SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԵՍԱՅԻ ՄԱՐԳԱՐԵ
id153Եսային ծնվել էր Երուսաղեմում, որտեղ և ապրում էր: Ուներ երկու որդի: Նրա մարգարեական ծառայությունը սկսվեց Օզիայի թագավորության վախճանին, երբ մի սքանչելի տեսիլք տեսավ. Տերը նստած էր բարձր աթոռին, և Նրա շուրջ կանգնած էին սերովբեները՝ վեցթևանի հրեշտակները, որոնք կանչում էին և ասում. «Սո՛ւրբ, Սո՛ւրբ, Սո՛ւրբ, Տե՛ր զորությանց, ողջ երկիրը լի է Նրա փառքով»: Եսային ասաց. «Վա՜յ ինձ, կորած եմ, քանզի ես պիղծ շուրթերով մի մարդ եմ ու ապրում եմ պիղծ շուրթերով ժողովրդի մեջ, և իմ աչքերը տեսան զորաց Տեր Թագավորին»: Այդ ժամանակ սերովբեներից մեկը թռավ նրա մոտ՝ ձեռքին բռնած վառվող ածուխ, որը նա ունելիով վերցրել էր զոհասեղանից: Հրեշտակը դրանով դիպավ Եսայու բերանին ու ասաց. «Ահա մոտեցրի քո շուրթերին. դա կհանի քո անօրինությունները, և քո մեղքերը կսրբի քեզնից» [տե՛ս Ես. 6.3-7]:

Եսայի մարգարե (լուսանցապատկեր)
Երուսաղեմ, ձեռ. 2563, Կեռան թագուհու Ավետարան, 1272 թ.

Աստծո կամքով Եսային մարգարեացավ, որ մարդկության Փրկիչը ծնվելու է Կույսից, ինչպես նաև կանխահայտնեց Տիրոջ չարչարանքները: Որոշ իրադարձություններ նա մարգարեացել է այնպիսի հստակությամբ, ասես անձամբ ականատես է եղել դրանց: Այդ պատճառով նրան հաճախ կոչում են հինկտակարանյան ավետարանիչ:
Իր մարգարեական ծառայության 60 տարիների ընթացքում Եսային շարունակ ենթարկվում էր հալածանքների, և միայն բարեպաշտ Եզեկիա թագավորի օրոք էր, որ նա պատիվ էր վայելում և նույնիսկ արքայի մերձավոր խորհրդականն էր:
Նրա կյանքն ավարտվեց նահատակությամբ: Հնագույն ավանդության համաձայն՝ Մանասե թագավորը, չհանդուրժելով մարգարեի հանդիմանությունները, հրամայեց նրան մահապատժի ենթարկել սղոցելով:
 
sacredtradition.am