SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ԳԵՎՈՐԳ ԶՈՐԱՎԱՐ (+303)
id103Տիեզերահռչակ զորավար և Քրիստոսի վկա ս. Գևորգը կապադովկացի ազնվական էր, բարեպաշտ ծնողների զավակ: Նա գերազանց զինվոր էր և ուներ հազարապետի աստիճան:
Դիոկղետիանոս կայսեր օրոք քրիստոնյաների դեմ մոլեգնող հալածանքների ժամանակ, արհամարհելով մահվան սպառնալիքը, կայսեր առջև Գևորգն արիաբար խոստովանեց իր հավատը: Նրան ենթարկեցին բազում տանջանքների, որոնք, սակայն, չկարողացան սասանել սրբին: Ավելին՝ նահատակության մեջ նրան ուղեկցում էին զարմանալի նշաններ, որոնցից զարհուրում էին հեթանոսները, իսկ շատերը՝ խոստովանում, թե մեծ է քրիստոնյաների Աստվածը: Նրանց թվում էր նաև Աղեքսանդրե թագուհին: Տեսնելով այն ամենը, որ կատարվում էր Տիրոջ հավատարիմ ծառայի միջոցով, նա էլ հավատաց Քրիստոսին և Գևորգի հետ դատապարտվեց մահվան: Մահապատժի վայրը դեռ չհասած՝ թագուհին աղոթելով խաղաղությամբ ավանդեց իր հոգին, իսկ սուրբ Գևորգը նահատակվեց՝ գլխատվելով զինվորների կողմից:
Ս. Գևորգի մասին ավանդությունը պատմում է, թե նա մի վիշապ է սպանել՝ փրկելով մի աղջկա, որն իբրև կերակուր հանձնված էր նրան: Այս ավանդությունը խորհրդանշում է սուրբ զորավարի արիասիրտ պատերազմը և հաղթանակը սատանայի նկատմամբ: Բացի այդ՝ Դիոկղետիանոսին նույնպես անդնդային վիշապ էին կոչում, որին հաղթեց ս. Գևորգը իր անկոտրում հավատով:

Ս. Գևորգ զորավար
Երևան, ձեռ. 6305, էջ 282բ, Ավետարան, XIV դ.
Ծաղկող՝ Գրիգոր Տաթևացի

Ս. Գևորգի հանրահայտ սրբապատկերը, որտեղ նա, ձիու վրա նստած, նիզակով խոցում է վիշապին, սքանչելի խորհրդանիշ է չարի դեմ քրիստոնեության պայքարի և հաղթանակի՝ ոչ միայն մարտիրոսությամբ, այլև առաքինություններով ու սրբությամբ:
 
sacredtradition.am