ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆԻ ԳՐՔԵՐԸ
ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻ ԳՐՔԵՐԸ
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ
11 Գիրք ազգաբանութեան Յիսուս Քրիստոսի՝ Դաւթի Որդու, Աբրահամի Որդու: 2 Աբրահամը ծնեց Իսահակին. Իսահակը՝ Յակոբին. Յակոբը ծնեց Յուդային եւ նրա եղբայրներին. 3 Յուդան ծնեց Փարէսին եւ Զարային՝ Թամարից. Փարէսը ծնեց Եզրոնին. Եզրոնը ծնեց Արամին. 4 Արամը ծնեց Ամինադաբին. Ամինադաբը ծնեց Նաասոնին. Նաասոնը ծնեց Սաղմոնին. 5 Սաղմոնը ծնեց Բոոսին՝ Ռաքաբից. Բոոսը ծնեց Օբէդին՝ Հռութից. Օբէդը ծնեց Յեսսէին. 6 Յեսսէն ծնեց Դաւիթ արքային: Դաւիթը ծնեց Սողոմոնին՝ Ուրիայի կնոջից. 7 Սողոմոնը՝ Րոբովամին. 8 Րոբովամը ծնեց Աբիային. Աբիան ծնեց Ասափին. Ասափը ծնեց Յոսափատին. Յոսափատը ծնեց Յորամին. Յորամը ծնեց Օզիային. 9 Օզիան ծնեց Յովաթամին. Յովաթամը ծնեց Աքազին. Աքազը ծնեց Եզեկիային. 10 Եզեկիան ծնեց Մանասէին. Մանասէն ծնեց Ամոսին. 11 Ամոսը ծնեց Յոսիային. Յոսիան ծնեց Յեքոնիային եւ նրա եղբայրներին՝ Բաբելոնում գերութեան ժամանակ: 12 Բաբելոնում գերութիւնից յետոյ Յեքոնիան ծնեց Սաղաթիէլին. 13 Սաղաթիէլը ծնեց Զորոբաբէլին. Զորոբաբէլը ծնեց Աբիուդին. Աբիուդը ծնեց Եղիակիմին. 14 Եղիակիմը ծնեց Ազորին. Ազորը ծնեց Սադոկին. Սադոկը ծնեց Աքինին. Աքինը ծնեց Եղիուդին. 15 Եղիուդը ծնեց Եղիազարին. Եղիազարը ծնեց Մատթանին. 16 Մատթանը ծնեց Յակոբին. Յակոբը ծնեց Յովսէփին՝ Մարիամի մարդուն, որի նշանածն էր Կոյս Մարիամը, որից ծնուեց Յիսուս, որ անուանուեց Քրիստոս: 17 Արդ, Աբրահամից մինչեւ Դաւիթը բոլոր սերունդները՝ տասնչորս սերունդ. եւ Դաւթից մինչեւ Բաբելոնի մէջ գերութիւնը՝ տասնչորս սերունդ. Բաբելոնի մէջ գերութիւնից մինչեւ Քրիստոս՝ տասնչորս սերունդ: 18 Յիսուս Քրիստոսի ծնունդը այսպէս եղաւ. նրա մայրը՝ Մարիամը, որ Յովսէփի նշանածն էր, նախքան նրանց իրար մօտենալը՝ Սուրբ Հոգուց յղիացած գտնուեց: 19 Եւ Յովսէփը՝ նրա մարդը, քանի որ արդար էր եւ չէր կամենում նրան խայտառակել, մտածեց առանց աղմուկի արձակել նրան: 20 Եւ մինչ նա այս բանի մասին էր մտածում, ահա Տիրոջ հրեշտակը երազում երեւաց նրան եւ ասաց. «Յովսէ՛փ, Դաւթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մօտ առնել Մարիամին՝ քո կնոջը, որովհետեւ նրա մէջ Ծնուածը Սուրբ Հոգուց է: 21 Նա մի Որդի պիտի ծնի, եւ նրա անունը Յիսուս պիտի դնես, քանի որ նա պիտի փրկի իր ժողովրդին իր մեղքերից»: 22 Սակայն այս ամէնը եղաւ, որպէսզի կատարուի, ինչ որ Տիրոջ կողմից ասուել էր Եսայի մարգարէի բերանով. 23 «Ահա Կոյսը պիտի յղիանայ եւ մի Որդի պիտի ծնի, եւ նրան պիտի կոչեն Էմմանուէլ, որ նշանակում է “Աստուած մեզ հետ”»: 24 Եւ Յովսէփը, քնից արթնանալով, արեց, ինչպէս հրամայել էր իրեն Տիրոջ հրեշտակը, եւ իր կնոջն առաւ իր մօտ: 25 Բայց նրան չգիտեցաւ, մինչեւ Մարիամը ծնեց իր անդրանիկ Որդուն եւ նրա անունը դրեց Յիսուս:
21 Երբ Յիսուս ծնուեց Հրէաստանի Բեթղեհէմ քաղաքում Հերովդէս արքայի օրով, ահա արեւելքից մոգեր եկան Երուսաղէմ եւ ասացին. 2 «Ո՞ւր է հրեաների Արքան, որ ծնուեց, որովհետեւ նրա աստղը տեսանք արեւելքում եւ եկանք նրան երկրպագելու»: 3 Եւ երբ Հերովդէս արքան լսեց այս, խռովուեց, նրա հետ եւ՝ Երուսաղէմի ամբողջ ժողովուրդը: 4 Եւ հաւաքելով բոլոր քահանայապետներին ու ժողովրդի օրէնսգէտներին՝ հարցրեց նրանց, թէ ուր պիտի ծնուի Քրիստոսը: 5 Եւ նրանք ասացին նրան. «Հրէաստանի Բեթղեհէմ քաղաքում, որովհետեւ մարգարէի միջոցով այսպէս է գրուած. 6 “Եւ դու, Բեթղեհէ՛մ, Յուդայի՛ երկիր, Յուդայի քաղաքների մէջ փոքրագոյնը չես. քեզնից մի Իշխան պիտի ելնի ինձ համար, որ պիտի հովուի իմ ժողովրդին՝ Իսրայէլին”»: 7 Այն ժամանակ Հերովդէսը գաղտնի կանչեց մոգերին եւ նրանցից ստուգեց աստղի երեւալու ժամանակը: 8 Եւ նրանց, Բեթղեհէմ ուղարկելով, ասաց. «Գնացէք, ստոյգ իմացէ՛ք Մանկան մասին եւ, երբ գտնէք, տեղեկացրէ՛ք ինձ, որպէսզի ես էլ գնամ, երկրպագեմ նրան»: 9 Եւ նրանք, երբ թագաւորից լսեցին այս, գնացին: Եւ ահա այն աստղը, որ տեսել էին արեւելքում, առաջնորդեց նրանց, մինչեւ որ եկաւ-կանգնեց այն տեղի վրայ, ուր Մանուկն էր: 10 Աստղը տեսնելուն պէս չափազանց ուրախացան: 11 Եւ երբ այն տունը մտան, տեսան Մանկանը իր մօր՝ Մարիամի հետ միասին եւ ընկան ու երկրպագեցին նրան. եւ բանալով իրենց գանձատուփերը՝ նրան նուէրներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ եւ զմուռս: 12 Եւ երազի մէջ Աստծուց հրաման առնելով չվերադառնալ Հերովդէսի մօտ՝ այլ ճանապարհով գնացին իրենց երկիրը: 13 Եւ երբ նրանք այնտեղից գնացին, ահա Տիրոջ հրեշտակը երազի մէջ երեւաց Յովսէփին ու ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ այդ Մանկանը եւ նրա մօրը ու փախի՛ր Եգիպտոս. եւ այնտե՛ղ մնա, մինչեւ որ քեզ ասեմ. քանի որ Հերովդէսը փնտրում է այդ Մանկանը կորստեան մատնելու համար»: 14 Եւ նա վեր կացաւ, առաւ Մանկանն ու նրա մօրը գիշերով եւ գնաց Եգիպտոս ու այնտեղ մնաց մինչեւ Հերովդէսի մահը, 15 որպէսզի կատարուի մարգարէի բերանով Տիրոջ կողմից ասուածը, թէ՝ «Եգիպտոսի՛ց պիտի կանչեմ իմ Որդուն»: 16 Այն ժամանակ, երբ Հերովդէսը տեսաւ, որ մոգերից խաբուեց, սաստիկ բարկացաւ եւ մարդ ուղարկեց ու կոտորեց այն բոլոր մանուկներին, որ Բեթղեհէմում եւ նրա սահմաններում էին գտնւում եւ երկու տարեկան ու դրանից ցած էին՝ ըստ այն ժամանակի, որը ստուգել էր մոգերից: 17 Այն ժամանակ կատարուեց Երեմիա մարգարէի բերանով ասուածը, թէ՝ «Ռամայում մի ձայն գուժեց. ողբ ու լաց ու սաստիկ կոծ. 18 Ռաքէլը լալիս էր իր զաւակների վրայ եւ չէր ուզում մխիթարուել, քանի որ նրանք այլեւս չկային»: 19 Երբ Հերովդէսը վախճանուեց, ահա Տիրոջ հրեշտակը երազի մէջ երեւաց Յովսէփին Եգիպտոսում եւ ասաց. 20 «Վե՛ր կաց, վերցրո՛ւ այդ Մանկանն ու իր մօրը եւ վերադարձի՛ր Իսրայէլի երկիրը, որովհետեւ մեռան նրանք, որ այդ Մանկան մահն էին ուզում»: 21 Եւ Յովսէփը վեր կացաւ, առաւ Մանկանն ու մօրը եւ եկաւ Իսրայէլի երկիրը: 22 Իսկ երբ լսեց, թէ Արքեղայոսը թագաւորել է Հրէաստանի վրայ իր հօր՝ Հերովդէսի փոխարէն, վախեցաւ այնտեղ գնալ. եւ երազի մէջ հրաման առնելով՝ գնաց Գալիլիայի կողմերը 23 եւ եկաւ բնակուեց Նազարէթ կոչուող քաղաքում, որպէսզի կատարուի մարգարէների խօսքը, թէ՝ «Նազովրեցի պիտի կոչուի»:
31 Այն օրերին Յովհաննէս Մկրտիչը գալիս է քարոզելու Հրէաստանի անապատում եւ ասում. 2 «Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցել է»: 3 Սա է այն մարդը, որի մասին Եսայի մարգարէի բերանով ասուեց. «Անապատում կանչողի ձայնն է. պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք նրա շաւիղները»: 4 Եւ ինքը Յովհաննէսը ուղտի մազից զգեստ ունէր եւ կաշուէ գօտի՝ իր մէջքին, իսկ նրա կերակուրն էր մորեխ ու վայրի մեղր: 5 Այն ժամանակ նրա մօտ էին գնում բոլոր երուսաղէմացիները, ամբողջ Հրէաստանն ու Յորդանանի շրջակայքի ժողովուրդը, 6 մկրտւում էին նրանից Յորդանան գետում եւ խոստովանում էին իրենց մեղքերը: 7 Եւ նա, տեսնելով սադուկեցիներից եւ փարիսեցիներից շատերին, որոնք եկել էին իր մկրտութեանը, ասաց նրանց. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել վերահաս բարկութիւնից: 8 Այսուհետեւ ապաշխարութեան արժանի գործե՛ր կատարեցէք. 9 եւ մի՛ յաւակնէք ասել դուք ձեզ, թէ՝ “Աբրահամը մեր հայրն է”. ասում եմ ձեզ, որ Աստուած կարող է այս քարերից էլ Աբրահամի որդիներ դուրս բերել. 10 որովհետեւ կացինն ահա ծառերի արմատին է դրուած: Ամէն ծառ, որ բարի պտուղ չի տայ, կտրւում եւ կրակն է գցւում: 11 Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարութեան համար, բայց ով գալիս է ինձնից յետոյ, ինձնից աւելի հզօր է, եւ ես արժանի չեմ հանելու նրա կօշիկները. նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով եւ հրով. 12 որի քամհարը իր ձեռքում է, եւ կմաքրի իր կալը, ցորենը կհաւաքի իր շտեմարանում եւ յարդը կայրի անշէջ կրակով»: 13 Այն ժամանակ Յիսուս Գալիլիայից Յորդանան եկաւ, Յովհաննէսի մօտ՝ նրանից մկրտուելու: 14 Իսկ Յովհաննէսն ընդդիմացաւ նրան ու ասաց. «Ի՛նձ պէտք է, որ քեզնից մկրտուեմ, եւ դու ինձ մօ՞տ ես գալիս»: 15 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Թո՛յլ տուր հիմա, որովհետեւ այսպէս վայել է, որ մենք կատարենք Աստծոյ ամէն արդարութիւն»: Եւ ապա նրան թոյլ տուեց: 16 Եւ երբ Յիսուս մկրտուեց, իսկոյն ջրից դուրս ելաւ. եւ ահա երկինքը բացուեց նրան, եւ նա տեսաւ Աստծոյ Հոգին, որն իջնում էր ինչպէս աղաւնի եւ գալիս էր իր վրայ: 17 Եւ ահա՝ մի ձայն երկնքից, որ ասում էր. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճութիւնը»:
41 Դրանից յետոյ Յիսուս անապատ տարուեց Հոգուց՝ սատանայից փորձուելու: 2 Եւ քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ պահեց, ապա քաղց զգաց: 3 Եւ փորձիչը՝ սատանան, մօտենալով նրան, ասաց. «Եթէ Աստծոյ Որդին ես, ասա՛, որ այս քարերը հաց լինեն»: 4 Նա պատասխանեց եւ ասաց. «Գրուած է. “Միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ այն ամէն խօսքով, որ դուրս է գալիս Աստծոյ բերանից”»: 5 Ապա սատանան նրան տարաւ սուրբ քաղաքը եւ կանգնեցրեց նրան տաճարի աշտարակի վրայ ու ասաց նրան. 6 «Եթէ Աստծոյ Որդին ես, քեզ այստեղից ցա՛ծ գցիր, որովհետեւ գրուած է. “Իր հրեշտակներին պատուիրուած է քո մասին, եւ ձեռքերի վրայ պիտի վերցնեն քեզ, որպէսզի երբեք քո ոտքը քարին չխփես”»: 7 Յիսուս դարձեալ նրան ասաց. «Գրուած է. “Քո Տէր Աստծուն պիտի չփորձես”»: 8 Սատանան նորից նրան առաւ-տարաւ մի շատ բարձր լեռան վրայ եւ ցոյց տուեց նրան աշխարհի բոլոր թագաւորութիւններն ու դրանց փառքը եւ նրան ասաց. 9 «Այս բոլորը քեզ կտամ, եթէ գետնին ընկնելով՝ ինձ պաշտես»: 10 Այն ժամանակ Յիսուս նրան ասաց. «Ետե՛ւս գնա, սատանա՛յ, որովհետեւ գրուած է. “Պիտի երկրպագես քո Տէր Աստծուն եւ միայն նրան պիտի պաշտես”»: 11 Ապա սատանան նրան թողեց. եւ ահա հրեշտակները մօտեցան ու ծառայում էին նրան: 12 Եւ երբ Յիսուս լսեց, թէ Յովհաննէսը բանտարկուել է, մեկնեց գնաց Գալիլիա: 13 Եւ թողնելով Նազարէթը՝ եկաւ բնակուեց Կափառնայումում՝ ծովեզերքի մօտ, Զաբուղոնի եւ Նեփթաղիմի սահմաններում, 14 որպէսզի կատարուի Եսայի մարգարէի բերանով ասուած խօսքը. 15 «Երկի՛ր Զաբուղոնի եւ երկի՛ր Նեփթաղիմի, ճանապա՛րհ ծովի, միւս ա՛փը Յորդանանի, Գալիլիա՛ հեթանոսների, 16 խաւարի մէջ նստած ժողովուրդը մեծ լոյս տեսաւ. եւ լոյս ծագեց նրանց վրայ, որ նստում էին մահուան երկրի եւ ստուերների մէջ: 17 Դրանից յետոյ Յիսուս սկսեց քարոզել եւ ասել. «Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցել է»: 18 Մինչ Յիսուս Գալիլիայի ծովեզերքով քայլում էր, տեսաւ երկու եղբայրների՝ Սիմոնին, որ Պետրոս էր կոչւում, եւ նրա եղբայր Անդրէասին. ծովի մէջ ուռկան էին գցում, քանի որ ձկնորսներ էին: 19 Եւ նրանց ասաց. «Իմ յետեւի՛ց եկէք, եւ ես ձեզ մարդկանց որսորդներ պիտի դարձնեմ»: 20 Եւ նրանք, իսկոյն թողնելով ուռկանները, գնացին նրա յետեւից: 21 Եւ այնտեղից առաջ գնալով՝ տեսաւ երկու այլ եղբայրների՝ Զեբեդէոսի որդի Յակոբոսին եւ նրա եղբայր Յովհաննէսին, մինչ նաւակի մէջ էին իրենց հօր՝ Զեբեդէոսի հետ միասին եւ իրենց ուռկանները կարգի էին բերում. եւ նրանց էլ կանչեց: 22 Նրանք, իսկոյն թողնելով նաւակը եւ իրենց հօրը, գնացին նրա յետեւից: 23 Եւ Յիսուս շրջում էր Գալիլիայի բոլոր կողմերը, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, քարոզում էր արքայութեան աւետարանը եւ բժշկում ժողովրդի մէջ եղած բոլոր հիւանդութիւններն ու բոլոր ախտերը: 24 Եւ նրա համբաւը տարածուեց ամբողջ Ասորիքում. եւ նրա մօտ բերեցին բոլոր հիւանդներին, որոնք տառապում էին պէս-պէս ցաւերով ու տանջանքներով՝ ե՛ւ դիւահարների, ե՛ւ լուսնոտների, ե՛ւ անդամալոյծների. եւ նրանց բժշկեց: 25 Եւ Գալիլիայից, Դեկապոլսից, Երուսաղէմից, Հրէաստանից եւ Յորդանանի միւս կողմից բազում ժողովուրդ նրա յետեւից էր գնում. եւ բժշկեց նրանց:
51 Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ բարձրացաւ լեռան վրայ: Եւ երբ այնտեղ նստեց, նրա մօտ եկան իր աշակերտները. 2 եւ նա սկսեց նրանց ուսուցանել ու ասել. 3 «Երանի՜ հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը: 4 Երանի՜ սգաւորներին, որովհետեւ նրանք պիտի մխիթարուեն: 5 Երանի՜ հեզերին, որովհետեւ նրանք երկիրը պիտի ժառանգեն: 6 Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարաւն ունեն արդարութեան, որովհետեւ նրանք պիտի յագենան: 7 Երանի՜ ողորմածներին, որովհետեւ նրանք ողորմութիւն պիտի գտնեն: 8 Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն: 9 Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծոյ որդիներ պիտի կոչուեն: 10 Երանի՜ նրանց, որ հալածւում են արդարութեան համար, որովհետեւ նրանցն է երկնքի արքայութիւնը: 11 Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն եւ իմ պատճառով ձեր մասին ամէն տեսակ չար խօսք՝ սուտ ասեն: 12 Ցնծացէ՛ք եւ ուրախացէ՛ք, որովհետեւ երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպէս հալածեցին մարգարէներին, որոնք ձեզնից առաջ են եղել: 13 Դուք էք երկրի աղը. սակայն եթէ աղը անհամանայ, ինչո՞վ այն կաղուի. այնուհետեւ ոչ մի բանի պիտանի չի լինի, այլ միայն դուրս կթափուի եւ մարդկանց ոտքի կոխան կլինի: 14 Դուք էք աշխարհի լոյսը. մի քաղաք, որ լեռան վրայ է կանգնած, չի կարող թաքնուել: 15 Եւ ճրագը վառելով՝ կաթսայի տակ չեն դնում, այլ՝ աշտանակի վրայ, եւ նա լոյս է տալիս բոլոր նրանց, որ տան մէջ են: 16 Թող այդպէս փայլի ձեր լոյսը մարդկանց առաջ, որպէսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառաւորեն ձեր Հօրը, որ երկնքում է: 17 Մի՛ կարծէք, թէ օրէնքը կամ մարգարէներին ջնջելու եկայ. չեկայ ջնջելու, այլ՝ լրացնելու: 18 Ճշմարիտ եմ ասում ձեզ. մինչեւ որ երկինք ու երկիր անցնեն, մի յովտ իսկ, որ մի նշանախեց է, օրէնքից եւ մարգարէներից չի անցնի, մինչեւ որ այս բոլորը կատարուի: 19 Ով որ այս պատուիրաններից, փոքրերից անգամ, մի բան ջնջի եւ մարդկանց այդպէս ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ փոքր պիտի համարուի. իսկ ով կատարի եւ ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ նա մեծ պիտի համարուի: 20 Բայց ասում եմ ձեզ, որ եթէ ձեր արդարութիւնը աւելի չլինի, քան օրէնսգէտներինը եւ փարիսեցիներինը, երկնքի արքայութիւնը չէք մտնի: 21 Լսել էք, թէ ինչ ասուեց նախնիներին. “Մի՛ սպանիր”, որովհետեւ ով որ սպանի, ենթակայ կլինի դատաստանի: 22 Իսկ ես ձեզ ասում եմ, թէ՝ ամէն մարդ, որ զուր տեղը բարկանում է իր եղբօր վրայ, ենթակայ կլինի դատաստանի, եւ ով իր եղբօրն ասի յիմար, ենթակայ կլինի ատեանի, եւ ով իր եղբօրն ասի ապուշ, ենթակայ կլինի գեհենի կրակին: 23 Եթէ սեղանի վրայ քո ընծան մատուցելու լինես եւ այնտեղ յիշես, թէ քո եղբայրը քո դէմ մի ոխ ունի, 24 քո ընծան թող սեղանի առաջ եւ գնա, նախ հաշտուիր քո եղբօր հետ եւ ապա եկ, քո ընծան մատուցիր: 25 Եթէ մէկը քեզ հետ խնդիր ունի եւ քեզ դատի է կանչում, մինչ նրա հետ դեռ ճանապարհին ես, եղիր իրաւախոհ կանխաւ. գուցէ նա քեզ դատաւորին յանձնի, եւ դատաւորը՝ դահճին, ու դու բանտ նետուես: 26 Ճշմարիտ եմ ասում քեզ. այնտեղից դուրս չես գայ, մինչեւ չվճարես վերջին դահեկանը: 27 Լսել էք, թէ ինչ ասուեց. “Մի՛ շնացիր”, 28 իսկ ես ձեզ ասում եմ. ամէն մարդ, որ կնոջը նայում է նրան ցանկանալով, արդէն շնացաւ նրա հետ իր սրտում: 29 Եթէ քո աջ աչքը քեզ գայթակղում է, հանի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. որովհետեւ քեզ համար լաւ է, որ քո անդամներից մէկը կորչի, եւ քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն: 30 Եւ եթէ քո աջ ձեռքը քեզ գայթակղում է, կտրի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. որովհետեւ քեզ համար լաւ է, որ քո անդամներից մէկը կորչի, եւ քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն: 31 Արդարեւ ասուել է. “Ով որ արձակի իր կնոջը, թող նրան արձակման թուղթը տայ”: 32 Իսկ ես ձեզ ասում եմ. ամէն մարդ, որ իր կնոջն արձակում է առանց պոռնկութեան պատճառի, նա է, որ նրան շնութեան է մղում. եւ ով որ արձակուածին է առնում, շնանում է: 33 Լսել էք դարձեալ, թէ ինչ ասուեց նախնիներին. “Երդմնազանց մի՛ եղիր, այլ արա՛ Տիրոջն այն, ինչ երդուել ես”: 34 Իսկ ես ձեզ ասում եմ. ամենեւի՛ն չերդուել՝ ո՛չ երկնքի վրայ, որովհետեւ Աստծոյ աթոռն է, 35 ո՛չ երկրի վրայ, որովհետեւ նրա ոտքերին պատուանդան է, եւ ո՛չ Երուսաղէմի վրայ, որովհետեւ մեծ Արքայի քաղաքն է: 36 Եւ քո գլխո՛վ էլ չերդուես, որովհետեւ չես կարող մի մազ իսկ սպիտակ կամ սեւ դարձնել: 37 Այլ ձեր խօսքը լինի՝ այո-ն՝ այո, եւ ոչ-ը՝ ոչ. որովհետեւ դրանից աւելին չարից է: 38 Լսել էք՝ ինչ ասուեց. “Աչքի փոխարէն՝ աչք, եւ ատամի փոխարէն՝ ատամ”: 39 Իսկ ես ձեզ ասում եմ. չարին հակառակ չկանգնե՛լ, այլ եթէ մէկը քո աջ ծնօտին ապտակ տայ, նրան մի՛ւսն էլ դարձրու: 40 Եւ եթէ մէկը կամենայ քեզ բռնադատել եւ քո շապիկն առնել, նրան քո բաճկո՛նն էլ թող: 41 Եւ եթէ մէկը քեզ հարկադրի մի մղոն ճանապարհ անցնել, նրա հետ երկո՛ւսն էլ գնա: 42 Տո՛ւր նրան, ով քեզնից խնդրում է. եւ ով կամենում է քեզնից փոխ առնել, երես մի՛ դարձրու նրանից: 43 Լսել էք արդարեւ, թէ ինչ ասուեց. “Պիտի սիրես ընկերոջդ եւ պիտի ատես քո թշնամուն”: 44 Իսկ ես ձեզ ասում եմ. սիրեցէ՛ք ձեր թշնամիներին, օրհնեցէ՛ք ձեզ անիծողներին, բարութի՛ւն արէք ձեզ ատողներին եւ աղօթեցէ՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ եւ հալածում, 45 որպէսզի որդիները լինէք ձեր Հօր, որ երկնքում է. քանի որ նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վրայ եւ անձրեւ է թափում արդարների եւ մեղաւորների վրայ: 46 Եթէ սիրէք միայն նրանց, որոնք ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ է. չէ՞ որ մաքսաւորներն էլ նոյնն են անում: 47 Եւ եթէ միայն ձեր բարեկամներին ողջոյն տաք, ի՞նչ աւելի բան էք անում. չէ՞ որ մաքսաւորներն ու մեղաւորները նոյնն են անում: 48 Արդ, կատարեա՛լ եղէք դուք, ինչպէս որ ձեր երկնաւոր Հայրն է կատարեալ:
61 Զգո՛յշ եղէք, որ ձեր ողորմութիւնը մարդկանց առջեւ չանէք, որպէս թէ այն լինէր ի ցոյց նրանց. այլապէս վարձ չէք ընդունի ձեր Հօրից, որ երկնքում է: 2 Այլ երբ ողորմութիւն անես, փող մի՛ հնչեցրու քո առջեւ, ինչպէս անում են կեղծաւորները ժողովարաններում եւ հրապարակներում, որպէսզի փառաւորուեն մարդկանցից: Ճշմարիտ եմ ասում ձեզ՝ այդ իսկ է նրանց վարձը: 3 Այլ երբ դու ողորմութիւն անես, թող քո ձախ ձեռքը չիմանայ, թէ ինչ է անում քո աջը, 4 որպէսզի քո ողորմութիւնը ծածուկ լինի, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ յայտնապէս: 5 Եւ երբ աղօթես, չլինե՛ս կեղծաւորների նման, որոնք սիրում են ժողովարաններում եւ հրապարակների անկիւններում աղօթքի կանգնել, որպէսզի մարդկանց երեւան. ճշմարիտ եմ ասում ձեզ՝ այդ իսկ է նրանց վարձը: 6 Այլ դու, երբ աղօթես, մտի՛ր քո սենեակը, փակի՛ր քո դռները եւ ծածո՛ւկ աղօթիր քո Հօրը, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ յայտնապէս: 7 Աղօթք անելիս շատախօս մի՛ եղէք, ինչպէս հեթանոսները, որովհետեւ նրանք կարծում են, թէ իրենց շատ խօսքերի պատճառով լսելի կլինեն: 8 Արդ, նրանց չնմանուէ՛ք, որովհետեւ ձեր Հայրը գիտէ, թէ ինչ է ձեզ պէտք, նախքան որ դուք նրանից մի բան ուզէք: 9 Եւ արդ, դուք այսպէ՛ս աղօթեցէք. “Հա՛յր մեր, որ երկնքում ես. սուրբ թող լինի քո անունը. 10 քո թագաւորութիւնը թող գայ. քո կամքը թող լինի երկրի վրայ, ինչպէս որ երկնքում է. 11 մեր հանապազօրեայ հացը տո՛ւր մեզ այսօր. 12 եւ ների՛ր մեզ մեր յանցանքները, ինչպէս որ մենք ենք ներում նրանց, որ յանցանք են գործում մեր դէմ. 13 եւ մի՛ տար մեզ փորձութեան, այլ փրկի՛ր մեզ չարից. որովհետեւ քոնն է թագաւորութիւնը եւ զօրութիւնը եւ փառքը յաւիտեանս. ամէն”: 14 Եթէ դուք մարդկանց ներէք իրենց յանցանքները, ձեր երկնաւոր Հայրն էլ ձեզ կների: 15 Իսկ եթէ դուք մարդկանց չներէք իրենց յանցանքները, ձեր Հայրն էլ ձեզ չի ների ձեր յանցանքները: 16 Երբ ծոմ պահէք, տրտմերես մի՛ եղէք կեղծաւորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպէսզի մարդկանց այնպէս երեւան, թէ ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ՝ այդ իսկ է նրանց վարձը: 17 Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը եւ լուա՛ քո երեսը, 18 որպէսզի չերեւաս մարդկանց որպէս ծոմ պահող, այլ քո Հօրը՝ գաղտնաբար. եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ: 19 Գանձեր մի՛ դիզէք ձեզ համար երկրի վրայ, ուր ցեց եւ ժանգ ոչնչացնում են, եւ ուր գողերը պատերն են ծակում ու գողանում, 20 այլ գանձե՛ր դիզեցէք ձեզ համար երկնքում, որտեղ ո՛չ ցեց եւ ո՛չ ժանգ չեն ոչնչացնում, եւ ո՛չ էլ գողերը պատերն են ծակում ու գողանում. 21 քանի որ ուր ձեր գանձերն են, այնտեղ եւ ձեր սրտերը կլինեն: 22 Մարմնի ճրագը աչքն է. եթէ քո աչքը պարզ է, ամբողջ քո մարմինը լուսաւոր կլինի: 23 Իսկ եթէ քո աչքը պղտոր է, քո ամբողջ մարմինը խաւար կլինի: Եւ արդ, եթէ քո մէջ եղած լոյսը խաւար է, ապա խաւարը՝ որչա՜փ եւս աւելի: 24 Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մէկին կատի եւ միւսին կսիրի, կա՛մ մէկին կմեծարի եւ միւսին կարհամարհի. չէք կարող ծառայել Աստծուն եւ մամոնային: 25 Դրա համար ասում եմ ձեզ. ձեր կեանքի համար հոգ մի՛ արէք, թէ ինչ պիտի ուտէք կամ ինչ պիտի խմէք, եւ ոչ էլ՝ ձեր մարմնի համար, թէ ինչ պիտի հագնէք. չէ՞ որ կեանքը աւելին է, քան կերակուրը, եւ մարմինը աւելի՝ քան զգեստը: 26 Նայեցէ՛ք երկնքի թռչուններին. ո՛չ վարում են, ո՛չ հնձում եւ ո՛չ էլ շտեմարանների մէջ հաւաքում. եւ ձեր երկնաւոր Հայրը կերակրում է նրանց. չէ՞ որ դուք աւելին էք, քան նրանք: 27 Եւ արդ, ձեզնից ո՞վ կարող է, հոգս անելով, իր հասակի վրայ մէկ կանգուն աւելացնել: 28 Եւ հագուստի համար ինչո՞ւ էք հոգս անում. նայեցէ՛ք վայրի շուշանին, ինչպէ՜ս է աճում. ո՛չ ջանք է թափում եւ ո՛չ հիւսում: 29 Ասում եմ ձեզ, որ Սողոմոնն իսկ իր ամբողջ փառքի մէջ չհագնուեց նրանցից մէկի նման: 30 Իսկ եթէ դաշտի միջի խոտին, որ այսօր կայ եւ վաղը հնոց կնետուի, այդպէս է հագցնում Աստուած, որքա՜ն եւս առաւել՝ ձեզ, թերահաւատնե՛ր: 31 Այսուհետեւ հոգ մի՛ արէք ու մի՛ ասէք՝ ի՞նչ պիտի ուտենք կամ ի՞նչ պիտի խմենք կամ ի՞նչ պիտի հագնենք, 32 որովհետեւ հեթանոսներն են այդ բոլորը որոնում. քանի որ ձեր երկնաւոր Հայրը գիտէ, թէ այդ բոլորը ձեզ պէտք է: 33 Նախ խնդրեցէք Աստծոյ արքայութիւնը եւ նրա արդարութի՛ւնը, եւ այդ բոլորը Աստուած ձեզ աւելիով կտայ: 34 Այսուհետեւ հոգ մի՛ արէք վաղուայ մասին, որովհետեւ վաղուայ օրը իր մասին կհոգայ. օրուայ հոգսը բաւ է օրուայ համար:
71 Մի՛ դատէք, որ Աստծուց չդատուէք. 2 որովհետեւ ինչ դատաստանով որ դատէք, նրանով էք դատուելու. եւ ինչ չափով որ չափում էք, նրանով պիտի չափուի ձեզ համար: 3 Ինչո՞ւ քո եղբօր աչքի մէջ շիւղը տեսնում ես, իսկ քո աչքի մէջ գերանը չես տեսնում. 4 կամ ինչպէ՞ս քո եղբօրն ասում ես՝ “Թո՛ղ, որ հանեմ այդ շիւղը քո աչքից”, եւ ահա քո աչքում գերան կայ: 5 Կեղծաւո՛ր, նախ հանի՛ր քո աչքից այդ գերանը եւ ապա յստակ կտեսնես քո եղբօր աչքից շիւղը հանելու համար: 6 Մի՛ տուէք սրբութիւնը շներին. եւ ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցէք, որպէսզի դրանք ոտքի կոխան չանեն եւ դառնալով ձեզ չպատառոտեն: 7 Խնդրեցէ՛ք Աստծուց, եւ նա կտայ ձեզ, փնտրեցէ՛ք եւ կգտնէք, բախեցէ՛ք, եւ կբացուի ձեր առաջ. 8 որովհետեւ ով որ ուզի, ստանում է, ով որ փնտրի, գտնում է, եւ ով որ բախի, նրա առաջ կբացուի: 9 Ձեզնից ո՞վ է այն մարդը, որից իր որդին եթէ հաց ուզի, մի՞թէ քար կտայ նրան. 10 եւ կամ եթէ ձուկ ուզի, մի՞թէ օձ կտայ նրան: 11 Արդ, եթէ դուք, որ չար էք, գիտէք ձեր որդիներին բարի պարգեւներ տալ, որքա՜ն եւս առաւել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կտայ նրանց, որ ուզում են իրենից: 12 Այն ամէնը, ինչ կամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպէս եւ դո՛ւք արէք նրանց, որովհետեւ այդ իսկ են օրէնքն ու մարգարէները: 13 Մտէ՛ք նեղ դռնով. ինչքա՜ն լայն է դուռը, եւ ընդարձակ՝ ճանապարհը, որ դէպի կորուստ է տանում, եւ բազմաթիւ են նրանք, որ մտնում են դրանով: 14 Ինչքա՜ն անձուկ է դուռը, եւ նեղ՝ ճանապարհը, որ տանում է դէպի կեանք, եւ սակաւաթիւ են նրանք, որ գտնում են այն: 15 Զգո՛յշ եղէք սուտ մարգարէներից, որոնք մօտենում են ձեզ ոչխարների զգեստներով, բայց ներսից յափշտակող գայլեր են: 16 Իրենց գործերից կճանաչէք նրանց. մի՞թէ փշերից խաղող եւ տատասկից թուզ կքաղեն: 17 Այսպէս ամէն բարի ծառ բարի պտուղ է տալիս, եւ չար ծառ չար պտուղ է տալիս: 18 Լաւ ծառը չի կարող վատ պտուղ տալ, ոչ էլ վատ ծառը՝ լաւ պտուղ տալ: 19 Ամէն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրւում եւ կրակն է նետւում: 20 Ուրեմն՝ իրենց գործերից կճանաչէք նրանց: 21 Ոչ ամէն մարդ, որ ինձ “Տէ՜ր, Տէ՜ր” է ասում, երկնքի արքայութիւն կմտնի, այլ՝ նա, ով կատարում է կամքը իմ Հօր, որ երկնքում է: 22 Այն օրը շատերն ինձ պիտի ասեն. “Տէ՜ր, Տէ՜ր, չէ՞ որ քո անունով մարգարէացանք եւ քո անունով դեւեր հանեցինք եւ քո անունով բազում զօրաւոր գործեր արեցինք”: 23 Եւ այն ժամանակ ես նրանց պիտի ասեմ. “Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռո՛ւ կացէք ինձնից, դուք ամէ՛նքդ, որ անօրինութիւն էք գործում”: 24 Ով որ լսում է իմ այս խօսքերը եւ կատարում է դրանք, կնմանուի մի իմաստուն մարդու, որ իր տունը շինեց ժայռի վրայ. 25 անձրեւները թափուեցին, եւ գետերը յորդեցին, հողմերը փչեցին եւ զարկեցին այդ տանը, բայց չկործանուեց, որովհետեւ ժայռի վրայ էր հաստատուած: 26 Իսկ ով լսում է այս իմ խօսքերը եւ դրանք չի կատարում, կնմանուի մի յիմար մարդու, որ իր տունը շինեց աւազի վրայ. 27 անձրեւները թափուեցին, գետերը բարձրացան, հողմերը փչեցին եւ զարկեցին տանը, եւ նա ընկաւ. եւ նրա կործանումը շատ մեծ եղաւ»: 28 Երբ Յիսուս այս բոլոր խօսքերն աւարտեց, ժողովուրդը զարմանում էր նրա վարդապետութեան վրայ. 29 որովհետեւ ուսուցանում էր ինչպէս մէկը, որ հեղինակութիւն ունի, եւ ոչ թէ՝ ինչպէս օրէնսգէտները:
81 Երբ Յիսուս իջաւ լեռից, նրա յետեւից շատ ժողովուրդ գնաց: 2 Եւ ահա մի բորոտ մօտենալով՝ նրան երկրպագում էր ու ասում. «Տէ՛ր, եթէ կամենաս, կարող ես ինձ մաքրել»: 3 Յիսուս իր ձեռքը երկարեց, դիպցրեց նրան եւ ասաց. «Կամենում եմ, մաքրուի՛ր»: Եւ իսկոյն բորոտութիւնը նրանից մաքրուեց: 4 Եւ Յիսուս նրան ասաց. «Զգո՛յշ եղիր, ոչ ոքի չասես, այլ գնա, դու քեզ ցո՛յց տուր քահանային եւ մատուցի՛ր Մովսէսի հրամայած ընծան՝ նրանց իբրեւ վկայութիւն»: 5 Կափառնայում մտնելիս նրան մօտեցաւ մի հարիւրապետ. աղաչում էր նրան 6 եւ ասում. «Տէ՛ր, ծառաս տանը անդամալոյծ ընկած է եւ չարաչար տանջւում է»: 7 Յիսուս նրան ասաց. «Ես կգամ եւ կբժշկեմ նրան»: 8 Հարիւրապետը պատասխանեց եւ ասաց. «Տէ՛ր, ես արժանի չեմ, որ դու իմ յարկի տակ մտնես. այլ խօսքով ասա՛, եւ իմ ծառան կբժշկուի. 9 քանի որ ես էլ իշխանութեան տակ եղող մարդ եմ, ինձ ենթակայ զինուորներ ունեմ. սրան ասում եմ՝ գնա՛, եւ գնում է, եւ մի ուրիշին թէ՝ ե՛կ, եւ գալիս է. եւ իմ ծառային թէ՝ արա՛ այս, եւ անում է»: 10 Երբ Յիսուս այս լսեց, զարմացաւ եւ իր հետ գնացողներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, Իսրայէլի մէջ իսկ այսպիսի հաւատ չգտայ երբեք: 11 Բայց ասում եմ ձեզ, որ արեւելքից եւ արեւմուտքից շատերը պիտի գան ու երկնքի արքայութեան մէջ սեղան պիտի նստեն Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի հետ. 12 իսկ արքայութեան որդիները պիտի ելնեն արտաքին խաւարը. այնտեղ պիտի լինի լաց եւ ատամների կրճտում»: 13 Եւ Յիսուս հարիւրապետին ասաց. «Գնա՛, եւ ինչպէս հաւատացիր, այնպէս թող լինի քեզ»: Եւ այդ նոյն ժամին նրա ծառան առողջացաւ: 14 Յիսուս, Պետրոսի տունը գալով, տեսաւ, որ նրա զոքանչը տաքութեան մէջ պառկած է: 15 Բռնեց նրա ձեռքից, եւ ջերմութիւնը նրան թողեց. ոտքի կանգնեց եւ ծառայում էր նրանց: 16 Երբ երեկոյ եղաւ, նրա մօտ բազում դիւահարներ բերեցին, եւ նա խօսքով դեւերին հանեց ու բոլոր հիւանդներին բժշկեց, 17 որպէսզի կատարուի Եսայի մարգարէի բերանով ասուած խօսքը. «Նա մեր հիւանդութիւնները իր վրայ վերցրեց եւ մեր ցաւերը կրեց»: 18 Յիսուս, իր շուրջը բազում ժողովուրդ տեսնելով, հրամայեց միւս կողմ գնալ: 19 Եւ մի օրէնսգէտ մօտենալով ասաց նրան. «Վարդապե՛տ, ես էլ քո յետեւից կգամ, ուր էլ որ գնաս»: 20 Յիսուս նրան ասաց. «Աղուէսները որջ ունեն, եւ երկնքի թռչունները՝ բոյն. բայց մարդու Որդին մի տեղ չունի, որ իր գլուխը դնի»: 21 Եւ իր աշակերտներից մէկն ասաց. «Տէ՛ր, ինձ թո՛յլ տուր, որ գնամ, նախ իմ հօրը թաղեմ»: 22 Յիսուս նրան ասաց. «Դու իմ յետեւի՛ց արի եւ թո՛յլ տուր, որ մեռեալնե՛րը թաղեն իրենց մեռելներին»: 23 Երբ նա նաւակ մտաւ, նրա յետեւից գնացին իր աշակերտները: 24 Եւ ահա ծովի վրայ մեծ փոթորիկ առաջացաւ՝ այնքան, որ նաւակը ծածկուեց ալիքներից: Իսկ ինքը ննջում էր: 25 Եւ աշակերտները մօտենալով վեր կացրին նրան ու ասացին. «Տէ՛ր, փրկի՛ր մեզ, որովհետեւ կորչում ենք»: 26 Նրանց ասաց. «Ինչո՞ւ էք վախկոտ, թերահաւատնե՛ր»: Այն ժամանակ վեր կենալով սաստեց հողմերին եւ ծովին, ու մեծ խաղաղութիւն եղաւ: 27 Եւ մարդիկ զարմացան ու ասում էին. «Ինչպիսի՜ մէկն է սա, որ հողմերն ու ծովը հնազանդւում են սրան»: 28 Եւ երբ այն կողմ՝ գերգեսացիների երկիրն անցաւ, նրան պատահեցին գերեզմաններից ելած երկու դիւահարներ՝ այնքան սաստիկ կատաղած, որ այդ ճանապարհով որեւէ մէկը չէր կարող անցնել: 29 Եւ ահա նրանք աղաղակեցին ու ասացին. «Ի՞նչ կայ մեր եւ քո միջեւ, Յիսո՛ւս, Որդի՛ Աստծոյ, մեզ տարաժամ տանջելո՞ւ եկար»: 30 Եւ նրանցից քիչ հեռու արօտական խոզերի մի երամակ կար: 31 Եւ դեւերը աղաչում էին նրան ու ասում. «Թէ մեզ այստեղից հանես, մեզ թո՛յլ տուր գնալ խոզերի երամակը»: 32 Եւ նա նրանց ասաց՝ գնացէ՛ք: Դեւերը դուրս ելնելով գնացին խոզերի երամակ: Եւ ամբողջ երամակը դարաւանդից դիմեց դէպի ծով, ու ջրերի մէջ սատկեցին: 33 Իսկ խոզարածները փախան եւ քաղաք գնալով՝ պատմեցին ամէն ինչ, նաեւ՝ դիւահարների դէպքը: 34 Եւ ահա ամբողջ քաղաքը Յիսուսին ընդառաջ ելաւ. երբ նրան տեսան, աղաչեցին, որ իրենց սահմաններից հեռու գնայ:
91 Եւ նաւակ մտնելով՝ Յիսուս անցաւ ծովի միւս կողմը. եւ եկաւ իր քաղաքը: 2 Եւ ահա նրա մօտ բերեցին մի անդամալոյծ, որ պառկած էր մահճի մէջ: Յիսուս, նրանց հաւատը տեսնելով, ասաց անդամալոյծին. «Քո մեղքերը քեզ ներուած են»: 3 Եւ ահա օրէնսգէտներից ոմանք իրենց մտքում ասացին՝ դա հայհոյում է: 4 Եւ Յիսուս, իմանալով նրանց մտածումները, նրանց ասաց. «Ինչո՞ւ դուք ձեր սրտերում չար բան էք խորհում. 5 ի՞նչն է դիւրին. ասել՝ քեզ ներուա՞ծ են քո մեղքերը, թէ՞ ասել՝ վե՛ր կաց եւ քայլի՛ր: 6 Արդ, որպէսզի իմանաք, որ մարդու Որդին իշխանութիւն ունի երկրի վրայ մեղքերը ներելու,– ասաց նա այդ ժամանակ անդամալոյծին,– վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը եւ գնա՛ քո տունը»: 7 Եւ նա վեր կենալով իր տունը գնաց: 8 Երբ ժողովուրդը այս տեսաւ, զարմացաւ. եւ փառաւորում էր Աստծուն՝ մարդկանց այսպիսի իշխանութիւն Տուողին: 9 Եւ Յիսուս, այնտեղով անցնելով, տեսաւ Մատթէոս անունով մի մարդու, որ նստել էր մաքսատանը, ու նրան ասաց. «Իմ յետեւի՛ց արի»: Եւ նա վեր կենալով գնաց նրա յետեւից: 10 Եւ երբ Յիսուս նրա տանը սեղան էր նստել, ահա բազմաթիւ մաքսաւորներ ու մեղաւորներ եկան, բազմեցին Յիսուսի եւ նրա աշակերտների հետ: 11 Երբ փարիսեցիներն այդ տեսան, ասացին նրա աշակերտներին. «Ինչո՞ւ է ձեր վարդապետը մաքսաւորների ու մեղաւորների հետ ուտում»: 12 Իսկ Յիսուս, երբ լսեց, նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պէտք չէ, այլ՝ հիւանդներին: 13 Գնացէ՛ք, սովորեցէ՛ք, թէ ինչ է նշանակում՝ ողորմութիւն եմ կամենում եւ ոչ՝ զոհ. քանզի ես արդարներին կանչելու չեմ եկել, այլ՝ մեղաւորներին»: 14 Այն ժամանակ Յովհաննէսի աշակերտները մօտեցան նրան եւ ասացին. «Ինչո՞ւ մենք եւ փարիսեցիները յաճախ ծոմ ենք պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»: 15 Յիսուս նրանց ասաց. «Մի՞թէ կարելի բան է, որ հարսանքաւորները սուգ պահեն, քանի փեսան նրանց հետ է. բայց կգան օրեր, երբ փեսան նրանցից կվերցուի, եւ ապա ծոմ կպահեն: 16 Ոչ ոք չօգտագործուած կտաւի կտորը հնացած ձորձի վրայ չի կարկատի, քանի որ այն իր լրիւ չափով կպատռի-կհանի զգեստից, եւ պատռուածքը աւելի վատ կլինի: 17 Ոչ էլ նոր գինին հին տիկերի մէջ են դնում. ապա թէ ոչ՝ տիկերը կպատռուեն. ե՛ւ գինին դուրս կթափուի, ե՛ւ տիկերը կփչանան. այլ նոր գինին նոր տիկերի մէջ են լցնում, եւ երկուսն էլ պահւում են»: 18 Մինչ Յիսուս նրանց այս բաներն էր ասում, ահա մի իշխանաւոր մօտենալով երկրպագեց նրան ու ասաց. «Իմ դուստրը հէնց նոր մեռաւ, սակայն գայիր եւ քո ձեռքը նրա վրայ դնէիր, եւ նա կկենդանանար»: 19 Յիսուս վեր կացաւ եւ իր աշակերտների հետ միասին գնաց նրա յետեւից: 20 Եւ ահա տասներկու տարուց ի վեր արիւնահոսութիւն ունեցող մի կին, յետեւից մօտենալով Յիսուսին, դիպաւ նրա զգեստի քղանցքին, 21 քանի որ մտքում ասում էր. «Եթէ միայն դիպչեմ նրա զգեստին, կփրկուեմ»: 22 Իսկ Յիսուս, երբ դարձաւ ու նրան տեսաւ, ասաց. «Քաջալերուի՛ր, դո՛ւստր, քո հաւատը քեզ փրկեց»: Եւ նոյն ժամին կինը բժշկուեց: 23 Երբ Յիսուս իշխանաւորի տունը եկաւ եւ տեսաւ փողհարներին ու մեծ ամբոխ, 24 նրանց ասաց. «Հեռո՛ւ գնացէք, որովհետեւ այդ աղջիկը ոչ թէ մեռած է, այլ ննջում է». 25 եւ նրանք ծաղրում էին նրան: Եւ երբ ամբոխը դուրս ելաւ, նա ներս մտաւ, բռնեց նրա ձեռքից, եւ աղջիկը վեր կացաւ: 26 Եւ այս լուրը ամբողջ այդ երկրով մէկ տարածուեց: 27 Եւ մինչ Յիսուս անցնում էր այն տեղով, երկու կոյրեր գնացին նրա յետեւից. նրանք աղաղակում էին ու ասում. «Ողորմի՛ր մեզ, Դաւթի՛ Որդի»: 28 Երբ նա տուն եկաւ, կոյրերը մօտեցան նրան: Յիսուս նրանց ասաց. «Հաւատո՞ւմ էք, որ ես այդ բանը ձեզ կարող եմ անել»: Նրանք ասացին նրան՝ այո՛, Տէ՛ր: 29 Այն ժամանակ դիպաւ նրանց աչքերին եւ ասաց. «Ըստ ձեր հաւատի թող լինի ձեզ»: 30 Եւ բացուեցին նրանց աչքերը: Եւ Յիսուս նրանց խստիւ պատուիրեց եւ ասաց. «Զգո՛յշ կացէք, ոչ ոք չիմանայ»: 31 Իսկ նրանք ելան եւ նրա համբաւը տարածեցին ամբողջ այդ երկրում: 32 Եւ երբ նրանք դուրս եկան, ահա նրա մօտ բերեցին մի համր, դիւահար մարդ: 33 Եւ երբ դեւը դուրս եկաւ, համրը խօսեց. եւ ժողովուրդը զարմացաւ ու ասաց. «Այսպիսի բան Իսրայէլում երբեք տեսնուած չէ»: 34 Իսկ փարիսեցիներն ասում էին. «Դա դեւերի իշխանի միջոցով է հանում դեւերին»: 35 Եւ Յիսուս շրջում էր բոլոր քաղաքներում եւ գիւղերում, ուսուցանում նրանց ժողովարաններում, քարոզում արքայութեան աւետարանը եւ բժշկում էր ժողովրդի բոլոր ախտերն ու հիւանդութիւնները: 36 Եւ տեսնելով ժողովրդի բազմութիւնը՝ Յիսուս գթաց նրանց, որովհետեւ յոգնած էին եւ ցրուած, ինչպէս ոչխարներ, որոնք հովիւ չունեն: 37 Այն ժամանակ իր աշակերտներին ասաց. «Հունձը առատ է, իսկ մշակները՝ սակաւ: 38 Արդ, աղաչեցէ՛ք հնձի Տիրոջը, որ մշակներ հանի իր հնձի համար»:
101 Եւ նա, իր մօտ կանչելով իր տասներկու աշակերտներին, նրանց իշխանութիւն տուեց պիղծ դեւերի վրայ՝ հանելու դրանք եւ բժշկելու ամէն ցաւ եւ ամէն հիւանդութիւն: 2 Եւ տասներկու առաքեալների անունները սրանք էին. առաջին՝ Սիմոն՝ Պետրոս կոչուածը, եւ նրա եղբայրը՝ Անդրէաս, 3 Զեբեդէոսի որդի Յակոբոս եւ նրա եղբայրը՝ Յովհաննէս, Փիլիպպոս եւ Բարթողոմէոս, Թովմաս եւ Մատթէոս մաքսաւոր, Ալփէոսի որդի Յակոբոս եւ Ղեբէոս, որ Թադէոս կոչուեց, 4 Սիմոն Կանանացի եւ Յուդա Իսկարիովտացի, որ եւ մատնեց նրան: 5 Նրանց տասներկուսին Յիսուս ուղարկեց, պատուիրեց նրանց ու ասաց. «Հեթանոսների շրջաններով չգնա՛ք եւ սամարացիների որեւէ քաղաքը չմտնէ՛ք, 6 այլ աւելի շուտ գնացէ՛ք Իսրայէլի տան կորած ոչխարների մօտ: 7 Եւ երբ գնաք, քարոզեցէ՛ք եւ ասացէ՛ք. “Երկնքի արքայութիւնը մօտեցել է”: 8 Հիւանդներին բժշկեցէ՛ք, բորոտներին մաքրեցէ՛ք, դեւերին հանեցէ՛ք, ձրի առաք, ձրի էլ տուէ՛ք: 9 Մի՛ ունեցէք ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ եւ ո՛չ էլ պղինձ դրամ ձեր գօտիների մէջ. 10 ո՛չ պարկ՝ ճանապարհի համար. ո՛չ երկու զգեստ, ո՛չ կօշիկներ եւ ո՛չ էլ ցուպ. որովհետեւ մշակն արժանի է իր կերակրին: 11 Որ քաղաքը կամ գիւղը մտնէք, հարցրէ՛ք, թէ ով է այնտեղ արժանաւորը, եւ այնտե՛ղ մնացէք, մինչեւ որ այդտեղից դուրս ելնէք: 12 Եւ երբ այն տունը մտնէք, ողջո՛յն տուէք նրան ու ասացէ՛ք. “Ողջո՜յն այս տանը”: 13 Եթէ տունն արժանի է, ձեր ողջոյնը նրա վրայ թող իջնի. իսկ եթէ արժանի չէ, ձեր ողջոյնը ձեզ թող վերադառնայ: 14 Եւ եթէ մի քաղաք չընդունի ձեզ եւ չլսի ձեր խօսքերը, այդ քաղաքից դուրս գնալիս ձեր ոտքերից փոշին թօթափեցէ՛ք: 15 Ճշմարիտ եմ ասում ձեզ. սոդոմացիների եւ գոմորացիների երկրի համար աւելի հեշտ պիտի լինի դատաստանի օրը, քան այդ քաղաքի համար: 16 Ահա ես ձեզ ուղարկում եմ որպէս ոչխարներ՝ գայլերի մէջ: Այսուհետեւ խորագէ՛տ եղէք օձերի պէս եւ միամիտ՝ աղաւնիների նման: 17 Զգուշացէ՛ք մարդկանցից, որովհետեւ պիտի մատնեն ձեզ ատեանների եւ պիտի տանջեն ձեզ իրենց ժողովարաններում. 18 ձեզ պիտի տանեն կուսակալների ու թագաւորների առաջ իմ պատճառով, որ իմ մասին վկայութիւն տաք նրանց եւ հեթանոսներին: 19 Բայց երբ ձեզ մատնեն, հոգ մի՛ արէք, թէ ինչպէս կամ ինչ պիտի խօսէք, որովհետեւ այդ ժամին ձեզ կտրուի այն, ինչ պիտի խօսէք. 20 քանի որ ոչ թէ դուք էք, որ պիտի խօսէք, այլ ձեր Հօր Հոգին, որ պիտի խօսի ձեր միջոցով: 21 Եղբայրն իր եղբօրը մահուան պիտի մատնի, եւ հայրը՝ որդուն: Եւ որդիները հայրերի դէմ պիտի ելնեն ու նրանց պիտի սպանեն: 22 Եւ իմ անուան համար բոլորից պիտի ատուէք. իսկ ով մինչեւ վերջ համբերի, նա պիտի փրկուի: 23 Եւ երբ ձեզ հալածեն այս քաղաքում, կփախչէք դէպի մէկ ուրիշը. եւ եթէ ձեզ դրանից էլ հալածեն, կփախչէք դէպի այն միւսը: Ճշմարիտ եմ ասում ձեզ. Իսրայէլի քաղաքները դեռ վերջացրած պիտի չլինէք՝ նախքան մարդու Որդու գալը: 24 Աշակերտը աւելին չէ, քան վարդապետը, եւ ոչ էլ ծառան՝ քան իր տէրը: 25 Աշակերտին հերիք է, եթէ լինի իր վարդապետի նման, եւ ծառային՝ իր տիրոջ նման. եթէ տանտիրոջը Բէեղզեբուղ կոչեցին, որչա՜փ եւս առաւել՝ նրա ընտանիքը: 26 Այսուհետեւ նրանցից չվախենա՛ք, որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ՝ գաղտնի բան, որ չիմացուի: 27 Ինչ ձեզ ասում եմ խաւարի մէջ, դուք ասացէք լոյսի՛ մէջ. եւ ինչ լսում էք ականջի մէջ փսփսուքով, հրապարակեցէք տանիքների՛ վրայից: 28 Եւ մի՛ վախեցէք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. այլ դուք առաւել վախեցէ՛ք Նրանից, ով կարող է գեհենի մէջ կորստեան մատնել հոգին եւ մարմինը: 29 Չէ՞ որ երկու ճնճղուկ մէկ դահեկանի է վաճառւում, բայց նրանցից մէկն անգամ առանց ձեր Հօր գետնին չի ընկնում. 30 եւ ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշւուած են: 31 Արդ, մի՛ վախեցէք, քանի որ բազում ճնճղուկներից լաւ էք դուք: 32 Ով որ ինձ կխոստովանի մարդկանց առաջ, ես էլ կխոստովանեմ նրան իմ Հօր առաջ, որ երկնքում է: 33 Եւ ով ինձ կուրանայ մարդկանց առաջ, ես էլ նրան կուրանամ իմ Հօր առաջ, որ երկնքում է: 34 Մի՛ կարծէք, թէ եկայ խաղաղութիւն հաստատելու երկրի վրայ. չեկայ հաստատելու խաղաղութիւն, այլ՝ սուր. 35 քանի որ եկայ, որ բաժանեմ որդուն իր հօրից եւ դստերը՝ իր մօրից եւ հարսին՝ իր սկեսուրից: 36 Մարդու թշնամիները իր տնեցիները կլինեն: 37 Ով իր հօրը եւ կամ մօրը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ. ով իր որդուն կամ դստերը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ: 38 Եւ ով իր խաչը չի վերցնում ու իմ յետեւից չի գալիս, ինձ արժանի չէ: 39 Ով որ իր անձը գտնում է, այն կկորցնի. եւ ով իր անձը կորցրեց ինձ համար, այն կգտնի: 40 Ով ձեզ է ընդունում, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում, ընդունում է ինձ Ուղարկողին: 41 Ով մարգարէին ընդունում է իբրեւ մարգարէի, մարգարէի վարձ կստանայ. ով արդարին ընդունում է իբրեւ արդարի, արդարի վարձ կստանայ: 42 Եւ ով այս փոքրիկներից մէկին միայն մի բաժակ սառը ջուր կտայ խմելու իբրեւ աշակերտի, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի»:
111 Եւ երբ Յիսուս վերջացրեց իր տասներկու աշակերտներին պատուէր տալը, այնտեղից գնաց՝ քարոզելու եւ ուսուցանելու շրջակայ քաղաքներում: 2 Իսկ Յովհաննէսը, երբ բանտում լսեց Քրիստոսի գործերի մասին, ուղարկեց իր աշակերտներին եւ նրանց միջոցով ասաց նրան. 3 «Դո՞ւ ես, որ գալու էիր, թէ՞ ուրիշին սպասենք»: 4 Յիսուս պատասխան տուեց նրանց եւ ասաց. «Գնացէք պատմեցէ՛ք Յովհաննէսին, ինչ որ դուք լսեցիք եւ տեսաք. 5 կոյրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները՝ մաքրւում, խուլերը՝ լսում, մեռելները՝ յառնում, եւ աղքատներին քարոզւում է աւետարանը: 6 Եւ երանի՜ է նրան, ով իմ պատճառով չի գայթակղւում»: 7 Երբ Յովհաննէսի աշակերտները գնացին, Յիսուս սկսեց ժողովրդին ասել Յովհաննէսի մասին. «Ի՞նչ տեսնելու ելաք անապատում. հողմից շարժուող եղէ՞գ: 8 Հապա ի՞նչ տեսնելու ելաք. փափուկ զգեստներով զարդարուած մա՞րդ. ահա նրանք, որ փափուկ բաներ են հագել, թագաւորների պալատներում են: 9 Հապա ի՞նչ տեսնելու ելաք. մի մարգարէ՞. այո՛, ասում եմ ձեզ. առաւե՛լ քան մի մարգարէ, 10 որովհետեւ նա է, որի մասին գրուած է. “Ահա ես կուղարկեմ իմ պատգամաւորին քո առջեւից, որ քո առաջ քո ճանապարհը պատրաստի”: 11 Ճշմարիտ եմ ասում ձեզ. կանանցից ծնուածների մէջ Յովհաննէս Մկրտչից աւելի մեծը չի ելել. բայց երկնքի արքայութեան մէջ ամէնից յետինը նրանից մեծ է: 12 Յովհաննէս Մկրտչի օրերից մինչեւ այժմ երկնքի արքայութիւնը բռնադատւում է. եւ հզօրներն են յափշտակում այն, 13 քանի որ ամբողջ օրէնքը եւ մարգարէները մարգարէացան մինչեւ Յովհաննէսը: 14 Եւ եթէ ուզում էք ընդունել, Յովհաննէսն է Եղիան, որ գալու է: 15 Ով լսելու ականջ ունի, թող լսի: 16 Ո՞ւմ նմանեցնեմ այս սերնդին. նման է նա մանուկների, որոնք նստած են հրապարակներում, կանչում են իրենց ընկերներին եւ ասում. 17 ձեզ համար փող հնչեցրինք, բայց չպարեցիք, ձեզ համար ողբ երգեցինք, բայց դուք լաց ուկոծ չարեցիք: 18 Եկաւ Յովհաննէսը. ո՛չ ուտում էր եւ ո՛չ խմում, եւ ասացին՝ նրա մէջ դեւ կայ: 19 Եկաւ մարդու Որդին. ուտում է եւ խմում, եւ ասում են՝ ահա ուտող եւ խմող մարդ՝ բարեկամ մաքսաւորների եւ մեղաւորների. բայց իմաստութիւնը արդարացուեց իր որդիների կողմից»: 20 Այն ժամանակ նա սկսեց պարսաւել այն քաղաքները, որոնց մէջ նրա բազում զօրաւոր գործերը տեղի ունեցան, բայց նրանք չապաշխարեցին: 21 «Վա՜յ քեզ, Քորազին, վա՜յ քեզ, Բեթսայիդա. որովհետեւ եթէ Տիւրոսում եւ Սիդոնում տեղի ունեցած լինէին այն զօրաւոր գործերը, որ ձեր մէջ արուեցին, վաղուց արդէն քուրջով եւ մոխրով ապաշխարած կլինէին: 22 Բայց ասում եմ ձեզ. Տիւրոսի եւ Սիդոնի երկրի համար աւելի տանելի կլինի դատաստանի օրը, քան ձեզ համար: 23 Եւ դու, Կափառնայո՛ւմ, մի՞թէ մինչեւ երկինք պիտի բարձրանաս. ո՛չ, պիտի իջնես մինչեւ դժոխք. որովհետեւ եթէ Սոդոմում եղած լինէին այս զօրաւոր գործերը, որ եղան քո մէջ, արդարեւ մինչեւ այսօր նրանք կանգուն կլինէին: 24 Բայց ասում եմ ձեզ, որ սոդոմացիների երկրի համար դատաստանի օրը աւելի տանելի կլինի, քան քեզ համար»: 25 Այն ժամանակ Յիսուս պատասխան տուեց եւ ասաց. «Գոհութիւն եմ յայտնում քեզ, Հա՛յր, Տէ՛ր երկնքի եւ երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից եւ գիտուններից ու յայտնեցիր մանուկներին: 26 Այո՛, Հա՛յր, քանի որ այսպէս հաճելի եղաւ քեզ: 27 Ամենայն ինչ տրուեց ինձ իմ Հօրից. եւ ոչ ոք չի ճանաչում Որդուն, եթէ ոչ՝ Հայրը. եւ ոչ ոք չի ճանաչում Հօրը, եթէ ոչ՝ Որդին, եւ նա, ում Որդին ուզի յայտնել: 28 Եկէ՛ք ինձ մօտ, բոլոր յոգնածնե՛րդ ու բեռնաւորուածնե՛րդ, եւ ես ձեզ կհանգստացնեմ: 29 Իմ լուծը ձեզ վրա՛յ վերցրէք եւ սովորեցէ՛ք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեզ համար հանգիստ պիտի գտնէք, 30 որովհետեւ իմ լուծը քաղցր է, եւ իմ բեռը՝ թեթեւ»:
121 Յիսուս շաբաթ օրով անցաւ արտերի միջով. նրա աշակերտները քաղցած էին եւ սկսեցին հասկ պոկել եւ ուտել: 2 Փարիսեցիները, երբ այս տեսան, Յիսուսին ասացին. «Ահա քո աշակերտները անում են մի բան, որ շաբաթ օրն անել օրինաւոր չէ»: 3 Եւ նա նրանց ասաց. «Դուք չէ՞ք կարդացել, թէ ինչ արեց Դաւիթը, երբ քաղց զգաց ինքը եւ նրանք, որ իր հետ էին: 4 Թէ ինչպէս մտաւ Աստծոյ տունը եւ կերաւ առաջաւորութեան հացը, որն ուտել օրէնք չէր ո՛չ նրա եւ ո՛չ էլ նրա հետ եղողների համար, այլ միայն՝ քահանաների համար: 5 Կամ թէ օրէնքում չէ՞ք կարդացել, որ շաբաթ օրերը տաճարում քահանաները խախտում են շաբաթը եւ անմեղ են: 6 Բայց ասում եմ ձեզ, որ այստեղ տաճարից մեծ մէկը կայ: 7 Եւ եթէ իմանայիք, թէ ինչ է նշանակում՝ «Ողորմութիւն եմ կամենում եւ ոչ՝ զոհ», ապա դուք անպարտներին չէիք դատապարտի. 8 ուրեմն, մարդու Որդին շաբաթ օրուայ տէրն է»: 9 Յիսուս, այստեղից մեկնելով, եկաւ նրանց ժողովարանը: 10 Այնտեղ կար մի մարդ, որի ձեռքը գօսացած էր: Յիսուսին հարցրին ու ասացին. «Շաբաթ օրը թոյլատրելի՞ է բժշկել». որպէսզի նրան ամբաստանեն: 11 Եւ նա ասաց նրանց. «Ո՞վ է ձեզնից այն մարդը, որ մի ոչխար ունենայ, եւ դա շաբաթ օրն ընկնի փոսի մէջ, մի՞թէ չի բռնի ու վեր հանի այն: 12 Իսկ արդ, մարդը ոչխարից որքա՜ն եւս առաւել է. ապա ուրեմն, պէտք է շաբաթ օրը բարիք գործել»: 13 Այն ժամանակ մարդուն ասաց՝ ձեռքդ երկարի՛ր. եւ նա երկարեց. եւ առողջացաւ գօսացած ձեռքը, ինչպէս միւսը: 14 Իսկ փարիսեցիները դուրս գալով՝ նրա դէմ խորհուրդ արեցին, թէ ինչպէս կորստեան մատնեն նրան: 15 Երբ Յիսուս այդ իմացաւ, այդտեղից մեկնեց: Նրա յետեւից գնաց շատ ժողովուրդ, եւ նա բոլորին բժշկեց: 16 Եւ խստիւ պատուիրեց նրանց, որ իր մասին ոչ ոքի բան չասեն, 17 որպէսզի կատարուի այն, ինչ որ ասուեց Եսայի մարգարէի բերանով. 18 «Ահա իմ Ծառան, որին ընտրեցի, եւ իմ Սիրելին, որին հոգիս հաւանեց. նրա վրայ իմ հոգին պիտի դնեմ, եւ նա հեթանոսներին դատաստան պիտի յայտարարի. 19 նա ո՛չ պիտի հակառակի եւ ո՛չ էլ պիտի աղաղակի. հրապարակներում նրա ձայնը ոչ մէկը չպիտի լսի. 20 ջախջախուած եղէգը նա չպիտի փշրի եւ առկայծ պատրոյգը չպիտի հանգցնի, մինչեւ որ արդարութիւնը յաղթանակի հասցնի. 21 եւ նրա անուան վրայ հեթանոսները յոյս պիտի դնեն»: 22 Այն ժամանակ նրա մօտ բերուեց կոյր ու համր մի դիւահար, եւ նա բժշկեց նրան, այնպէս որ համրն ու կոյրը խօսում էր ու տեսնում: 23 Ամբողջ ժողովուրդը զարմացաւ եւ ասում էր. «Մի՞թէ սա է Քրիստոսը՝ Դաւթի Որդին»: 24 Բայց երբ փարիսեցիները լսեցին, ասացին. «Նա դեւերին այլ կերպ չի հանում, եթէ ոչ՝ Բէեղզեբուղի՝ դեւերի իշխանի միջոցով»: 25 Երբ Յիսուս նրանց մտածումներն իմացաւ, նրանց ասաց. «Ինքն իր մէջ բաժանուած ամէն թագաւորութիւն աւերւում է, եւ ինքն իր մէջ բաժանուած ամէն քաղաք կամ տուն կանգուն չի մնայ. 26 եւ եթէ սատանան սատանային հանում է, ուրեմն ինքն իր մէջ բաժանուեց. արդ, նրա թագաւորութիւնը ինչպէ՞ս կարող է կանգուն մնալ: 27 Եւ եթէ ես Բէեղզեբուղով եմ հանում դեւերին, ձեր որդիները ինչո՞վ կհանեն. դրա համար էլ նրանք կլինեն ձեր դատաւորները: 28 Իսկ եթէ Աստծոյ Հոգով եմ հանում դեւերին, ուրեմն Աստծոյ արքայութիւնը հասել է ձեզ վրայ: 29 Կամ՝ ինչպէ՞ս կարող է մէկը մտնել հզօր մի մարդու տունը եւ յափշտակել նրա գոյքերը, եթէ նախ չկապի հզօրին եւ ապա նրա տունը կողոպտի: 30 Ով ինձ հետ չէ, իմ դէմ է, եւ ով ինձ հետ չի հաւաքում, ցրում է: 31 Դրա համար ասում եմ ձեզ. ամէն մեղք եւ հայհոյանք կներուեն մարդկանց, բայց Հոգու դէմ հայհոյանքը չպիտի ներուի: 32 Եւ ով որ մարդու Որդու դէմ խօսք ասի, նրան պիտի ներուի, բայց ով ասի Սուրբ Հոգու դէմ, նրան չպիտի ներուի ո՛չ այս աշխարհում եւ ո՛չ էլ հանդերձեալում: 33 Կա՛մ ծառը բարի արէք, եւ նրա պտուղն էլ բարի կլինի, կա՛մ ծառը չար արէք, եւ նրա պտուղն էլ չար կլինի. քանի որ իր պտղից է ծառը ճանաչւում: 34 Իժերի՛ ծնունդներ, դուք, որ չար էք, ինչպէ՞ս կկարողանաք բարի բաներ խօսել, քանի որ բերանը սրտի լիութիւնից է, որ խօսում է: 35 Բարի մարդը իր սրտի բարի գանձերից հանում է բարի բաներ, իսկ չար մարդը իր սրտի չար գանձերից հանում է չար բաներ: 36 Բայց ասում եմ ձեզ, թէ մարդիկ իրենց խօսած ամէն դատարկ բանի համար դատաստանի օրը հաշիւ պիտի տան, 37 որովհետեւ քո խօսքերով պիտի արդարանաս եւ քո խօսքերով պիտի դատապարտուես»: 38 Այն ժամանակ օրէնսգէտներից եւ փարիսեցիներից ոմանք նրան պատասխան տուեցին ու ասացին. «Վարդապե՛տ, քեզնից մի նշան ենք կամենում տեսնել»: 39 Նա պատասխան տուեց նրանց ու ասաց. «Չար եւ շնացող ազգը նշան է փնտրում. այլ նշան չի տրուի նրան, բայց միայն՝ Յովնան մարգարէի նշանը. 40 որովհետեւ, ինչպէս Յովնանը երեք օր ու երեք գիշեր կէտի փորի մէջ էր, նոյնպէս եւ մարդու Որդին երկրի ընդերքում՝ երեք օր ու երեք գիշեր: 41 Նինուէի մարդիկ դատաստանի ժամանակ այս ազգի դէմ պիտի դուրս գան եւ պիտի դատապարտեն նրան, քանի որ նրանք Յովնանի քարոզութեամբ ապաշխարեցին. եւ ահաւասիկ այստեղ Յովնանից Մեծը կայ: 42 Հարաւի դշխոն դատաստանի ժամանակ պիտի դուրս գայ այս ազգի դէմ եւ պիտի դատապարտի նրան, որովհետեւ նա երկրի ծագերից եկաւ՝ լսելու Սողոմոնի իմաստութիւնը. եւ ահա այստեղ Սողոմոնից Մեծը կայ: 43 Սակայն պիղծ ոգին դուրս է ելնում մարդուց, շրջում է անջրդի վայրերում, հանգիստ է որոնում եւ չի գտնում: 44 Այն ժամանակ ասում է. “Դառնամ իմ տունը, որտեղից դուրս եկայ”. եւ գալիս է ու այն գտնում դատարկ՝ մաքրուած ու կարգի բերուած: 45 Այն ժամանակ գնում եւ վերցնում է իր հետ իրենից աւելի չար եօթ այլ ոգիներ եւ մտնում-բնակւում է այնտեղ. եւ այդ մարդու վերջը լինում է աւելի վատ, քան առաջ էր. այսպէս պիտի լինի եւ այս չար սերնդին»: 46 Մինչ Յիսուս դեռ խօսքն ուղղում էր բազմութեանը, ահա նրա մայրն ու նրա եղբայրները կանգնած էին դրսում եւ ուզում էին խօսել նրա հետ: 47 Եւ մէկն ասաց նրան. «Ահա քո մայրն ու քո եղբայրները դրսում կանգնած են եւ ուզում են քեզ հետ խօսել»: 48 Նա այդ ասողին պատասխանեց ու ասաց. «Ո՞վ է իմ մայրը, կամ ովքե՞ր են իմ եղբայրները»: 49 Եւ իր ձեռքը երկարելով դէպի իր աշակերտները՝ ասաց. «Ահա՛ իմ մայրը եւ իմ եղբայրները. 50 որովհետեւ ով կատարում է կամքը իմ Հօր, որ երկնքում է, նա է ինձ եղբայր եւ քոյր եւ մայր»:
131 Այդ օրը Յիսուս, տնից դուրս գալով, նստեց ծովեզերքին: 2 Եւ նրա մօտ շատ ժողովուրդ հաւաքուեց, այնպէս որ նա նաւակ մտաւ ու նստեց. իսկ ամբողջ ժողովուրդը կանգնած էր ծովեզերքին: 3 Եւ նրանց հետ առակներով շատ բաներ էր խօսում եւ ասում. 4 «Ահա մի սերմնացան ելաւ սերմանելու. եւ երբ նա սերմանում էր, մի մաս սերմ ընկաւ ճանապարհի եզերքին, եւ երկնքի թռչունը եկաւ եւ այն կերաւ: 5 Եւ ուրիշ մի մաս ընկաւ ապառաժի վրայ, ուր շատ հող չկար. եւ իսկոյն բուսաւ, քանի որ հողը խորութիւն չունէր. 6 երբ արեւը ծագեց, խանձուեց. եւ քանի որ արմատներ չկային, չորացաւ: 7 Եւ ուրիշ մի մաս ընկաւ փշերի մէջ, ու փշերը բարձրացան եւ այն խեղդեցին: 8 Եւ մէկ ուրիշ մաս ընկաւ պարարտ հողի վրայ եւ պտուղ տուեց. կար որ՝ մէկին՝ հարիւր. եւ կար որ՝ մէկին՝ վաթսուն. եւ կար որ՝ մէկին՝ երեսուն: 9 Ով լսելու ականջ ունի, թող լսի»: 10 Եւ աշակերտները մօտենալով՝ նրան ասացին. «Ինչո՞ւ ես առակներով խօսում նրանց հետ»: 11 Նա պատասխանեց եւ ասաց նրանց. «Քանի որ ձեզ է տրուած իմանալ երկնքի արքայութեան խորհուրդները, իսկ նրանց տրուած չէ. 12 որովհետեւ ով ունի, նրան պիտի տրուի եւ պիտի աւելացուի, իսկ ով չունի, նրանից պիտի վերցուի ունեցածն էլ: 13 Նրանց հետ առակներով եմ խօսում նրա համար, որ նայում են եւ չեն տեսնում, լսում են եւ չեն իմանում ու չեն հասկանում: 14 Եւ նրանց վրայ կատարւում է Եսայու մարգարէութիւնը, որ ասում է. “Պիտի լսէք, պիտի լսէք ու պիտի չիմանաք, պիտի նայէք, պիտի նայէք ու պիտի չտեսնէք. 15 որովհետեւ այս ժողովրդի սիրտը կարծրացաւ, եւ իրենց ականջներով ծանր են լսում. եւ փակեցին իրենց աչքերը, որպէսզի երբեք աչքերով չտեսնեն ու ականջներով չլսեն եւ սրտով չիմանան եւ դարձի չգան, ու ես նրանց չբժշկեմ”: 16 Բայց երանի՜ է ձեր աչքերին, որ տեսնում են, ու ձեր ականջներին, որ լսում են: 17 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ շատ մարգարէներ ու արդարներ ցանկացան տեսնել, ինչ որ դուք տեսնում էք, բայց չտեսան, եւ՝ լսել, ինչ որ դուք լսում էք, բայց չլսեցին: 18 Եւ արդ, լսեցէ՛ք դուք սերմնացանի առակը. 19 ամէն մէկից, ով լսում է արքայութեան խօսքը եւ չի հասկանում, չարը գալիս է եւ յափշտակում նրա սրտում սերմանուածը. դա այն է, որ ճանապարհի եզերքին սերմանուեց: 20 Եւ որ ապառաժի վրայ սերմանուեց, այն է, որ երբ լսում է խօսքը, իսկոյն ուրախութեամբ էլ ընդունում է այն: 21 Բայց քանի որ ինքն իր մէջ արմատներ չունի, այլ մի որոշ ժամանակի համար է հաւատում, երբ խօսքի համար նեղութիւն եւ հալածանքներ լինեն, իսկոյն սայթաքում-ընկնում է: 22 Իսկ որ փշերի մէջ սերմանուեց, այն է, որ լսում է խօսքը, բայց այս աշխարհի հոգսերը եւ հարստութեան պատրանքները խեղդում են խօսքը, եւ սա լինում է անպտուղ: 23 Իսկ որ լաւ հողի մէջ սերմանուեց, այն է, որ երբ լսում է խօսքը եւ հասկանում, պտուղ է տալիս. կայ որ՝ մէկի դիմաց՝ հարիւր, կայ որ՝ մէկի դիմաց՝ վաթսուն, եւ կայ որ՝ մէկի դիմաց՝ երեսուն»: 24 Նա մէկ ուրիշ առակ էլ նրանց առաջ դրեց ու ասաց. «Երկնքի արքայութիւնը նմանուեց մի մարդու, որ իր արտի մէջ բարի սերմ սերմանեց: 25 Եւ երբ մարդիկ քնի մէջ էին, նրա թշնամին եկաւ եւ ցանած ցորենի վրայ որոմ ցանեց ու գնաց: 26 Եւ երբ ցորենը բուսաւ ու պտուղ տուեց, ապա երեւաց եւ այն որոմը: 27 Տանտիրոջ ծառաները մօտեցան ու ասացին նրան. “Տէ՛ր, չէ՞ որ քո արտի մէջ դու բարի սերմ սերմանեցիր, ուրեմն որտեղի՞ց է այդ որոմը”: 28 Եւ տէրն ասաց նրանց. “Թշնամի մարդ է արել այդ”: Ծառաները նրան ասացին. “Կամենո՞ւմ ես, որ գնանք ու քաղենք-հանենք այն”: 29 Եւ տէրը նրանց ասաց. “Ո՛չ, միգուցէ որոմը քաղելիս ցորենն էլ նրա հետ արմատախիլ անէք: 30 Թողէք, որ երկուսն էլ միասին աճեն մինչեւ հունձը, եւ հնձի ժամանակ ես հնձողներին կասեմ. նախ այդ որո՛մը քաղեցէք եւ դրանից խուրձեր կապեցէք այրելու համար, իսկ ցորենը հաւաքեցէ՛ք իմ շտեմարանների մէջ”»: 31 Նրանց առաջ նա մէկ ուրիշ առակ էլ դրեց ու ասաց. «Երկնքի արքայութիւնը նման է մանանեխի հատիկի, որ մի մարդ առնելով սերմանեց իր արտի մէջ: 32 Այն փոքր է, քան բոլոր սերմերը. սակայն երբ աճում է, բոլոր բանջարներից աւելի է մեծանում ու ծառ է լինում՝ այն աստիճան, որ երկնքի թռչունները գալիս են ու նրա ճիւղերի վրայ հանգստանում»: 33 Նա մէկ ուրիշ առակ էլ պատմեց նրանց ու ասաց. «Երկնքի արքայութիւնը նման է թթխմորի, որ մի կին առնելով դրեց երեք չափ ալիւրի մէջ, մինչեւ որ ամբողջը խմորուեց»: 34 Այս բոլորը Յիսուս առակներով պատմեց բազմութեանը եւ առանց առակի ոչինչ չէր ասում նրանց, 35 որպէսզի կատարուի մարգարէի կողմից ասուածը. «Իմ բերանը առակներով պիտի բանամ եւ աշխարհի սկզբից ի վեր ծածկուած բաները պիտի յայտնեմ»: 36 Այն ժամանակ Յիսուս, արձակելով ժողովրդին, տուն եկաւ. աշակերտները մօտեցան նրան ու ասացին. «Մեկնի՛ր մեզ համար արտի որոմների առակը»: 37 Նա պատասխանեց եւ ասաց. «Այն, որ սերմանում է բարի սերմը, մարդու Որդին է, 38 իսկ արտը այս աշխարհն է. բարի սերմը նրանք են, որ արքայութեան որդիներն են, իսկ որոմը չարի որդիներն են. 39 եւ թշնամին, որ այն ցանեց, սատանան է. իսկ հունձը այս աշխարհի վախճանն է, եւ հնձողները հրեշտակներն են: 40 Ինչպէս որոմը հաւաքւում է եւ կրակի մէջ այրւում, այնպէս կլինի այս աշխարհի վախճանին: 41 Մարդու Որդին կուղարկի իր հրեշտակներին, եւ նրանք կհաւաքեն նրա արքայութիւնից բոլոր գայթակղութիւնները եւ նրանց, որոնք անօրինութիւն են գործում: 42 Եւ կգցեն նրանց բոցավառ հնոցի մէջ. այնտեղ կլինի լաց եւ ատամների կրճտում: 43 Այն ժամանակ արդարները երկնքի արքայութեան մէջ կծագեն, ինչպէս արեգակը: Ով լսելու ականջ ունի, թող լսի: 44 Դարձեալ՝ երկնքի արքայութիւնը նման է արտի մէջ թաքցուած գանձի, որ մի մարդ գտնելով՝ նորից թաքցնում է. եւ ուրախութիւնից գնում վաճառում է իր ամբողջ ունեցածը եւ այդ արտը գնում է: 45 Դարձեալ՝ երկնքի արքայութիւնը նման է մի վաճառականի, որ գեղեցիկ մարգարիտներ էր որոնում. 46 եւ գտնելով մի թանկարժէք մարգարիտ՝ գնաց վաճառեց իր ամբողջ ունեցածը եւ այդ մարգարիտը գնեց: 47 Դարձեալ՝ երկնքի արքայութիւնը նման է ծով նետուած ուռկանի, որ ամէն տեսակ բան է հաւաքել. 48 երբ լցուել էր, այն, ցամաք հանելով եւ նստելով, լաւերը մի առ մի հաւաքեցին ամանների մէջ, իսկ անպէտքը դուրս գցեցին: 49 Այնպէս էլ կլինի այս աշխարհի վախճանին: Հրեշտակները կելնեն եւ չարերին արդարների միջից կբաժանեն 50 ու կգցեն նրանց բոցավառ հնոցի մէջ. այնտեղ կլինի լաց եւ ատամների կրճտում»: 51 Յիսուս իր աշակերտներին ասաց. «Այս բոլորը իմացա՞ք»: Նրան ասացին՝ այո՛, Տէ՛ր: 52 Եւ Յիսուս նրանց ասաց. «Դրա համար երկնքի արքայութեանն աշակերտած ամէն օրէնսգէտ նման է տանուտէր մարդու, որ իր գանձից հանում է նորը եւ հինը»: 53 Երբ Յիսուս այս առակները վերջացրեց, այնտեղից մեկնեց: 54 Եւ գալով իր գաւառը՝ նրանց ուսուցանում էր իրենց ժողովարանում, այնպէս որ նրանք զարմանում ու ասում էին. «Սրան որտեղի՞ց են այս իմաստութիւնը եւ զօրութեան գործերը: 55 Սա հիւսնի որդին չէ՞. սրա մայրը չէ՞, որ Մարիամ է կոչւում. եւ սրա եղբայրները՝ Յակոբոս, Յովսէս, Սիմոն եւ Յուդա: 56 Եւ սրա քոյրերը բոլորը մեզ մօտ չե՞ն. եւ արդ, որտեղի՞ց է սրան այս բոլորը»: 57 Եւ նրանով գայթակղւում էին: Իսկ Յիսուս նրանց ասաց. «Չկայ անարգուած մարգարէ, բայց միայն՝ իր գաւառում եւ իր տանը»: 58 Եւ նրանց անհաւատութեան պատճառով այնտեղ զօրաւոր շատ գործեր չարեց:
141 Այն ժամանակ Հերովդէս չորրորդապետը լսեց Յիսուսի համբաւը եւ իր ծառաներին ասաց. 2 «Նա է Յովհաննէս Մկրտիչը. մեռելներից յարութիւն է առել, եւ դրա համար նրա միջոցով զօրաւոր գործեր են լինում»: 3 Արդարեւ, Հերովդէսը ձերբակալել էր Յովհաննէսին, նրան կապել եւ բանտի մէջ էր դրել իր եղբօր՝ Փիլիպպոսի կնոջ՝ Հերովդիայի պատճառով. 4 որովհետեւ Յովհաննէսը նրան ասում էր. «Օրինաւոր չէ, որ դու նրան իբրեւ կին ունենաս»: 5 Եւ կամենում էր նրան սպանել, բայց վախենում էր ժողովրդից, քանի որ նրան որպէս մարգարէ էին ընդունում: 6 Եւ երբ Հերովդէսի ծննդեան տարեդարձը հասաւ, Հերովդիայի դուստրը հրաւիրեալների առաջ պարեց. եւ հաճելի թուաց Հերովդէսին. 7 ուստի եւ նա երդումով խոստացաւ նրան տալ, ինչ էլ որ ուզի: 8 Եւ նա, առաջուց խրատուած լինելով իր մօրից, ասաց. «Տո՛ւր ինձ այստեղ, սկուտեղի վրայ, Յովհաննէս Մկրտչի գլուխը»: 9 Եւ թագաւորը տխրեց, բայց երդման եւ սեղանակիցների պատճառով հրամայեց նրան տալ այդ: 10 Եւ մարդ ուղարկեց, գլխատել տուեց Յովհաննէսին բանտի մէջ: 11 Եւ նրա գլուխը բերուեց սկուտեղով ու տրուեց աղջկան: Եւ սա տարաւ այն իր մօրը: 12 Իսկ Յովհաննէսի աշակերտները եկան վերցրին մարմինը եւ թաղեցին. եւ եկան պատմեցին Յիսուսին: 13 Երբ Յիսուս այդ լսեց, այնտեղից նաւակով առանձին գնաց մի ամայի տեղ: Երբ ժողովրդի բազմութիւնը լսեց այս, քաղաքներից հետիոտն նրա յետեւից գնաց: 14 Եւ երբ նա ցամաք ելաւ, տեսաւ բազում ժողովուրդ, գթաց նրանց եւ բժշկեց նրանց հիւանդներին: 15 Երեկոյեան դէմ աշակերտները մօտեցան նրան եւ ասացին. «Այս տեղը ամայի է, եւ օրը տարաժամել է. արձակի՛ր այդ ժողովրդի բազմութեանը, որպէսզի գնայ շրջակայ գիւղերը, իր համար ուտելիք գնի»: 16 Եւ Յիսուս ասաց. «Հարկ չկայ, որ նրանք գնան, դո՛ւք նրանց ուտելու բան տուէք»: 17 Եւ նրանք ասացին նրան. «Այստեղ ուրիշ բան չունենք, բացի հինգ նկանակից եւ երկու ձկից»: 18 Եւ նրանց ասաց. «Այստե՛ղ բերէք այդ»: 19 Եւ հրամայեց ժողովրդի բազմութիւնը նստեցնել խոտի վրայ. եւ վերցնելով հինգ նկանակն ու երկու ձկները՝ նայեց դէպի երկինք, օրհնեց, կտրեց եւ նկանակները աշակերտներին տուեց. իսկ աշակերտները՝ ժողովրդին: 20 Բոլորը կերան ու յագեցան: Եւ տասներկու սակառ լիքը կտորտանքների մնացորդներ վերցրին: 21 Եւ նրանք, որ կերան, մօտ հինգ հազար հոգի էին՝ չհաշուած կանանց եւ երեխաներին: 22 Եւ նա իսկոյն իր աշակերտներին ստիպեց նաւակ մտնել եւ առաջանալ դէպի միւս կողմը, մինչեւ որ ինքը ժողովրդի բազմութեանն արձակի: 23 Եւ երբ ժողովրդի բազմութեանն արձակեց, առանձին լեռ բարձրացաւ աղօթելու համար: Եւ երբ երեկոյ եղաւ, այնտեղ էր, մենակ: 24 Նաւակը ցամաքից մղոններով հեռացել էր՝ դէս ու դէն քշուելով ալիքներից, քանի որ քամին դիմացից էր: 25 Եւ գիշերուայ ուշ ժամին Յիսուս եկաւ նրանց մօտ՝ քայլելով ծովի վրայով: 26 Երբ աշակերտները նրան տեսան ծովի վրայ քայլելիս, տագնապահար եղան եւ ասացին՝ «Ինչ-որ ուրուական է», ու սարսափից աղաղակեցին: 27 Յիսուս իսկոյն խօսեց նրանց հետ ու ասաց. «Սրտապնդուեցէ՛ք, ես եմ, մի՛ վախեցէք»: 28 Պետրոսը նրան պատասխանեց ու ասաց. «Տէ՛ր, եթէ դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով քեզ մօտ գալ»: 29 Եւ նա ասաց՝ արի՛: Եւ Պետրոսը, նաւակից իջնելով, քայլեց ջրի վրայով ու եկաւ Յիսուսի մօտ: 30 Սակայն տեսնելով ուժգին քամին՝ վախեցաւ: Եւ երբ սկսեց սուզուել, աղաղակեց ու ասաց. «Տէ՛ր, փրկի՛ր ինձ»: 31 Եւ իսկոյն Յիսուս երկարեց իր ձեռքը, բռնեց նրան ու ասաց. «Թերահաւա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր»: 32 Եւ երբ նրանք նաւակ բարձրացան, քամին հանդարտուեց: 33 Եւ նրանք, որ նաւակի մէջ էին, մօտեցան, երկրպագեցին նրան ու ասացին. «Արդարեւ, Աստծոյ Որդին ես դու»: 34 Եւ կտրել-անցնելով ցամաք ելան Գեննեսարէթում: 35 Եւ երբ այդ տեղի մարդիկ նրան ճանաչեցին, մարդ ուղարկեցին ամբողջ գաւառով մէկ ու բոլոր հիւանդներին նրա մօտ բերեցին: 36 Եւ աղաչում էին նրան, որ գոնէ միայն նրա զգեստի քղանցքներին դիպչեն. եւ նրանք, որ մի անգամ դիպան, բժշկուեցին:
151 Այն ժամանակ Յիսուսին մօտեցան փարիսեցիներ ու օրէնսգէտներ, որոնք Երուսաղէմից էին, եւ ասացին. 2 «Ինչո՞ւ քո աշակերտները նախնիների աւանդութիւնը զանց են առնում, քանի որ, երբ հաց են ուտում, ձեռքները չեն լուանում»: 3 Նա պատասխան տուեց եւ ասաց նրանց. «Իսկ դուք ինչո՞ւ զանց էք առնում Աստծոյ պատուիրանը ձեր աւանդութեան պատճառով. 4 քանի որ Աստուած ասաց. “Մեծարի՛ր քո հօրը եւ մօրը”. 5 եւ՝ “Ով վատաբանում է հօրը կամ մօրը, մահուամբ պիտի պատժուի”: 6 Իսկ դուք ասում էք. “Ով իր հօրը կամ մօրը ասի, թէ՝ "Այն, ինչ ինձնից օգտուելու ես, Աստծուն ընծայ է", այլեւս չի մեծարի իր հօրը կամ իր մօրը”. ուրեմն, Աստծոյ խօսքը արհամարհում էք ձեր աւանդութեան պատճառով: 7 Կեղծաւորնե՛ր, Եսային լաւ է մարգարէացել ձեզ վրայ եւ ասել. 8 “Այս ժողովուրդը շրթունքներով է ինձ մեծարում, բայց իրենց սիրտը հեռացած, բաժանուած է ինձնից. 9 զուր են ինձ պաշտում. մարդկանց կողմից պատուիրուած վարդապետութիւններ են ուսուցանում”»: 10 Եւ Յիսուս, իր մօտ կանչելով ժողովրդին, ասաց. «Լսեցէ՛ք եւ իմացէ՛ք. 11 ոչ թէ ինչ որ բերանով է մտնում, այն է պղծում մարդուն, այլ ինչ որ ելնում է բերանից, այն է պղծում մարդուն»: 12 Այն ժամանակ նրա աշակերտները մօտեցան եւ ասացին նրան. «Գիտե՞ս, որ փարիսեցիները, երբ այդ խօսքը լսեցին, գայթակղուեցին»: 13 Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Ամէն տունկ, որ իմ երկնաւոր Հայրը չի տնկել, արմատախիլ պիտի արուի: 14 Թողէ՛ք նրանց. կոյրեր են, կոյրերի առաջնորդ. երբ կոյրն է առաջնորդում կոյրին, սխալւում է, եւ երկուսն էլ փոսն են ընկնում»: 15 Պետրոսը պատասխան տուեց նրան եւ ասաց. «Այս առակը բացատրի՛ր մեզ»: 16 Յիսուս ասաց. «Դեռեւս դո՞ւք էլ անհասկացող էք. 17 չէ՞ք իմանում, թէ ամէն ինչ, որ բերան է մտնում, որովայն է գնում եւ դուրս է ելնում: 18 Իսկ ինչ ելնում է բերանից, սրտից է գալիս, եւ այն է մարդուն պղծում, 19 քանի որ սրտից է, որ ելնում են չար խորհուրդներ, սպանութիւններ, շնութիւններ, պոռնկութիւններ, գողութիւններ, սուտ վկայութիւններ, հայհոյանքներ: 20 Այս բոլորն են, որ պղծում են մարդուն. իսկ անլուայ ձեռքերով ուտելը մարդուն չի պղծում»: 21 Յիսուս, այդտեղից ելնելով, գնաց Տիւրոսի եւ Սիդոնի կողմերը: 22 Եւ ահա այդ շրջաններից եկած քանանացի մի կին աղաղակում էր ու ասում. «Ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, Դաւթի՛ Որդի, աղջիկս չարաչար դիւահարւում է»: 23 Բայց նա նրան պատասխան չտուեց, եւ նրա աշակերտները մօտենալով աղաչում էին նրան ու ասում. «Արձակի՛ր նրան, որովհետեւ մեր յետեւից աղաղակում է»: 24 Նա պատասխան տուեց եւ ասաց. «Այլ տեղ չեմ ուղարկուած, եթէ ոչ՝ Իսրայէլի տան կորուսեալ ոչխարների մօտ»: 25 Իսկ կինը մօտենալով երկրպագում էր նրան ու ասում. «Տէ՛ր, օգնի՛ր ինձ»: 26 Նա պատասխանեց նրան եւ ասաց. «Լաւ չէ մանուկների հացն առնել ու շներին գցել»: 27 Եւ նա ասաց. «Այո՛, Տէ՛ր, որովհետեւ շներն էլ կերակրւում են իրենց տիրոջ սեղանից ընկած փշրանքներով»: 28 Այն ժամանակ նրան պատասխանեց եւ ասաց. «Ո՛վ կին, մեծ է քո հաւատը, թող քեզ լինի, ինչպէս որ կամենում ես»: Եւ նրա դուստրը նոյն ժամին բժշկուեց: 29 Եւ Յիսուս, մեկնելով այդտեղից, եկաւ Գալիլիայի ծովեզերքը եւ լեռը բարձրանալով՝ նստեց այնտեղ: 30 Նրան մօտեցաւ բազում ժողովուրդ. նրանց մէջ կային կաղեր, կոյրեր, համրեր, հաշմուածներ եւ ուրիշ շատեր: Սրանց բերեցին գցեցին նրա ոտքերի առջեւ, եւ նա նրանց բժշկեց. 31 այնպէս որ ժողովուրդը զարմանում էր՝ տեսնելով, որ համրերը խօսում են, կաղերը՝ քայլում, հաշմանդամները՝ բժշկւում, կոյրերը՝ տեսնում. եւ փառք էին տալիս Իսրայէլի Աստծուն: 32 Եւ Յիսուս, իր մօտ կանչելով աշակերտներին, ասաց. «Խղճում եմ այս ժողովրդին, որովհետեւ ահա երեք օր է, որ ինձ մօտ են եւ բան չունեն, որ ուտեն. եւ նրանց չեմ կամենում սոված արձակել. գուցէ ճանապարհին ուժասպառ լինեն»: 33 Աշակերտները նրան ասացին. «Իսկ այժմ այս ամայութեան մէջ որտեղի՞ց է մեզ այնչափ հաց այսքան ժողովուրդ կշտացնելու համար»: 34 Եւ Յիսուս նրանց ասաց. «Քանի՞ նկանակ ունէք»: Եւ նրանք ասացին. «Եօթ եւ՝ մի քանի ձուկ»: 35 Եւ նա հրամայեց ժողովրդին, որ նստեն գետնի վրայ: 36 Եւ վերցնելով եօթ նկանակն ու ձկները՝ գոհութիւն յայտնեց Աստծուն եւ կտրեց ու տուեց աշակերտներին, եւ նրանք էլ՝ ժողովրդին: 37 Բոլորը կերան ու յագեցան. եւ եօթ լիքը զամբիւղ կտորտանքների մնացորդներ վերցրին: 38 Եւ նրանք, որ կերան, մօտ չորս հազար հոգի էին՝ չհաշուած կանանց ու երեխաներին: 39 Երբ նա ժողովրդի բազմութիւնն արձակեց, նաւակ բարձրացաւ ու եկաւ Մագդաղիայի սահմանները:
161 Փարիսեցիներն ու սադուկեցիները մօտեցան ու փորձելով՝ նրանից ուզում էին, որ ցոյց տայ իրենց երկնային մի նշան: 2 Իսկ նա պատասխան տուեց եւ ասաց նրանց. 4 «Չար եւ շնացող մի սերունդ նշան է ուզում, եւ սակայն նրան նշան չպիտի տրուի, բացի Յովնան մարգարէի նշանից»: Եւ նրանց թողեց ու գնաց: 5 Աշակերտներն էլ գնացին ծովի այն կողմը, բայց մոռացան հաց վերցնել: 6 Յիսուս նրանց ասաց. «Տեսէ՛ք, զգո՛յշ եղէք սադուկեցիների եւ փարիսեցիների խմորից»: 7 Աշակերտները իրենց մէջ խորհում էին ու ասում. «Որովհետեւ հաց չենք վերցրել»: 8 Յիսուս այդ իմացաւ ու ասաց. «Թերահաւատնե՛ր, ինչո՞ւ էք ձեր մտքում խորհում, թէ հաց չունէք: 9 Դեռեւս չէ՞ք իմանում եւ չէ՞ք յիշում հինգ նկանակը, որ կերակրեց հինգ հազարին. եւ քանի՞ սակառ վերցրիք. 10 ոչ էլ՝ եօթ նկանակը՝ չորս հազարին. եւ քանի՞ սակառ վերցրիք: 11 Արդ, ինչպէ՞ս չէք իմանում, թէ հացի համար չէ, որ ձեզ ասացի՝ զգոյշ լինել փարիսեցիների եւ սադուկեցիների խմորից»: 12 Այն ժամանակ իմացան, թէ չէր ասել, որ զգուշանան խմորից, այլ՝ փարիսեցիների եւ սադուկեցիների ուսուցումից: 13 Եւ Յիսուս, Փիլիպպեան Կեսարիայի կողմերը գնալով, հարցրեց աշակերտներին ու ասաց. «Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում. ո՞վ է մարդու Որդին»: 14 Եւ նրանք ասացին. «Մէկը թէ՝ Յովհաննէս Մկրտիչը, եւ ուրիշներ՝ Եղիան, իսկ ոմանք թէ՝ Երեմիան կամ մարգարէներից մէկը»: 15 Յիսուս նրանց ասաց. «Իսկ դուք իմ մասին ի՞նչ էք ասում. ո՞վ եմ ես»: 16 Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծոյ Որդին»: 17 Յիսուս պատասխանեց եւ նրան ասաց. «Երանի՜ է քեզ, Սիմո՛ն, Յովնանի՛ որդի, որովհետեւ մարմինը եւ արիւնը չէ, որ յայտնեց քեզ, այլ՝ իմ Հայրը, որ երկնքում է: 18 Եւ ես քեզ ասում եմ, որ դու վէմ ես, եւ այդ վէմի վրայ պիտի շինեմ իմ Եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի յաղթահարեն: 19 Եւ քեզ պիտի տամ երկնքի արքայութեան բանալիները, եւ ինչ որ մի անգամ կապես երկրի վրայ, կապուած պիտի լինի երկնքում: Եւ ինչ որ արձակես երկրի վրայ, արձակուած պիտի լինի երկնքում»: 20 Այն ժամանակ խստիւ պատուիրեց աշակերտներին, որ ոչ ոքի չասեն, թէ ինքն է Քրիստոսը: 21 Դրանից յետոյ Յիսուս սկսեց յստակօրէն յայտնել աշակերտներին, թէ պէտք է, որ ինքը Երուսաղէմ գնայ, բազում չարչարանքներ կրի եւ անարգուի քահանայապետներից, օրէնսգէտներից, ժողովրդի ծերերից, սպանուի եւ երրորդ օրը յարութիւն առնի: 22 Եւ Պետրոսը, նրան մի կողմ տանելով, սկսեց վիճել նրա հետ ու ասել. «Քա՛ւ լիցի քեզ, Տէ՛ր, այդ քեզ չի պատահի»: 23 Եւ նա, դառնալով Պետրոսին, ասաց. «Ետե՛ւս գնա, սատանա՛յ, դու գայթակղութիւն ես ինձ համար. որովհետեւ քո խորհուրդը Աստծունը չէ, այլ՝ մարդկանցը»: 24 Այն ժամանակ Յիսուս իր աշակերտներին ասաց. «Եթէ մէկը կամենում է հետեւել ինձ, թող ուրանայ իր անձը, վերցնի իր խաչը եւ գայ իմ յետեւից. 25 որովհետեւ ով կամենայ իր անձը փրկել, այն կկորցնի. եւ ով ինձ համար իր անձը կորցնի, կգտնի այն: 26 Ի՛նչ օգուտ կունենայ մարդ, եթէ այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կործանի: Կամ՝ մարդ իր անձի փոխարէն ի՞նչ փրկանք պիտի տայ. 27 քանի որ մարդու Որդին գալու է իր Հօր փառքով՝ իր հրեշտակների հետ միասին եւ այն ժամանակ իւրաքանչիւրին կհատուցի ըստ իր գործերի: 28 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այստեղ գտնուողների մէջ կան ոմանք, որոնք մահը չեն ճաշակի, մինչեւ որ չտեսնեն մարդու Որդուն՝ եկած իր արքայութեամբ»:
171 Եւ վեց օր յետոյ Յիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Յակոբոսին եւ նրա եղբօրը՝ Յովհաննէսին, եւ նրանց հանեց, առանձին, մի բարձր լեռ 2 եւ նրանց առաջ պայծառակերպուեց. եւ նրա դէմքը փայլեց, ինչպէս արեգակը. եւ նրա զգեստները դարձան սպիտակ, ինչպէս լոյսը: 3 Եւ ահա նրանց երեւացին Մովսէսն ու Եղիան, որ խօսում էին նրա հետ: 4 Պետրոսը պատասխան տուեց եւ ասաց Յիսուսին. «Տէ՛ր, լաւ է, որ մենք այստեղ ենք. եթէ կամենաս, երեք տաղաւարներ շինենք. մէկը՝ քեզ համար, մէկը՝ Մովսէսի, մէկն էլ՝ Եղիայի»: 5 Եւ մինչ նա դեռ խօսում էր, ահա մի լուսաւոր ամպ նրանց վրայ հովանի եղաւ. ամպից մի ձայն եկաւ ու ասաց. «Դա է իմ սիրելի Որդին, որին հաւանեցի, նրա՛ն լսեցէք»: 6 Երբ աշակերտները այս լսեցին, իրենց երեսի վրայ ընկան եւ սաստիկ վախեցան: 7 Եւ Յիսուս մօտենալով դիպաւ նրանց ու ասաց. «Ոտքի՛ ելէք եւ մի՛ վախեցէք»: 8 Նրանք աչքները բարձրացրին եւ Յիսուսից բացի ոչ ոքի չտեսան: 9 Եւ մինչ լեռից իջնում էին, Յիսուս նրանց պատուիրեց ու ասաց. «Այդ տեսիլքը մարդու չասէք, մինչեւ որ մարդու Որդին մեռելներից յարութիւն առնի»: 10 Աշակերտները նրան հարցրին եւ ասացին. «Հապա ինչո՞ւ օրէնսգէտներն ասում են, թէ նախ Եղիան պիտի գայ»: 11 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Եղիան կգայ եւ կվերահաստատի ամէն ինչ. 12 բայց ձեզ ասում եմ, որ Եղիան արդէն իսկ եկել է. բայց նրան չճանաչեցին, այլ ինչ որ կամեցան, արեցին նրան. նոյնպէս եւ մարդու Որդին նրանց ձեռքով չարչարուելու է»: 13 Այն ժամանակ աշակերտները հասկացան, թէ Յովհաննէս Մկրտչի մասին էր ասել իրենց: 14 Երբ ժողովրդի մէջ եկան, մի մարդ մօտեցաւ, ծնկի եկաւ եւ ասաց. «Տէ՛ր, ողորմի՛ր իմ որդուն, որովհետեւ լուսնոտութիւնից է տառապում եւ չարաչար տանջւում է. շատ անգամ կրակի մէջ է ընկնում եւ երբեմն՝ ջրի մէջ: 15 Նրան քո աշակերտների մօտ տարայ, եւ չկարողացան բժշկել»: 16 Յիսուս պատասխան տուեց ու ասաց. «Ո՛վ անհաւատ եւ մոլորուած սերունդ, մինչեւ ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ, մինչեւ ե՞րբ ձեզ պիտի հանդուրժեմ. նրան ինձ մօ՛տ բեր»: 17 Եւ Յիսուս նրան սաստեց, դեւը նրանից դուրս եկաւ, եւ մանուկը հէնց այդ րոպէից բժշկուեց: 18 Այն ժամանակ աշակերտները առանձին մօտեցան եւ Յիսուսին ասացին. «Մենք ինչո՞ւ այն հանել չկարողացանք»: 19 Եւ Յիսուս նրանց ասաց. «Ձեր թերահաւատութեան պատճառով. ճշմարիտ եմ ասում ձեզ, եթէ մանանեխի հատիկի չափ հաւատ ունենաք, այս լեռանը կասէք՝ “Տեղափոխուի՛ր այստեղից այնտեղ”, եւ կտեղափոխուի. եւ որեւէ բան ձեզ համար անհնարին չի լինի: 20 Բայց այս տեսակ դեւը այլ կերպ դուրս չի ելնում, եթէ ոչ՝ աղօթքով ու ծոմապահութեամբ»: 21 Եւ մինչ նրանք Գալիլիայում դեռ շրջում էին, Յիսուս իր աշակերտներին ասաց. «Մարդո Որդին մատնուելու է մարդկանց ձեռքը, 22 ու նրան պիտի սպանեն, եւ նա երրորդ օրը յարութիւն պիտի առնի»: Եւ նրանք շատ տխրեցին: 23 Երբ նրանք Կափառնայում եկան, երկդրամեան տուրքը պահանջողները մօտեցան Պետրոսին եւ ասացին. «Ձեր վարդապետը երկդրամեանը չի՞ տալիս»: Եւ Պետրոսն ասաց՝ այո՛: 24 Եւ երբ տուն մտան, Յիսուս կանխեց նրան ու ասաց. «Քեզ ինչպէ՞ս է թւում, Սիմո՛ն. ազգերի թագաւորները հարկերը կամ տուրքը ումի՞ց են առնում՝ իրենց որդիների՞ց, թէ՞ օտարներից»: 25 Եւ երբ ասաց՝ օտարներից, Յիսուս նրան ասաց. «Ապա ուրեմն որդիներն ազատ են: 26 Բայց որպէսզի նրանց չգայթակղենք, գնա՛ ծով ու կարթ գցիր, եւ առաջին ձուկը, որ դուրս կելնի, վերցրու ու բա՛ց նրա բերանը եւ մի արծաթ դրամ կգտնես. այն ա՛ռ եւ իմ ու քո տեղ նրանց կտաս»:
181 Այն օրը աշակերտները մօտեցան Յիսուսին եւ ասացին. «Մեզնից ո՞վ է մեծ երկնքի արքայութեան մէջ»: 2 Եւ Յիսուս իր մօտ կանչեց մի մանուկ, կանգնեցրեց նրան նրանց մէջ 3 ու ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. եթէ չդառնաք ու չլինէք մանուկների պէս, երկնքի արքայութիւնը չէք մտնի: 4 Արդ, ով իր անձը խոնարհեցնում է, ինչպէս այս մանուկը, երկնքի արքայութեան մէջ նա է մեծ: 5 Եւ ով որ իմ անունով մի այսպիսի մանուկ ընդունի, ի՛նձ կընդունի: 6 Եւ ով որ ինձ հաւատացող այս փոքրիկներից մէկին գայթակղի, նրա համար լաւ կլինի, որ նրա պարանոցից էշի երկանաքար կախուի, եւ նա սուզուի ծովի խորքը: 7 Վա՜յ աշխարհին գայթակղութիւնների պատճառով. գայթակղութիւններ պէտք է, որ գան, բայց վա՜յ այն մարդուն, որի միջոցով կգայ գայթակղութիւնը: 8 Եթէ քո ձեռքը կամ ոտքը քեզ գայթակղում է, կտրի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. լաւ է, որ դու մէկ ձեռքով կամ կաղ մտնես կեանք, քան երկու ձեռք ու երկու ոտք ունենաս եւ յաւիտենական կրակի մէջ ընկնես: 9 Եւ եթէ քո աչքն է գայթակղում քեզ, հանի՛ր այն եւ դէ՛ն գցիր քեզնից. լաւ է, որ դու միաչքանի մտնես կեանք, քան երկու աչք ունենաս եւ ընկնես գեհենի կրակը: 10 Զգո՛յշ եղէք, որ այս փոքրիկներից մէկին չարհամարհէք. ասում եմ ձեզ, որ երկնքում նրանց հրեշտակները մշտապէս տեսնում են երեսն իմ Հօր, որ երկնքում է. 11 որովհետեւ մարդու Որդին եկաւ՝ փրկելու կորածը: 12 Ձեզ ինչպէ՞ս է թւում. եթէ մի մարդ հարիւր ոչխար ունենայ, եւ նրանցից մէկը մոլորուի, իննսունինը ոչխարը լեռան վրայ չի՞ թողնի ու գնայ որոնելու մոլորուածին: 13 Եւ եթէ պատահի, որ այն գտնի, ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ նրա վրայ աւելի կուրախանայ, քան իննսունիննի վրայ, որ մոլորուած չեն: 14 Այսպէս իմ երկնաւոր Հօր կամքը չէ, որ այս փոքրիկներից մէկը կորչի: 15 Եթէ եղբայրդ քո դէմ մեղանչի, գնա յանդիմանի՛ր նրան, երբ դու եւ նա մենակ էք. եթէ քեզ լսի, քո եղբօրը շահեցիր: 16 Իսկ եթէ քեզ չլսի, ա՛ռ քեզ հետ մէկին եւ կամ երկուսին, որպէսզի երկու կամ երեք վկաների բերանով հաստատուի ամէն ինչ: 17 Իսկ եթէ նրանց էլ չլսի, կասես հաւատացեալների ժողովում. իսկ եթէ նրանց էլ չլսի, թող նա քեզ համար լինի, ինչպէս հեթանոսը եւ մաքսաւորը: 18 Ճշմարիտ եմ ասում ձեզ. ինչ որ կապէք երկրի վրայ, կապուած պիտի լինի երկնքում: Եւ ինչ որ արձակէք երկրի վրայ, թող արձակուած լինի երկնքում: 19 Դարձեալ ձեզ ասում եմ. եթէ ձեզնից երկուսը միաբանուեն երկրի վրայ որեւէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կկատարուի նրանց համար իմ Հօր կողմից, որ երկնքում է. 20 որովհետեւ ուր երկու կամ երեք հոգի հաւաքուած լինեն իմ անունով, այնտեղ եմ ես՝ նրանց մէջ»: 21 Այն ժամանակ Պետրոսը մօտեցաւ նրան ու ասաց. «Տէ՛ր, քանի՞ անգամ, եթէ եղբայրս իմ դէմ մեղանչի, պէտք է ներեմ նրան. մինչեւ եօ՞թ անգամ»: 22 Յիսուս նրան ասաց. «Քեզ չեմ ասում, թէ՝ մինչեւ եօթ անգամ, այլ՝ մինչեւ եօթանասուն անգամ եօթ: 23 Այսպէս երկնքի արքայութիւնը նմանւում է մի թագաւորի, որ կամեցաւ ծառաների հետ իր հաշիւները կարգադրել: 24 Եւ երբ սկսեց հաշիւն ընդունել, նրա մօտ բերուեց տասը հազար քանքարի մի պարտապան: 25 Եւ քանի որ նա վճարելու բան չունէր, նրա տէրը հրամայեց վաճառել նրան եւ նրա կնոջն ու որդիներին եւ այն ամէնը, ինչ նա ունէր, եւ պարտքը հատուցել: 26 Եւ ծառան գետնին ընկնելով երկրպագում էր նրան եւ ասում. “Համբերո՛ղ եղիր իմ հանդէպ, եւ բոլորը կվճարեմ քեզ”: 27 Այդ ծառայի տէրը գթալով արձակեց նրան եւ պարտքը նրան շնորհեց: 28 Իսկ ծառան դուրս ելնելով գտաւ իր ծառայակիցներից մէկին, որ իրեն հարիւր դահեկան պարտք էր: Եւ նրան բռնելով խեղդում էր ու ասում. “Վճարի՛ր ինձ, ինչ որ պարտք ես”: 28 Իսկ ծառայակիցը, ընկնելով նրա ոտքերը, աղաչում էր նրան եւ ասում. “Համբերո՛ղ եղիր իմ հանդէպ, եւ կվճարեմ քեզ”: 30 Իսկ սա չէր կամենում. գնաց, նրան բանտ նետել տուեց, մինչեւ որ պարտքը վճարէր: 31 Նրա ծառայակիցները, երբ տեսան եղածը, շատ տրտմեցին եւ եկան ու իրենց տիրոջը պատմեցին այն ամէնը, ինչ եղել էր: 32 Այն ժամանակ տէրը կանչեց նրան եւ ասաց. “Չա՛ր ծառայ, քո ամբողջ պարտքը քեզ շնորհեցի նրա համար, որ աղաչեցիր ինձ. 33 իսկ պէտք չէ՞ր, որ դու էլ գթայիր քո ծառայակցին, ինչպէս ես էլ քեզ գթացի”: 34 Եւ նրա տէրը բարկանալով նրան յանձնեց դահիճներին, մինչեւ որ հատուցէր բոլոր պարտքերը: 35 Նոյնը պիտի անի ձեզ եւ իմ Հայրը, որ երկնքում է, եթէ ձեզնից իւրաքանչիւրը սրտանց չների իր եղբօրը նրա յանցանքները»:
191 Եւ երբ Յիսուս աւարտեց այս խօսքերը, Գալիլիայից տեղափոխուեց եւ եկաւ Հրէաստանի սահմանները՝ Յորդանանի միւս կողմը: 2 Եւ նրա յետեւից բազում ժողովուրդ գնաց, եւ այնտեղ նրանց բժշկեց: 3 Եւ փարիսեցիները, մօտենալով նրան, փորձեցին եւ ասացին. «Օրինաւո՞ր է, որ մէկն իր կնոջը արձակի ամէն մի յանցանքի պատճառով»: 4 Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Դուք չէ՞ք կարդացել, թէ նա, ով սկզբից ստեղծեց, արու եւ էգ արեց նրանց եւ ասաց. 5 “Դրա համար տղամարդը պիտի թողնի հօրը եւ մօրը ու պիտի գնայ իր կնոջ յետեւից. եւ երկուսը մէկ մարմին պիտի լինեն”: 6 Ապա ուրեմն, ոչ թէ երկու, այլ մէկ մարմին են: Արդ, ինչ որ Աստուած միացրեց, մարդը թող չբաժանի»: 7 Նրան ասացին. «Իսկ Մովսէսն ինչո՞ւ մեզ պատուիրեց ապահարզանի թուղթ տալ ու արձակել»: 8 Յիսուս նրանց ասաց. «Մովսէսը ձեր խստասրտութեան պատճառով ձեզ թոյլ տուեց արձակել ձեր կանանց, բայց սկզբից այդպէս չի եղել: 9 Սակայն ասում եմ ձեզ, թէ ով իր կնոջն արձակում է, եւ դա պոռնկութեան պատճառով չէ, եւ ուրիշին է առնում, շնանում է. շնանում է եւ նա, ով արձակուածին է առնում»: 10 Իր աշակերտները նրան ասացին. «Եթէ այդպիսին է պարագան մարդու եւ կնոջ համար, լաւ է չամուսնանալ»: 11 Եւ նա նրանց ասաց. «Բոլորն ընդունակ չեն այդ բանին, այլ՝ նրանք, որոնց տրուած է. 12 որովհետեւ կան ներքինիներ, որոնք իրենց մօր որովայնից այդպէս են ծնուել. կան ներքինիներ էլ, որոնք մարդկանց կողմից են ներքինի դարձել. ներքինիներ էլ կան, որոնք երկնքի արքայութեան համար իրենք իրենց ներքինիներ են դարձրել. ով կարող է տանել, թող տանի»: 13 Այն ժամանակ նրա մօտ մանուկներ բերուեցին, որ նրանց վրայ ձեռք դնի ու աղօթք անի. իսկ նրա աշակերտները սաստում էին բերողներին: 14 Յիսուս ասաց. «Թո՛յլ տուէք այդ մանուկներին եւ մի՛ արգելէք, որ նրանք ինձ մօտ գան, որովհետեւ երկնքի արքայութիւնը այդպիսիներինն է»: 15 Եւ նրանց վրայ ձեռք դրեց ու այդտեղից գնաց: 16 Եւ ահա մէկը, մօտենալով նրան, ասաց. «Բարի՛ Վարդապետ, ի՞նչ բարիք գործեմ, որ յաւիտենական կեանքն ունենամ»: 17 Եւ նա նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարու մասին հարցնում. մէկ է բարին. եթէ կամենում ես յաւիտենական կեանքը մտնել, պահի՛ր պատուիրանները»: 18 Նա ասաց՝ որո՞նք: Յիսուս նրան ասաց. «Մի՛ սպանիր, մի՛ շնացիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, 19 քո հօրն ու մօրը մեծարի՛ր եւ քո ընկերոջը քո անձի պէս պիտի սիրես»: 20 Երիտասարդը նրան ասաց. «Այդ բոլորը իմ մանկութիւնից ի վեր պահել եմ. արդ, էլ ի՞նչ բանով պակաս եմ դեռ»: 21 Յիսուս նրան ասաց. «Եթէ կամենում ես կատարեալ լինել, գնա վաճառի՛ր քո ունեցուածքը ու տո՛ւր աղքատներին. եւ երկնքում գանձեր կունենաս. եւ դու արի՛ իմ յետեւից»: 22 Երբ երիտասարդը այս խօսքը լսեց, տրտմած գնաց. որովհետեւ շատ հարստութիւն ունէր: 23 Յիսուս աշակերտներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ հարուստը դժուարութեամբ կմտնի երկնքի արքայութիւնը: 24 Դարձեալ ասում եմ ձեզ. աւելի հեշտ է, որ պարանը ասեղի ծակով մտնի, քան թէ հարուստը՝ Աստծոյ արքայութիւնը»: 25 Երբ աշակերտներն այս լսեցին, շատ զարմացան ու ասացին. «Իսկ ո՞վ կկարողանայ փրկուել»: 26 Յիսուս նրանց նայեց եւ ասաց. «Մարդկանց համար այդ անկարելի է, բայց Աստծոյ համար ամէն ինչ կարելի է»: 27 Այն ժամանակ Պետրոսը պատասխան տուեց ու ասաց նրան. «Ահաւասիկ մենք թողեցինք ամէն բան եւ եկանք քո յետեւից. արդ, մենք ի՞նչ կունենանք»: 28 Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ դուք, որ եկաք իմ յետեւից, երկրորդ գալստեանը, երբ որ մարդու Որդին իր փառքի աթոռին կնստի, դուք էլ կնստէք տասներկու աթոռների վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերին: 29 Եւ ամէն ոք, ով թողել է տուն կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիներ, կամ ագարակներ՝ իմ անուան համար, հարիւրապատիկ պիտի ստանայ եւ յաւիտենական կեանքը պիտի ժառանգի: 30 Շատ առաջիններ վերջին պիտի լինեն, եւ վերջիններ՝ առաջին:
201 Երկնքի արքայութիւնը նման է մի տանուտէրի, որ առաւօտեան ելաւ՝ իր այգու համար մշակներ վարձելու: 2 Եւ մշակների օրավարձը մէկ դահեկան սակարկելով՝ նրանց ուղարկեց իր այգին: 3 Եւ առաւօտեան ժամը իննի մօտ դուրս ելնելով՝ տեսաւ ուրիշների, որ պարապ կանգնել էին հրապարակում: 4 Նրանց էլ ասաց. “Դո՛ւք էլ գնացէք իմ այգին, եւ ինչ որ արժան է, կտամ ձեզ”: 5 Նրանք եւս գնացին: Եւ դարձեալ դուրս ելնելով կէսօրին ու կէսօրից յետոյ ժամը երեքի մօտ՝ նոյն ձեւով արեց: 6 Եւ ժամը հինգի մօտ դուրս ելնելով՝ գտաւ ուրիշների, որ պարապ կանգնել էին. նրանց ասաց. “Ինչո՞ւ էք այստեղ ամբողջ օրը պարապ կանգնել”: 7 Նրան ասացին. “Որովհետեւ մեզ ոչ ոք չվարձեց”: Նրանց ասաց. “Դո՛ւք էլ գնացէք այգին, եւ ինչ որ արժան է, կստանաք”: 8 Եւ երբ երեկոյ եղաւ, այգու տէրը իր գործավարին ասաց. “Կանչի՛ր մշակներին եւ տո՛ւր նրանց վարձը՝ սկսած վերջիններից մինչեւ առաջինները”: 9 Երբ եկան ժամը հինգի մօտ վարձուածները, իւրաքանչիւրը մէկ դահեկան ստացաւ: 10 Առաջիններն էլ գալով՝ կարծում էին, թէ աւելի կստանան, բայց նրանք էլ իւրաքանչիւրը մէկ դահեկան ստացան: 11 Երբ առան, տրտնջում էին տանտիրոջից ու ասում. 12 “Դրանք՝ այդ վերջինները, մէկ ժամ գործ արեցին, իսկ դու նրանց հաւասար արեցիր մեզ, որ տարանք օրուայ ծանրութիւնը եւ տօթը”: 13 Նա պատասխանեց նրանցից մէկին եւ ասաց. “Ընկե՛ր, քեզ չեմ զրկում. չէ՞ որ ինձ հետ մէկ դահեկանի սակարկեցիր. 14 ստացի՛ր քոնը եւ գնա՛. այս վերջիններին կամենում եմ տալ, որքան եւ քեզ. 15 մի՞թէ իրաւունք չունեմ իմ ունեցածի հետ վարուելու, ինչպէս կամենում եմ: Կամ թէ նախանձո՞ւմ ես, որ ես առատաձեռն եմ”: 16 Այսպէս, վերջինները առաջին պիտի լինեն, եւ առաջինները՝ վերջին. որովհետեւ բազում են կանչուածները, բայց սակաւ են ընտրեալները»: 17 Երբ Յիսուս Երուսաղէմ էր բարձրանում, տասներկուսին առանձին իր հետ վերցրեց եւ ճանապարհին ասաց նրանց. 18 «Ահաւասիկ Երուսաղէմ ենք բարձրանում, եւ մարդու Որդին պիտի մատնուի քահանայապետներին ու օրէնսգէտներին. եւ նրան մահուան պիտի դատապարտեն 19 ու նրան հեթանոսներին պիտի մատնեն ծաղրուելու, ծեծուելու եւ խաչը հանուելու համար, սակայն նա երրորդ օրը յարութիւն պիտի առնի»: 20 Այն ժամանակ նրան մօտեցաւ Զեբեդէոսի որդիների մայրը՝ իր որդիների հետ միասին. նա երկրպագում էր ու նրանից մի բան ուզում: 21 Եւ նա նրան ասաց. «Ի՞նչ ես ուզում»: Կինն ասաց նրան. «Ասա՛, որ սրանք՝ իմ այս երկու որդիները, նստեն քո արքայութեան մէջ, մէկը՝ քո աջ կողմում, եւ միւսը՝ ձախ կողմում»: 22 Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Չէք իմանում՝ ինչ էք խնդրում. կարո՞ղ էք խմել այն բաժակը, որը ես խմելու եմ. կամ՝ մկրտուել այն մկրտութեամբ, որով ես մկրտուելու եմ»: Նրան ասացին՝ կարող ենք: 23 Յիսուս նրանց ասաց. «Իմ բաժակը կխմէք, եւ այն մկրտութեամբ, որով ես մկրտւում եմ, կմկրտուէք, բայց նստեցնել իմ աջ եւ ձախ կողմերում՝ ես չէ, որ կտամ, այլ այդ նրանց համար է, որոնց տրուած է իմ Հօրից»: 24 Եւ տասը աշակերտները, այս լսելով, բարկացան երկու եղբայրների վրայ: 25 Յիսուս նրանց իր մօտ կանչեց ու ասաց. «Գիտէք, որ ազգերի իշխանաւորները տիրում են ազգերի վրայ, եւ մեծամեծները իշխում են նրանց վրայ: 26 Ձեր մէջ եւս չպէտք է այդպէս լինի. այլ ձեզնից ով կամենայ մեծ լինել, ձեր ծառան պիտի լինի. 27 եւ ձեզնից ով կամենայ առաջին լինել, ձեր ծառան պիտի լինի. 28 ինչպէս որ մարդու Որդին չեկաւ ծառայութիւն ընդունելու, այլ՝ ծառայելու եւ իր անձը տալու որպէս փրկանք շատերի փոխարէն»: 29 Եւ երբ նրանք Երիքովից դուրս էին գալիս, Յիսուսի յետեւից բազում ժողովուրդ գնաց: 30 Եւ ահա երկու կոյրեր նստած էին ճանապարհի եզերքին: Երբ լսեցին, թէ Յիսուս անցնում է, աղաղակեցին ու ասացին. «Ողորմի՛ր մեզ, Յիսո՛ւս, Դաւթի՛ Որդի»: 31 Եւ ամբոխը յանդիմանեց նրանց, որ լռեն: Իսկ նրանք առաւել եւս աղաղակում էին ու ասում. «Ողորմի՛ր մեզ, Տէ՛ր, Դաւթի՛ Որդի»: 32 Յիսուս տեղում կանգ առաւ, կանչեց նրանց եւ ասաց. «Ի՞նչ էք կամենում, որ ձեզ անեմ»: 33 Նրան ասացին. «Որ մեր աչքերը բացուեն, Տէ՛ր»: 34 Եւ գթալով Յիսուս դիպաւ նրանց աչքերին, եւ նրանք իսկոյն տեսան ու գնացին նրա յետեւից:
211 Երբ Երուսաղէմին մօտեցան եւ եկան Բեթփագէ՝ Ձիթենեաց լեռան մօտ, այն ժամանակ Յիսուս իր աշակերտներից երկուսին ուղարկեց ու նրանց ասաց. 2 «Գնացէ՛ք այդ գիւղը, որ ձեր դիմաց է, եւ այնտեղ կգտնէք կապուած մի էշ եւ նրա հետ՝ մի քուռակ. արձակեցէք, բերէք ինձ: 3 Եւ եթէ մէկը ձեզ բան ասի, կասէք, որ Տիրոջը պէտք են. եւ նա իսկոյն դրանք կուղարկի: 4 Բայց այս բոլորը եղաւ, որպէսզի կատարուի մարգարէի խօսքը, որ ասում է. 5 “Ասացէ՛ք Սիոնի դստերը. ահա դէպի քեզ է գալիս քո Թագաւորը՝ հեզ եւ նստած էշի ու էշի քուռակի վրայ”»: 6 Աշակերտները գնացին եւ արեցին, ինչպէս Յիսուս իրենց հրամայել էր. 7 եւ էշն ու քուռակը բերեցին, նրանց վրայ զգեստներ գցեցին. եւ նա նստեց դրանց վրայ: 8 Եւ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեցին ճանապարհի վրայ, իսկ ուրիշներ ծառերից ճիւղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրայ: 9 Առաջից եւ յետեւից գնացող ժողովրդի բազմութիւնը աղաղակում էր ու ասում. «Օրհնութի՜ւն Դաւթի Որդուն, օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնութի՜ւն բարձունքներում»: 10 Եւ երբ նա մտաւ Երուսաղէմ, ամբողջ քաղաքը դղրդաց, եւ ասում էին. «Ո՞վ է սա»: 11 Իսկ ժողովրդի բազմութիւնն ասում էր. «Սա Յիսուս Մարգարէն է, որ Գալիլիայի Նազարէթ քաղաքից է»: 12 Եւ Յիսուս մտաւ տաճար ու դուրս հանեց բոլոր նրանց, որ տաճարի մէջ վաճառում ու գնումներ էին անում. նա շուռ տուեց լումայափոխների սեղաններն ու աղաւնեվաճառների աթոռները: 13 Եւ նրանց ասաց. «Գրուած է՝ իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի. իսկ դուք աւազակների որջ էք արել այդ»: 14 Տաճարի մէջ կոյրեր եւ կաղեր Յիսուսին մօտեցան, եւ նա բժշկեց նրանց: 15 Երբ քահանայապետներն ու օրէնսգէտները տեսան այն սքանչելիքները, որ նա արեց, եւ մանուկներին, որ տաճարի մէջ աղաղակում էին ու ասում՝ «Օրհնութի՜ւն Դաւթի Որդուն», բարկացան. 16 եւ ասացին նրան. «Լսո՞ւմ ես՝ դրանք ինչ են ասում»: Յիսուս նրանց ասաց. «Այո՛, դուք չէ՞ք կարդացել, թէ՝ երեխաների ու ծծկերների բերանով օրհնութիւն կատարեցիր»: 17 Եւ նրանց թողնելով՝ ելաւ քաղաքից դուրս՝ դէպի Բեթանիա. եւ այնտեղ գիշերեց: 18 Եւ առաւօտեան, երբ քաղաք վերադարձաւ, քաղց զգաց: 19 Եւ ճանապարհի վրայ մի թզենի տեսնելով՝ եկաւ դէպի այն եւ նրա վրայ ոչինչ չգտաւ, այլ միայն՝ տերեւ: Եւ թզենուն ասաց. «Այսուհետեւ քեզնից յաւիտեան պտուղ թող չլինի»: Եւ նոյն պահին թզենին չորացաւ: 20 Երբ աշակերտներն այս տեսան, զարմացան ու ասացին. «Ինչպէ՞ս թզենին իսկոյն չորացաւ»: 21 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. եթէ հաւատ ունենաք եւ չերկմտէք, ոչ միայն կանէք այդ թզենուն պատահածը, այլ թէկուզ եւ այդ լեռանն ասէք՝ “Ելի՛ր ու ծո՛վն ընկիր”, այն կկատարուի: 22 Եւ ամէն ինչ, որ ուզէք աղօթքի մէջ հաւատով, կստանաք»: 23 Եւ երբ տաճար եկաւ, մինչ ուսուցանում էր, նրան մօտեցան քահանայապետները, ժողովրդի ծերերը եւ ասացին. «Ի՞նչ իշխանութեամբ ես այդ անում, եւ ո՞վ տուեց քեզ այդ իշխանութիւնը»: 24 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Ես էլ ձեզ մի բան հարցնեմ. եթէ ինձ ասէք, ես էլ ձեզ կասեմ, թէ ինչ իշխանութեամբ եմ այս անում: 25 Յովհաննէսի մկրտութիւնը որտեղի՞ց էր՝ երկնքի՞ց, թէ՞ մարդկանցից»: Նրանք իրար մէջ խորհուրդ էին անում ու ասում. «Եթէ ասենք՝ երկնքից, մեզ կասի՝ իսկ ինչո՞ւ չհաւատացիք նրան. 26 իսկ եթէ ասենք՝ մարդկանցից, ժողովրդից վախենում ենք, որովհետեւ բոլորն էլ Յովհաննէսին որպէս մարգարէ են ընդունում»: 27 Պատասխանեցին Յիսուսին ու ասացին՝ չգիտենք: Նա էլ նրանց ասաց. «Ես էլ ձեզ չեմ ասի, թէ ինչ իշխանութեամբ եմ այս անում: 28 Բայց ինչպէ՞ս է ձեզ թւում. մի մարդ երկու որդի ունէր: Առաջինին մօտենալով՝ նա ասաց. «Որդեա՛կ, գնա այսօր աշխատի՛ր այգում»: 29 Սա պատասխանեց ու ասաց. «Գնում եմ, տէ՛ր». ու չգնաց: 30 Մօտեցաւ միւսին էլ եւ նոյնն ասաց: Սա պատասխանեց ու ասաց. «Չեմ ուզում»: Բայց յետոյ զղջաց եւ գնաց այգին: 31 Արդ, երկուսից ո՞վ կատարեց հօր կամքը»: Նրանք ասացին՝ վերջինը: Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մաքսաւորները ու պոռնիկները ձեզնից առաջ պիտի հասնեն արքայութիւն, 32 որովհետեւ Յովհաննէսը արդարութեան ճանապարհով եկաւ, եւ նրան չհաւատացիք. իսկ մաքսաւորներն ու պոռնիկները հաւատացին նրան. եւ դուք այդ տեսաք եւ յետոյ էլ չզղջացիք, որ նրան հաւատայիք: 33 Լսեցէ՛ք մի այլ առակ. մի տանուտէր կար, որ այգի տնկեց եւ այն ցանկապատեց ու նրա մէջ հնձան փորեց եւ աշտարակ շինեց. ապա այն վարձու տուեց մշակներին եւ գնաց հեռու երկիր: 34 Երբ պտղի ժամանակը մօտեցաւ, իր ծառաներին ուղարկեց այն մշակների մօտ, որպէսզի բերքից իր բաժինը առնեն: 35 Իսկ մշակները, նրա ծառաներին բռնելով, մէկին տանջեցին, մէկին սպանեցին, մէկին քարկոծեցին: 36 Դարձեալ ուրիշ ծառաներ ուղարկեց՝ թուով աւելի, քան առաջինները: Եւ սրանց էլ նոյնն արեցին: 37 Յետոյ նրանց մօտ ուղարկեց իր որդուն ու ասաց. «Թերեւս իմ այս որդուց ամաչեն»: 38 Իսկ մշակները, երբ տեսան որդուն, իրենց մտքում ասացին. «Սա է ժառանգը, եկէք սպանենք սրան եւ սրա ժառանգութիւնը մենք սեփականեցնենք»: 39 Եւ նրան բռնեցին, հանեցին այգուց դուրս եւ սպանեցին: 40 Արդ, երբ այգու տէրը գայ, այդ մշակներին ի՞նչ կանի»: 41 Նրանք ասացին նրան. «Չարերին չարաչար կոչնչացնի եւ այգին կտայ այլ մշակների, որոնք նրան կտան պտուղներն իրենց ժամանակին»: 42 Յիսուս նրանց ասաց. «Սուրբ Գրքերում երբեւիցէ չէ՞ք կարդացել. այն վէմը, որ կառուցողները անարգեցին, նա է, որ եղաւ անկիւնաքար. Տիրոջից եղաւ այս եւ մեր աչքին սքանչելի է: 43 Դրա համար ասում եմ ձեզ, որ ձեզնից կվերցուի Աստծոյ արքայութիւնը եւ կտրուի այն ազգին, որ պտղաբեր կդարձնի այն: 44 Եւ ով այս վէմի վրայ ընկնի, կփշրուի, եւ ում վրայ այն ընկնի, նրան կճզմի»: 45 Երբ քահանայապետները եւ օրէնսգէտներն ու փարիսեցիները նրա առակները լսեցին, իմացան, որ իրենց համար ասաց: 46 Եւ ուզում էին նրան բռնել, բայց վախեցան ժողովրդից, քանի որ իբրեւ մարգարէ էին ընդունում նրան:
221 Յիսուս դարձեալ պատասխանեց եւ առակներով ասաց նրանց. 2 «Երկնքի արքայութիւնը նմանուեց մի թագաւորի, որ իր որդու համար հարսանիք արեց: 3 Եւ ուղարկեց իր ծառաներին՝ հրաւիրուածներին հարսանիքի կանչելու. ու նրանք չուզեցին գալ: 4 Դարձեալ ուրիշ ծառաներ ուղարկեց՝ ասելով. “Հրաւիրուածներին ասացէ՛ք. ահա իմ ճաշկերոյթը պատրաստեցի. իմ զուարակները եւ իմ պարարտ անասունները մորթուած են, ու ամէն ինչ պատրաստ է, եկէ՛ք հարսանիքի”: 5 Սակայն նրանք, բանի տեղ չդնելով, գնացին՝ մէկն՝ իր ագարակը, մէկն՝ իր առեւտրին. 6 ուրիշներ էլ բռնեցին նրա ծառաներին, անպատուեցին ու սպանեցին: 7 Իսկ թագաւորը, երբ լսեց, բարկացաւ եւ իր զօրքն ուղարկեց ու բնաջնջեց սպանողներին եւ այրեց նրանց քաղաքը: 8 Ապա իր ծառաներին ասաց. “Հարսանիքը պատրաստ է, բայց հրաւիրուածներն արժանի չէին: 9 Արդ, գնացէ՛ք հրապարակները եւ, ում որ գտնէք, կանչեցէ՛ք հարսանիքի”: 10 Եւ ծառաները, ճանապարհների վրայ ելնելով, հաւաքեցին բոլոր նրանց, ում գտան՝ ե՛ւ չարերին, ե՛ւ բարիներին. եւ հարսանիքը լցուեց հրաւիրուածներով: 11 Եւ երբ թագաւորը ներս մտաւ հրաւիրուածներին նայելու, այնտեղ տեսաւ մի մարդու, որ հարսանիքի զգեստ չէր հագել, ու նրան ասաց. 12 “Ընկե՛ր, որ հարսանիքի զգեստ չունէիր, ինչպէ՞ս այստեղ մտար”: Եւ նա պապանձուեց: 13 Այն ժամանակ թագաւորը ծառաներին ասաց. “Կապեցէ՛ք դրա ոտքերն ու ձեռքերը եւ դո՛ւրս հանեցէք դրան արտաքին խաւարը. այնտեղ կլինի լաց եւ ատամների կրճտում”. 14 որովհետեւ կանչուածները բազում են, իսկ ընտրեալները՝ սակաւ»: 15 Այն ժամանակ փարիսեցիները գնացին, խորհուրդ արեցին նրա մասին, թէ ինչպէս խօսքերով նրան որոգայթ լարեն: 16 Եւ նրա մօտ ուղարկեցին իրենց աշակերտներից ոմանց՝ հերովդէսականների հետ միասին, եւ ասացին. «Վարդապե՛տ, գիտենք, որ ճշմարտախօս ես եւ Աստծոյ ճանապարհը ճշմարտութեամբ ես ուսուցանում. եւ ոչ մէկից չես քաշւում ու ոչ մի մարդու աչառութիւն չես անում: 17 Արդ, ասա՛ մեզ, ինչպէ՞ս է քեզ թւում. պէ՞տք է հարկ տալ կայսրին, թէ՞ ոչ»: 18 Յիսուս հասկացաւ նրանց խորամանկութիւնն ու ասաց. «Ինչո՞ւ էք ինձ փորձում, կեղծաւորնե՛ր, 19 ինձ հարկի դահեկա՛ն ցոյց տուէք»: Եւ նրանք մի դահեկան բերեցին: 20 Եւ նա ասաց նրանց. «Այս պատկերը կամ գիրը ո՞ւմն է»: 21 Նրանք ասացին՝ կայսրինը: Այն ժամանակ նրանց ասաց. «Գնացէք տուէ՛ք կայսրինը կայսերը եւ Աստծունը՝ Աստծուն»: 22 Երբ այս լսեցին, զարմացան եւ թողեցին նրան ու գնացին: 23 Նոյն օրը նրան մօտեցան սադուկեցիները, որոնք ասում էին, թէ յարութիւն չկայ. հարց տուեցին նրան ու ասացին. 24 «Վարդապե՛տ, Մովսէսն ասաց, որ եթէ մէկն անժառանգ մեռնի, նրա եղբայրը նրա կնոջը պիտի առնի եւ իր եղբօրը զաւակ հասցնի: 25 Մեզ մօտ եօթ եղբայրներ կային. առաջինը կին առաւ ու ապա մեռաւ. եւ որովհետեւ զաւակ չունէր, կնոջն իր եղբօրը թողեց: 26 Նոյնպէս եւ՝ երկրորդը եւ երրորդը, մինչեւ եօթերորդը: 27 Բոլորից յետոյ կինն էլ մեռաւ: 28 Արդ, յարութեան ժամանակ եօթից ո՞ւմ կին կլինի նա, քանի որ բոլորն էլ նրան իբրեւ կին ունեցան»: 29 Յիսուս պատասխանեց նրանց ու ասաց. «Մոլորուածնե՛ր, ո՛չ Գրքերն էք հասկանում եւ ո՛չ էլ Աստծոյ զօրութիւնը. 30 որովհետեւ յարութեան ժամանակ ո՛չ կին են առնում եւ ո՛չ էլ մարդի գնում, այլ կլինեն, ինչպէս հրեշտակները երկնքում: 31 Բայց մեռելների յարութեան մասին չէ՞ք կարդացել Աստծուց ձեզ ասուածը. 32 “Ես եմ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը”. եւ Աստուած մեռելների Աստուածը չէ, այլ՝ կենդանիների»: 33 Երբ ժողովուրդն այս լսեց, զարմացաւ նրա ուսուցման վրայ: 34 Իսկ փարիսեցիները երբ լսեցին, թէ նա պապանձեցրեց սադուկեցիներին, ի մի հաւաքուեցին. 35 եւ նրանցից մէկը, նրան փորձելով, հարցրեց ու ասաց. 36 «Վարդապե՛տ, օրէնքի մէջ ո՞ր պատուիրանն է մեծ»: 37 Եւ Յիսուս նրան ասաց. «Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով: 38 Այս է մեծը եւ առաջին պատուիրանը. 39 եւ երկրորդը սրա նման է. «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը»: 40 Այս երկու պատուիրաններից են կախուած ամբողջ օրէնքը եւ մարգարէները»: 41 Եւ երբ փարիսեցիները հաւաքուեցին, Յիսուս նրանց հարցրեց ու ասաց. 42 «Ի՞նչ կարծիք ունէք Քրիստոսի մասին. ո՞ւմ որդին է»: Նրան ասացին՝ Դաւթի: 43 Յիսուս նրանց ասաց. «Իսկ Դաւիթն ինչպէ՞ս նրան Սուրբ Հոգով կոչում է Տէր եւ ասում է. 44 “Տէրն իմ Տիրոջն ասաց. նստի՛ր իմ աջ կողմում, մինչեւ որ քո թշնամիներին դնեմ քո ոտքերի տակ իբրեւ պատուանդան”: 45 Իսկ եթէ Դաւիթը նրան Տէր է կոչում, ինչպէ՞ս նրա որդին կլինի»: 46 Եւ ոչ ոք նրան մի բառ պատասխան չկարողացաւ տալ: Եւ այդ օրուանից ոչ ոք չէր համարձակւում նրան մի որեւէ բան հարցնել:
231 Այն ժամանակ Յիսուս խօսեց ժողովրդի եւ իր աշակերտների հետ ու ասաց. 2 «Մովսէսի աթոռի վրայ նստեցին օրէնսգէտներն ու փարիսեցիները. 3 ամէն ինչ, որ նրանք ձեզ ասեն, արէ՛ք եւ պահեցէ՛ք, բայց մի՛ արէք ըստ նրանց գործերի, քանի որ ասում են, բայց չեն անում: 4 Ծանր ու դժուարակիր բեռներ են կապում եւ դնում մարդկանց ուսերի վրայ, բայց իրենց մատով անգամ չեն կամենում շարժել դրանք: 5 Եւ իրենց բոլոր գործերն անում են ի ցոյց մարդկանց. լայնացնում են իրենց գրապանակները եւ երկարացնում են իրենց զգեստների ծոպերը: 6 Սիրում են ընթրիքների ժամանակ պատուոյ տեղերը, ժողովարաններում՝ նախապատիւ աթոռները եւ հրապարակներում ողջոյններ առնել 7 ու մարդկանցից կոչուել ռաբբի, որ նշանակում է ուսուցիչ: 8 Բայց դուք որեւէ մէկին ուսուցիչ մի՛ կոչէք, որովհետեւ ձեր ուսուցիչը մէկ է, եւ դուք բոլորդ եղբայրներ էք: 9 Եւ երկրի վրայ ոչ մէկին ձեզ հայր մի՛ կոչէք, որովհետեւ մէկ է ձեր Հայրը, որ երկնքում է: 10 Եւ ուսուցիչներ չկոչուէք, որովհետեւ Քրիստոսն է ձեր Ուսուցիչը: 11 Եւ ձեզնից մեծը ձեր սպասաւորը պիտի լինի: 12 Ով իր անձը բարձրացնում է, կխոնարհուի. եւ ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրանայ: 13 Վա՜յ ձեզ՝ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ երկնքի արքայութիւնը փակում էք մարդկանց առաջ. դուք չէք մտնում եւ մտնողներին էլ թոյլ չէք տալիս, որ մտնեն: 15 Վա՜յ ձեզ՝ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ շրջում էք ծովի ու ցամաքի վրայով անգամ մէկին նորահաւատ դարձնելու համար, եւ երբ նա այդպիսին է դառնում, նրան ձեզնից կրկնակի անգամ աւելի գեհենի որդի էք դարձնում: 16 Վա՜յ ձեզ, կո՛յր առաջնորդներ, որ ասում էք. ով որ երդուի տաճարի վրայ, այդ երդումը ոչինչ չի նշանակում. բայց ով որ երդուի տաճարի մէջ եղած ոսկու վրայ, պարտաւորւում է այն կատարել: 17 Յիմարնե՛ր եւ կոյրե՛ր, ի՞նչն է մեծ՝ ոսկի՞ն, թէ՞ տաճարը, որ սրբացնում է ոսկին: 18 Եւ՝ ով որ երդուի սեղանի վրայ, այդ երդումը ոչինչ չի նշանակում. բայց ով որ երդուի նրա վրայ գտնուող ընծայի վրայ, պարտաւորւում է այն կատարել: 19 Յիմարնե՛ր եւ կոյրե՛ր, ի՞նչն է մեծ՝ ընծա՞ն, թէ՞ սեղանը, որ սրբագործում է ընծան: 20 Իսկ արդ, ով որ երդուեց սեղանի վրայ, երդուած կլինի նրա վրայ եւ այն ամէնի վրայ, որ սեղանի վրայ է: 21 Եւ ով երդուեց տաճարի վրայ, երդուած կլինի նրա եւ նրա մէջ բնակուող Աստծոյ վրայ: 22 Եւ ով երդուեց երկնքի վրայ, երդուած կլինի Աստծոյ աթոռի եւ նրա վրայ նստողի վրայ: 23 Վա՜յ ձեզ՝ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ տալիս էք անանուխի եւ սամիթի ու չամանի տասանորդը, բայց թողել էք օրէնքի ամէնից կարեւորները՝ արդարադատութիւնը, ողորմութիւնը եւ հաւատը. հարկ էր այս անել եւ այն չթողնել: 24 Կո՛յր առաջնորդներ, որ մժղուկները քամում էք եւ ուղտերը կուլ էք տալիս: 25 Վա՜յ ձեզ՝ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ բաժակի ու պնակի դուրսը մաքրում էք, մինչ ներսից նրանք լի են ձեր գողութեամբ եւ անժուժկալութեամբ: 26 Կո՛յր փարիսեցի, նախ մաքրի՛ր բաժակի եւ պնակի ներսը, որպէսզի դրանց դուրսն էլ մաքուր լինի: 27 Վա՜յ ձեզ՝ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ նման էք սպիտակեցրած գերեզմանների, որոնք դրսից գեղեցիկ են երեւում, մինչ ներսից լի են մեռելների ոսկորներով եւ ամենայն ապականութեամբ: 28 Նոյնպէս եւ դուք դրսից մարդկանց արդար էք երեւում, մինչ ներսից լի էք կեղծաւորութեամբ եւ անօրինութեամբ: 29 Վա՜յ ձեզ՝ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ մարգարէների շիրիմներն էք շինում եւ արդարների գերեզմաններն էք զարդարում ու ասում էք. 30 “Եթէ մենք մեր հայրերի օրօք լինէինք, մարգարէների սպանութեանը մասնակից չէինք լինի”: 31 Ապա ուրեմն, դուք ինքներդ ձեր մասին վկայում էք, թէ որդիներն էք նրանց, որոնք կոտորում էին մարգարէներին: 32 Ուրեմն, դուք էլ լրացրէ՛ք ձեր հայրերի արածը: 33 Օձե՛ր, իժերի՛ ծնունդներ, ինչպէ՞ս պիտի փախչէք գեհենի դատապարտութիւնից: 34 Դրա համար ահա ես ձեզ մօտ ուղարկում եմ մարգարէներ, իմաստուններ ու օրէնսգէտներ. նրանցից ոմանց դուք պիտի սպանէք եւ խաչը պիտի հանէք. նրանցից ոմանց էլ պիտի տանջէք ձեր ժողովարաններում ու քաղաքից քաղաք պիտի հալածէք, 35 որպէսզի ձեզ վրայ ընկնի մեղքը երկրի վրայ թափուած ամէն արդար արեան՝ արդար Աբէլի արիւնից մինչեւ արիւնը Բարաքիայի որդի Զաքարիայի, որին սպանեցիք տաճարի եւ զոհասեղանի միջեւ: 36 Ճշմարիտ եմ ասում ձեզ. այս բոլորը պիտի գայ այս սերնդի վրայ: 37 Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ, որ կոտորում էիր մարգարէներին եւ քարկոծում էիր քեզ մօտ ուղարկուածներին. քանի՜ անգամ կամեցայ հաւաքել քո մանուկներին, ինչպէս հաւն է հաւաքում իր ձագերին թեւերի տակ, բայց չկամեցաք: 38 Ահա ձեր տունը աւերակ կթողնուի ձեզ. 39 բայց ձեզ ասում եմ, որ այսուհետեւ ինձ այլեւս չէք տեսնի, մինչեւ որ ասէք. “Օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով”»:
241 Յիսուս, տաճարից դուրս ելած, գնում էր. եւ աշակերտները մօտեցան՝ նրան ցոյց տալու տաճարի շինութիւնները: 2 Եւ նա պատասխանեց ու նրանց ասաց. «Տեսնո՞ւմ էք այդ ամէնը. ճշմարիտ եմ ասում ձեզ, այդտեղ չպիտի մնայ քար քարի վրայ, որ չքանդուի»: 3 Եւ մինչդեռ նստած էր Ձիթենեաց լեռան վրայ, աշակերտներն առանձին մօտեցան նրան ու ասացին. «Ասա՛ մեզ, այդ ե՞րբ կլինի, եւ կամ քո գալստեան ու այս աշխարհի վախճանի նշանն ի՞նչ կլինի»: 4 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Զգո՛յշ եղէք, գուցէ մէկը ձեզ խաբի. 5 որովհետեւ շատերը կգան իմ անունով ու կասեն, թէ՝ ես եմ Քրիստոսը. եւ շատերին կմոլորեցնեն: 6 Լսելու էք պատերազմների ձայներ եւ պատերազմների լուրեր. զգո՛յշ եղէք, չխռովուէք, որովհետեւ պէտք է, որ այդ ամէնը լինի, բայց դա դեռ վախճանը չէ: 7 Ազգ ազգի դէմ պիտի ելնի, եւ թագաւորութիւն՝ թագաւորութեան դէմ, եւ պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժեր: 8 Սակայն այս ամէնը սկիզբն է երկունքի: 9 Այն ժամանակ ձեզ նեղութեան պիտի մատնեն եւ պիտի սպանեն ձեզ. եւ իմ անուան պատճառով բոլոր ազգերի կողմից ատելի պիտի լինէք: 10 Եւ այն ժամանակ շատերը պիտի գայթակղուեն եւ միմեանց պիտի մատնեն ու միմեանց պիտի ատեն: 11 Եւ բազում սուտ մարգարէներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն: 12 Եւ անօրինութեան շատանալուց շատերի սէրը պիտի ցամաքի: 13 Բայց ով մինչեւ վերջ համբերեց, նա պիտի փրկուի: 14 Եւ արքայութեան այս աւետարանը պիտի քարոզուի ամբողջ աշխարհում՝ ի վկայութիւն բոլոր հեթանոսների. եւ ապա պիտի գայ վախճանը: 15 Արդ, երբ տեսնէք աւերածութեան պղծութիւնը – որի մասին ասուած է Դանիէլ մարգարէի միջոցով – որ հաստատուած է սուրբ վայրում (ով ընթերցում է, թող հասկանայ), 16 այն ժամանակ ովքեր Հրէաստանում կլինեն, թող փախչեն լեռները. 17 եւ ով տանիքի վրայ կլինի, իր տնից բան վերցնելու համար թող ցած չիջնի. 18 եւ ով հանդում կլինի, իր վերնազգեստը վերցնելու համար թող յետ չդառնայ: 19 Բայց վա՜յ այդ օրերին յղիներին ու ստնտուներին: 20 Աղօթեցէ՛ք, որ ձեր փախուստը չլինի ձմռանը եւ ոչ էլ՝ շաբաթ օրը. 21 որովհետեւ այդ ժամանակ մեծ նեղութիւն պիտի լինի, որպիսին չի եղել աշխարհի արարչագործութեան սկզբից մինչեւ այժմ եւ այլեւս չի էլ լինի: 22 Եւ եթէ այդ օրերը չկարճացուէին, ոչ մի մարմին չէր ազատուի. բայց ընտրեալների պատճառով այդ օրերը պիտի կարճացուեն: 23 Այն ժամանակ եթէ մէկը ձեզ ասի՝ “Ահա Քրիստոսը այստեղ է կամ այնտեղ”, չհաւատաք նրան. 24 որովհետեւ սուտ քրիստոսներ եւ սուտ մարգարէներ պիտի ելնեն եւ մեծամեծ նշաններ ու զարմանալի գործեր պիտի ցոյց տան՝ Աստծոյ ընտրեալներին անգամ մոլորեցնելու աստիճան, եթէ հնար լինի: 25 Ահա ձեզ առաջուց ասացի: 26 Ապա եթէ ձեզ ասեն՝ “Ահա անապատի մէջ է”, չելնէք, կամ թէ՝ “Ահա մառանում է”, չհաւատաք. 27 որովհետեւ ինչպէս փայլակը, որ ելնում է արեւելքից եւ երեւում է մինչեւ արեւմուտք, մարդու Որդու գալուստը այնպէս կլինի: 28 Ուր որ դիակն է, այնտեղ կհաւաքուեն արծիւները: 29 Այդ օրերի նեղութիւնից անմիջապէս յետոյ արեգակը պիտի խաւարի, եւ լուսինն իր լոյսը չպիտի տայ, եւ աստղերը երկնքից պիտի ընկնեն, ու երկնքի զօրութիւնները պիտի շարժուեն: 30 Եւ ապա երկնքի վրայ մարդու Որդու նշանը պիտի երեւայ, ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն եւ պիտի տեսնեն մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով՝ զօրութեամբ եւ բազում փառքով: 31 Եւ նա պիտի ուղարկի իր հրեշտակներին մեծ շեփորով, ու պիտի հաւաքեն նրա ընտրեալներին չորս կողմերից՝ երկնքի ծագերից մինչեւ միւս ծագերը: 32 Թզենո՛ւց սովորեցէք առակը. որովհետեւ երբ նրա ոստերը կակղեն, եւ տերեւը ցցուի, կիմանաք, որ ամառը մօտ է: 33 Նոյնպէս եւ դուք, երբ այս բոլորը տեսնէք, իմացէ՛ք, թէ մօտ է նա՝ դռների առաջ: 34 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, մինչեւ որ այս ամէնը կատարուի: 35 Երկինք եւ երկիր պիտի անցնեն, բայց իմ խօսքերը չպիտի անցնեն: 36 Բայց այդ օրուայ եւ ժամուայ մասին ոչ ոք չգիտէ. ո՛չ երկնքի հրեշտակները եւ ո՛չ էլ Որդին, այլ՝ միայն Հայրը: 37 Եւ ինչպէս Նոյի օրերն էին, այնպէս պիտի լինի մարդու Որդու գալստեանը. 38 որովհետեւ ինչպէս որ ջրհեղեղից առաջ եղած օրերն էին – երբ ուտում էին եւ խմում, կին էին առնում ու մարդու էին գնում՝ մինչեւ այն օրը, երբ Նոյը տապանը մտաւ, 39 ու նրանք բան չիմացան, մինչեւ որ ջրհեղեղը եկաւ ու վերցրեց, տարաւ բոլորին – այնպէս պիտի լինի մարդու Որդու գալստեանը: 40 Այն ժամանակ, եթէ դաշտի մէջ երկու հոգի լինեն, մէկը պիտի վերցուի, եւ միւսը պիտի թողնուի: 41 Եւ եթէ երկու կին աղան մի երկանքի վրայ, մէկը պիտի վերցուի, եւ միւսը պիտի թողնուի: 42 Արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք, թէ որ ժամին կգայ ձեր Տէրը: 43 Ա՛յս իմացէք. եթէ տանտէրը գիտենար, թէ որ ժամին գող կգայ, կհսկէր եւ չէր թողնի, որ իր տունը ծակեն: 44 Դրա համար դուք էլ պատրա՛ստ եղէք, որովհետեւ այն ժամին, երբ չէք սպասում, մարդու Որդին կգայ: 45 Իսկ ո՞վ է այն հաւատարիմ եւ իմաստուն ծառան, որին իր տէրը իր ծառաների վրայ կարգեց՝ իր ժամին կերակուր տալու համար նրանց: 46 Երանի՜ է այն ծառային, որին տէրը, գալով, կգտնի այդպէս արած: 47 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրան կկարգի իր ամբողջ ունեցուածքի վրայ: 48 Իսկ եթէ չար ծառան իր մտքում ասի՝ “Իմ տէրն ուշանում է գալ”, 49 եւ սկսի իր ծառայակիցներին հարուածել եւ հարբեցողների հետ ուտի եւ խմի, 50 եւ այդ ծառայի տէրը գայ այն օրը, երբ չէր սպասում, եւ այն ժամին, երբ չէր իմանում, 51 նրան կսպանի եւ կեղծաւորների վախճանին կարժանացնի. այնտեղ կլինի լաց ու ատամների կրճտում:
251 Այն ժամանակ երկնքի արքայութիւնը պիտի նմանեցուի տասը կոյսերի, որոնք, իրենց լապտերներն առած, փեսային եւ հարսին դիմաւորելու ելան: 2 Նրանցից հինգը յիմար էին, իսկ հինգը՝ իմաստուն: 3 Յիմարները լապտերներն առան, բայց իրենց հետ ձէթի պաշար չվերցրին: 4 Իսկ իմաստունները իրենց լապտերների հետ միասին ամաններով ձէթ վերցրին: 5 Եւ երբ փեսան ուշացաւ, ամէնքն էլ նիրհեցին եւ քուն մտան: 6 Եւ կէսգիշերին ձայն լսուեց. “Ահա փեսան գալիս է, նրան դիմաւորելո՛ւ ելէք”: 7 Այն ժամանակ բոլոր կոյսերը վեր կացան եւ իրենց լապտերները կարգի բերեցին: 8 Յիմարները իմաստուններին ասացին. “Ձեր այդ իւղից տուէ՛ք մեզ, որովհետեւ ահա մեր լապտերները հանգում են”: 9 Իմաստունները պատասխան տուեցին եւ ասացին. “Գուցէ թէ՛ մեզ եւ թէ՛ ձեզ չբաւականացնի, ուստի գնացէ՛ք վաճառողների մօտ եւ ձեզ համար գնեցէ՛ք”: 10 Երբ նրանք գնացին, որ գնեն, փեսան եկաւ, եւ ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, ու դուռը փակուեց: 11 Յետոյ եկան միւս կոյսերն էլ ու ասացին. “Տէ՛ր, տէ՛ր, բա՛ց արա”: 12 Նա պատասխան տուեց ու ասաց. “Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում”: 13 Արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք ո՛չ օրը եւ ո՛չ էլ ժամը: 14 Նոյնպէս, մի մարդ հեռու երկիր գնալիս կանչեց իր ծառաներին եւ իր ունեցուածքը նրանց տուեց. 15 մէկին տուեց հինգ քանքար, միւսին՝ երկու եւ մի ուրիշին՝ մէկ. իւրաքանչիւրին՝ ըստ իր կարողութեան. եւ գնաց: 16 Ով հինգն առաւ, իսկոյն գնաց, դրանով գործ արեց եւ հինգը եւս շահեց: 17 Նոյնպէս նա էլ, որ երկուսն առաւ, երկուս եւս շահեց: 18 Իսկ ով մէկն առաւ, գնաց հողը փորեց եւ իր տիրոջ դրամը թաքցրեց: 19 Շատ ժամանակ անց այն ծառաների տէրը եկաւ եւ նրանց հետ հաշիւ տեսաւ: 20 Ով հինգ քանքար էր առել, մօտենալով հինգ քանքար եւս տուեց ու ասաց. “Տէ՛ր, հինգ քանքար տուեցիր ինձ. արդ, ահաւասիկ վրան հինգ քանքար եւս շահեցի”: 21 Իր տէրը նրան ասաց. “Ապրե՛ս, բարի եւ հաւատարի՛մ ծառայ, որովհետեւ այդ քչի մէջ հաւատարիմ եղար, շատի վրայ կկարգեմ քեզ. մտի՛ր քո տիրոջ ուրախութեան մէջ”: 22 Ով երկու քանքարն էր առել, նա էլ մօտեցաւ ու ասաց. “Տէ՛ր, ինձ երկու քանքար տուեցիր, ահաւասիկ երկու այլ քանքար եւս, որ դրանց վրայ շահեցի”: 23 Իր տէրը նրան ասաց. “Ապրե՛ս, բարի եւ հաւատարի՛մ ծառայ, որովհետեւ այդ քչի մէջ հաւատարիմ եղար, շատի վրայ կկարգեմ քեզ. մտի՛ր քո տիրոջ ուրախութեան մէջ”: 24 Մօտեցաւ նաեւ նա, որ մէկ քանքար էր առել, ու ասաց. “Տէ՛ր, գիտէի, որ դու մի խիստ մարդ ես. հնձում ես, ինչ որ չես սերմանել, եւ հաւաքում ես այնտեղից, ուր չես ցանել. 25 վախեցայ. գնացի եւ թաքցրի քո այս քանքարը հողի մէջ: Արդ, ահաւասիկ, քոնը՝ քեզ”: 26 Տէրը պատասխան տուեց եւ ասաց նրան. “Չար եւ ծո՛յլ ծառայ, գիտէիր, որ հնձում եմ, ուր չեմ սերմանել, եւ հաւաքում այնտեղից, ուր չեմ ցանել. 27 դու պէտք է իմ այդ դրամը լումայափոխների մօտ դնէիր, եւ ես գալով՝ տոկոսով հանդերձ պահանջէի այն, ինչ որ իմն է: 28 Արդ, դրանից առէ՛ք այդ քանքարը եւ տուէ՛ք նրան, ով տասը քանքար ունի. 29 քանի որ ով ունի, նրան պիտի տրուի, եւ ունեցածը պիտի աւելացուի, իսկ ով չունի, նրանից ունեցածն էլ պիտի վերցուի: 30 Իսկ այդ անպիտան ծառային հանեցէ՛ք դուրս՝ արտաքին խաւարը. այնտեղ կլինի լաց եւ ատամների կրճտում”: 31 Արդ, երբ որ մարդու Որդին գայ իր փառքով, եւ բոլոր հրեշտակները՝ իր հետ, այն ժամանակ նա պիտի նստի իր փառքի գահի վրայ, 32 ու նրա առաջ պիտի հաւաքուեն բոլոր ազգերը, եւ նա նրանց միմեանցից պիտի զատի, ինչպէս մի հովիւ, որ զատում է ոչխարները այծերից: 33 Եւ ոչխարները իր աջում պիտի կանգնեցնի, իսկ այծերը՝ ձախում: 34 Այն ժամանակ թագաւորը պիտի ասի նրանց, որ իր աջում են. “Եկէ՛ք, իմ Հօր օրհնեալնե՛ր, ժառանգեցէ՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստուած արքայութիւնը. 35 որովհետեւ քաղցած էի, եւ ինձ ուտելիք տուեցիք, ծարաւ էի, եւ ինձ ջուր տուեցիք խմելու. օտար էի, եւ ինձ ձեր մէջ առաք, 36 մերկ էի, եւ ինձ հագցրիք, հիւանդ էի, եւ ինձ տեսնելու եկաք, բանտում էի, եւ ինձ այցի եկաք”: 37 Այն ժամանակ արդարները պիտի պատասխանեն նրան ու ասեն. “Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած ու կերակրեցինք, կամ՝ ծարաւ եւ ջուր տուեցինք. 38 ե՞րբ տեսանք քեզ օտար եւ մեր մէջ առանք, կամ՝ մերկ եւ հագցրինք. 39 ե՞րբ տեսանք քեզ հիւանդ կամ բանտի մէջ ու եկանք քեզ այցի”: 40 Թագաւորը պիտի պատասխանի ու ասի նրանց. “Ճշմարիտ եմ ասում ձեզ. քանի որ իմ այս փոքր եղբայրներից մէկին արեցիք այդ, ինձ համար արեցիք”: 41 Այն ժամանակ նա պիտի ասի նրանց, որ իր ձախում են. “Գնացէ՛ք ինձնից, անիծեալնե՛ր, յաւիտենական կրակը, որ պատրաստուած է սատանայի եւ իր հրեշտակների համար. 42 որովհետեւ քաղցած էի, եւ ինձ ուտելիք չտուեցիք, ծարաւ էի, եւ ինձ ջուր չտուեցիք, 43 օտար էի, եւ ինձ ձեր մէջ չառաք, մերկ էի, եւ ինձ չհագցրիք, հիւանդ էի ու բանտի մէջ, եւ ինձ տեսնելու չեկաք”: 44 Այն ժամանակ նրանք էլ պիտի պատասխանեն ու ասեն. “Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած կամ ծարաւ կամ օտար կամ մերկ կամ հիւանդ կամ բանտի մէջ ու քեզ չծառայեցինք”: 45 Այն ժամանակ պիտի պատասխանի նրանց ու ասի. “Ճշմարիտ եմ ասում ձեզ. քանի որ այս փոքրերից մէկին այդ չարեցիք, ինձ համար էլ չարեցիք”: 46 Եւ նրանք պիտի գնան դէպի յաւիտենական տանջանք, իսկ արդարները՝ յաւիտենական կեանք»:
261 Երբ Յիսուս այս բոլոր խօսքերը վերջացրեց, իր աշակերտներին ասաց. 2 «Գիտէք, որ երկու օր յետոյ Զատիկն է, եւ մարդու Որդին պիտի մատնուի խաչը ելնելու համար»: 3 Այն ժամանակ քահանայապետները եւ օրէնսգէտներն ու ժողովրդի ծերերը հաւաքուեցին Կայիափա անունով քահանայապետի դահլիճում 4 եւ խորհուրդ արեցին, որպէսզի նենգութեամբ բռնեն Յիսուսին ու սպանեն: 5 Բայց ասում էին. «Ո՛չ այս տօնին, որպէսզի ժողովրդի մէջ խռովութիւն չլինի»: 6 Երբ Յիսուս եկաւ Բեթանիա՝ բորոտ Սիմոնի տունը, 7 նրան մօտեցաւ մի կին, որ մի շիշ թանկարժէք իւղ ունէր, եւ թափեց այն նրա գլխին, մինչ նա սեղան էր նստել: 8 Երբ աշակերտներն այս տեսան, բարկացան ու ասացին. «Ինչի՞ համար է անուշահոտ իւղի այդ վատնումը, 9 քանի որ կարելի էր մեծ գնով վաճառել այդ եւ տալ աղքատներին»: 10 Յիսուս իմացաւ ու նրանց ասաց. «Ինչո՞ւ էք նեղութիւն տալիս այդ կնոջը. նա իմ հանդէպ մի բարի գործ կատարեց. 11 աղքատներին ամէն ժամ ձեզ հետ ունէք, բայց ինձ միշտ ձեզ հետ չէք ունենայ: 12 Իմ մարմնի վրայ այդ իւղը թափելով՝ նա իմ թաղուելը կանխանշեց: 13 Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում, ուր էլ այս աւետարանը քարոզուի, պիտի պատմուի դրա յիշատակին, նաեւ ինչ որ դա արեց: 14 Այն ժամանակ տասներկուսից մէկը՝ Յուդա Իսկարիովտացի կոչուածը, գնաց քահանայապետների մօտ ու ասաց. 15 «Ի՞նչ կկամենաք ինձ տալ, որ ես նրան ձեզ մատնեմ»: Եւ նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան նրան: 16 Դրանից յետոյ նա առիթ էր որոնում, որ նրան մատնի նրանց: 17 Եւ Բաղարջակերաց տօնի առաջին օրը աշակերտները մօտեցան Յիսուսին եւ ասացին. «Ո՞ւր ես կամենում՝ պատրաստենք քեզ համար զատկական ընթրիքը, որ ուտես»: 18 Եւ Յիսուս նրանց ասաց. «Գնացէ՛ք քաղաք այսինչ անձի մօտ եւ նրան ասացէ՛ք. “Վարդապետն ասում է. իմ ժամանակը մօտեցել է, քեզ մօտ եմ անելու Զատիկը իմ աշակերտների հետ միասին”»: 19 Եւ աշակերտներն արեցին, ինչպէս Յիսուս իրենց հրամայեց, ու պատրաստեցին զատկական ընթրիքը: 20 Եւ երբ երեկոյ եղաւ, տասներկու աշակերտների հետ սեղան էր նստել: 21 Եւ մինչ նրանք ուտում էին, նա ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մէկը ինձ մատնելու է»: 22 Եւ նրանք խիստ տխրեցին. նրանցից իւրաքանչիւրը սկսեց ասել նրան. «Մի՞թէ ես եմ, Տէ՛ր»: 23 Նա պատասխան տուեց ու ասաց. «Ով իր ձեռքն ինձ հետ պնակի մէջ մտցրեց, նա է ինձ մատնելու: 24 Մարդու Որդին կգնայ այս աշխարհից, ինչպէս նրա մասին գրուած է, բայց վա՜յ այն մարդուն, ում ձեռքով կմատնուի մարդու Որդին: Աւելի լաւ կլինէր նրա համար, եթէ այդ մարդը ծնուած չլինէր»: 25 Յուդան, որ մատնելու էր նրան, պատասխանեց ու ասաց. «Մի՞թէ ես եմ, Վարդապե՛տ»: Նրան ասաց. «Դո՛ւ ասացիր»: 26 Եւ մինչ նրանք դեռ ուտում էին, Յիսուս հացը վերցրեց, օրհնեց ու կտրեց եւ տուեց աշակերտներին ու ասաց. «Առէ՛ք, կերէ՛ք, այս է իմ մարմինը»: 27 Եւ բաժակը վերցնելով՝ գոհութիւն յայտնեց, տուեց նրանց ու ասաց. 28 «Խմեցէ՛ք դրանից բոլորդ, որովհետեւ այդ է նոր ուխտի իմ արիւնը, որ թափւում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողութեան համար: 29 Բայց ասում եմ ձեզ. այսուհետեւ ես այլեւս որթատունկի բերքից չեմ խմի՝ մինչեւ այն օրը, երբ ձեզ հետ կխմեմ նորը իմ Հօր արքայութեան մէջ»: 30 Եւ օրհներգեցին ու ելան Ձիթենեաց լեռը: 31 Այն ժամանակ Յիսուս նրանց ասաց. «Դուք ամէնքդ այս գիշեր իմ պատճառով գայթակղուելու էք. որովհետեւ գրուած է, թէ՝ «Հովուին պիտի հարուածեմ, եւ հօտի ոչխարները պիտի ցրուեն»: 32 Եւ իմ յարութիւն առնելուց յետոյ ձեզնից առաջ պիտի գնամ Գալիլիա»: 33 Պետրոսը պատասխանեց եւ ասաց նրան. «Թէպէտ եւ ամէնքը քո պատճառով գայթակղուեն, սակայն ես չեմ գայթակղուի»: 34 Յիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ այս գիշեր, դեռ աքաղաղը չկանչած, երեք անգամ ինձ պիտի ուրանաս»: 35 Պետրոսը նրան ասաց. «Թէ քեզ հետ մեռնել իսկ ինձ հասնի, քեզ չեմ ուրանայ»: Նոյնն ասացին բոլոր աշակերտներն էլ: 36 Այն ժամանակ Յիսուս նրանց հետ եկաւ մի տեղ, որի անունը Գեթսեմանի էր, եւ նրանց ասաց. «Նստեցէ՛ք այդտեղ, մինչեւ որ գնամ աղօթեմ»: 37 Եւ իր հետ վերցնելով Պետրոսին եւ Զեբեդէոսի երկու որդիներին՝ սկսեց տրտմել եւ տագնապել: 38 Այն ժամանակ նրանց ասաց. «Հոգիս տխուր է մահու չափ. այստե՛ղ մնացէք եւ ինձ հետ հսկեցէ՛ք»: 39 Եւ մի փոքր առաջ գնալով՝ ընկաւ իր երեսի վրայ, աղօթեց ու ասաց. «Հա՛յր իմ, եթէ կարելի է, այս բաժակը թող ինձնից հեռու անցնի, բայց ոչ՝ ինչպէս ես եմ կամենում, այլ՝ ինչպէս դու»: 40 Նա եկաւ աշակերտների մօտ եւ նրանց քնի մէջ գտաւ ու Պետրոսին ասաց. «Այդպէ՜ս, չկարողացա՞ք մէկ ժամ արթուն մնալ ինձ հետ: 41 Արթո՛ւն մնացէք եւ աղօ՛թք արէք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք. հոգին յօժար է, բայց մարմինը՝ տկար»: 42 Դարձեալ, երկրորդ անգամ, Յիսուս գնաց, աղօթքի կանգնեց ու ասաց. «Հա՛յր իմ, եթէ կարելի չէ, որ այս բաժակը ինձնից հեռու անցնի, ապա այն կխմեմ. քո կամքը թող լինի: 43 Եւ գալով՝ դարձեալ նրանց քնի մէջ գտաւ, որովհետեւ նրանց աչքերը ծանրացել էին: 44 Թողեց նրանց ու երրորդ անգամ գնաց, աղօթքի կանգնեց. եւ դարձեալ նոյն խօսքն ասաց: 45 Այն ժամանակ եկաւ աշակերտների մօտ ու նրանց ասաց. «Ննջեցէ՛ք այսուհետեւ ու հանգստացէ՛ք, քանի որ ահա ժամը հասել է, եւ մարդու Որդին մեղաւորների ձեռքն է մատնւում: 46 Վե՛ր կացէք, գնանք այստեղից. որովհետեւ ահա հասաւ նա, ով ինձ մատնելու է»: 47 Եւ մինչ նա դեռ այսպէս խօսում էր, ահա Յուդան՝ տասներկուսից մէկը, եկաւ. ու նրա հետ՝ քահանայապետների եւ ժողովրդի ծերերի կողմից բազում ամբոխ՝ սրերով ու մահակներով: 48 Եւ նա, որ նրան մատնելու էր, նրանց նշան էր տուել ու ասել. «Ում հետ ես համբուրուեմ, նա է, նրա՛ն կբռնէք»: 49 Եւ սա, իսկոյն մօտենալով Յիսուսին, ասաց. «Ողջո՜յն, Վարդապե՛տ». ու նրա հետ համբուրուեց: 50 Իսկ Յիսուս նրան ասաց. «Ընկե՛ր, սրա համա՞ր դու եկար»: Այն ժամանակ մօտենալով ձեռք բարձրացրին Յիսուսի վրայ ու նրան բռնեցին: 51 Եւ ահա Յիսուսի հետ գտնուողներից մէկը ձեռքը երկարեց եւ իր սուրը հանեց ու հարուածեց քահանայապետի ծառային եւ նրա ականջը կտրեց-պոկեց: 52 Այն ժամանակ Յիսուս նրան ասաց. «Քո սուրը ե՛տ դիր իր տեղը, որովհետեւ ովքեր սուր են վերցնում, սրով կընկնեն: 53 Թէ՞ կարծում ես՝ չեմ կարող իմ Հօրն աղաչել, որ նա հիմա ինձ համար այստեղ հասցնի հրեշտակների աւելի քան տասներկու գնդեր: 54 Էլ ինչպէ՞ս պիտի կատարուէին Սուրբ Գրքերում գրուածները, թէ՝ այսպէս պէտք է լինի»: 55 Այն ժամանակ Յիսուս ամբոխին ասաց. «Սրերով եւ մահակներով իմ դէմ էք ելել՝ բռնելու ինձ իբրեւ մի աւազակի՞: Միշտ ձեզ մօտ տաճարում նստում էի եւ ուսուցանում, եւ ինձ չբռնեցիք. 56 բայց այս բոլորը եղաւ, որպէսզի մարգարէների գրուածքները կատարուեն»: Այն ժամանակ աշակերտները բոլորն էլ թողեցին նրան ու փախան: 57 Իսկ նրանք, բռնելով Յիսուսին, տարան Կայիափա քահանայապետի մօտ, ուր օրէնսգէտներն ու ծերերը հաւաքուել էին: 58 Եւ Պետրոսը, հեռուից նրան հետեւելով, գնաց մինչեւ քահանայապետի գաւիթը եւ ներս մտնելով՝ սպասաւորների հետ նստեց տեսնելու համար վախճանը: 59 Իսկ քահանայապետներն ու ամբողջ ատեանը Յիսուսի մասին սուտ վկայութիւն էին փնտրում, որպէսզի նրան սպանեն, 60 բայց ներկայացող բազում սուտ վկաների մէջ չէին գտնում այն: Յետոյ առաջ եկան երկու սուտ վկաներ. 61 ասացին. «Սա ասում էր. Աստծոյ տաճարը կարող եմ քանդել եւ երեք օրում շինել»: 62 Եւ քահանայապետը վեր կենալով նրան ասաց. «Պատասխան չե՞ս տալիս. քո մասին ի՞նչ ամբաստանութիւն են անում դրանք»: 63 Եւ Յիսուս լուռ էր մնում: Քահանայապետը խօսեց եւ նրան ասաց. «Երդուեցնում եմ քեզ կենդանի Աստծով, որ մեզ ասես, թէ դո՞ւ ես Քրիստոսը՝ Աստծոյ Որդին»: 64 Յիսուս նրան ասաց. «Դո՛ւ ասացիր: Բայց ասում եմ ձեզ. այսուհետեւ մարդու Որդուն կտեսնէք նստած ամենազօր Աստծոյ աջ կողմում եւ եկած երկնքի ամպերի վրայով»: 65 Այն ժամանակ քահանայապետը պատռեց իր զգեստներն ու ասաց. «Հայհոյեց, էլ ինչի՞ են պէտք մեզ վկաներ. ահա հիմա լսեցիք նրա հայհոյանքը: 66 Ի՞նչ է ձեր կամքը»: Նրանք պատասխանեցին ու ասացին՝ մահապարտ է: 67 Այն ժամանակ թքեցին նրա երեսին, բռունցքով հարուածեցին նրան, եւ ոմանք էլ ապտակեցին նրան ու ասացին. 68 «Մարգարէացի՛ր մեզ, դո՛ւ, Քրիստո՛ս, ո՞վ է, որ քեզ հարուածեց»: 69 Իսկ Պետրոսը նստած էր դուրսը՝ գաւթում. մի աղախին մօտեցաւ նրան ու ասաց. «Դու էլ գալիլիացի Յիսուսի հետ էիր»: 70 Նա ուրացաւ բոլորի առաջ ու ասաց. «Չգիտեմ՝ դու ինչ ես խօսում»: 71 Եւ երբ նա գաւթից դուրս ելաւ, նրան տեսաւ մի այլ կին եւ այնտեղ կանգնածներին ասաց. «Սա էլ Յիսուս Նազովրեցու հետ էր»: 72 Եւ դարձեալ նա երդումով ուրացաւ, թէ՝ «Այդ մարդուն չեմ ճանաչում»: 73 Եւ մի քիչ յետոյ այնտեղ գտնուողները մօտենալով՝ Պետրոսին ասացին. «Իրօք, դու էլ նրանցից ես, քանի որ քո խօսուածքն էլ քեզ յայտնի է անում»: 74 Այն ժամանակ նա սկսեց նզովք կարդալ ու երդուել, թէ՝ «Այդ մարդուն չեմ ճանաչում»: Եւ իսկոյն աքաղաղը կանչեց: 75 Եւ Պետրոսը յիշեց Յիսուսի խօսքը, որ նա ասել էր, թէ՝ «Դեռ աքաղաղը չկանչած՝ երեք անգամ ինձ պիտի ուրանաս»: Եւ դուրս ելնելով՝ դառնապէս լաց եղաւ:
271 Երբ առաւօտ եղաւ, բոլոր քահանայապետները եւ ժողովրդի ծերերը խորհուրդ արեցին Յիսուսի դէմ նրան սպանելու համար: 2 Նրան կապեցին, առան գնացին եւ յանձնեցին պոնտացի Պիղատոս կուսակալի ձեռքը: 3 Այն ժամանակ Յուդան, որ Յիսուսին մատնել էր, տեսնելով, որ Յիսուս դատապարտուեց, զղջաց, արծաթ դրամները վերադարձրեց քահանայապետներին եւ ժողովրդի ծերերին ու ասաց. 4 «Մեղանչեցի, որովհետեւ արդար արիւն մատնեցի»: Իսկ նրանք ասացին. «Մեր հոգը չէ, դո՛ւ գիտես»: 5 Եւ արծաթ դրամները նետեց տաճարի մէջ եւ հեռացաւ ու գնաց, ինքն իրեն կախեց: 6 Իսկ քահանայապետները, արծաթ դրամները վերցնելով, ասացին. «Օրինաւոր չէ դրանք ընդունել տաճարի գանձանակի մէջ, քանի որ արեան գին են»: 7 Եւ խորհուրդ անելով՝ դրանով գնեցին բրուտի ագարակը՝ որպէս գերեզման օտարների համար: 8 Այդ պատճառով այդ ագարակը կոչուել է «Արեան ագարակ» մինչեւ այսօր: 9 Այն ժամանակ կատարուեց, ինչ ասուել էր Երեմիա մարգարէի բերանով. «Եւ առան երեսուն կտոր արծաթը՝ Վաճառուածի գինը, որ նշանակուել էր իսրայէլացիներից, 10 եւ այն տուեցին բրուտի ագարակի համար, ինչպէս Տէրը ինձ հրամայել էր»: 11 Եւ Յիսուս կանգնեց կուսակալի առաջ. կուսակալը հարցրեց նրան ու ասաց. «Դո՞ւ ես հրեաների Թագաւորը»: Եւ Յիսուս ասաց. «Դու ես ասում»: 12 Իսկ երբ նա ամբաստանւում էր քահանայապետների ու ծերերի կողմից, ոչինչ չպատասխանեց: 13 Այն ժամանակ Պիղատոսը նրան ասաց. «Չե՞ս լսում, ինչքա՜ն դրանք քո դէմ են վկայում»: 14 Եւ նրան չպատասխանեց եւ ոչ մի բան, այնպէս որ կուսակալը շատ զարմացաւ: 15 Սակայն կուսակալը սովորութիւն ունէր տօնի առիթով ժողովրդի համար արձակել մի բանտարկեալ, ում նրանք կամենային: 16 Այն ժամանակ ունէին մի նշանաւոր բանտարկեալ, որի անունը Յեսու Բարաբբա էր: 17 Երբ հաւաքուեցին, Պիղատոսը նրանց ասաց. «Այս երկուսից որի՞ն էք ուզում, որ ձեզ համար արձակեմ. Յեսու Բարաբբայի՞ն, թէ՞ Յիսուսին՝ Քրիստոս կոչուածին». 18 քանի որ Պիղատոսը գիտէր, որ նախանձից մատնել էին նրան: 19 Եւ մինչ նա ատեան էր նստում, իր կինը նրան լուր ուղարկեց ու ասաց. «Քո եւ այդ արդարի միջեւ ոչինչ չկայ, որովհետեւ այսօր երազումս նրա պատճառով գլխովս շատ բաներ անցան»: 20 Իսկ քահանայապետներն ու ծերերը համոզեցին ժողովրդին, որ Բարաբբային ուզեն եւ Յիսուսին կորստեան մատնեն: 21 Կուսակալը պատասխան տուեց ու ասաց նրանց. «Այս երկուսից որի՞ն էք ուզում, որ ձեզ համար արձակեմ»: 22 Եւ նրանք ասացին՝ Բարաբբայի՛ն: Պիղատոսը նրանց ասաց. «Իսկ ի՞նչ անեմ Յիսուսին՝ Քրիստոս կոչուածին»: 23 Ամէնքը ասացին. «Թող խաչուի՛»: Եւ նա ասաց. «Ի՞նչ չար բան արեց»: Եւ նրանք առաւել եւս աղաղակում էին ու ասում. «Թող խաչուի՛»: 24 Եւ Պիղատոսը, տեսնելով, թէ ոչինչ չի օգնում, այլ էլ աւելի խռովութիւն է լինում, ջուր վերցնելով՝ լուաց ձեռքերը ժողովրդի առաջ ու ասաց. «Այդ Արդարի արիւնից ես անմասն եմ. դո՛ւք գիտէք»: 25 Ամբողջ ժողովուրդը պատասխանեց ու ասաց. «Դրա արիւնը՝ մեզ վրայ եւ մեր որդիների վրայ»: 26 Այն ժամանակ Պիղատոսը նրանց համար արձակեց Բարաբբային եւ Յիսուսին գանակոծել տալով՝ տուեց նրանց ձեռքը, որ խաչուի: 27 Այն ժամանակ կուսակալի զինուորները Յիսուսին վերցրին տարան ապարանք եւ ամբողջ գունդը նրա գլխին հաւաքեցին: 28 Մերկացրին նրան եւ նրա վրայ կարմիր վերնազգեստ գցեցին: 29 Եւ փշերից պսակ պատրաստելով՝ դրեցին նրա գլխին եւ մի եղէգ՝ նրա աջ ձեռքին. նրա առաջ ծնկի գալով՝ ծաղրում էին ու ասում. «Ողջո՜յն, հրեաների՛ Թագաւոր»: 30 Եւ թքելով նրա վրայ՝ եղէգն առնում էին ու խփում նրա գլխին: 31 Եւ երբ նրան ծաղրուծանակի ենթարկեցին, նրա վրայից հանեցին քղամիդը ու նրան հագցրին իր զգեստը. եւ տարան նրան խաչը հանելու: 32 Եւ դուրս ելնելով գտան կիւրենացի մի մարդ՝ Սիմոն անունով, ու նրան ստիպեցին, որ նա խաչը կրի: 33 Եւ, հասնելով Գողգոթա կոչուած տեղը, որ նշանակում է կառափնատեղի, 34 Յիսուսին լեղի խառնած գինի տուեցին խմելու, եւ երբ համտեսեց, չկամեցաւ խմել: 35 Եւ նրան խաչը հանելով՝ բաժանեցին նրա զգեստները՝ վիճակ գցելով, որպէսզի կատարուի այն խօսքը, որ ասուեց մարգարէի կողմից. «Իմ զգեստները բաժանեցին իրենց մէջ եւ իմ պատմուճանի վրայ վիճակ էին գցում»: 36 Ու նստած նրան պահպանում էին: 37 Եւ նրա գլխի վերեւը դրեցին նրա յանցապարտութեան գիրը, թէ՝ «Սա է Յիսուսը՝ հրեաների Թագաւորը»: 38 Միեւնոյն ժամանակ նրա հետ խաչը հանեցին երկու աւազակների՝ մէկը՝ նրա աջից եւ միւսը՝ ձախից: 39 Եւ մօտով անցնողները հայհոյում էին նրան, շարժում էին գլուխներն ու ասում. 40 «Վա՛հ, դու, որ քանդում էիր տաճարը եւ երեք օրից այն շինում, փրկի՛ր քեզ. եթէ Աստծոյ Որդի ես, իջի՛ր այդ խաչից»: 41 Նոյնպէս եւ քահանայապետները՝ օրէնսգէտներով ու ծերերով հանդերձ, ծաղրում էին նրան ու ասում. 42 «Ուրիշներին փրկեց, ինքն իրեն չի կարողանում փրկել. եթէ Իսրայէլի Թագաւորն է, հիմա թող այդ խաչից իջնի. եւ նրան կհաւատանք: 43 Եթէ նա յոյսը դրել էր Աստծոյ վրայ, թող նա այժմ դրան փրկի, եթէ ուզում է այդ. քանի որ ասաց, թէ՝ “Աստծոյ Որդի եմ”»: 44 Նրա հետ խաչուած աւազակներն էլ էին նոյն ձեւով նախատում նրան: 45 Եւ կէսօրին ամբողջ երկրի վրայ խաւար եղաւ մինչեւ ժամը երեքը: 46 Ժամը երեքի մօտ Յիսուս բարձր ձայնով գոչեց ու ասաց. «Էլի՜, Էլի՜, լա՞մա սաբաքթանի», այսինքն՝ «Աստուա՜ծ իմ, Աստուա՜ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ»: 47 Այնտեղ կանգնածներից ոմանք, երբ լսեցին, ասացին. «Նա Եղիային է կանչում»: 48 Եւ նրանցից մէկը իսկոյն վազեց, քացախով թաթախուած սպունգ վերցրեց եւ մի եղէգի վրայ անցկացնելով՝ տուեց նրան, որ խմի: 49 Իսկ ուրիշներ ասում էին. «Թո՛ղ, տեսնենք, թէ Եղիան կգա՞յ, որ նրան փրկի»: 50 Եւ Յիսուս դարձեալ բարձր ձայնով աղաղակեց եւ հոգին աւանդեց: 51 Եւ ահա տաճարի վարագոյրը վերեւից մինչեւ ներքեւ երկուսի պատռուեց, եւ երկիրը շարժուեց, եւ ժայռերը ճեղքուեցին, 52 եւ գերեզմանները բացուեցին, եւ ննջեցեալ սրբերի բազում մարմիններ յարութիւն առան 53 ու նրա յարութիւնից յետոյ գերեզմաններից ելնելով՝ մտան սուրբ քաղաքը եւ շատերին երեւացին: 54 Իսկ հարիւրապետը եւ նրանք, որ իր հետ Յիսուսին պահպանում էին, երբ տեսան երկրաշարժը եւ պատահածները, սաստիկ վախեցան ու ասացին. «Արդարեւ, Աստծոյ Որդին էր սա»: 55 Այնտեղ շատ կանայք կային, որոնք կանգնած հեռուից նայում էին եւ որոնք Գալիլիայից եկել էին Յիսուսի յետեւից նրան ծառայելու համար. 56 նրանց մէջ էին Մարիամ Մագդաղենացին, Յակոբի եւ Յովսէի մայր Մարիամը եւ Զեբեդէոսի որդիների մայրը: 57 Երբ երեկոյ եղաւ, եկաւ Յովսէփ անունով արիմաթիացի մի մեծահարուստ մարդ, որ Յիսուսին աշակերտել էր: 58 Սա, Պիղատոսի մօտ գնալով, Յիսուսի մարմինը խնդրեց: Այն ժամանակ Պիղատոսը հրամայեց, որ մարմինը տրուի: 59 Եւ Յովսէփը, մարմինն առնելով, պատեց մաքուր կտաւով 60 եւ դրեց նոր գերեզմանի մէջ, որ փորել էր տուել ժայռի մէջ: Եւ մի մեծ քար, որպէս կափարիչ, գերեզմանի դռան առաջ գլորեց ու գնաց: 61 Այնտեղ էին Մարիամ Մագդաղենացին եւ միւս Մարիամը. նրանք նստած էին գերեզմանի դիմաց: 62 Եւ հետեւեալ օրը, որ ուրբաթի յաջորդ օրն է, քահանայապետներն ու փարիսեցիները հաւաքուեցին Պիղատոսի մօտ ու ասացին. 63 «Տէ՛ր, յիշեցինք, թէ այն մոլորեցնողը, քանի կենդանի էր, ասում էր, թէ՝ «Երեք օրից յարութիւն պիտի առնեմ»: 64 Արդ, հրամայի՛ր, որ մինչեւ երեք օր գերեզմանի ապահովութեանը հոգ տարուի. գուցէ աշակերտները գիշերով գան եւ գողանան նրան ու ժողովրդին ասեն, թէ՝ «Մեռելներից յարութիւն առաւ». եւ վերջին մոլորութիւնը աւելի վատ լինի, քան առաջինը»: 65 Պիղատոսը նրանց ասաց. «Զինուորներ ունէք. գնացէք, ապահովութեանը հո՛գ տարէք, ինչպէս որ գիտէք»: 66 Եւ նրանք գնացին գերեզմանի ապահովութեանը հոգ տանելու եւ վէմը կնքեցին՝ զինուորներ նշանակելով:
281 Շաբաթ օրուայ երեկոյեան, երբ կիրակին լուսանում էր, Մարիամ Մագդաղենացին եւ միւս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու: 2 Եւ ահա մեծ երկրաշարժ եղաւ, որովհետեւ Տիրոջ հրեշտակը, երկնքից իջնելով, մօտեցաւ, դռնից վէմը մի կողմ գլորեց ու նստեց նրա վրայ: 3 Նրա տեսքը փայլակի նման էր, ու նրա զգեստը՝ սպիտակ, ինչպէս ձիւնը: 4 Նրա ահից պահապանները խռովուեցին եւ մեռելների պէս եղան: 5 Հրեշտակը խօսեց ու կանանց ասաց. «Դուք մի՛ վախեցէք, գիտեմ, որ փնտրում էք Յիսուսին, որ խաչուեց. 6 այստեղ չէ նա, քանի որ յարութիւն առաւ, ինչպէս ինքն ասել էր. եկէք տեսէ՛ք այն տեղը, ուր պառկած էր: 7 Եւ իսկոյն գնացէք ասացէ՛ք նրա աշակերտներին, թէ յարութիւն առաւ. եւ ահա նա ձեզնից առաջ գնում է Գալիլիա. այնտեղ նրան կտեսնէք: Ահա ասացի ձեզ»: 8 Եւ իսկոյն ահով եւ մեծ ուրախութեամբ գերեզմանից դուրս ելնելով՝ վազեցին աշակերտներին պատմելու: 9 Եւ յանկարծ Յիսուս նրանց դիմաց ելաւ ու ասաց. «Ողջո՜յն ձեզ». եւ նրանք մօտենալով՝ նրա ոտքերին փարուեցին ու երկրպագեցին նրան: 10 Այն ժամանակ Յիսուս նրանց ասաց. «Մի՛ վախեցէք. գնացէք ասացէ՛ք իմ եղբայրներին, որ գնան Գալիլիա եւ այնտեղ ինձ տեսնեն»: 11 Երբ նրանք գնացին, ահա զինուորներից ոմանք քաղաք եկան ու քահանայապետներին պատմեցին այն բոլորը, ինչ որ պատահել էր: 12 Եւ նրանք, ծերերի հետ միասին հաւաքուելով, խորհուրդ արեցին, շատ դրամ տուեցին զինուորներին ու ասացին. 13 «Կասէք, թէ նրա աշակերտները, գիշերով գալով, գողացան նրան, մինչ մենք քնի մէջ էինք: 14 Եւ եթէ այդ լուրը կուսակալին հասնի, մենք նրան կգոհացնենք եւ ձեզ հոգսից կազատենք»: 15 Եւ նրանք, դրամն առնելով, արեցին այնպէս, ինչպէս որ իրենց սովորեցրել էին: Եւ այս զրոյցը տարածուած է հրեաների մէջ մինչեւ այսօր: 16 Իսկ տասնմէկ աշակերտները գնացին Գալիլիա՝ այն լեռը, ուր Յիսուս իրենց հետ ժամադրուել էր: 17 Երբ նրան տեսան, երկրպագեցին նրան, իսկ ոմանք երկմտեցին: 18 Եւ Յիսուս մօտենալով խօսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ է տրուած ամէն իշխանութիւն երկնքում եւ երկրի վրայ. ինչպէս Հայրը ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում: 19 Գնացէ՛ք, ուրեմն, աշակե՛րտ դարձրէք բոլոր ազգերին, նրանց մկրտեցէ՛ք Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով: 20 Ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատուիրեցի: Եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը»: