Ս. ԻԳՆԱՏԻՈՍ ԱՍՏՎԱԾԱԶԳՅԱՑ (I-II դդ.)
id203Վաղ քրիստոնեական
ավանդության համաձայն՝ նա էր այն մանուկը, որին Հիսուսն իր մոտ կանչեց, կանգնեցրեց աշակերտների մեջ և ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայությունը չեք մտնի։ Արդ, ով իր անձը խոնարհեցնում է ինչպես այս մանուկը, երկնքի արքայության մեջ նա է մեծ» [
Մատթ. 18.3-4]: Այս պատճառով նրան կոչում են նաև
Աստվածազգյաց, այսինքն՝
Աստծուն զգեցած-հագած՝ Նրան իր վրա կրող, Նրանով պատված:
Ս. Իգնատիոս Աստվածազգյաց (լուսանցապատկեր)
Երևան, ձեռ. 7391, էջ 177բ, Հայսմավուրք, 1713 թ., Կաֆա (Ղրիմ)
Ծաղկող՝ Քրիստոսատուր
Այս մեծ սուրբը աշակերտել է ս.
Հովհաննես ավետարանչին: 98-117 թթ. եղել է Անտիոքի
եպիսկոպոսը և Տիրոջն անմնացորդ նվիրած իր երկրային կյանքը ավարտել
նահատակությամբ: Իր համարձակ
քարոզների և անօրեն Տրայանոս կայսերը հանդիմանելու պատճառով Իգնատիոսին տանում են Հռոմ և գցում կրկեսի առյուծների առջև, որ նրանք հոշոտեն: Սուրբը տենչում էր օր առաջ ընդունել
մարտիրոսության պսակը և գնալ իր Արարչի մոտ: Այդ պատճառով Հռոմի ճանապարհին նա բազմաթիվ նամակներ է հղում այնտեղի հավատացյալներին՝ աղաչելով նրանց չխոչընդոտել իր մահվանը: Իբրև իր բանավոր հոտի հավատարիմ հովիվ և
Եկեղեցու հայր՝ այդ նամակներում նա պատգամում էր հավատացյալներին ամեն ինչում համախոհ և հնազանդ լինել
եպիսկոպոսին, հարգալից՝
քահանաների ու
սարկավագների հանդեպ, խուսափել
աղանդներից, հարատև աճել
հավատով ու
առաքինություններով:
Ս. Իգնատիոսի մարմնից մնաց միայն մի քանի ոսկոր, որոնք հետագայում իբրև սուրբ
մասունք տարվեցին Անտիոք: Նրա վախճանից հետո ոմանք տեսան երազում, որ սուրբը ողջունում և համբուրում է իրենց, ոմանք էլ նրան տեսան
Քրիստոսի առջև, և նրա դեմքից քրտինք էր ծորում: