Ս. ԵՊԻՓԱՆ ԿԻՊՐԱՑԻ (315-403)
id152Ս. Եպիփանը ազգությամբ փյունիկեցի հրեա էր: Նա ծնվել է աղքատ երկրագործների ընտանիքում: Երբ մահացավ նրա հայրը, տասնամյա տղային որդեգրեց մի օրինագետ հրեա, որը նրան ուսուցանեց հրեական ավանդությունները: Բայց մի անգամ, հրաշքի ականատես լինելով, պատանին հավատաց
Քրիստոսին և
մկրտվեց:
16 տարեկանում Եպիփանը դարձավ
վանական: Նա խիստ ժուժկալ կյանք էր վարում. 2-3 օրը մեկ անգամ ուտում էր միայն աղ ու հաց, իսկ ջուրը խմում էր չափով:
Աստված Իր
խոնարհ ծառային նախագիտության և հրաշագործության
շնորհ պարգևեց, որով սրբի համբավը տարածվեց ամենուրեք: Սակայն Եպիփանը խույս էր տալիս մարդկային մեծարանքից, շարունակ
աղոթում էր, զբաղվում հոգևոր ընթերցանությամբ և գրում:
Ս. Եպիփան Կիպրացի (լուսանցապատկեր)
Երևան, ձեռ. 7391, էջ 387բ, Հայսմավուրք, 1713 թ., Կաֆա (Ղրիմ)
Ծաղկող՝ Քրիստոսատուր
367-ին նա
ձեռնադրվեց Կիպրոսի
եպիսկոպոս: Իր հովվապետության ընթացքում նա մասնակցեց բազմաթիվ
դավանաբանական վեճերի, նաև
վանքեր հիմնեց Կիպրոս կղզում, Սալամին քաղաքում կառուցեց մի մեծ
եկեղեցի, իսկ աղքատների հանդեպ նրա ողորմածությունն անսահման էր՝ ընդհուպ մինչև
եկեղեցու սպասքները վաճառելը և կարիքավորներին բաշխելը:
Ս. Եպիփանը վախճանվեց խորին ծերության մեջ: Նա մեզ ավանդեց իր լուսավոր
վարդապետությունը, բազմաթիվ ճառեր, ներբողներ, խրատներ ու մեկնություններ՝ իրավամբ դասվելով
Եկեղեցու 12 տիեզերական
վարդապետների շարքը: