русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՍՈՒՐԲ ԳԻՐՔ / ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ / Արեւելահայրեն (1994թ.)
ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆԻ ԳՐՔԵՐԸ
Ծննդոց | Ելք | Ղեւտական | Թուեր | Երկրորդ օրէնք | Նաւէի որդի Յեսուի գիրքը | Դատաւորներ | Հռութ | Ա Թագաւորութիւններ | Բ Թագաւորութիւններ | Գ Թագաւորութիւններ | Դ Թագաւորութիւններ | Ա Մնացորդաց | Բ Մնացորդաց | Ա Եզրաս | Բ Եզրաս | Նէեմիի գիրքը | Եսթերի գիրքը | Յուդիթ | Տոբիթ | Ա Մակաբայեցիներ | Բ Մակաբայեցիներ | Գ Մակաբայեցիներ | Սաղմոսներ | Առակներ | Ժողովող | Երգ երգոց | Իմաստութիւն Սողոմոնի | Սիրաքի իմաստութիւնը | Յոբի գիրքը | Եսայու մարգարէութիւնը | Օսէէի մարգարէութիւնը | Ամոսի մարգարէութիւնը | Միքիայի մարգարէութիւնը | Յովէլի մարգարէութիւնը | Աբդիուի մարգարէութիւնը | Յովնանի մարգարէութիւնը | Նաւումի մարգարէութիւնը | Ամբակումի մարգարէութիւնը | Սոփոնիայի մարգարէութիւնը | Անգէի մարգարէութիւնը | Զաքարիայի մարգարէութիւնը | Մաղաքիայի մարգարէութիւնը | Երեմիայի մարգարէութիւնը | Բարուքի թուղթը | Երեմիա մարգարէի ողբը | Դանիէլի մարգարէութիւնը | Եզեկիէլի մարգարէութիւնը

ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻ ԳՐՔԵՐԸ
Աւետարան ըստ Մատթէոսի | Աւետարան ըստ Մարկոսի | Աւետարան ըստ Ղուկասի | Աւետարան ըստ Յովհաննէսի | Գործք առաքելոց | Պօղոս առաքեալի թուղթը հռոմէացիներին | Պօղոս առաքեալի Ա թուղթը կորնթացիներին | Պօղոս առաքեալի Բ թուղթը կորնթացիներին | Պօղոս առաքեալի թուղթը գաղատացիներին | Պօղոս առաքեալի թուղթը եփեսացիներին | Պօղոս առաքեալի թուղթը փիլիպեցիներին | Պօղոս առաքեալի թուղթը կողոսացիներին | Պօղոս առաքեալի Ա թուղթը թեսաղոնիկեցիներին | Պօղոս առաքեալի Բ թուղթը թեսաղոնիկեցիներին | Պօղոս առաքեալի Ա թուղթը Տիմոթէոսին | Պօղոս առաքեալի Բ թուղթը Տիմոթէոսին | Պօղոս առաքեալի թուղթը Տիտոսին | Պօղոս առաքեալի թուղթը Փիլիմոնին | Պօղոս առաքեալի թուղթը եբրայեցիներին | Յակոբոս առաքեալի ընդհանրական թուղթը | Պետրոս առաքեալի Ա ընդհանրական թուղթը | Պետրոս առաքեալի Բ ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի Ա ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի Բ ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի Գ ընդհանրական թուղթը | Յուդա առաքեալի ընդհանրական թուղթը | Յովհաննէս առաքեալի յայտնութիւնը



ՊՕՂՈՍ ԱՌԱՔԵԱԼԻ ԱՌԱՋԻՆ ԹՈՒՂԹԸ ՏԻՄՈԹԷՈՍԻՆ


1
