ԽԱՉԵԼՈՒԹՅՈՒՆ
id219Այսպես է կոչվում
Քրիստոսի խաչ բարձրանալը և
խաչի վրա չարչարվելով հոգին ավանդելը: Այն նկարագրված է 4
Ավետարաններում, որոնք, միմյանց լրացնելով, ներկայացնում են Հիսուս
Քրիստոսի երկրային կյանքի այս վերջին՝ կարևորագույն պահը:
Հարկ է նշել, որ խաչելությունը ոչ միայն ամենաանարգ, այլև ամենասոսկալի ցավերով ուղեկցվող մահապատիժն էր:
Քրիստոս խաչ բարձրացավ երրորդ ժամին, այսինքն՝ առավոտյան մոտավորապես ժամը 9-ին: Ըստ ս. մեկնիչների՝ այդ նույն ժամին նախամարդը, մոռանալով
պատվիրանը և
հավատալով օձին, ընդունեց արգելված պտուղն ուտելու հրապույրը և ընկավ անօրինության մեջ: Եվ ահա այս ժամին
Ադամի անկման փոխարեն
Քրիստոս խաչ ելավ՝ վճարելու նախամարդուն և նրա բոլոր սերունդներին վիճակված
մեղքի պատիժը: Այսպիսով,
Քրիստոսի խաչ բարձրանալու պահից իրականանում է մեծագույն
խորհուրդը՝ ողջ մարդկության
մեղքերի քավությունը: Այս պատճառով խաչելությունը և նրան ուղեկցող իրադարձությունները, որոնք նկարագրված են Ավետարաններում, մեծ և կարևոր իմաստներ են պարունակում:
Խաչելություն
Երևան, ձեռ. 10675, էջ 321ա, Մալաթիայի Ավետարան, 1267-1268 թթ.
Ծաղկող՝ Թորոս Ռոսլին
Խաչելուց առաջ Հիսուսին լեղիով խառնված գինի տվեցին, որով սովորաբար փոքր-ինչ թեթևացնում էին մահապարտի տառապանքները: Սակայն Նա հրաժարվեց դրանից, որպեսզի լիովին գիտակից վիճակում խմի Իր չարչարանքների ու
մահվան բաժակը:
Երբ Հիսուսին խաչում էին, Նա
աղոթում էր Իր դահիճների համար՝ ասելով. «Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում» [
Ղուկ. 23.34]: Այս խոսքերն արտահայտում են այն աստվածային ներողամտությունը, որով Տերը հանդուրժում է մեր
մեղքերը, որոնցով մեր մեջ խաչում ու չարչարում ենք Իրեն՝ չգիտակցելով, թե ինչ ենք անում:
Խաչելուց հետո հռոմեացի զինվորներն իրար մեջ բաժանեցին Հիսուսի հագուստները, իսկ պատմուճանի համար վիճակ գցեցին, որովհետև այն առանց կարի էր՝ ամբողջական: Նրանք այդպես վարվեցին, քանի որ, հռոմեացիների
օրենքով, մահապարտների անձնական իրերը դառնում էին դահիճների սեփականությունը: Հիսուսի զգեստները
խորհրդանիշն էին այն շնորհների, որը Նա պարգևեց մարդկությանը, իսկ անկար պատմուճանը ցույց էր տալիս Իր
Եկեղեցու սիրո միությունը, որը Նա չթույլատրեց պատռել, այլ պահեց ամբողջական:
Խաչի վրա, Հիսուսի գլխավերևում, կախեցին Նրա «հանցանքը» բացատրող գիրը՝ «Սա է հրեաների թագավորը», որը գրել էր հռոմեական կուսակալ Պիղատոսը: Հրեաների
քահանայապետը նրան ասաց, որ ոչ թե գրի «հրեաների թագավոր», այլ՝ որ Հիսուսն Ինքն էր Իրեն այդպես կոչում: Սակայն Պիղատոսը պատասխանեց. «Ինչ որ գրեցի՝ գրեցի» [
Հովհ. 19.21-22]: Այս գրությամբ հաստատվեց այն
ճշմարտությունը, որ, արդարև,
Քրիստոսն է հրեաների, այսինքն՝ նոր
Իսրայելի՝
Աստծո ժողովրդի թագավորը:
Հիսուսի հետ Նրա աջ և ձախ կողմերում
խաչ հանեցին նաև երկու ավազակի:
Խաչի մոտով անցնողները ծաղրում էին Հիսուսին՝ ասելով, որ եթե իրոք Նա
Աստծո Որդին է, թող իջնի
խաչից: Նույնն էր ասում և ձախ կողմի ավազակը՝ անպատվելով
Աստծո Որդուն: Այդժամ աջակողմյան ավազակը սաստեց նրան Տիրոջ
երկյուղով, իսկ Հիսուսին ասաց. «Հիշի՛ր ինձ, Տե՛ր, երբ գաս Քո արքայությամբ»: Եվ Հիսուսը պատասխանեց նրան. «Ճշմարիտ եմ ասում քեզ. այսօր Ինձ հետ դրախտում կլինես» [
Ղուկ. 23.39-43]: Այս երկու ավազակների կերպարով ներկայանում է ողջ մարդկությունը, որը, մեղավոր լինելով հանդերձ, բաժանվում է երկու մասի: Ովքեր, իրենց մեղավորությունն ընդունելով,
ապաշխարում են և
Աստծո Որդուն Տեր և
Փրկիչ խոստովանում, արժանանում են
դրախտի՝ աջակողմյան ավազակի պես, որն իր կյանքի վերջին պահին ընդունեց
Քրիստոսին և ստացավ իր
փրկության ավետիսը: Իսկ ովքեր չեն
հավատում ո՛չ Նրա
աստվածությանը, ո՛չ էլ
փրկությանը, ձախակողմյան ավազակի պես կործանվում են թե՛ հոգով, թե՛ մարմնով:
Խաչի մոտ կանգնած էին ս.
Մարիամ Աստվածածինը և ս.
Հովհաննես ավետարանիչը:
Խաչի վրայից Տերը դիմեց Իր մորը՝ ասելով. «Ո՛վ կին, ահա՛ քո որդին», ապա նայեց
Հովհաննեսին և ասաց. «Ահա՛ քո մայրը» [
Հովհ. 19.26-27]: Սրանով
Քրիստոս ոչ միայն Իր սիրելի մորը հանձնեց սիրելի աշակերտի խնամակալությանը, այլև
խորհրդանշեց այն, որ
Աստվածամայրը բոլոր
քրիստոնյաների մայրն է և մեծ բարեխոսը:
Հիսուսի
խաչ ելնելուց երեք ժամ անց, կեսօրին, հանկարծ արևը խավարեց, և ամբողջ երկիրը երեք ժամ խավարի մեջ մնաց: Սա այն ժամն էր, երբ
Ադամը ճաշակեց արգելված պտուղը, զրկվեց
շնորհի լույսից և մտքով խավարեց:
Քրիստոս այս ժամին, տանելով
խաչի չարչարանքները,
քավում էր
ադամական մեղքը՝ մարդկությանը վերադարձնելով նախկին
շնորհն ու
փառքը, որից խավարում էր արեգակը, ինչն այդ պահին
խորհրդանշում էր
աշխարհի խաբուսիկ
փառքը, որն ի վերջո նսեմանալու է աստվածային
լույսի առջև:
Իններորդ ժամին (այսինքն՝ ցերեկվա ժամը 3-ին) Հիսուսը բարձր ձայնով կանչեց. «Աստվա՛ծ Իմ, Աստվա՛ծ Իմ, ինչո՞ւ թողեցիր Ինձ» [
Մատթ. 27.46,
Մարկ. 15.34]: Այս բառերով է սկսվում
Դավիթ թագավորի 21-րդ
սաղմոսը, որտեղ
մարգարեաբար նկարագրված են Տիրոջ չարչարանքները, որը, սակայն, ավարտվում է մեծ և լուսավոր
խորհրդով. Չարչարվողն ու Մահացողը պայծառ
հույսով տեսնում է Իր ապագա
փառքը, որով լցվելու է ողջ աշխարհը, և կանխահայտնում է բոլոր ազգերի
դարձը առ
Աստված:
Քրիստոս, Իր մարդկային բնությամբ ճշմարտապես մեռնելով և ապրելով լքումը
Աստծուց, մնում է նույն Ինքը՝
Աստված՝ Իր
փրկական առաքելության մեջ: Այս իսկ
խորհրդով էլ քիչ հետո Նա ավելացրեց՝ ծարավ եմ [
Հովհ. 19.28]: Դա աշխարհի
փրկության ծարավն էր, մարդկության ընկած բնության նորոգության ծարավը: Երբ զինվորներից մեկը Նրան մոտեցրեց քացախի մեջ թաթախված սպունգը, Նա հոժարակամ ընդունեց այն՝ իբրև
խորհրդանիշ մեղքով ապականված մեր բնության, որն Ինքը սրբագործեց
խաչի մահով:
Վերջապես՝ Հիսուսը բացականչեց. «Ամեն ինչ կատարված է» [
Հովհ. 19.30], ապա ասելով՝ «Հա՛յր, Քո ձեռքն եմ ավանդում Իմ հոգին» [
Ղուկ. 23.46], վախճանվեց: Սա եզրափակումն էր ու ավարտը
Աստծո Որդու
փրկագործության: Նա ամեն ինչ կատարեց մինչև վերջ՝ մինչ ի
մահ հնազանդվելով Հորը: Կատարվեց այն, ինչ
նախասահմանված էր հավիտյաններից առաջ, այն, ինչ կանխատեսել էին
մարգարեները. խաչի վրա ավարտվեց Հիսուս
Քրիստոսի երկրային կյանքը, և Նրա
զոհաբերությամբ իրականացավ ողջ մարդկության
մեղքերի քավությունը:
Այդ պահին խավարն ավելի սաստկացավ, երկիրը ցնցվեց, և
Երուսաղեմի Տաճարի վարագույրը մեջտեղից պատռվեց: Հրեաները, որոնք գտնվում էին մահապատժի վայրում, սարսափահար փախան՝ կուրծքները ծեծելով, իսկ հռոմեացի հարյուրապետը, որ կանգնած էր
խաչի մոտ, բացականչեց. «Արդարև, Աստծո Որդի էր Սա» [
Մատթ. 27.51-54]:
Երբ Հիսուսն արդեն մահացել էր, հռոմեացի զինվորներից մեկը նիզակով խոցեց Նրա կողը, և այնտեղից անմիջապես արյուն և ջուր հոսեց [
Հովհ. 19.34]: Սրանով բացահայտվեց
Եկեղեցու խորհուրդը. ջուրը կենդանի
խորհրդանիշն էր
մկրտության, իսկ արյունը՝
հաղորդության, որոնցով
Սուրբ Հոգին քավություն և թողություն է շնորհում բոլոր
քրիստոնյաներին և սրբագործելով նրանց՝ նախապատրաստում հավիտենական կյանքի համար:
Խաչից իջեցնելը
Հավուց Թառի «Ամենափրկիչ», X դ.