունը, քանի որ հենց դրա համար է այն ստեղծված: Ոչ ոք չի կամենում խաբվել, այլ ձգտում է այս կամ այն իրադրության մեջ իմանալ ճշմարտությունը, մանավանդ՝ երբ այն վերաբերում է սեփական անձին: Սակայն հայտնի է, որ աշխարհում ամենևին էլ չի թագավորում ճշմարտությունը, այլ հաճախ ուղղակի անհրաժեշտություն է համարվում սուտն ու կեղծիքը. երբեմն մարդիկ ստում են ուրիշի հավատարմությանը չվստահելու պատճառով, երբեմն՝ խաբեությամբ որևէ շահ ստանալու նպատակով, իսկ երբեմն էլ՝ սովորությունից դրդված:
Սուտը չսիրելով հանդերձ՝ մարդն այն դարձրել է իր ապրելակերպի հիմքը, քանի որ այս աշխարհում չարը մեծ իշխանություն ունի և ամեն ինչ պարուրել է ստով: Խաբելով նախամարդուն և պատճառ դառնալով ադամական մեղքին՝ սատանան իր ստով վարակեց ադամորդիներին, որոնք Ադամի ու Եվայի պես այսօր էլ շարունակում են խաբվել ու հավատալ ստին՝ այն ընդունելով իբրև ճշմարտություն. քանզի չարը այդպիսով շոյում է նրանց եսասիրությունը՝ բազում վնասակար բաներ ներկայացնելով իբրև բարիք, ինչպես այդ արեց Եվայի ու Ադամի հետ: Ոմանք խաբված և մոլորված են հպարտությամբ ու գոռոզամտությամբ՝ իրենց համարելով բոլորից իմաստուն, բարձր և ամենակարող: Ոմանք էլ, անառակ կյանք վարելով, կարծում են, թե դա է ճշմարտությունն ու կյանքի իմաստը: Շատերն էլ տարուբերվում են պատահական իրադրությունների մեջ՝ ընտրելով այն, ինչը նպաստավոր է այդ պահի նյութական գոյության համար՝ ամենևին չփնտրելով ճշմարտությունը և առանց ձգտելու զանազանել բարին չարից և արդարը անիրավից:
Սակայն ճշմարտությունը գոյություն ունի՝ անկախ մարդու փնտրումից: Այն ոչ թե վերացական հասկացություն է, այլ ինքը գոյությունը: Չէ՞ որ ճանաչել ճշմարտությունը՝ նշանակում է ճանաչել իրականությունը՝ այն, ինչն իրապես գոյություն ունի: Մինչդեռ սուտը հենց գոյության բացակայությունն է, և ամեն մի սուտ տանում է դեպի չգոյություն, դեպի ոչնչացում: Ուստի ով չի փնտրում ճշմարտությունը և համակերպվել է ստի ու չարիքի հետ, նա ընտրել է մահն ու կորուստը: Իսկ ով փնտրում է ճշմարտությունը, ով չի դավաճանում իր բնությանը՝ անսալով սեփական խղճին, որը չի ուզում խաբված մնալ չարի ձեռքում, ով ուզում է ճանաչել իր գոյության իմաստն ու կոչվածությունը, նրան ընդառաջ է գալիս Ինքը Ճշմարտությունը, քանի որ այն ոչ միայն գոյություն ունի, այլև գոյության սկիզբն է՝ Ինքն Աստված:
Ուրեմն, ով անկեղծորեն փնտրում է ճշմարտությունը՝ հավատալով նրա գոյությանը, նա Աստծուն է փնտրում և ի վերջո հավատում է Նրան, Ով իջավ երկնքից, մարմնացավ՝ ստի ու չարի իշխանությունից մեզ ազատելու համար և Իր փրկարար չարչարանքներից առաջ ասաց. «Ես եմ Ճանապարհը և Ճշմարտությունը և Կյանքը» [Հովհ. 14.6]: Նրանով՝ Հիսուս Քրիստոսով է ճանաչվում ամեն ճշմարտություն, որով լուսավորվում են մարդու միտքը և սիրտը: Նրանով է մարդն ազատագրվում իր սրտում ծվարած կեղծիքից և հաղթահարում չարի ճշմարտանման հրապույրներն ու խաբեությունները: Նրա մեջ է մարդը գտնում իր բոլոր հարցերի պատասխանները, բոլոր խնդիրների լուծումը և երջանկանում հավիտենական կյանքի հույսով:
 
sacredtradition.am