1 Պօղոսը՝ առաքեալը Յիսուս Քրիստոսի, ըստ հրամանի մեր Փրկիչ Աստծոյ եւ Յիսուս Քրիստոսի, որ մեր յոյսն է. 2 Տիմոթէոսին՝ հաւատի մէջ սիրելի որդուն՝ շնո՜րհ, ողորմութի՜ւն, խաղաղութի՜ւն Հայր Աստծուց եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսից: 3 Ինչպէս խնդրեցի քեզ, երբ գնում էի Մակեդոնիա, մնա՛ Եփեսոսում, որպէսզի պատուէր տաս, որ ոմանք օտար ուսմունք չուսուցանեն 4 եւ չկապուեն առասպելներին ու անվերջանալի տոհմաբանութիւններին, որոնք մանաւանդ պատճառ կլինեն վէճերի, բայց չեն ծառայում Աստծոյ ծրագրերին, որոնք հաւատի վրայ են հիմնուած. 5 քանզի պատուիրանի գլխաւորը սէրն է՝ բխած սուրբ սրտից, բարի խղճմտանքից եւ անկեղծ հաւատից, 6 որոնցից վրիպեցին ոմանք՝ խոտորուելով խօսքերի ունայնութեան մէջ: 7 Ուզում են օրէնքի վարդապետներ լինել. իրենք իսկ չեն իմանում՝ ինչ են խօսում, ոչ էլ՝ հասկանում այն բաները, որոնց վրայ պնդում են: 8 Գիտենք, որ օրէնքը լաւ է, եթէ մէկն այն գործադրի օրինաւոր կերպով: 9 Բայց այս բանը թող իմանայ, որ արդարների համար չէ օրէնքը, այլ՝ անօրէնների եւ անհնազանդների, ամբարիշտների եւ մեղաւորների, անմաքուրների եւ պիղծերի, հայր ու մայր անարգողների, մարդասպանների, 10 պոռնիկների, արուամոլների, մարդագողների, ստախօսների, սուտ երդուողների, այլեւ ամէն բանի համար, որը հակառակ է ողջամիտ վարդապետութեան, 11 վարդապետութիւն, որ համապատասխանում է երանելի Աստծոյ փառաւոր աւետարանին, որին եւ հաւատարիմ եղայ ես: 12 Շնորհակալութիւն նրան, որ զօրացրեց ինձ մեր Տէր Քրիստոս Յիսուսի միջոցով, որը վստահելի համարեց ինձ այս սպասաւորութեանը կարգելու՝ 13 ինձ, որ նախապէս հայհոյիչ էի, հալածիչ եւ անարգող. բայց ես ողորմութիւն գտայ, որովհետեւ այդ բանն անում էի՝ անգիտութեան եւ անհնազանդութեան մէջ գտնուելով. 14 եւ մեր Տիրոջ շնորհը շատացաւ ինձ համար այն հաւատով եւ սիրով, որ է ի Քրիստոս Յիսուս: 15 Վստահելի եւ ամենայն ընդունելութեան արժանի է այս խօսքը, թէ՝ Քրիստոս Յիսուս աշխարհ եկաւ՝ փրկելու մեղաւորներին, որոնց գլուխը ես եմ: 16 Եւ ողորմութիւն գտայ նրա համար, որ Յիսուս Քրիստոս նախ իմ մէջ ցոյց տուեց իր ամբողջ համբերութիւնը՝ որպէս օրինակ նրանց, որ պիտի հաւատան իրեն յաւիտենական կեանքի համար. 17 նաեւ յաւիտենութեան Թագաւորին, որ անեղծ եւ աներեւոյթ է, միակ Աստծուն՝ փա՜ռք եւ պատի՜ւ յաւիտեանս յաւիտենից: Ամէն: 18 Որդեա՛կ իմ Տիմոթէոս, աւանդում եմ քեզ այս պատուիրանը՝ քո մասին նախապէս եղած մարգարէութիւնների համաձայն, որպէսզի նրանցով դու մղես բարի պատերազմը, 19 պահես հաւատը բարի խղճմտանքով, որը ոմանք հեռու վանելով իրենցից՝ նաւաբեկութեան ենթարկուեցին հաւատի մէջ. 20 դրանց թւում են Հիմենոսը եւ Աղեքսանդրոսը, որոնց մատնեցի սատանային, որպէսզի խրատուեն չհայհոյել:

2
1 Արդ, ամէնից առաջ աղաչում եմ աղօթք անել, խնդրել, պաղատել, գոհութիւն մատուցել բոլոր մարդկանց համար, 2 մանաւանդ՝ թագաւորների եւ բոլոր իշխանաւորների համար, որպէսզի խաղաղութեամբ եւ հանդարտութեամբ վարենք մեր կեանքը, կատարեալ աստուածապաշտութեամբ եւ սրբութեամբ. 3 այդ է բարին եւ ընդունելին մեր Փրկչի՝ Աստծոյ առաջ: 4 Նա կամենում է, որ բոլոր մարդիկ փրկուեն եւ հասնեն ճշմարտութեան գիտութեանը. 5 քանզի մէկ Աստուած կայ եւ մէկ միջնորդ Աստծոյ եւ մարդկանց միջեւ՝ Յիսուս Քրիստոս՝ մարդը, 6 որ տուեց ինքն իրեն որպէս փրկանք բոլորի համար՝ ի վկայութիւն իր ժամանակների. 7 դրա համար ես կարգուեցի որպէս քարոզիչ եւ առաքեալ (ճշմարիտ եմ ասում Քրիստոսով եւ չեմ ստում), եղայ վարդապետ հեթանոսների՝ հաւատով եւ ճշմարտութեամբ: 8 Ուզում եմ, որ տղամարդիկ աղօթեն ամէն տեղ, սուրբ ձեռքեր բարձրացնեն դէպի վեր՝ առանց բարկութեան եւ երկմտութեան: 9 Նոյնպէս եւ կանայք համեստ զարդարանքով, ակնածութեամբ եւ պարկեշտութեամբ թող զարդարուեն. ոչ թէ՝ մարգարտով ընդելուզուած ոսկեայ հիւսքերով կամ պճնազարդ զգեստներով, 10 այլ՝ բարի գործերով, ինչպէս վայել է աստուածապաշտութիւնը յանձն առած կանանց: 11 Կին արարածը թող ուսանի լռութեամբ, կատարեալ հնազանդութեամբ: 12 Եւ ես թոյլ չեմ տալիս, որ կին արարածը ուսուցանի կամ էլ խօսքով իշխի տղամարդու վրայ, այլ թող լուռ մնայ. 13 որովհետեւ նախ Ադամը ստեղծուեց, եւ ապա՝ Եւան: 14 Եւ Ադա՛մը չխաբուեց, այլ կի՛նը խաբուեց եւ յանցանք գործեց: 15 Բայց նա պիտի ապրի որդեծնութեան համար, եթէ պարկեշտութեամբ մնայ հաւատի, սիրոյ եւ սրբութեան մէջ:

3
1 Հաւաստի է այս խօսքը, թէ՝ ով եպիսկոպոսութեան է ձգտում, ձգտում է բարի գործի: 2 Եպիսկոպոսը պէտք է անարատ լինի, մէկ կնոջ մարդ, հեզ, խոհեմ, պարկեշտ, հիւրասէր, ուսուցանելու ընդունակ, 3 ոչ նախատող, ոչ բռնացող, այլ՝ հանդարտաբարոյ, ոչ կռուազան, ոչ փողասէր, այլ՝ այնպիսին, 4 որ իր իսկ տանը լաւ վերակացու լինի, ունենայ որդիներ, որոնք հնազանդութեան մէջ լինեն կատարեալ պարկեշտութեամբ 5 (իսկ եթէ մէկն իր տունը կառավարել չիմանայ, հապա ինչպէ՞ս Աստծոյ եկեղեցուն խնամակալ կլինի), 6 ոչ նորադարձ, որպէսզի գոռոզանալով՝ սատանային վիճակուած դատապարտութեան մէջ չընկնի. 7 այլ նա պէտք է ունենայ բարի վկայութիւն նաեւ դրսեցիներից, որպէսզի չլինի թէ ընկնի նախատինքի տակ եւ սատանայի որոգայթների մէջ: 8 Նմանապէս եւ սարկաւագները թող լինեն պարկեշտ, ոչ երկդիմի խօսող, ոչ գինեսէր, ոչ շահամոլ, 9 այլ թող պահեն հաւատի խորհուրդը մաքուր խղճով: 10 Նախ իրենք թող փորձի ենթարկուեն, եւ եթէ անմեղադրելի գտնուեն, ապա պաշտօն կատարեն: 11 Նոյնպէս եւ նրանց կանայք թող լինեն պարկեշտ, ոչ չարախօս, հեզ, հաւատարիմ ամէն ինչում: 12 Սարկաւագները թող մէկ կնոջ մարդ լինեն, իրենց որդիներին եւ իրենց տները լաւ կառավարեն, 13 որովհետեւ այն սարկաւագները, որ լաւ են ծառայում, իրենց համար շահում են բարի աստիճան եւ մեծ համարձակութիւն կունենան ի Քրիստոս Յիսուս իրենց ունեցած հաւատի մէջ: 14 Քեզ գրում եմ այս բանը, որովհետեւ յոյս ունեմ, որ շուտով կգամ: 15 Իսկ եթէ ուշանամ, դու կիմանաս, թէ ինչպէս պէտք է վարուես Աստծոյ տան մէջ, որ կենդանի Աստծոյ եկեղեցին է՝ սիւն եւ հաստատութիւն ճշմարտութեան: 16 Եւ յայտնապէս մեծ է աստուածապաշտութեան խորհուրդը, որ յայտնուեց մարմնով, արդարացաւ Հոգով, երեւաց հրեշտակներին, քարոզուեց հեթանոսների մէջ, հաւատալի եղաւ աշխարհում եւ երկինք վերացաւ փառքով:

4
1 Եւ Սուրբ Հոգին յայտնապէս ասում է, թէ վերջին ժամանակներում ոմանք պիտի հեռանան հաւատից եւ իրենց ուշադրութիւնը պիտի դարձնեն մոլորեցնող ոգիների վրայ եւ դեւերի վարդապետութիւնների վրայ՝ 2 տարուած ստախօսների կեղծաւորութեամբ, որոնց խղճմտանքը խարանուած է, 3 որոնք արգելում են ամուսնանալ եւ հեռու են պահում այն կերակուրներից, որ Աստուած ստեղծեց, որպէսզի հաւատացեալները եւ ճշմարտութեան վերահասու եղողները գոհութեամբ վայելեն. 4 որովհետեւ Աստծոյ բոլոր ստեղծածները լաւ են, եւ խոտան բան չկայ, մանաւանդ՝ երբ դրանք գոհութեամբ են ընդունւում. 5 քանի որ Աստծոյ խօսքով եւ աղօթքով ամէն բան մաքրւում է: 6 Այս խրատը տալով եղբայրներին՝ Քրիստոս Յիսուսի մի բարի պաշտօնեայ կլինես՝ սնուած հաւատի խօսքերով եւ այն բարի վարդապետութեամբ, որին հետամուտ իսկ եղար. 7 բայց պիղծ խօսքերից եւ պառաւական առասպելներից հրաժարուի՛ր. եւ դու քեզ մարզի՛ր աստուածապաշտութեամբ, 8 որովհետեւ մարմնի մարզումը քիչ բանի է օգտակար, մինչ աստուածապաշտութիւնը օգտակար է ամէն ինչի. եւ նա ունի կեանքի աւետիսը՝ այս կեանքի եւ հանդերձեալի: 9 Ճիշտ է այս խօսքը եւ արժանի է ամենայն ընդունելութեան, 10 որովհետեւ այս բանի համար իսկ տքնում ենք եւ նախատինքներ կրում. քանի որ մեր յոյսը դրել ենք կենդանի Աստծոյ վրայ, որ Փրկիչն է բոլոր մարդկանց, մանաւանդ՝ հաւատացեալների: 11 Պատուիրի՛ր այդ եւ ուսուցանի՛ր. 12 թող ոչ ոք քո երիտասարդութիւնը չարհամարհի՛, այլ օրինա՛կ եղիր հաւատացեալներին խօսքով, վարմունքով, սիրով, հաւատով, մաքրութեամբ: 13 Մինչեւ իմ գալը հետամտի՛ր Աստծոյ խօսքը ընթերցել, յորդորել եւ ուսուցանել հաւատացեալներին: 14 Զանց մի՛ առ այն շնորհը, որ քո մէջ է, որ տրուեց քեզ մարգարէութեամբ՝ երէցների ձեռնադրումով: 15 Այդ մասին մտածի՛ր եւ յարատեւի՛ր դրանում, որպէսզի քո առաջադիմութիւնը յայտնի լինի բոլորին: 16 Զգո՛յշ եղիր քո նկատմամբ եւ քո ուսուցման նկատմամբ. եւ յարատեւի՛ր դրանում: Եթէ այդ բանն անես, կփրկես ե՛ւ քեզ, ե՛ւ նրանց, որ լսում են քեզ:

5
1 Ծերին խստութեամբ մի՛ յանդիմանիր, այլ յորդորիր որպէս քո հօրը. երիտասարդներին յորդորիր որպէս եղբայրների, 2 պառաւներին՝ որպէս մայրերի, դեռատի կանանց՝ որպէս քոյրերի, կատարեալ մաքրութեամբ: 3 Յարգի՛ր այն այրիներին, որ իսկապէս այրիներ են: 4 Իսկ եթէ մի այրի որդիներ եւ թոռներ ունի, նախ նրանք թող սովորեն իրենց տան հանդէպ բարի վերաբերմունք ցոյց տալ եւ իրենց ծնողների արածի փոխարէն նրանց հատուցել, որովհետեւ այն է բարին եւ ընդունելին Աստծոյ առաջ: 5 Իսկ ով իսկապէս այրի է եւ մենակ է ապրում ու իր յոյսը դրել է Աստծոյ վրայ, թող յարատեւող լինի աղօթքի եւ աղաչանքների մէջ զօր ու գիշեր: 6 Իսկ մեղկասէր այրին կենդանի մեռեալ է: 7 Այս բանը պատուիրի՛ր, որ անարատ լինեն: 8 Իսկ եթէ մէկը իւրայիններին եւ մանաւանդ ընտանիքին խնամք չի տանում, հաւատն ուրացել է եւ աւելի չար է, քան անհաւատը: 9 Այրիների թւում կհամարուի այն այրին, որ վաթսուն տարեկանից պակաս չէ, մէկ մարդու կին է եղել 10 ու բարի գործերով է վկայուել, որ երեխաներ է մեծացրել, որ հիւրեր է ընդունել, որ սրբերի ոտքերն է լուացել, որ նեղութեան մէջ գտնուողներին է հասել, որ ամէն բարի գործի հետամուտ է եղել: 11 Բայց երիտասարդ այրի կանանց հաշուի մի՛ առ, որովհետեւ հեշտասիրութեան անձնատուր լինելով՝ Քրիստոսի դէմ են ելնում եւ ամուսնանալ են ուզում. 12 իսկ դատաստան են ընդունում նրա համար, որ առաջին հաւատն արհամարհեցին: 13 Միաժամանակ եւ անգործութեան են վարժւում՝ շրջելով տնից տուն. եւ ոչ միայն դատարկապորտներ են, այլեւ՝ շատախօս եւ աւելորդ հետաքրքրասէր. եւ խօսում են բաներ, որ պէտք չէ խօսել: 14 Ուզում եմ, որ այդ երիտասարդ կանայք ամուսնանան, որդիներ ծնեն, տնարար լինեն եւ հակառակորդին առիթ չտան նախատինքի, 15 քանի որ արդէն իսկ նրանցից ոմանք շեղուել են՝ սատանայի յետեւից գնալով: 16 Եթէ հաւատացեալ մէկը այրիներ ունի, թող նրանց օգնի, որ եկեղեցին բեռի տակ չընկնի եւ նա կարողանայ օգնել իսկապէ՛ս այրիներին: 17 Այն երէցները, որոնք լաւ վերակացու են, կրկնակի պատուի արժանի թող լինեն. մանաւանդ՝ նրանք, որ տքնում են խօսքով եւ ուսուցանելով. 18 քանզի Սուրբ Գիրքն ասում է. «Կալ անող եզան դունչը մի՛ կապիր», եւ՝ «Մշակն արժանի է իր վարձին»: 19 Երէցի մասին ամբաստանութիւն մի՛ ընդունիր՝ բացի այն դէպքից, երբ դա երկու կամ երեք վկաներով լինի: 20 Իսկ մեղանչողներին յանդիմանի՛ր բոլորի առաջ, որպէսզի միւսներն էլ վախենան: 21 Պարտաւորեցնում եմ քեզ Աստծոյ եւ Յիսուս Քրիստոսի ու ընտրեալ հրեշտակների առաջ, որ այս բոլորը պահես առանց նախապաշարումի՝ աչառութեամբ ոչինչ չանելով: 22 Ձեռքերդ շտապով որեւէ մէկի վրայ մի՛ դիր եւ ուրիշների մեղքերին մասնակից մի՛ եղիր, քեզ մաքո՛ւր պահիր: 23 Այսուհետեւ միմիայն ջուր մի՛ խմիր, այլ մի քիչ գինի էլ խառնիր քո ստամոքսի եւ յաճախակի տկարութիւնների պատճառով: 24 Կան մարդիկ, որոնց մեղքերը յայտնի են նախքան որեւէ դատաստանի ենթարկուելը. մարդիկ էլ կան, որոնց մեղքերը յետոյ են յայտնի դառնում: 25 Նոյն ձեւով եւ յայտնի են բարի գործերը. եւ այն գործերը, որ յայտնի չեն, թաքնուած մնալ չեն կարող:

6
1 Բոլոր նրանք, ովքեր ծառայութեան լծի տակ են, նրանցից իւրաքանչիւրը թող իր տէրերին պատուի արժանի համարի, որպէսզի Աստծոյ անունն ու վարդապետութիւնը չանարգուի: 2 Իսկ նրանք, որ հաւատացեալ տէրեր ունեն, թող չարհամարհեն, որ նրանք եղբայրներ են, այլ աւելի լաւ ծառայեն, քանի որ հաւատացեալներ են եւ սիրելի եղբայրներ, որոնք յանձն են առել բարերարութիւնը: Այս բանն ուսուցանի՛ր եւ յորդորի՛ր: 3 Իսկ եթէ մէկն այլ բան ուսուցանի եւ չանսայ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ողջամիտ խօսքերին եւ այն վարդապետութեանը, որ աստուածապաշտութեան համապատասխան է, 4 այդպիսին գոռոզամիտ է եւ ոչինչ չգիտէ, այլ բռնուած է հակառակութեան խօսքեր եւ խնդիրներ առաջացնելու հիւանդութեամբ, որոնցից առաջ են գալիս նախանձ, կռիւ, հայհոյութիւններ, չար կասկածներ, խարդախութիւններ 5 մտքով ապականուած եւ ճշմարտութիւնից հեռացած մարդկանց միջեւ, որոնք շահի աղբիւր են համարում աստուածապաշտութիւնը: Բայց դու այդպիսիներից հեռո՛ւ պահիր քեզ: 6 Իրօք, աստուածապաշտութիւնը շահի մեծ աղբիւր է նրանց համար, ովքեր գոհ են իրենց վիճակից. 7 որովհետեւ ոչինչ չբերեցինք աշխարհ, ոչ էլ պիտի կարողանանք տանել: 8 Այլ ունենք կերակուր եւ հանդերձներ ու դրանցով էլ բաւականանք: 9 Իսկ ովքեր հարստանալ են ուզում, ընկնում են փորձութեան, որոգայթի եւ բազում անմիտ ու վնասակար ցանկութիւնների մէջ, որոնք ընկղմում-տանում են մարդկանց դէպի կործանում եւ դէպի կորուստ, 10 որովհետեւ բոլոր չարիքների արմատը փողասիրութիւնն է, որին ոմանք ձգտելով՝ մոլորուեցին հաւատից եւ իրենք իրենց գցեցին բազում ցաւերի մէջ: 11 Իսկ դու, ո՛վ մարդ Աստծոյ, փախի՛ր այդ բաներից եւ գնա՛ արդարութեան, աստուածապաշտութեան, հաւատի, սիրոյ, համբերութեան եւ հեզութեան յետեւից: 12 Հաւատի բարի մա՛րտը մղիր եւ պի՛նդ կառչիր յաւիտենական կեանքից, որին կանչուեցիր եւ բարի դաւանութիւնը դաւանեցիր բազում վկաների առաջ: 13 Պատուիրում եմ քեզ Աստծոյ ներկայութեամբ, որը կեանք է տալիս ամէն ինչի, եւ Յիսուս Քրիստոսի առաջ, որը Պոնտացի Պիղատոսի առաջ վկայեց բարի դաւանութիւնը, 14 որ դու պահես պատուիրանը անբիծ, անարատ մինչեւ յայտնութիւնը Յիսուս Քրիստոսի, 15 որին իր ժամանակում յայտնի պիտի անի Երանելին եւ միակ Հզօրը, թագաւորների Թագաւորը եւ տէրերի Տէրը՝ 16 նա, որ միայն ինքն ունի անմահութիւնը եւ բնակւում է անմատչելի լոյսի մէջ, որ մարդկանցից ոչ ոք չի տեսել եւ ոչ էլ կարող է տեսնել. նրան՝ պատիւ եւ զօրութիւն յաւիտեանս: Ամէն: 17 Այս աշխարհի հարուստներին պատուիրի՛ր, որ չհպարտանան եւ չապաւինեն սնոտի հարստութեանը, այլ՝ Աստծուն, որ մեզ առատապէս ամէն ինչ տալիս է վայելելու համար. 18 պատուիրի՛ր բարիք գործել, բարի գործերով հարստանալ, լինել առատաձեռն, բարեսէր, իրենց ունեցածից ուրիշին էլ բաժին հանել՝ 19 իրենց համար բարի հիմք դնելով հանդերձեալում, որպէսզի ձեռք բերեն ճշմարիտ կեանքը: 20 Ո՛վ Տիմոթէոս, պահի՛ր աւանդը՝ հեռու մնալով պիղծ եւ նորահնար խօսքերից, հակառակութիւնից եւ խաբեպատիր գիտութիւնից, 21 որը ոմանք յանձն առնելով՝ շեղուեցին հաւատից: Շնո՜րհ քեզ հետ:
 
sacredtradition.am