ԳԵՂԱՐԴԱՎԱՆՔ (ԱՅՐԻՎԱՆՔ)
id102Գտնվում է Կոտայքի մարզի Գառնի գյուղից հյուսիս-արևելք՝ Գողթ գետակի ձորալանջին: Այրիվանք է կոչվում իր քարայրային կառույցների պատճառով: Ըստ
ավանդության՝ հիմնադրել է ս.
Գրիգոր Լուսավորիչը IV դ. սկզբին:
Վանքը X դ. ավերվել է արաբների, XII դ.՝ սելջուկների արշավանքներից: Համալիրից դուրս՝ հյուսիսային կողմում է գտնվում պահպանված հնագույն՝ Ս. Աստվածածին կիսաժայռափոր
եկեղեցին (XII դ.): 1215 թ. կառուցվել է ճոխ արտաքին հարդարանք ունեցող գլխավոր՝ գմբեթավոր
Կաթողիկե եկեղեցին: 1215-1225 թթ. արևմուտքից նրան կցվել է քառասյուն, շթաքարային մշակում ունեցող գմբեթով գավիթ: XIII դ. կեսից այստեղ է պահվել խաչված
Քրիստոսի կողը խոցած նիզակի ծայրը՝ ս.
գեղարդը (այստեղից էլ՝
վանքի երկրորդ անունը): XIII դ.
վանքը դարձել է վանական և հոգևոր-մշակութային խոշոր կենտրոն. այստեղ գործել է նշանավոր Այրիվանքի դպրոցը:
Գեղարդավանքի գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին հյուսիս-արևելքից
Լուսանկար՝ Անդրեաս Պալոյանի
XIII դ. երկրորդ քառորդում Պռոշ իշխանը կառուցել է ժայռափոր առաջին
եկեղեցին (ճարտարապետ՝ Գալձագ), 1283-ին՝ ժայռափոր տոհմական տապանատունը և երկրորդ վիմափոր
եկեղեցին: 1288 թ. Պապաք իշխանը և նրա կին Ռուզուքանը կառուցել են վերևի ժայռափոր ժամատունը: XVII դ.
վանքը շրջապատվել է բուրգերով ուժեղացված պարիսպներով, իսկ նրանց կից կառուցվել են բնակելի և տնտեսական շինություններ, որոնք հիմնովին վերանորոգվել են XX դ. երկրորդ կեսին:
Գեղարդավանքի ժայռափոր դամբարանի արևելյան պատը՝ խաչի ձարդաքանդակով
Լուսանկար՝ Անդրեաս Պալոյանի