SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԿԱՆԱՅԻ ՀԱՐՍԱՆԻՔԸ
id248Գալիլիայի Կանա քաղաքը նշանավորվեց Հիսուս Քրիստոսի գործած առաջին հրաշքով:
Նա Իր աշակերտների հետ հրավիրվեց այս քաղաքը՝ մասնակցելու մի հարսանիքի: Այստեղ էր և Նրա մայրը՝ ս. Մարիամ Աստվածածինը: Հարսանիքի ընթացքում անսպասելիորեն գինին վերջացավ: Եվ ս. Մարիամը դիմեց Հիսուսին՝ ասելով, թե գինի չունեն: Նա գիտեր իր Որդու աստվածային շնորհների մասին և ցանկանում էր, որ դրանք այժմ ի հայտ գան: Ու թեև Հիսուսը պատասխանեց, որ դեռևս չի եկել Իր ժամը, Մարիամը, սպասավորներին ցույց տալով իր Որդուն, ասաց. «Ինչ որ ձեզ ասի, արե՛ք» [Հովհ. 2.5]:
Այսպես Տիրամայրն առաջին անգամ հանդես եկավ իր բարեխոսությամբ՝ անսպասելիորեն նեղության մեջ հայտնվածների համար: Նա չէր կամենում, որ գինին սպառվելու պատճառով հարսանքատերերը խայտառակվեն:
Աստվածամայրը գիտեր նաև, թե ի՜նչ մեծ խորհուրդ է կատարվում այնտեղ, ուր ներկա է Հիսուսը. գիտեր, որ գինին խորհրդանշում է Աստծո հետ կենդանի հաղորդակցությունը, որից զրկվելու եզրին էին հրեաները: Քանզի ավարտվում էր հին ուխտը, և սկսվում էր նորը:

Կանայի հարսանիքը
Երևան, ձեռ. 212, էջ 246ա (հատված), Ավետարան, 1337 թ., Թավրեժ
Ծաղկող՝ Ավագ

Եվ Աստծո Որդին անսաց Իր մոր բարեխոսությանը. այստեղ՝ Կանայում, Նա կատարեց Իր ողջ փրկագործությունը խորհրդանշող առաջին հրաշքը՝ ջուրը գինու վերածելով: Նա սպասավորներին հրամայեց, որ տանը եղած 6 մեծ կարասները լցնեն ջրով, ապա տանեն սեղանապետի մոտ: Ճաշակելով գինու վերածված ջուրը՝ սեղանապետը հիացավ նրա արտասովոր համով: Եվ շարունակվեց հարսանեկան խրախճանքը նոր՝ ընտիր և սքանչելի գինով:
Դա խորհրդանիշն էր այն գինու, որով Քրիստոս նորոգեց մեր բնությունը. «նոր ուխտի արյունը» [Մատթ. 26.28], որ հեղեց մեզ համար՝ մեզ դարձնելով երկնային հարսանիքի մասնակիցներ:
Այժմ Իսրայելի Կանա քաղաքում պատրաստում են ընտիր գինի՝ ի հիշատակ Կանայի հարսանիքի: Այն հաճախ օգտագործվում է ս. հաղորդության համար:
 
sacredtradition.am