ԻՍՐԱՅԵԼԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ
id206Ավետյաց երկրում բնակվելու համար, համաձայն Տիրոջ հրամանի,
իսրայելացիները պարտավոր էին դուրս քշել տեղաբնակներին, որոնք
կռապաշտ էին ու բազում
մեղքեր էին գործում: Սակայն
իսրայելացիները չհնազանդվեցին
Աստծուն և չկատարեցին Նրա կամքը: Ապրելով հեթանոս քանանացիների հարևանությամբ՝ նրանք ևս հակվեցին
կռապաշտության, որի հետևանքով զրկվեցին
Աստծո շնորհից և օժանդակությունից: Արդյունքում
իսրայելացիները ստրկացվեցին հեթանոս ժողովուրդների կողմից: Սակայն հետագայում
զղջացին ու վերստին դարձան ճշմարիտ
Աստծուն: Եվ Տերն Իր անսահման ողորմածությամբ լսեց նրանց աղերսը՝ առաքելով Իր ազատարարներին: Դրանք
Իսրայելի դատավորներն էին՝ արդարամիտ, արիասիրտ և
Աստծուն ապավինող այրեր, որոնք երկրի կառավարումը ստանձնելով՝ հաղթեցին
կռապաշտներին և իրենց ժողովրդին խաղաղություն պարգևեցին:
Իսրայելի դատավորները, փաստորեն, նրա առաջնորդներն էին, որոնց իշխանությունը ժառանգական չէր, բայց ցմահ էր: Նրանք ընտրվում էին
Աստծո ցուցումով, երբեմն էլ՝ ժողովրդի կողմից: Ի տարբերություն թագավորների՝ նրանք ունեին սահմանափակ իշխանություն և ապրում էին համեստ կյանքով:
Իսրայելի պատմության մեջ դատավորներից վերջինը
Սամուել մարգարեն էր, որը վերածնեց
Իսրայելի մարած
աստվածպաշտությունը և բազում տարիներ նրանց ղեկավարեց կատարյալ անշահախնդրությամբ ու
իմաստությամբ: