SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ (1346-1409)
id116Հայ Եկեղեցու այս մեծահռչակ, տիեզերալույս վարդապետը ծնվել է պատմական Հայաստանի Սյունյաց նահանգի Վայոց ձոր գավառում: Նրա բարեպաշտ ծնողները, որոնք կորցրել էին իրենց բոլոր մանկահասակ որդիներին, անդադար աղոթելով՝ Տիրոջից զավակ էին հայցում՝ դիմելով ս. Գրիգոր Լուսավորչի բարեխոսությանը: Եվ երբ երեխան աշխարհ եկավ, մկրտության ժամանակ նրա անունը դրեցին Գրիգորիոս:
7 տարեկանում Գրիգորին ուսման տվեցին, և շուտով նա այնքան հմտացավ Սուրբ Գրքի գիտության մեջ, որ պատասխանում էր անգամ վարդապետների հարցերին: Այնուհետև նա կրթությունը շարունակեց Տաթևի վանքում՝ աշակերտելով սուրբ վարդապետ Հովհան Որոտնեցուն:

Ս. Գրիգոր Տաթևացի
Երևան, ձեռ. 1203, էջ 13բ, Մեկնություն, 1449 թ., Կաֆա (Ղրիմ)

1371 թ. Գրիգորն իր ուսուցչի հետ ուխտագնացություն կատարեց Երուսաղեմ: Այնտեղ նա ստացավ կուսակրոն քահանայի աստիճան, իսկ իրենց վանքը վերադառնալու ճանապարհին Որոտնեցին նրան հանձնեց վարդապետական գավազան: 1380 թ. նրանք տեղափոխվեցին Ապրակունյաց վանք: Իսկ 1388-ին, իր ուսուցչի մահից հետո, նրա իսկ օրհնությամբ և բոլորի հավանությամբ Գրիգորը դարձավ այդ վանքի առաջնորդը: 2 տարի անց իր մեծաթիվ աշակերտների հետ նա վերադարձավ Տաթևի վանք:
Շարունակ աղոթքով Տիրոջ հետ լինելով՝ ս. Գրիգոր Տաթևացին արեգակի պես լուսավորում էր Հայ Եկեղեցին: Նրա մոտ էին գալիս հույն և հռոմեացի ճարտասաններ՝ ունկնդրելու նրա խոսքը, որ փայլում էր կատարյալ իմաստությամբ և գիտությամբ: Նրան իրավամբ կոչում էին երկրորդ Հովհան Ոսկեբերան և Գրիգոր Աստվածաբան:
Անհավատներից ոչ ոք չէր հանդգնում վնասել նրան, որովհետև հայտնապես տեսնում էին այն հրաշքները, որ Աստված կատարում էր Իր հավատարիմ ծառայի միջոցով: Ձեռքը հիվանդների գլխին դնելով, Ավետարանի ընթերցմամբ և Հիսուսի անվան զորությամբ ս. Գրիգորն անմիջապես փարատում էր ցավերը և հալածում դևերին. քանզի նա կենդանի նահատակ էր՝ առաքինի, սրբակյաց և հույժ պահեցող, շարունակ կրում էր մազեղեն հագուստ և պարանե գոտի:
Վախճանվելուց առաջ, մահվան մերձենալը զգալով, նա պատարագ մատուցեց, օրհնեց իր աշակերտներին և գոհանալով Աստծուց՝ խաղաղությամբ ավանդեց հոգին:
Տաթևացու գրավոր ժառանգությամբ առ այսօր ուսանում և քարոզում են Հայ Եկեղեցու վարդապետները: Նրա բազմաթիվ գրքերից պահպանվել են «Գիրք հարցմանցը», «Ոսկեփորիկը», «Ամառան» և «Ձմեռան» կոչվող նշանավոր քարոզգրքերը, բազմաթիվ մեկնություններ ու այլ աշխատություններ, ինչպես նաև նրա կողմից նկարազարդված երկու Ավետարանները:
 
sacredtradition.am