ԽՆԿԱՐԿՈՒԹՅՈՒՆ
id2251. Խնկարկելը կամ
խունկ ծխելը հնագույն կրոնական ավանդույթ է:
Ծիսական արարողությունների ժամանակ ողջ
եկեղեցու մթնոլորտը բուրում է
խունկի անուշահոտությամբ, որն առավել երանավետ է դարձնում մեր ներկայությունն
Աստծո առջև:
Արարողության ընթացքում
սարկավագը և
քահանան խնկարկում են
սրբապատկերների, ս.
սեղանի և ս.
հաղորդության նշխարի առջև:
Խնկանոցներից և
բուրվառներից վեր ելնող
խունկի ծուխը
խորհրդանշում է
քրիստոնյայի սրտից բխող և առ
Աստված բարձրացող
աղոթքն ու
օրհնությունը, որն անուշահոտ
խունկի պես զվարթացնում է
երկնայիններին և
Աստծուն:
Խունկի ծուխը
խորհրդանշում է նաև
Աստծո հաշտությունը մարդկանց հետ, որ կատարվեց
Քրիստոսի միջոցով և հոգևոր անուշահոտությամբ սփռվում է Նրա
Եկեղեցում:
Խնկարկություն. տեսարան Ծաղկազարդի պատարագից
Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. 9 ապրիլի, 2006 թ.
Լուսանկար՝ Սերգեյ Հակոբյանի
Խնկարկությունը
խորհրդական իրողություն է. քանի որ
խունկը նախապես
օրհնվում է
քահանայի կողմից, խնկարկվող միջավայրը ևս
օրհնվում է ու սրբվում: Եվ այդտեղ շնչելով՝ ոչ միայն մեր զգայարաններն են զմայլվում
խունկի անուշահոտությամբ, այլև մեր հոգին՝ ընդունելով
Սուրբ Հոգու շնորհի երանությունը: Այս պատճառով
ծեսի ընթացքում պարբերաբար խնկարկվում է նաև հավատացյալ ժողովուրդը: Այդ պահերին բոլորը
խաչակնքում են ու
երկրպագում խնկարկության ծխի առջև՝ իբրև
Աստծո Հոգու ներկայության:
2. Խնկարկություն է կոչվում
պատարագի արարողության մի ամբողջ մաս, որի ընթացքում
քահանան սեղանի շուրջ խնկարկելուց հետո իջնում է
խորանից,
թափորի ուղեկցությամբ խնկարկելով շրջում է ժողովրդի մեջ և վերադառնում
խորան՝
խորհրդանշելով Քրիստոսի իջնելը
երկնքից, շրջելը մարդկանց մեջ ու
երկինք վերադառնալը: