Ս. ԳՐԻԳՈՐ ՆՅՈՒՍԱՑԻ (335-394)
id114Ս. Գրիգոր Նյուսացին՝ 12 տիեզերական
վարդապետներից մեկը, վարքագիրների կողմից կոչվել է
Եկեղեցու սյուն և
աղանդների հզոր հակառակորդ:
Նրա ավագ եղբայրը ս.
Բարսեղ Կեսարացին է, որին ս.
Գրիգոր Աստվածաբանը կոչել է
Մովսես, իսկ իրեն Գրիգորին՝
Ահարոն:
Ս. Գրիգորը ծնվել է Նեոկեսարիա քաղաքում: Չափահաս դառնալով՝ նա ամուսնանում է և
ձեռնադրվում քահանա: Գրիգորի առաքինի և պարկեշտ կինը օգնում էր նրան որպես
սարկավագուհի: Կնոջ
մահից հետո, մոտ 371 թ., նա
ձեռնադրվում է Նյուսա քաղաքի
եպիսկոպոս: Հետագայում, ուղղափառ
եպիսկոպոսների դեմ ծավալված հալածանքների ժամանակ, նա աքսորվում է Վաղես կայսեր կողմից՝
արիոսականներին արիաբար հանդիմանելու պատճառով:
Ս. Գրիգոր Նյուսացին մասնակցել է Կոստանդնուպոլսի II
տիեզերական ժողովին (381 թ.) և կարևոր դեր խաղացել այնտեղ: Եղել է Հայոց աշխարհում, ինչպես նաև
Երուսաղեմում՝ այցելելով սուրբ վայրերը: Նրան գրեթե հավասար են համարում ս.
Բարսեղ Կեսարացուն և ս.
Գրիգոր Աստվածաբանին: Գրել է մեկնություններ, ներբողներ, ճառեր, թղթեր, հակաճառություններ: Նրա երկերից հատկապես կարևոր են Ժողովողի, ինչպես նաև Երգ երգոցի մեկնությունները: