Ս. ԳՐԻԳՈՐԻՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ (295-338)
id117Ս.
Վրթանես հայրապետի երկվորյակ որդիներից անդրանիկը՝ Գրիգորիսը, այս անունն է ստացել իր պապի՝ ս.
Գրիգոր Լուսավորչի պատվին:
Տրդատ թագավորի հրավերով Հայաստան փոխադրվելիս եղբայրները մոտ 15 տարեկան էին: Նրանց կրթությունը շարունակվեց հայոց արքունիքում, այնուհետև նրանց ճանապարհները զատվեցին. կրտսեր եղբայրը՝
Հուսիկը, հոր պես, սկզբում անցավ պետական ծառայության, մինչդեռ Գրիգորիսը հետևեց հորեղբորը և տակավին երիտասարդ՝
քահանա ձեռնադրվեց:
Տեսնելով Գրիգորիսի մեծ կարողություններն ու նվիրվածությունը՝ ս.
Գրիգոր Լուսավորիչն ու
Տրդատ թագավորը, չնայած երիտասարդ տարիքին, նրան համոզեցին դառնալ Աղվանքի և Փայտակարանի
եպիսկոպոսապետը:
Գրիգորիսը լիովին արդարացրեց իր կոչումը՝ առաքելական
արիությամբ քարոզելով Ատրպատականում ու Փայտակարանում, Աղվանքում և Գուգարքում՝ ամենուր ամրացնելով քրիստոնեության հիմքերը: Չերկնչելով բարբարոս մազքութներից՝ Գրիգորիսը նրանց մեջ ևս հանդես եկավ քրիստոնեության
քարոզչությամբ: Սակայն, տեսնելով, որ քրիստոնեությունն իրենց արգելում է ավազակային և ավարառու կյանք վարել, մազքութները ենթադրեցին, թե Գրիգորիսն առաքվել է հայոց արքայի կողմից՝ իրենց կողոպտչական արշավանքները կանխելու համար, և վճռեցին սպանել նրան: Նրանք Գրիգորիսին կապեցին վայրի ձիու պոչից և ձիուն ազատ արձակեցին Կասպից ծովի ափի Վատնյան դաշտում: Սուրբ
մարտիրոսի մարմինը նրա սպասավոր
սարկավագների կողմից բերվեց Արցախ և ամփոփվեց
Ամարասի վանքում:
Ամարասի վանքի պարիսպները (XVII դ.) և Ս. Գրիգորիս եկեղեցին (XVII և XIX դդ.) հարավ-արևելքից
Լուսանկար՝ Տաթևիկ Մելքոնյանի