ԵՂԻԱ ՄԱՐԳԱՐԵ
id146Ս. Եղիա մարգարեն աղքատ ընտանիքից էր: Նա
մարգարե դարձավ
Իսրայելի Աքաաբ հեթանոս թագավորի օրոք, որը մինչ այդ եղած
կռապաշտ թագավորներից ամենապիղծն էր:
Աստծո հրամանով Եղիան հայտնվեց նրա մոտ և կանխահայտնեց, որ երկրում 3 տարի երաշտ ու սով է լինելու: Սակայն ամբարտավան թագավորը խիստ բարկացավ ու ցանկացավ սպանել մարգարեին: Եվ Եղիան ստիպված հեռացավ անապատ, որտեղ իր գոյությունը պահպանում էր
Աստծո հրաշքով: 3 տարի անց, երբ ժամկետը լրացավ, Աքաաբի սուտ աստվածների ոչնչությունը բացահայտելու և ճշմարիտ
Աստծո զորությունն ապացուցելու նպատակով Եղիան
աղոթեց Տիրոջը, և
երկնքից իբրև նշան կրակ իջավ, որը լափեց պատրաստված զոհը: Տեսնելով այդ հրաշքը՝ ժողովուրդը հավատաց ճշմարիտ
Աստծուն, մինչդեռ
կռապաշտ թագավորը ավելի զայրացավ և դարձյալ սպառնում էր սպանել մարգարեին: Իր կյանքը
փրկելու համար Եղիան հեռացավ ու պատսպարվեց լեռներում, որտեղ Տիրոջ կողմից
հայտնություններ էր ստանում և մխիթարվում:
Աստծո հրամանով նա մի անգամ ճանապարհ ընկավ և գտնելով Եղիսեին՝ նրան օծեց իբրև
մարգարե, որպեսզի նա փոխարինի իրեն: Եղիսեն անմիջապես հետևեց Եղիային և սկսեց ծառայել նրան: Այնուհետև Տերը հրամայեց Եղիային դարձյալ այցելել Աքաաբին և սպառնալով հանդիմանել նրան իր անօրինությունների համար: Այս անգամ թագավորը
զղջաց՝ վախենալով իրեն սպասող պատուհասից:
Աստված երկրի վրա Եղիային բազում հրաշագործություններով փառավորելուց հետո ի վերջո հրեղեն կառքով նրան փոխադրեց
երկինք՝ մարգարեին տրված
շնորհները փոխանցելով Եղիսեին:
Ըստ ս.
Հովհաննես ավետարանչի Հայտնության գրքի և քրիստոնեական
ավանդության՝
աշխարհի վախճանից առաջ Եղիան
Ենոքի հետ պիտի վերադառնա երկիր՝ Նեռի օրոք
քարոզելու անհավատներին: Այնուհետև,
նահատակվելուց 3 օր անց, նրանք պիտի
հարություն առնեն և բոլորի աչքի առջև բարձրանան
երկինք: