ԻՍՐԱՅԵԼԻ ԹԱԳԱՎՈՐՆԵՐ
id207Երբ
Սամուել մարգարեն ծերացավ, որպես
Իսրայելի դատավորներ կարգեց իր որդիներին: Սակայն նրանք չունեին իրենց հոր
արդարությունը և բազմաթիվ անօրինություններ էին գործում: Այդ պատճառով
Իսրայելի երեցները պահանջեցին
Սամուելից, որ նա մի թագավոր կարգի իրենց վրա, որպեսզի իրենց ժողովուրդն էլ ապրի այնպես, ինչպես մյուսները: Այդ ցանկությունը դեմ էր
Աստծո կամքին: Բայց Նա, անսալով ժողովրդի ցանկությանը,
Սամուելի միջոցով թագավոր կարգեց Բենիամինի ցեղից Սավուղ անունով մի երիտասարդի:
Իսրայելի այս առաջին թագավորը, սակայն, չէր կատարում Տիրոջ կամքը, և նրա օրոք ժողովրդի կյանքն առավել վատթարացավ:
Սավուղին հաջորդեց
Դավիթ թագավորը, այնուհետև՝
Սողոմոնը, որոնք մեծ գործերով փառավորեցին
Աստծո անունը: Սակայն
Սողոմոնի մահից հետո
Իսրայելի թագավորությունը բաժանվեց երկու մասի:
Սողոմոնի որդի Ռոբովամը, արհամարհելով երկրի ծերերի
խորհուրդը, չզիջեց ժողովրդի պահանջներին և չթեթևացրեց նրա վիճակը, այլ խոստացավ անել ճիշտ հակառակը: Դրա հետևանքով
Իսրայելի 12 ցեղերից տասն ապստամբեցին Ռոբովամի դեմ և իրենց թագավոր կարգեցին Հերոբովամին: Նորաստեղծ թագավորությունը կոչվեց
Իսրայելի կամ Հյուսիսային թագավորություն, քանի որ գտնվում էր երկրի հյուսիսում: Նրա առաջին մայրաքաղաքը դարձավ Սյուքեմը:
Սողոմոնի որդի Ռոբովամին հավատարիմ մնացին միայն Հուդայի ցեղը և Բենիամինի ցեղի մի մասը, որոնք էլ կազմավորեցին Հուդայի թագավորությունը՝
Երուսաղեմ մայրաքաղաքով: Այն կոչվում էր նաև Հարավային թագավորություն, քանի որ գտնվում էր
Իսրայելի հարավում:
Հյուսիսային թագավորությունն ունեցավ 19 թագավոր՝ 9 տարբեր տոհմերից: Նրանք բոլորն էլ անհաճո էին Տիրոջ աչքին, որովհետև կուռքեր էին պաշտում և ժողովրդին էլ նույնը սովորեցնում: Թագավորությունը գոյատևեց մոտ 250 տարի: Այն կործանվեց խիստ հզորացած Ասորեստանի կողմից. 3 տարվա պաշարումից հետո, մ. թ. ա. 722 թ., գրավվեց նրա մայրաքաղաք Սամարիան, իսկ ժողովուրդը գերեվարվեց:
Հուդայի թագավորությունն ունեցավ 20 թագավոր՝ բոլորն էլ Դավթի տոհմից: Նրանց մեծ մասը նույնպես հեռացավ ճշմարիտ
Աստծուց, բայց եղան նաև այնպիսիները, որոնք ծառայում էին Տիրոջը և կատարում Նրա կամքը: Հարավային թագավորությունը գոյատևեց շուրջ 370 տարի և կործանվեց Բաբելոնի Նաբուքոդոնոսոր թագավորի կողմից մ. թ. ա. 597 թ.:
Երբ պարսից Կյուրոս արքան նվաճեց Բաբելոնը, հրեաներին թույլ տվեց հայրենիք վերադառնալ, որտեղ նրանք ձեռնամուխ եղան
Երուսաղեմի երկրորդ Տաճարի կառուցմանը: Սակայն
իսրայելացիները երկար ժամանակ չունեցան անկախ թագավորություն՝ գտնվելով պարսկական գերակայության ներքո:
332 թ.
Իսրայելը նվաճվեց Հունա-Մակեդոնական կայսրության կողմից, որի բաժանումից հետո ենթարկվեց նախ պտղոմեոսյանների (323 թ.), ապա՝ սելևկյանների (198 թ.) իշխանությանը: Վերջիններիս դաժան և աստվածամարտ հալածանքները հանգեցրին տևական ապստամբության (166 թ. սկսած), որի արդյունքում 142 թ. վերականգնվեց
Իսրայելի թագավորությունը՝ Մակաբայեցիների կամ Հասմոնյանների տոհմի գլխավորությամբ: Հասմոնյանների պետությունը թեև որոշակի կախվածության մեջ էր այն ժամանակ հզորացած Հռոմեական կայսրությունից, սակայն կարողացավ միառժամանակ երկիրը զերծ պահել օտար միջամտություններից և ամեն կերպ նպաստեց կրոնական կյանքի ամրապնդմանը:
63 թ. Հռոմը վերջնականապես նվաճեց
Իսրայելը, որի գերագույն իշխանությունը արդեն իրեն էր ենթարկվում, թեև ժողովրդին անմիջականորեն ղեկավարում էին
քահանայապետները՝ մակաբայեցիների ցեղից:
Մակաբայեցիներից հետո,
Քրիստոսի գալստյան նախօրեին, հրեաների թագավոր հռչակվեց Հերովդես Մեծը (մ. թ. ա. 37-4 թթ.), որն այդ տիտղոսը ստացել էր Հռոմի սենատի կողմից և ամեն ինչով հաճոյանում էր նրան: Թեև նա ձեռնարկեց
Երուսաղեմի Տաճարի վերակառուցման և բարեկարգման գործը, սակայն հեռու էր
աստվածպաշտությունից, իսկ
Իսրայելի ժողովրդի հանդեպ խիստ դաժան էր: Այդպիսին էին նաև նրան հաջորդած որդիները:
Այդ շրջանում շատ հրեաներ սպասում էին
Մեսիայի մոտալուտ գալստյանը՝ նրա հետ կապելով
Իսրայելի նոր թագավորության ստեղծման
հույսերը: Սակայն, իհարկե, դա չիրականացավ այնպես, ինչպես նրանք էին ակնկալում, քանզի ճշմարիտ
Մեսիայի՝ Հիսուս
Քրիստոսի թագավորությունը ոչ թե երկրային է, այլ
երկնային և հավիտենական, որը ժառանգեցին
քրիստոնյաները: