ԳԵՐԵԶՄԱՆՕՐՀՆԵՔ
id105Ըստ քրիստոնեական
վարդապետության՝ մարդու
մահը նրա
հանդերձյալ կյանքի՝ հոգու
երկնային ճամփորդության սկիզբն է, իսկ մարմնի ապականությունը՝ ժամանակավոր բաժանում հոգուց մինչև
համընդհանուր հարության օրը:
Քրիստոնյան հավատում է, որ տիեզերքի Արարիչը կարող է և պիտի
հարություն տա բոլոր մարդկանց մարմիններին, ինչ աստիճանի ապականության կամ նույնիսկ ոչնչացման էլ դրանք ենթարկված լինեն: Այս պատճառով քրիստոնեությանը խորթ են մահացածի աճյունի հետ հոգեբանական կապվածությունը, նրա հանդեպ չափազանցված ուշադրությունը, այն զմռսելու, նրա հետ որոշակի իրեր թաղելու և այլ հեթանոսական սովորույթները, քանզի
մահից հետո առավել կարևորվում է ոչ թե հանգուցյալի դիակի, այլ հոգու վիճակը և
աղոթքը նրա
փրկության համար:
Այնուհանդերձ, քրիստոնեությունը լրջագույն հարգանքով է վերաբերվում հանգուցյալի
մասունքներին և թաղման ու գերեզմանօրհնեքի արարողությամբ արտահայտում է
մահվան ու
հարության հանդեպ իր հիմնական հոգևոր սկզբունքները: Գերեզմանն
օրհնելով ու կնքելով՝
քահանան աղոթում է, որ այն մինչև
Քրիստոսի երկրորդ գալուստը անշարժ մնա, ինչով էլ
խորհրդանշում է
հարության հավատը, իսկ ննջեցյալի հարազատների բնական սուգը լրացնում է հոգևոր
հույսի պայծառությամբ: Քրիստոնեական
խորհրդանիշներով կնքված և
օրհնված գերեզմանը ոչ թե սոսկ հանգուցյալի
կորուստը սգալու, այլ հոգևոր խորհրդածություններ արթնացնող նվիրագործված մի վայր է, որը մարդուն մղում է
հավատով ու
հույսով աղոթել ննջեցյալի
փրկության համար: