ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՆԻ ԳՐՔԵՐԸ
ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻ ԳՐՔԵՐԸ
ԵՐԵՄԻԱՅԻ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆԸ
11 Աստծոյ պատգամը՝ ուղղուած Քեղկիայի որդի Երեմիային, որը Բենիամինի երկրում՝ Անաթոթում ապրող քահանաներից էր: 2 Տէրը նրա հետ խօսեց Հրէաստանի արքայ Ամոնի որդի Օսիայի օրօք՝ վերջինիս թագաւորութեան տասներեքերորդ տարում, 3 նաեւ Հրէաստանի արքայ Օսիայի որդի Յովակիմի օրօք, մինչեւ Յուդայի երկրի արքայ Օսիայի որդի Սեդեկիայի տասնմէկերորդ տարուայ վերջը, մինչեւ Երուսաղէմի բնակչութեան գերութիւնը, որ տեղի ունեցաւ նոյն տարուայ հինգերորդ ամսին: 4 Տէրը խօսքն ուղղեց ինձ եւ ասաց. 5 «Դեռ քեզ որովայնում չստեղծած՝ ես ընտրեցի քեզ եւ, դեռ արգանդից դուրս չեկած, սրբացրի քեզ ու հեթանոսների վրայ մարգարէ կարգեցի»: 6 Իսկ ես ասացի. «Տէ՛ր, ո՛վ դու Տէր, ահա ես նոյնիսկ խօսել չգիտեմ, քանզի մանուկ եմ»: 7 Տէրն ինձ ասաց. «Մի՛ ասայ, թէ՝ “Մանուկ եմ ես”. ում մօտ որ ուղարկեմ քեզ, բոլորի մօտ էլ պիտի գնաս ու այն ամէնը, ինչ որ պատուիրեմ քեզ, պիտի խօսես: 8 Չվախենաս նրանցից,– ասում է Տէրը,– քանզի ես քեզ հետ եմ քեզ փրկելու համար»: 9 Եւ Տէրը, ձեռքն ինձ երկարելով, հպեց բերանիս ու ասաց. «Ահա իմ խօսքը քո բերանը դրեցի: 10 Ահա քեզ այսօր իշխանութիւն տուեցի ազգերի ու թագաւորութիւնների վրայ, որպէսզի դրանք քանդես ու խորտակես, կործանես ու աւերես, կառուցես ու հաստատես»: 11 Տէրը, խօսքն ինձ ուղղելով, ասաց. «Ի՞նչ ես տեսնում, Երեմիա՛»: Ես ասացի. «Ընկուզենու գաւազան եմ տեսնում»: 12 Տէրն ինձ ասաց. «Ճիշտ ես տեսնում. ես արթուն հետեւում եմ, որպէսզի իմ ասածները կատարուեն»: 13 Եւ Տէրը նորից խօսքն ինձ ուղղեց՝ ասելով. «Ի՞նչ ես տեսնում»: Ասացի. «Եռացող կաթսայ եմ տեսնում՝ բերանը հիւսիսից դէպի այս կողմ»: 14 Տէրն ինձ ասաց. «Այս երկրի բնակիչների վրայ չարիքները հիւսիսից են բորբոքուելու: 15 Ահա ես բոլոր թագաւորութիւններին միասին կանչելու եմ հիւսիսի երկրից,– ասում է Տէրը.– գալու են, եւ ամէն մէկն իր գահն է հաստատելու Երուսաղէմի դարպասների շեմերին, նրա շրջակայ բոլոր պարիսպների վրայ եւ Հրէաստանի բոլոր քաղաքների վրայ: 16 Ես դատ ու դատաստանով եմ խօսելու նրանց հետ իրենց գործած բոլոր չարիքների համար, քանզի նրանք լքեցին ինձ եւ զոհեր մատուցեցին օտար աստուածներին, երկրպագեցին իրենց ձեռակերտ կուռքերին: 17 Դու էլ գօտեպնդուի՛ր, գնա եւ ասա՛ նրանց այն ամէնը, ինչ որ պատուիրելու եմ քեզ: Չվախենաս նրանցից եւ քեզ չկորցնես նրանց առաջ, քանզի ես քեզ հետ եմ քեզ փրկելու համար,– ասում է Տէրը:– 18 Ահաւասիկ ես այսօր կանգնեցրի քեզ ինչպէս ամուր քաղաք եւ ինչպէս երկաթէ սիւն եւ կամ ինչպէս պղնձէ հզօր պարիսպ՝ ընդդէմ Հրէաստանի բոլոր թագաւորների, նրա իշխանների, նրա քահանաների ու երկրի ժողովրդի: 19 Նրանք պիտի կռուեն քեզ հետ, բայց քեզ ոչ մի բան չպիտի կարողանան անել, քանզի ես քեզ հետ եմ քեզ փրկելու համար»,– ասում է Տէրը:
21 Տէրը խօսքն ուղղեց ինձ եւ ասաց. «Գնա՛ երուսաղէմացիների ականջներին ձա՛յն տուր ու ասա՛. 2 Տէրն այսպէս է ասում. “Քե՛զ յիշեցի, քո պատանութեան խանդաղատանքն ու քո հարսնութեան սէրը, երբ դու ընթանում էիր Իսրայէլի Սրբի յետեւից”»: 3 Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Սուրբը. «Տիրոջ համար իր պտուղներից առաջինն է նա: Բոլոր նրանք, ովքեր ուտելու են այն, զղջալու են. չարիքներ են հասնելու նրանց վրայ»,– ասում է Տէրը: 4 Լսեցէ՛ք Տիրոջ խօսքը, ո՛վ Յակոբի տուն եւ Իսրայէլի բոլո՛ր տոհմեր: 5 Այսպէս է ասում Տէրը. «Ձեր հայրերն ի՞նչ վնասակար բան գտան իմ մէջ, որ հեռացան ինձնից եւ սնոտի աստուածների յետեւից գնալով՝ սնահաւատ դարձան: 6 Չասացին էլ. “Ո՞ւր է Տէրը, որ մեզ հանեց Եգիպտացիների երկրից եւ առաջնորդեց մեզ անապատում՝ անծայր ու անուղի, անջուր ու անպտուղ երկրում, մահուան ստուերների մէջ, այն երկրում, որտեղով մարդ չէր անցել, եւ ուր չէր բնակուել մարդու որդին: 7 Տարաւ մեզ Քերմէլ՝ ուտելու նրա պտուղն ու բարիքները”. իսկ դուք մտաք ու ապականեցիք իմ երկիրը, իմ ժառանգութիւնը պղծութեան մատնեցիք: 8 Եւ քահանաները չհարցրին. “Ո՞ւր է Տէրը”: Իմ օրէնսգէտներն ինձ չուզեցին ճանաչել, առաջնորդներն ապստամբեցին իմ դէմ, եւ մարգարէները Բահաղի անունով մարգարէութիւն արեցին ու անօգուտ աստուածների յետեւից գնացին: 9 Դրա համար էլ դեռ պիտի դատեմ ձեզ,– ասում է Տէրը,– պիտի դատեմ նաեւ ձեր որդոց որդիներին: 10 Արդ, անցէ՛ք քետիմացիների կղզիներն ու նայեցէ՛ք, մա՛րդ ուղարկեցէք նաեւ Կեդար ու լա՛ւ տեղեկացէք, տեսէք՝ եղե՞լ է այդպիսի բան. 11 ազգերն իրենց աստուածներին փոխե՞լ են, թէեւ նրանք աստուածներ էլ չեն, բայց իմ ժողովուրդն իր փառքը փոխանակեց նրանց հետ, որոնցից օգուտ չի ունենալու: 12 Այդ բանի վրայ ապշեց երկինքը եւ խիստ սոսկաց,– ասում է Տէրը,– 13 քանզի երկու չարիք գործեց իմ ժողովուրդը. ինձ՝ կենաց ջրի Աղբիւրիս, լքեց եւ իր համար ծակ փոսեր փորեց, որոնք ջուր չեն կարող պահել: 14 Մի՞թէ Իսրայէլը ծառայ է, կամ Յակոբը՝ ստրուկ, որ աւարի մատնուեցին: 15 Նրա վրայ մռնչացին եւ իրենց ձայներն արձակեցին առիւծները, որոնք աւերակ դարձրին նրա երկիրը: Նրա քաղաքները, բնակիչներից թափուր դառնալով, կործանուեցին: 16 Մեմփացիներն ու տափնացիները ճանաչեցին քեզ ու ծաղրեցին: 17 Մի՞թէ դրա պատճառն այն չէր,– ասում է քո Տէր Աստուածը,– որ դու լքեցիր ինձ այն ժամանակ, երբ քեզ բերում էի անապատի ճանապարհով: 18 Եւ հիմա դու՝ ո՜ւր, եգիպտացիների ճանապարհը՝ ուր. ուզում ես Գեհոնի ջո՞ւրը խմել. եւ կամ դու՝ ո՜ւր, ասորեստանցիների ճանապարհը՝ ուր. ուզում ես գետերի ջո՞ւրը խմել: 19 Քո ապստամբութիւնը քեզ խրատ է լինելու, եւ քո չարութիւնները կշտամբելու են քեզ: Խելքի կգաս ու կտեսնես, որ քեզ համար դառնաղէտ է ինձ լքելը,– ասում է քո Տէր Աստուածը:– 20 Ես չհաւանեցի քեզ,– ասում է քո Տէր Աստուածը:– Վաղուց խորտակեցիր քո լուծը, խզեցիր քո կապանքներն ու ասացիր, թէ՝ “Չեմ ծառայի, այլ կգնամ այնտեղ՝ բոլոր բարձր բլուրների վրայ եւ բոլոր ստուերախիտ ծառերի տակ, կզեխանամ պոռնկութեան մէջ”: 21 Ես քեզ տնկեցի իբրեւ համակ ազնիւ եւ պտղաբեր որթատունկ. ինչո՞ւ ինձ համար դառնութեան փոխուեցիր, ո՛վ դու, որթատո՛ւնկդ օտարացեալ: 22 Եթէ բորակով էլ լուացուես եւ կամ օճառը ձեռքիցդ վար չգցես, դարձեալ իմ առաջ քո անիրաւութիւնների մէջ շաղախուած կմնաս,– ասում է Տէր Աստուած:– 23 Ինչպէ՞ս ես ասում, թէ՝ “Չեմ պղծուել եւ չեմ գնացել Բահաղի յետեւից”: Տե՛ս քո ընթացքը գերեզմաններում եւ իմացի՛ր, թէ ինչ ես արել: 24 Ամէն երեկոյ նրա տռփանքի ձայնը տարածուեց իր ճանապարհներին. յաճախ նա այցելեց անապատի ջրերին. իր մարմնական ցանկութեան պատճառով այսահար դարձաւ: Անձնատուր եղաւ իր կրքերին, եւ ո՞վ է, որ յետ պիտի դարձնի նրան: Բոլոր նրանք, ովքեր կփնտրեն նրան, նեղութիւն չեն կրի. իր ամսականի տառապանքների մէջ կգտնեն նրան: 25 Դարձրո՛ւ քո սիրտը ծուռ ճանապարհից եւ քո կոկորդը՝ ծարաւից: Իսկ նա ասում է՝ “Ուժս տեղն է”, որովհետեւ նա սիրում էր օտար աստուածներին եւ գնում նրանց յետեւից: 26 Ինչպէս որ կամաչի գողը, երբ բռնուի, այնպէս էլ պիտի ամաչեն իսրայէլացիները՝ իրենք, իրենց թագաւորներն ու իրենց իշխանները, իրենց քահանաներն ու իրենց մարգարէները: 27 Նրանք փայտին ասացին, թէ՝ “Իմ հայրն ես դու”, եւ քարին, թէ՝ “Դո՛ւ ծնեցիր ինձ”: Եւ նրանք ոչ թէ իրենց երեսները, այլ թիկունքները դարձրին ինձ, բայց իրենց փորձութեան ժամին պիտի ասեն. “Արի փրկի՛ր մեզ”: 28 Հապա ո՞ւր են քո այն աստուածները, որոնց քեզ համար կերտեցիր. քո թշուառութեան ժամանակ նրանք թող ելնեն ու փրկեն քեզ: Չէ՞ որ քո աստուածները նոյնքան էին, որքան քո քաղաքների թիւը, ո՛վ Յուդայի երկիր: Չէ՞ որ Երուսաղէմի ճանապարհների թուով զոհեր էին մատուցում Բահաղին: 29 Այժմ ինչո՞ւ էք խօսում ինձ հետ, որովհետեւ դուք բոլորդ ամբարշտացաք, բոլորդ անօրէն եղաք իմ դէմ,– ասում է Տէրը:– 30 Զուր ծեծեցի ձեր որդիներին. դուք խրատ չառաք: Սուրը կերաւ ձեր մարգարէներին, առիւծի պէս յօշոտեց, բայց դուք չզարհուրեցիք: 31 Լսեցէ՛ք Տիրոջ պատգամը, այսպէս է ասում Տէրը. մի՞թէ ես Իսրայէլի համար անապատ եղայ կամ աւեր ու խոպանացեալ երկիր, որ իմ ժողովուրդն ասաց. “Անտէրունչ կշրջենք, բայց քեզ մօտ չենք գայ”: 32 Մի՞թէ հարսը կմոռանայ իր զարդը, եւ կոյսը՝ իր լանջագեղ գօտին. իսկ իմ ժողովուրդը երկար ժամանակ մոռացաւ ինձ: 33 Քո ճանապարհին ուրիշ ի՞նչ միջոցների պիտի դիմես սիրոյ հաճոյք գտնելու համար. բայց դու ոչ միայն այդպէս արեցիր, այլեւ նոյնիսկ անզգամացար եւ պղծեցիր քո ճանապարհները: 34 Քո ձեռքերի մէջ յայտնաբերուեց թշուառ ու անմեղ մարդկանց արիւնը. ոչ թէ վիհերում գտայ նրանց, այլ բոլոր կաղնիների մօտ: 35 Դու ասացիր, թէ՝ “Անմեղ եմ, թող նրա բարկութիւնն ինձնից հեռանայ”: Ահաւասիկ ես դատաստան եմ տեսնելու քեզ հետ, որովհետեւ դու ասացիր, թէ՝ չմեղանչեցի: 36 Դու արհամարհեցիր ինձ՝ միշտ կրկնելով քո ընթացքը, բայց դու Եգիպտոսի՛ց էլ պիտի ամաչես, ինչպէս Ասորեստանից ամաչեցիր: 37 Այնտեղից էլ պիտի դուրս գաս՝ ձեռքերդ գլխիդ վրայ բռնած, քանզի Տէրը մերժեց այն, որ քո յոյսն էր, եւ նրանով այլեւս յաջողութիւն չպիտի գտնես:
31 Եթէ մարդն արձակի իր կնոջը, եւ սա հեռանայ նրանից ու ամուսնանայ ուրիշ տղամարդու հետ, ապա նորից յետ գայ նախկին մարդու մօտ, արդեօք այդ կինը ամբողջապէս պղծուած չի՞ լինի: Իսկ դու պոռնկացար բազում առաջնորդների հետ եւ վերադարձար ինձ մօտ,– ասում է Տէրը:– 2 Բարձրացրո՛ւ աչքերդ, ուղիղ դէպի առա՛ջ նայիր եւ տե՛ս, թէ քո ճանապարհներին ո՛ւր ասես որ պղծութեամբ չթաթախուեցիր: Ագռաւի պէս մենակ ու անօգնական՝ նստեցիր այդ ճանապարհներին եւ քո պոռնկութիւններով ու չարութիւններով երկիրը պղծեցիր: 3 Ի գայթակղութիւն քեզ՝ բազում առաջնորդներ ունեցար, պոռնիկ կնոջ կերպարանք առար եւ բոլորի մօտ կորցրիր քո ամօթը: 4 Չընդունեցիր ինձ իբրեւ տաճար, իբրեւ Հայր եւ Իշխան քո կուսութեան: 5 “Մի՞թէ Տէրը յաւիտեան բարկացած պիտի մնայ եւ բարկութիւնն ընդմիշտ պիտի պահի”.– ահա այսպէս ասացիր դու, գործեցիր այդ բոլոր չարիքները եւ զօրացար»: 6 Օսիա արքայի օրօք Տէրն ինձ ասաց. «Տեսա՞ր, թէ ինչ արեց Իսրայէլի այդ բնակչութիւնը. գաղտնի գնաց եւ այնտեղ, բոլոր բարձր լեռների վրայ ու ոլոր սաղարթախիտ ծառերի տակ, պոռնկացաւ: 7 Այդքան պոռնկանալուց յետոյ ես նրան ասացի՝ “Ինձ մօ՛տ դարձիր”, բայց չդարձաւ: Նրա ցոփութեանն ականատես եղաւ ուխտադրուժ Յուդայի երկիրը: 8 Երբ Իսրայէլի բնակչութիւնն ամբողջովին տարուեց շնութեամբ եւ բռնուեց դրա մէջ, արձակեցի նրան, ապահարզանի թուղթ տուեցի ձեռքը, ու ես տեսայ, որ նրա ուխտադրուժ քոյրը՝ Յուդան, չզարհուրեց, այլ գնաց ու ինքն էլ պոռնկացաւ: 9 Նա իր պոռնկութեամբ, որ չնչին բան էր համարում, երկիրը պղծեց՝ քարի ու փայտի հետ շնանալով: 10 Այս ամէնից յետոյ,– ասում է Տէրը,– նրա ուխտադրուժ քոյր Յուդան չդարձաւ դէպի ինձ ամբողջ սրտով, այլ դարձաւ ստութեամբ: 11 Իսրայէլը,– ասում է ինձ Տէրը,– արդարացրեց իր ապստամբութիւնը ուխտազանց Յուդայի համեմատութեամբ: 12 Ահաւասիկ գնա՛ եւ այս պատգամները հռչակի՛ր հիւսիսի կողմերում՝ ասելով. Ինձ մօ՛տ դարձիր, ո՛վ դու Իսրայէլի բնակիչ,– ասում է Տէրը:– Ես ձեզ վրայ չեմ բարկանայ, քանզի ես ողորմած եմ,– ասում է Տէրը,– ձեր դէմ յաւիտեան ոխ չեմ պահի: 13 Բայց դու գիտակցի՛ր քո անօրինութիւնները, որովհետեւ դու ամբարշտացար քո Տէր Աստծոյ դէմ եւ օտարների համար քո ճանապարհները տարածեցիր բոլոր սաղարթախիտ ծառերի տակ, իսկ իմ ձայնը չլսեցիր,– ասում է Տէրը:– 14 Ինձնից հեռացա՛ծ որդիներ, դարձէ՛ք ինձ մօտ, որպէսզի ես ձեզ տիրեմ,– ասում է Տէրը:– Կառնեմ ձեզ՝ ամէն քաղաքից մէկին եւ ամէն ցեղից երկուսին, ու կտանեմ ձեզ Սիոն: 15 Իմ սրտին հաճելի առաջնորդներ կտամ ձեզ. թող նրանք իմաստութեամբ հովւութիւն անեն ձեզ: 16 Ու երբ երկրի վրայ այն օրերին դուք բազմանաք ու աճէք,– ասում է Տէրը,– այլեւս չեն ասելու “Իսրայէլի սուրբ ուխտի տապանակը”, չի յիշուելու այն, նրա անունն այնտեղ չի տրուելու, այլեւս չի փնտրուելու այն եւ չի վերաշինուելու: 17 Այն օրերին ու այն ժամանակ Երուսաղէմը Տիրոջ աթոռ են կոչելու. բոլոր ազգերը հաւաքուելու են Երուսաղէմում՝ Տիրոջ անունը մեծարելու, եւ այլեւս չեն հետեւելու իրենց չար սրտերի խորհուրդներին: 18 Այն օրերին Իսրայէլի տունը միանալու է Յուդայի տանը, եւ հիւսիսից ու բոլոր գաւառներից միասին գալու են այն երկիրը, որն իբրեւ ժառանգութիւն տուեցի նրանց հայրերին»: 19 Ես ասացի. «Թող լինի՛, Տէ՛ր»: «Ձեզ որդիներիս մէջ կարգել կամեցայ՝ ձեզ տալու համար ընտիր երկիրն իբրեւ ազգերի Ամենակալ Աստծոյ մեծահռչակ ժառանգութիւն. ասացի, որ Հայր կոչես ինձ եւ այլեւս երես չթեքես ինձնից: 20 Բայց ինչպէս կինն է անարգում իր ամուսնուն, այնպէս էլ դու ինձ անարգեցիր, ո՛վ Իսրայէլի տուն,– ասում է Տէրը:– 21 Լացի ու պաղատանքի ձայնը գուժեց իսրայէլացիների շուրթերից, քանզի անիրաւութիւն գործեցին իրենց ճանապարհներին եւ մոռացան իրենց սուրբ Աստծուն: 22 Դարձէ՛ք, որդինե՛ր, եւ ես կփարատեմ ձեր ցաւը: Նրանք ասացին. “Ահա մենք կանք, քանզի դու ես մեր Տէր Աստուածը: 23 Արդարեւ, ունայն էին բլուրների եւ բարձունքների բագինները եւ նրանց զօրութիւնը. Իսրայէլի տան փրկութիւնը մեր Տէր Աստծոյ ձեռքին է: 24 Մեր մանկութիւնից ի վեր խայտառակութիւնը սպառեց մեր հայրերի վաստակը՝ նրանց հօտերն ու նախիրները, նրանց տղաներին ու աղջիկներին: 25 Մենք մեր ամօթով քուն մտանք, եւ մեր անարգանքները մեզ ծածկոց եղան, քանզի մենք եւ մեր հայրերը մանկութիւնից մինչեւ այսօր մեր Աստծոյ առաջ մեղք գործեցինք եւ մեր Տէր Աստծոյ ձայնը չլսեցինք”:
41 Եթէ Իսրայէլը դառնալու է դէպի ինձ, թող դառնայ,– ասում է Տէր Աստուած,– եթէ յանուն Երուսաղէմի Աստծոյ նա իր բերանից դուրս թափի գարշելի աստուածների անունները, վախենայ ինձնից 2 եւ ճշմարտութեամբ, իրաւամբ ու արդարութեամբ երդուի, թէ՝ “Տէրը կենդանի է”, նրա կողմից պիտի օրհնուեն ազգերը եւ նրանով արժանանան պարծանքի»: 3 Այսպէս է ասում Տէրը ձեզ՝ Յուդայի երկրի մարդկանց եւ Երուսաղէմի բնակիչներիդ. «Հերկե՛ր հերկեցէք ձեզ համար, փշերի մէջ մի՛ սերմանէք: 4 Յուդայի երկրի՛ մարդիկ եւ Երուսաղէմի՛ բնակիչներ, ձեր Աստծո՛յ համար թլփատուեցէք, ձեր սրտի անթլփատութի՛ւնը թլփատեցէք, որովհետեւ գուցէ ձեր չար գործերի պատճառով իմ բարկութիւնն իբրեւ հուր ելնի ու բորբոքուի, եւ մէկը չգտնուի, որ հանգցնի այն: 5 Գուժեցէ՛ք Հրէաստանի մէջ, լուրը թող հասնի Երուսաղէմ, ասացէ՛ք, փո՛ղ հնչեցրէք երկրով մէկ, աղաղա՛կ բարձրացրէք, գոչեցէ՛ք, հաւաքուեցէ՛ք եւ մտէ՛ք պարսպապատ քաղաքները: 6 Ելէք փախէ՛ք դէպի Սիոն, շտապեցէ՛ք, մի՛ դանդաղէք, որովհետեւ ես չարիք ու մեծ կոտորած եմ բերելու հիւսիսից: 7 Առիւծն իր որջից դուրս եկաւ, որպէսզի յօշոտի ազգերին, շարժուեց ու ելաւ իր տեղից, որպէսզի քո երկիրն աւերակ դարձնի: Քո քաղաքները քանդուելու են այնտեղ բնակիչ չլինելու պատճառով: 8 Դրա համար էլ քո՛ւրձ հագէք, կոծեցէ՛ք ու ճի՛չ բարձրացրէք, քանզի Տիրոջ ցասումն ու բարկութիւնը յետ չդարձաւ ձեզնից: 9 Եւ այն օրը,– ասում է Տէրը,– թագաւորն ու իշխանները սրտաբեկ պիտի լինեն, քահանաները պիտի յիմարանան, մարգարէներն ապշեն»: 10 Ու ես ասում եմ. «Ո՛վ Տէր Աստուած, ուրեմն խաբելով խաբեցիր այդ ժողովրդին ու Երուսաղէմին, քանի որ ասացիր, թէ՝ “Խաղաղութիւն պիտի լինի ձեզ”, մինչդեռ սուրը նրանց հոգուն դէմ է առել: 11 Այն ժամանակ դու պիտի ասես այդ ժողովրդին ու Երուսաղէմին. “Սա անապատում քո մոլորութեան համար է: Իմ ժողովրդի դստեր ճանապարհը ո՛չ մաքրութեան եւ ո՛չ էլ սրբութեան համար էր: 12 Նրանց այդ յորդաբուխ շունչն է, որ ողջ սաստկութեամբ գալու է դէպի ինձ. այսուհետեւ ես էլ նրանց հետ իմ դատաստաններով եմ խօսելու”: 13 Ահա նա ելնելու է ինչպէս ամպ. նրա կառքը նման է մրրկի, նրա երիվարներն աւելի արագընթաց են, քան արծիւները: Վա՜յ մեզ, որ թշուառացանք»: 14 «Երուսաղէմ, լուա՛ քո սրտի չարութիւնները, որ փրկուես. քո ցաւալի խորհուրդները մինչեւ ե՞րբ պիտի մնան քո մէջ: 15 Բօթաբեր ձայն է հնչում դրանից, թշուառութեան աղաղակներ են լսուելու Եփրեմի լեռից: 16 Այս բա՛նը գուժեցէք ազգերին. իմա՛ց տուէք, թէ գնդեր են գալիս հեռաւոր երկրից. ահա հասել են Երուսաղէմ. նրանք իրենց ձայնն են արձակում Հրէաստանի քաղաքների դէմ 17 եւ, ինչպէս ագարակի պահապաններ, շրջապատել են Հրէաստանը: 18 Դու անտեսեցիր ինձ,– ասում է Տէրը.– քո ճանապարհներն ու քո ընթա՛ցքը քեզ հասցրին այդ ամէնը: Դա է քո չարութիւնը, ինչպէս եւ դառնութիւնը, որ հասաւ սրտիդ»: 19 Որովա՜յնս, որովայնս ցաւ է ընկել, եւ հեծում են սրտիս զգայարանները: Սիրտս ճմլւում է, եւ հոգիս հանգստութիւն չունի, որովհետեւ ես շեփորի ձայն լսեցի եւ պատերազմի ու թշուառութեան գոյժ: 20 Հարուած հարուածի վրայ եկաւ. բողո՛ք բարձրացրէք, քանզի ողջ երկիրն աւերակ դարձաւ, վրանս յանկարծակի խորտակուեց, եւ քանդուեցին վրանիս վարագոյրները: 21 Մինչեւ ե՞րբ պիտի փախստականներ տեսնեմ, շեփորի ձայն լսեմ: 22 Իմ ժողովրդի իշխաններն ինձ չճանաչեցին, որովհետեւ նրանք ոչ թէ խելացի, այլ անմիտ որդիներ են. չարութիւն անելիս իմաստուն են, իսկ բարի բան կատարել չգիտեն: 23 Նայեցի երկրին, ամայի էր, ոչինչ չկար, նայեցի դէպի երկինք, եւ չկար նրա լոյսը: 24 Նայեցի եւ տեսայ, որ լեռները երերում էին, եւ բոլոր բլուրները՝ սասանւում: 25 Նայեցի, բայց ահա մարդ չկար, եւ երկնքի բոլոր թռչունները սարսափահար էին եղել: 26 Նայեցի եւ տեսայ, որ Կարմելոսն աւերակ էր, իսկ նրա բոլոր քաղաքները՝ հրի մատնուած: Տիրոջ պատճառով, նրա բարկութեան ու ցասման պատճառով դրանք ամայացան: 27 Այսպէս է ասում Տէրը. «Աւերուելու է համայն երկիրը, բայց ես չեմ բերելու նրա վախճանը: 28 Այս ամէնի համար երկիրը սուգ պիտի անի, եւ վերից երկինքը պիտի խաւարի, որովհետեւ ե՛ս ասացի եւ չեմ զղջալու, ե՛ս ձեռնարկեցի եւ յետ չեմ կանգնելու դրանից: 29 Հեծեալների ձայնից եւ լարուած աղեղներնից ամբողջ երկիրը խոյս տուեց, մարդիկ սողոսկեցին քարայրները, թաքնուեցին անտառներում, բարձրացան քարանձաւները. բոլոր քաղաքները լքուեցին, ու նրանց մէջ մարդ չի բնակւում: 30 Իսկ դու, թշուառակա՛ն, ի՞նչ ես անելու: Եթէ կարմիր հագնես, ոսկի զարդով զարդարուես ու քո աչքերին ծարիր քսես, քո զարդարանքները զուր են լինելու: Հոմանիներդ քեզ մերժեցին եւ հոգիդ առնել են ուզում: 31 Լսեցի քո հեծեծանքը, որը կարծես իր անդրանիկ որդուն ծնելու երկունքով բռնուած կնոջ ձայնը լինէր: Սիոնի դստեր ձայնը պիտի նուաղի, յուսահատ՝ նա պիտի տարածի իր ձեռքերն ու ասի. “Վա՜յ ինձ, որ հոգիս մահու չափ խոցուեց սպանուածների համար”»:
51 «Երուսաղէմի փողոցներով այս ու այն կո՛ղմ շարժուեցէք, նայեցէ՛ք, իմացէ՛ք եւ փնտրեցէ՛ք նրա հրապարակներում. եթէ այնտեղ գտնէք մի մարդ, որ արդար գործ անի եւ լինի ճշմարտութեանը հետամուտ, ապա ես թողութիւն կտամ նրա բնակիչներին»,– ասում է Տէրը: 2 Եթէ նրանք նոյնիսկ ասեն, թէ կենդանի է Տէրը, իրաւ որ սուտ երդուած կլինեն: 3 Տէ՛ր, աչքերդ յառած ճշմարտութեանը՝ տանջեցիր նրանց, բայց նրանք ցաւ չզգացին, ոչնչացրիր նրանց, բայց խրատ ընդունել չկամեցան, իրենց երեսներն ապառաժից աւելի կարծրացրին եւ չուզեցին դարձի գալ: 4 Եւ ես ասացի. թերեւս աղքատ լինելով՝ անկարող եղան ճանաչել Տիրոջ ճանապարհներն ու Աստծոյ օրէնքները. 5 գնամ հարուստների մօտ եւ նրանց հետ խօսեմ. գուցէ նրանք գիտենան Տիրոջ ճանապարհն ու Աստծոյ օրէնքները: Բայց ահաւասիկ նրանք էլ առհասարակ խորտակեցին լուծն ու խզեցին կապերը: 6 Դրա համար էլ անտառի առիւծը կոտորեց նրանց, եւ գայլը ոչնչացրեց նրանց՝ հասնելով մինչեւ տները. նրանց քաղաքներին սպառնաց ընձառիւծը, եւ բոլորը, ովքեր այնտեղից դուրս կգան, կընկնեն իբրեւ դիակ, քանզի իրենց ամբարշտութիւնները բազմացրին եւ իրենց անհնազանդութեան մէջ զօրացան: 7 «Սրանցից որի՞ համար հաշտուեմ քեզ հետ. քո որդիներն ինձ լքեցին եւ չաստուածներով երդուեցին. ես կշտացրի նրանց, բայց նրանք շնացան ու պոռնկանոցներում օթեւանեցին: 8 Նրանք դարձան իգամոլ ձիեր, եւ ամէն մէկն իր ընկերոջ կնոջ վրայ էր վրնջում: 9 Այս ամէնից յետոյ,– ասում է Տէրը,– մի՞թէ ես չեմ պատժելու կամ այդպիսի ազգից ես վրէժ չեմ լուծելու: 10 Բարձրացէ՛ք քաղաքի աշտարակների վրայ եւ կործանեցէ՛ք, բայց իսպառ մի՛ աւերէք. թողէ՛ք մնան նրա հիմքերը, որովհետեւ դրանք Տիրոջն են: 11 Յիրաւի, Իսրայէլի տունը եւ Յուդայի տունը չափազանց արհամարհեցին ինձ,– ասում է Տէրը:– 12 Նրանք ստեցին իրենց Տիրոջը եւ ասացին. “Բան չկայ, մեզ վրայ չարիքներ չեն գայ, սուր ու սով չենք տեսնի: 13 Մեր մարգարէները քամի էին, նրանք չունէին Տիրոջ պատգամը: Այդպէս էլ թող լինի նրանց”: 14 Դրա համար էլ այսպէս է ասում Ամենակալ Տէր Աստուած. քանի որ այդ բանը բարբառեցին, ահաւասիկ իմ խօսքը քո բերանն եմ դնում իբրեւ կրակ, թող լափի նրանց՝ այդ ժողովրդին, ինչպէս փայտ: 15 Ո՛վ Իսրայէլի տուն,– ասում է Տէրը,– ահա հեռուից ես ձեզ վրայ պիտի բերեմ մի ազգ, որ ուժեղ է ու հին, ազգ, որի լեզուն լսած չէք լինի եւ խօսքը չէք հասկանայ: 16 Նրա կապարճները նման են բաց գերեզմանների: Ամէնքն էլ զօրաւոր են. 17 ուտելու են ձեր հունձն ու հացը, ուտելու են ձեր տղաներին ու աղջիկներին, ուտելու են ձեր ոչխարն ու արջառը, ուտելու են ձեր այգիները, թզենիներն ու ձիթենիները, աւերելու են ձեր անառիկ քաղաքները. ինչով որ դուք պարծենում էք, սրով հիմնիվեր կործանելու են: 18 Բայց այն օրն էլ,– ասում է քո Տէր Աստուածը,– ձեզ ձեր վախճանին չեմ հասցնելու. 19 եւ երբ ասելու լինեն՝ “Մեր Տէր Աստուածն այս ամէնն ինչո՞ւ արեց մեզ”, կասես նրանց. “Քանի որ ինձ լքեցիք եւ ձեր երկրում ծառայեցիք օտար աստուածներին, այդպէս էլ օտարներին էք ծառայելու մի երկրում, որը ձերը չի լինելու”»: 20 Այդ մասին իմա՛ց տուէք Յակոբի տանը, թող լսելի դառնայ նաեւ Յուդայի տանը. ասացէ՛ք. 21 «Լսեցէ՛ք այս բանը, յիմա՛ր եւ անմի՛տ ժողովուրդ, որ աչքեր ունէք, բայց չէք տեսնում, ականջներ ունէք բայց չէք լսում: 22 Մի՞թէ ինձնից չէք երկնչում,– ասում է Տէրը,– իմ երեսից չէ՞ք դողում, ես, որ աւազը ծովին սահման կարգեցի յաւիտենական հրամանով, որ նա չանցնի դրանից, ալեկոծուի, բայց չկարողանայ դուրս գալ, նրա ալիքները մռնչան, բայց չկարողանան անցնել դրանից: 23 Այս ժողովուրդն անհնազանդ ու ըմբոստ սիրտ ունի. խոտորուեցին ու անցան գնացին: 24 Իրենց մտքում իսկ չասացին. “Վախեցէ՛ք մեր Տէր Աստծուց, որը, ըստ մեր հնձի ժամանակի, նրանից առաջ եւ յետոյ, անձրեւ է տալիս մեզ եւ պահպանում է մեզ: 25 Մեր անօրինութիւնները խախտեցին այդ կարգը, եւ մեր մեղքերը մեզնից հեռացրին բարիքները”: 26 Արդարեւ, իմ ժողովրդի մէջ գտնուեցին ամբարիշտներ եւ մարդկանց ոչնչացնելու համար թռչնորսների թակարդների պէս որոգայթներ ու ցանցեր լարեցին եւ որսում էին: 27 Ինչպէս որոգայթներն են լի թռչուններով, այնպէս էլ նրանց տներն են լեցուն նենգութեամբ: 28 Դրա համար էլ նրանք հարստացան, մեծացան, գիրացան ու պարարտացան եւ չարութեամբ զանց առան իմ խօսքերը. արդար դատաստան չարեցին, որբի իրաւունքը չպաշտպանեցին, այրուն արդար դատով չդատեցին: 29 Այս ամէնից յետոյ,– ասում է Տէրը,– մի՞թէ ես չեմ պատժելու կամ այդպիսի ազգից ես վրէժ չեմ լուծելու: 30 Յիմարութիւններ ու արհաւիրքներ կատարուեցին երկրի վրայ: 31 Մարգարէները սուտ մարգարէութիւն են անում, քահանաները ծափահարում են նրանց, եւ իմ ժողովուրդը սիրեց այդ: Իսկ ի՞նչ էք անելու դրանից յետոյ»:
61 Բենիամինի՛ որդիներ, արիացէ՛ք Երուսաղէմում, փո՛ղ հնչեցրէք Թեկուէում եւ ազդանշա՛ն դրէք Բեթաքարմայի վրայ, որովհետեւ հիւսիսից յայտնուել են չարիքներ, 2 մեծ վնաս է լինելու քեզ՝ գեղեցիկիդ եւ փափկացեալիդ, վերանալու է քո փառքը, դո՛ւստր Սիոնի: 3 Հովիւներն իրենց հօտերով նրա մօտ են գալու եւ իրենց վրաններն են խփելու նրա շուրջը, իւրաքանչիւրը հովուելու է իր ձեռքով: 4 Պատերազմի՛ պատրաստուեցէք նրա դէմ, եկէք նրա դէմ ելնենք կէսօրին. վա՜յ մեզ, որովհետեւ ցերեկն անցաւ, եւ մեզ վրայ հասան երեկոյի ստուերները: 5 Եկէք գիշերով ելնենք եւ խորտակենք նրա հիմքերը: 6 Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Ջարդեցէ՛ք նրա փայտաշէն տները, զօ՛րք հանեցէք Երուսաղէմի դէմ, որովհետեւ նա ամբողջապէս սուտ քաղաք է, բռնութիւնն է իշխում նրա մէջ: 7 Ինչպէս գուբն է իր ջուրը պաղեցնում, այնպէս էլ նա է պաղեցնում իր չարութիւնները. այնտեղ, նրա յանդիման, մշտապէս ամբարշտութիւն ու չարութիւն է լսւում: Ցաւերով ու տանջանքներով պիտի խրատուես, Երուսաղէ՛մ: 8 Թող այնպէս չլինի, որ ես բաժանուեմ քեզնից, չլինի, որ քեզ դարձնեմ մի անապատ երկիր, ուր ոչ ոք երբեք չի բնակուել»: 9 Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Քաղեցէ՛ք, քաղեցէ՛ք, Իսրայէլի այդ մնացորդներին ճռաքա՛ղ արէք եւ նորից նոյն գործին դարձէք, ինչպէս այգին քաղողն է դառնում դէպի իր գործը»: 10 Արդ, ո՞ւմ հետ խօսեմ եւ ո՞ւմ մօտ վկայութիւն անեմ, որ լսի. ահաւասիկ նրանց ականջներն անթլփատ են, եւ նրանք չեն կարողանում լսել: Ահա Տիրոջ խօսքը նրանց համար նախատինք եղաւ եւ այլեւս նրանց ախորժելի չի լինելու այն: 11 Ես լցուեցի բարկութեամբ ու զսպեցի այն իմ մէջ, բայց նրանց չմեռցրի: «Ես այն դուրս պիտի թափեմ տղաների վրայ, նաեւ՝ երիտասարդների բազմութեան վրայ. այր ու կին առհասարակ գերեվարուելու են, ծերը եւ հասուն տարիք ունեցողները քշուելու են: 12 Նրանց տները՝ նրանց արտերի ու կանանց հետ միասին, ընկնելու են օտարների ձեռքը, քանզի,– ասում է Տէրը,– պէտք է պատժեմ այդ երկրի բնակիչներին: 13 Նրանք՝ փոքրերից մինչեւ մեծերը, բոլորն էլ անօրինութիւններ գործեցին, քահանայից մինչեւ սուտ մարգարէն՝ բոլորն էլ սուտ խօսեցին: 14 Իմ ժողովրդի դստեր վէրքերը նրանք բուժում էին արհամարհանքով ու ասում. “Խաղաղութի՜ւն է, խաղաղութի՜ւն”. բայց ո՞ւր է խաղաղութիւնը: 15 Խայտառակ եղան, որովհետեւ ձախողուեցին, բայց ամօթի զգացում ունեցողների պէս չպատկառեցին եւ իրենց կրած անարգանքի մասին չմտածեցին, դրա համար էլ իրենց կործանումն են գտնելու, եւ երբ իրենց պատժելու լինեմ, բնաջնջուելու են»,– ասում է Տէրը: 16 Այսպէս է ասում Տէրը. «Կանգնեցէ՛ք ճանապարհներին եւ դիտեցէ՛ք, հարցրէ՛ք Տիրոջ յաւիտենական ճանապարհների մասին, տեսէք, թէ որն է բարի ճանապարհը, գնացէ՛ք դրանով եւ քաւութիւն կգտնէք ձեր հոգիների համար: Իսկ նրանք ասացին, թէ՝ չե՛նք գնայ: 17 Ձեզ վրայ հսկիչներ կարգեցի, լսեցէ՛ք փողի ձայնը: Իսկ նրանք ասում են՝ չե՛նք լսի: 18 Այդ մասին իմացան ազգերը, նաեւ նրանք, որ նրանց մէջ հովւութիւն էին անում հօտերին: 19 Լսի՛ր, երկի՛ր, ահաւասիկ ես այդ ժողովրդի վրայ չարիքներ եմ բերելու՝ իբրեւ իրենց ապստամբութեան պտուղ, որովհետեւ իմ խօսքերին չանսացին եւ իմ օրէնքը մերժեցին: 20 Ինչի՞ համար է խունկն այդ, որ բերում ես ինձ Սաբայից, եւ կինամոնը՝ հեռաւոր երկրից. ձեր ողջակէզներն ընդունելի չեն, եւ ձեր զոհերն ինձ հաճելի չեն»: 21 Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում. «Ահաւասիկ ես հիւանդութիւն կբերեմ այդ ժողովրդի վրայ, հայրերն ու զաւակները միասին կվարակուեն նրանով, հարեւան ու ընկեր կկորչեն միասին»: 22 Այսպէս է ասում Տէրը. «Ահաւասիկ զօրք է գալիս հիւսիսից՝ մի մեծ ազգ: Երկրի ծագերից յառնելու են բազում թագաւորներ, 23 աղեղնաւորներ ու նիզակակիրներ՝ մի յանդուգն ու անողորմ ազգ: Նրա ձայնը նման է ալեկոծ ծովի ձայնի: Կառքերով ու երիվարներով ճակատամարտ պիտի տայ, ինչպէս կրակ՝ կազմ ու պատրաստ պիտի պատերազմի քո դէմ, ո՛վ Սիոնի դուստր»: 24 Նրանց լուրն առանք, եւ մեր ձեռքերը թուլացան. ծննդկանի երկունքի պէս մեզ պաշարեցին նեղութիւնները: 25 Դուրս մի՛ եկէք դէպի հանդերը եւ մի՛ գնացէք ճանապարհներով, որովհետեւ ամէնուր թշնամիների սուրն է շրջապատել: 26 «Իմ ժողովրդի՛ դուստր, քո՛ւրձ հագիր, մոխի՛ր ցանիր, սո՛ւգ արա սիրելիի համար, աղիողորմ լաց ու կո՛ծ արա, որովհետեւ ձեզ վրայ թշուառութիւնը յանկարծակի է գալու: 27 Ես քեզ, Երեմիա՛, կարգեցի պաշարուած ժողովուրդների համար որպէս փորձիչ, եւ դու պիտի իմանաս, երբ ես փորձեմ նրանց ճանապարհները»: 28 Բոլորն անհնազանդ են եւ գնում են կամակորութեամբ. ինչպէս պղինձ եւ երկաթ՝ բոլորն էլ ապականուած են: 29 Փուքսերը ոչնչացան կրակից, կապարը սպառուեց, արծաթագործը զուր է չարչարւում: Նրանց չարիքները չհալուեցին: 30 Խոտան արծա՛թ կոչեցէք նրանց, որովհետեւ Տէրը նրանց խոտանեց: Լսի՛ր Տիրոջ պատգամները, համա՛յն Հրէաստան:
71 Ահա այն պատգամը, որ Տէրը տուեց Երեմիային՝ ասելով. 2 «Կանգնի՛ր Տիրոջ տան դռան մօտ եւ այնտեղ յայտարարի՛ր այս խօսքերը. կասես. “Լսի՛ր Տիրոջ խօսքը, ո՛ղջ Հրէաստան, դու, որ մտնում ես այս դռներով՝ երկրպագելու Տիրոջը”»: 3 Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Աստուածն Իսրայէլի. «Ուղղեցէ՛ք ձեր ընթացքն ու վարքը, եւ ես կբնակեցնեմ ձեզ այս վայրում: 4 Մի՛ ապաւինէք սուտ խօսքերին. նրանք, որ ասում են՝ “Տիրոջ տաճարն է, Տիրոջ տաճարը, Տիրոջ տաճարը”, բոլորովին ձեզ չեն օգնի: 5 Եթէ իսկապէս ուղղէք ձեր ընթացքն ու վարքը, եթէ այր մարդու եւ նրա ընկերոջ միջեւ օրէնք ու արդարութիւն պահէք, 6 օտարականին, որբին ու այրուն չնեղէք, անմեղ արիւն չթափէք այդտեղ եւ չարութեան չհանդիպելու համար օտար աստուածներին չհետեւէք, 7 ապա ձեզ կբնակեցնեմ այդ վայրում՝ այն երկրում, որ յաւիտեանս յաւիտենից տուեցի ձեր հայրերին: 8 Իսկ եթէ դուք սուտ խօսքերին ապաւինէք, ինչից ոչ մի օգուտ չէք ունենալու, 9 եւ գողանաք, սպանէք, շնութիւն անէք, սուտ երդում տաք, խնկարկէք Բահաղին, հետեւէք օտար սուտ աստուածներին, որոնց չէք ճանաչում, ապա ձեզ բաժին կհասնի չարիքը: 10 Ու դուք կգաք կկանգնէք իմ առաջ՝ այս տան մէջ, որի վրայ իմ անունն է դրուած, եւ կասէք. “Հրաժարուեցինք բոլոր այն գարշելի գործերը կատարելուց”: 11 Մի՞թէ ձեր աչքին աւազակների քարայր է դարձել իմ այս տունը, որի վրայ իմ անունն է դրուած: Ահաւասիկ ես տեսայ,– ասում է Տէրը:– 12 Գնացէ՛ք Սելով՝ իմ այն տեղը, ուր առաջ հաստատել էի իմ անունը, տեսէք, թէ ինչպէս վարուեցի նրա հետ Իսրայէլի իմ ժողովրդի չարութիւնների պատճառով: 13 Եւ հիմա,– ասում է Տէրը,– քանի որ դուք այդ բոլոր գործերը կատարեցիք, իսկ ես խօսեցի ձեզ հետ՝ կանխաւ իսկ ասելով այդ մասին, բայց դուք ականջ չդրեցիք ինձ, կանչեցի ձեզ, բայց պատասխան չտուեցիք ինձ, 14 ապա այդ տան հետ, որի վրայ դրուած է իմ անունը, եւ որտեղ դուք ապաստան էք գտել, նոյնն եմ անելու, ինչ արեցի Սելովի հետ, նաեւ այն երկրի հետ, որ տուեցի ձեզ եւ ձեր հայրերին: 15 Ձեզ իմ աչքից գցելու եմ, ինչպէս գցեցի ձեր եղբայրներին՝ Եփրեմի ամբողջ սերնդին: 16 Իսկ դու մի՛ աղօթիր այդ ժողովրդի համար, դրանց համար ողորմութիւն մի՛ խնդրիր եւ մի՛ աղաչիր, իմ առաջ մի՛ խոնարհուիր դրանց համար, որովհետեւ քեզ չեմ լսելու: 17 Չե՞ս տեսնում, թէ ինչեր են կատարում դրանք Յուդայի երկրի քաղաքներում եւ Երուսաղէմի ճանապարհներին. 18 նրանց որդիները փայտ են հաւաքում, նրանց հայրերը կրակ են վառում, իսկ նրանց կանայք խմոր են հունցում, որպէսզի երկնքի զօրութիւնների համար կարկանդակ թխեն. ընծաներ են նուիրում օտար աստուածներին, որպէսզի բարկացնեն ինձ: 19 Բայց մի՞թէ ինձ են բարկացնում,– ասում է Տէրը,– թէ՞ իրենք իրենց, եթէ երեսի ամօթ ունենան»: 20 Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում. «Ահա իմ ցասումն ու բարկութիւնը կթափեմ այդ տեղի վրայ, մարդու եւ անասունի վրայ, ագարակի ծառի վրայ, հողի բարիքների վրայ. թող կրակը բորբոքուի ու չմարի»: 21 Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Ձեր ողջակէզները ձեր զոհերի հետ միասին հաւաքեցէ՛ք եւ մի՛ս կերէք: 22 Ձեր հայրերի հետ ոչինչ չխօսեցի եւ ոչ էլ պատուէր տուեցի նրանց ողջակէզների եւ զոհերի մասին այն օրը, երբ նրանց հանեցի Եգիպտացիների երկրից: 23 Բայց այս բանը պատուիրեցի նրանց՝ ասելով. “Ակա՛նջ դրէք իմ ձայնին, եւ ես ձեզ համար Աստուած կլինեմ, իսկ դուք ինձ համար կլինէք ժողովուրդ եւ կգնաք իմ այն բոլոր ճանապարհներով, որ ձեզ պատուիրեցի, որպէսզի լաւ լինի ձեզ համար”: 24 Սակայն նրանք ինձ չլսեցին, նրանց ականջը չանսաց. հետեւեցին իրենց չար սրտերի խորհուրդներին: 25 Եւ այն օրից սկսած, երբ նրանց հայրերը դուրս եկան Եգիպտացիների երկրից, այն օրից մինչեւ այսօր նրանք յետ գնացին եւ ոչ թէ առաջ: Ու ես ձեզ մօտ ուղարկեցի իմ բոլոր ծառաներին՝ մարգարէներին, ուղարկեցի ամէն օր, առաւօտ կանուխ: 26 Սակայն նրանք չլսեցին ինձ, նրանց ականջը չանսաց, եւ նրանք աւելի անհնազանդ դարձան, քան իրենց հայրերը: 27 Այս խօսքերը դու կասես նրանց, բայց քեզ չեն լսի, դու կկանչես նրանց, բայց քեզ պատասխան չեն տայ: 28 Ու դու կասես նրանց. “Սա այն ազգն է, որ չանսաց իր Տէր Աստծոյ ձայնին, ոչ էլ խրատ ընդունեց: Հաւատքը նուազեց, եւ ճշմարտութիւնը վերացաւ նրա բերանից”: 29 Կտրի՛ր մազերդ ու դէ՛ն նետիր, շրթունքներդ թող ողբան, որովհետեւ Տէրը խոտանեց ու մերժեց այն ազգին, որ այս բաներն էր անում: 30 Արդարեւ,– ասում է Տէրը,– Յուդայի որդիները չարութիւն արեցին իմ առաջ. իրենց գարշելի աստուածներին կարգեցին իմ անունը կրող տան մէջ, որպէսզի պղծեն այն: 31 Նաեւ Ենոմացիների ձորում Տափեթին բագին կանգնեցրին իրենց տղաներին ու աղջիկներին կրակի մէջ այրելու համար, մինչդեռ այդպիսի հրաման ես նրանց չտուեցի եւ ոչ էլ մտքովս անցկացրի: 32 Ահա թէ ինչու գալու են օրեր,– ասում է Տէրը,– երբ այլեւս չեն ասի Տափեթի բագին կամ Ենոմացիների ձոր, այլ՝ Սպանուածների ձոր. Եւ տեղը չբաւականացնելու պատճառով թաղում են կատարելու հէնց Տափեթում: 33 Այդ ժողովրդի դիերը կերակուր պիտի դառնան երկնքի թռչունների եւ երկրի գազանների համար, եւ մարդ չի լինելու, որ հալածի նրանց: 34 Յուդայի երկրի քաղաքներից եւ Երուսաղէմի փողոցներից վերացնելու եմ խրախճանքի ձայնը եւ ցնծացողների ձայնը, հարսի ձայնը եւ փեսայի ձայնը, որպէսզի երկիրը դառնայ անապատ:
81 Այն ժամանակ,– ասում է Տէրը,– Յուդայի երկրի թագաւորների ոսկորները եւ նրանց իշխանների ոսկորները, քահանաների ոսկորները եւ մարգարէների ոսկորները, նաեւ Երուսաղէմի բնակիչների ոսկորները պիտի հանեն իրենց գերեզմաններից, 2 պիտի չորացնեն արեւի տակ, լուսնի եւ բոլոր աստղերի տակ, երկնքի այն բոլոր զօրութիւնների առաջ, որոնց սիրեցին ու ծառայեցին, որոնց յետեւից ընթացան եւ որոնց ապաւինեցին ու երկրպագեցին: Նրանք լացուկոծի չեն արժանանալու, այլ երկրի երեսին նշաւակ են լինելու, 3 քանի որ մահը նախընտրեցին եւ ոչ թէ կեանքը, իսկ այս չար ազգի մնացորդներին, որոնք պահպանուել են, ամէն տեղ մնացածների հետ միասին պիտի արտաքսեմ»,– ասում է Զօրութիւնների Տէրը: 4 «Ու դու կասես նրանց՝ այսպէս է ասում Տէրը. “Նա, որ գլորւում է, մի՞թէ չի ելնում, կամ նա, որ շեղւում է, յետ չի՞ դառնում”: 5 Արդ, Երուսաղէմն այդ ժողովրդի հետ ինչո՞ւ խոտորուեց ժպիրհ խոտորումով. իրենց կամակորութեան մէջ յամառեցին ու չցանկացան դարձի գալ: 6 Ակա՛նջ դրէք եւ լսեցէ՛ք. այդ բանը չեն ուզում խոստովանել, մարդ չկայ, որ զղջայ իր չարութիւնների համար եւ ասի, թէ՝ ի՛նչ գործեցի: Արշաւողը կասեցրեց իր ընթացքը, ինչպէս քրտինք մտած ձին է կանգնում խրխնջալիս: 7 Արդ, արսին թռչունը երկնքում ժամանակի իր զգացողութիւնն ունի, վայրի թռչուններ տատրակն ու ծիծեռնակը չեն մոռանում իրենց վերադարձի ժամանակը, իսկ իմ ժողովուրդը չգիտակցեց Տիրոջ օրէնքները: 8 Ինչո՞ւ էք ասում, թէ՝ “Մենք իմաստուն ենք, եւ Աստծոյ օրէնքները մեր մէջ են”. ահա դրա համար էլ սուտ դուրս եկաւ օրէնսգէտների կարգը, 9 իմաստուններն ամօթահար եղան, զարհուրեցին ու պարտուեցին, որովհետեւ անարգեցին Տիրոջ խօսքը: Նրանց մէջ ի՞նչ իմաստութիւն կայ որ: 10 Դրա համար էլ նրանց կանանց ուրիշներին պիտի տամ, իսկ նրանց ագարակները՝ օտար ժառանգներին, որովհետեւ նրանցից ամէն ոք՝ փոքրից մինչեւ մեծը, չափից աւելի ագահութիւն է անում, իւրաքանչիւրը՝ մարգարէից մինչեւ քահանան՝ անիրաւութիւն: 11 Իմ ժողովրդի դստեր վէրքը նրանք բուժում էին արհամարհանքով եւ ասում՝ “Խաղաղութի՜ւն է, խաղաղութի՜ւն”, մինչդեռ խաղաղութիւն չկար: 12 Պիտի ամաչե՞ն, որ պղծութիւն գործեցին: Սակայն այդպէս էլ ամօթ ու ամաչել չիմացան եւ մտքներում պատկառանք չզգացին, դրա համար էլ երբ իրենց պատժելու լինեմ, ընկածների հետ պիտի ընկնեն եւ ուժասպառ լինեն,– ասում է Տէրը:– 13 Նրանք հաւաքելու են իրենց բերքը,– ասում է Տէրը,– բայց խաղող չի լինի նրանց այգիներում, ոչ էլ թուզ՝ նրանց թզենիների վրայ, որոնց տերեւն անգամ պիտի թափուի. ինչ տուել եմ նրանց, պիտի գնայ նրանցից»: 14 Իսկ հիմա մենք ինչո՞ւ նստենք. հաւաքուեցէ՛ք, գնանք մտնենք ամուր քաղաքները եւ այնտեղ մեռնենք, քանզի մեր Տէր Աստուածը լքեց մեզ եւ դառնութեան ջուր խմեցրեց մեզ. արդարեւ, մեղք գործեցինք նրա հանդէպ: 15 Հաւաքուեցինք խաղաղութեան համար, բայց բարութիւն չկար, հաւաքուեցինք բժշկութեան համար, բայց ահա տագնապ է: 16 Դանից մեզ հասաւ նրա արագընթաց երիվարների ձայնը. նրա նժոյգների խրխնջոցի ձայնից ցնցուեց ողջ երկիրը: Թող գայ եւ ուտի երկիրն իր ամէն ինչով, նրա քաղաքներն ու բնակիչներին: 17 «Ես ահաւասիկ ձեզ վրայ սպանիչ օձեր եմ արձակելու, որոնց վրայ թովչութիւնները չեն ներգործելու,– ասում է Տէրը,– եւ որոնք պիտի խայթեն ձեզ՝ 18 անբուժելի ցաւեր պատճառելով ձեր տարակուսած սրտերին: 19 Ահա եւ իմ ժողովրդի դստեր գոյժի ձայնը լսւում է հեռաւոր երկրից. “Մի՞թէ Տէրը Սիոնում չէ, կամ այնտեղ թագաւոր չկայ”: Ինչո՞ւ ինձ բարկացրին իրենց կուռքերով ու սնոտի աստուածներով»: 20 Հնձի ժամանակն անցաւ, ամառն անցաւ, բայց մենք չփրկուեցինք: 21 Իմ ժողովրդի դստեր վէրքն ինձ խորտակեց, խաւարեցի անյուսութեամբ, հալումաշ եղայ, ինչպէս ծննդկանը՝ երկունքից: 22 Մի՞թէ Գաղաադում դեղ չի ճարւում, կամ այնտեղ բժիշկ չկայ. իմ ժողովրդի դստեր համար ինչո՞ւ բժշկութիւն չեղաւ:
91 Ո՞վ կտար իմ գլխին ջուր եւ իմ աչքերին՝ արտասուքի աղբիւրներ, որ ես զօր ու գիշեր ողբայի այս ժողովրդին եւ իմ ժողովրդի դստեր վիրաւորներին: 2 Ո՞վ կտար ինձ անապատում մի խղճուկ օթեւան, որ ես թողնէի իմ ժողովրդին, հեռանայի նրանից, քանզի բոլորն էլ անխտիր շնացող են եւ անարգների բազմութիւն: 3 «Նրանք լարեցին իրենց լեզուներն ինչպէս աղեղ. ստութիւնը եւ ոչ թէ հաւատքը զօրացաւ երկրի վրայ, որովհետեւ նրանք չարութիւնից չարութիւն գնացին եւ ինձ չճանաչեցին,– ասում է Տէրը:– 4 Իւրաքանչիւրդ ձեր ընկերոջից զգո՛յշ եղէք եւ յոյս մի՛ դրէք ձեր եղբայրների վրայ, որովհետեւ ամէն եղբայր խաբելով խաբում է, եւ ամէն բարեկամ ընթանում է նենգութեամբ: 5 Իւրաքանչիւրն այպանում է իր բարեկամին, ճշմարտութիւն չեն խօսում. նրանց լեզուն սովորեց սուտ խօսել: 6 Նրանք զրկանքներ են պարգեւել եւ չեն դադարել կուտակելուց վաշխ վաշխի վրայ եւ նենգութիւն նենգութեան վրայ. նրանք չկամեցան ճանաչել ինձ»,– ասում է Տէրը: 7 Դրա համար էլ այսպէս է ասում Աստուած՝ Զօրութիւնների Տէրը. «Ահաւասիկ ես կրակով պիտի հալեմ նրանց եւ պիտի փորձեմ նրանց, որովհետեւ չարութիւնների պատճառով ուրիշ ինչպէ՞ս վարուեմ իմ ժողովրդի դստեր հետ: 8 Նրանց նենգաւոր լեզուները խոցոտող նետ են: Նրանց բերանի խօսքերը իրենց ընկերոջ հետ խաղաղութեան մասին են խօսում, իսկ նրանք իրենց սրտում թշնամութիւն ունեն: 9 Մի՞թէ սրանց համար չեմ պատժելու նրանց,– ասում է Տէրը,– կամ այդպիսի ազգից ես վրէժխնդիր չեմ լինելու: 10 Կոծեցէ՛ք լեռների վրայ եւ ձա՛յն բարձրացրէք անապատի բլուրների վրայ, ողբացէ՛ք, որովհետեւ անցորդ մարդկանց բացակայութեան պատճառով դրանք ամայացան եւ չեն լսում անասունների ձայները: Երկնային թռչուններից մինչեւ անասունները բոլորը ցրուեցին ու գնացին: 11 Երուսաղէմը գերութեան եմ մատնելու եւ այն տալու եմ վիշապներին բնակութեան համար, իսկ Յուդայի երկրի քաղաքներն աւերածութեան եմ ենթարկելու, այնպէս որ բնակիչներ չլինեն»: 12 Ով իմաստուն այր է, թող հասկանայ այս բանը, եւ ում տրուած է Տիրոջ բերանի խօսքը, թող նա մեզ պատմի, թէ ինչի համար կորստեան դատապարտուեց երկիրը: Լքուեց ինչպէս անապատ՝ անցորդներ չլինելու պատճառով: 13 Եւ Տէրն ինձ ասում է. «Քանի որ դրանք թողեցին իմ օրէնքը, որ դրել էի նրանց աչքի առաջ, եւ ականջ չդրեցին իմ ձայնին, 14 հետեւեցին իրենց չար սրտերի հաճոյքներին ու այն կուռքերին, որոնց հետեւել սովորեցրին իրենց հայրերը, 15 դրա համար էլ այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. ահաւասիկ այդ ժողովրդին կերակրելու եմ վտանգով եւ խմեցնելու եմ դառնութեան ջուր: 16 Դրանց ցրելու եմ այն ազգերի մէջ, որոնց չէին ճանաչում ո՛չ իրենց հայրերը եւ ո՛չ էլ իրենք: Դրանց վրայ սուր եմ արձակելու, մինչեւ որ սրով կոտորեմ դրանց,– ասում է Զօրութիւնների Տէրը:– 17 Մտածեցէ՛ք եւ կանչեցէ՛ք լալական կանաց, որ գան, եւ մարդ ուղարկեցէք՝ կանչելու վարժ եղերամայրերի. թող նրանք գուժեն, 18 թող ստիպեն, թող ողբան ձեզ վրայ: Թող ձեր աչքերն արտասուք թափեն, իսկ ձեր արտեւանունքները ջուր հոսեցնեն: 19 Սիոնում տարածուեց տխուր մի ձայն. «Ինչպէ՜ս թշուառացանք ու խիստ ամաչեցինք, որովհետեւ լքեցինք երկիրը, թողեցինք մեր բնակավայրերը»: 20 Կանա՛յք, լսեցէ՛ք Տէր Աստծոյ պատգամները, եւ թող ձեր ականջներն ընկալեն նրա բերանի խօսքերը: Ձեր դուստրերին կոծե՛լ սովորեցրէք, իսկ կինն իր ընկերոջը թող սովորեցնի ողբալ, 21 քանզի մահը ձեր պատուհաններով բարձրացաւ եւ մտաւ ձեր երկիրը՝ տներից դուրս՝ մանուկներին, իսկ երիտասարդներին՝ հրապարակներից ջնջելու համար: 22 Այսպէս է ասում Տէրը. «Թող մարդկանց դիակները խայտառակութեան օրինակ դառնան ձեր երկրի դաշտերի երեսին. թող լինեն, ինչպէս խոտն է մնում հնձողից յետոյ, եւ չի լինի մէկը, որ այն հաւաքի»: 23 Այսպէս է ասում Տէրը. «Թող իմաստունն իր իմաստութեամբ չպարծենայ, թող հզօրն իր զօրութեամբ չպարծենայ, 24 եւ թող մեծն իր մեծութեամբ չպարծենայ, այլ պարծեցողը թող պարծենայ սրանով՝ իմանալ եւ ճանաչել ինձ, թէ ես եմ Տէր Աստուած, որ երկրի վրայ իրաւ դատաստան, ողորմութիւն ու արդարութիւն եմ անում, որոնք հաճելի են ինձ»,– ասում է Տէրը: 25 «Ահա գալու են օրեր,– ասում է Տէրը,– երբ ես պատժելու եմ անթլփատ մնացած բոլոր թլփատուածներին՝ 26 Եգիպտոսին եւ Յուդայի երկրին, եդոմացիներին ու ամոնացիներին, մովաբացիներին եւ երեսներն ածիլած բոլոր անապատաբնակներին: Եթէ բոլոր ազգերն անթլփատ են մարմնով, ապա Իսրայէլի ողջ տունն անթլփատ է իր սրտով»:
101 Ո՛վ Իսրայէլի տուն, լսի՛ր Տիրոջ պատգամները, որ քեզ են ուղղուած: 2 Այսպէս է ասում Տէրը. «Մի՛ սովորէք գնալ հեթանոսների ճանապարհներով եւ մի՛ զարհուրէք երկնքի նշաններից, որոնցից նրանք են վախենում: 3 Հեթանոսների բոլոր կուռքերը սնոտի բաներ են՝ անտառից կտրուած փայտ, հիւսների ձեռքի գործեր, 4 արծաթով եւ ոսկով զարդարուած ձուլածոյ բաներ: Մուրճերով եւ գամերով ամրացրել են դրանք, որ չշարժուեն. յղկուած արծաթ են, Թարսիսի բանուած արծաթ եւ ոսկի՝ բերուած Մեմփաթայից: 5 Ոսկերչի ձեռքը ճարտար վարպետի գործ է կատարել. կապոյտ ու ծիրանի են հագցնում նրանց, բայց նրանք չեն կարող գնալ, այլ պէտք է բարձուելով տարուեն. ոտքով մի քայլ էլ չեն փոխի, ոչ էլ իրենք իրենց կարող են բարձրանալ այն բանի վրայ, որով տանում են: Մի՛ վախեցէք նրանցից, որովհետեւ չարութիւն չեն անում, բայց բարութիւն էլ չկայ նրանց մէջ»: 6 Քեզ նման ոչ ոք չկայ, Տէ՛ր, մեծ ես դու, եւ մեծ է քո անունը զօրութեամբ: 7 Ո՞վ չի երկնչի քեզնից, ազգերի՛ Թագաւոր, դա քեզ է միայն վայել, քանզի բոլոր հեթանոս իմաստունների եւ նրանց բոլորը թագաւորների մէջ ո՞վ է քեզ նման: 8 Թող միանգամից այրուեն, թող սատակեն սրտերը սնոտի աստուածների, 9 որովհետեւ դրանք փայտ են, Թարսիսից բերուած ընտիր արծաթ եւ ոսկի՝ Սոփաթայից: Դրանք բոլոր վարպետների եւ ոսկերիչների ձեռքի գործն են. դրանց կապուտակ ու ծիրանի զգեստները բոլորը հնարամիտ վարպետների գործն են: 10 Իսկ մեր Տէր Աստուածը ճշմարիտ է, կենդանի Աստուած է եւ յաւիտենական Թագաւոր: Նրա բարկութիւնից երկիրը կշարժուի, ազգերը չեն դիմանայ նրա բարկութեանը: 11 Այսպէս կասէք նրանց. «Այն աստուածները, որոնք երկինքն ու երկիրը չեն ստեղծել, կորչելու են երկրից եւ այս երկնքի տակից»: 12 Տէրն է, որ իր զօրութեամբ ստեղծեց երկիրը, իր իմաստութեամբ հաստատեց տիեզերքը եւ իր հանճարով տարածեց երկինքը: 13 Իր ձայնն արձակելիս նա երկինքը լցնում է ջրերի առատութեամբ, երկրի ծայրերից ամպեր է բարձրացնում, իր փայլատակումներն անձրեւների վերածում, հողմեր է հանում իր շտեմարաններից: 14 Ամէն մարդ, գիտութիւնից զրկուած, ապուշ դարձաւ, իրենց արձանների պատճառով բոլոր ոսկերիչներն ամօթահար եղան, որովհետեւ սուտ բաներ ձուլեցին, եւ նրանց մէջ շունչ չկայ. 15 սնոտի ու խաբէական գործեր են դրանք: Երբ նրանց այցելութեան գնան, նրանք կորստեան են մատնուելու: 16 Սակայն այդպիսին չէ Յակոբի բաժինը. նրա բաժինը նա է, ով ստեղծեց ամենայն ինչ, որի ժառանգութեան շառաւիղն է Իսրայէլը, եւ նրա անունը Զօրութիւնների Տէր է: 17 Ո՛վ դու, որ բնակւում ես ընտրեալների մէջ, հեռուներից հաւաքի՛ր քո զօրութիւնը: 18 Այսպէս է ասում Տէրը. «Ահա ես նեղութիւնն իբրեւ խոչընդոտ քար եմ դնելու այդ երկրի բնակիչների ոտքերի տակ եւ հալածելու եմ նրանց, որ չգտնուեն»: 19 Վա՜յ քո կործանումին, քանզի ցաւալի են քո վէրքերը. իսկ ես ասում եմ. «Արդարեւ հէնց դրանք են իմ վէրքերը, որ վիճակուեցին ինձ. 20 խորանն իմ խորտակուեց, վերացաւ, իմ վրանի բոլոր վարագոյրները քանդուեցին, իմ որդիներն ու հօտերը ոչ մի տեղ չեն երեւում. այլեւս չկայ իմ խորանի տեղը, չկայ եւ իմ վարագոյրների տեղը»: 21 Հովիւները խելքի չեկան եւ Տիրոջը չփնտրեցին, դրա համար էլ բոլոր հօտերը չճանաչեցին նրանց ու ցիրուցան եղան: 22 Բօթաբեր ձայն է գալու եւ մեծ դղրդում հիւսիսի երկրից, որպէսզի Յուդայի երկրի քաղաքներն աւերածութեան ենթարկի եւ դարձնի ջայլամների կայեան: 23 Գիտեմ, Տէ՛ր, որ մարդու ուղին իրենից կախուած չէ, այր մարդն ի վիճակի չէ տնօրինելու իր ճանապարհի յաջողութիւնը: 24 Խրատի՛ր մեզ, Տէ՛ր, բայց՝ արդարութեամբ եւ ոչ թէ՝ ցասմամբ, որ մեզ սակաւաթիւ չդարձնես: 25 Քո բարկութիւնը թափիր հեթանոսների՛ վրայ, որոնք չեն ճանաչում քեզ, եւ այն ազգերի վրայ, որոնք չճանաչեցին քո անունը, որովհետեւ նրանք յօշոտեցին Յակոբին, սպառեցին նրան, վախճանի հասցրին նրան եւ աւերեցին նրա արօտավայրերը:
111 Երեմիային ուղղելով իր խօսքը՝ Տէրն ասում է. 2 «Լսեցէ՛ք այս ուխտի պայմանը եւ յայտնեցէ՛ք Յուդայի երկրի մարդկանց ու Երուսաղէմի բնակինչներին: 3 Եւ կասես նրանց. այսպէս է ասում Տէր Աստուածն Իսրայէլի. “Թող անիծեալ լինի այն մարդը, որը չի ընդունի այս ուխտի պայմանը, 4 որ աւանդել եմ ձեր հայրերին այն օրը, երբ նրանց հանում էի Եգիպտացիների երկրից՝ երկաթէ հնոցից. ասում եմ. ակա՛նջ դրէք իմ ձայնին, եւ ինչ որ պատուիրեմ ձեզ, կատարեցէ՛ք ըստ ամենայնի, ու դուք իմ ժողովուրդը կլինէք, իսկ ես՝ ձեր Աստուածը: 5 Կհաստատեմ իմ երդումը, որ երդուեցի ձեր հայրերին՝ տալու նրանց այն երկիրը, որը, ինչպէս եւ այսօր, մեղր ու կաթ է բխեցնում”»: Պատասխանեցի եւ ասացի. «Այո՛, Տէ՛ր, թող այդպէս լինի»: 6 Եւ Տէրն ինձ ասաց. «Այդ բոլոր խօսքերը յայտարարի՛ր այդտեղ՝ Յուդայի երկրի քաղաքներում ու Երուսաղէմից դուրս, եւ ասա՛. “Լսեցէ՛ք այս ուխտի պատգամները եւ կատարեցէ՛ք դրանք”: 7 Չէ՞ որ այն օրը, երբ ես նրանց հանեցի Եգիպտացիների երկրից, ու մինչեւ այսօր, ամէն առաւօտ կանուխ, ձեր հայրերին խստագոյնս խրատեցի եւ ասացի. “Ակա՛նջ դրէք իմ ձայնին”. բայց նրանք չլսեցին: 8 Ականջները շուռ տուեցին եւ բոլորը իրենց յօժար սրտով գնացին դէպի չարիքը: Եւ որովհետեւ ինչ որ պատուիրեցի նրանց անել, չարեցին, իմ այս ուխտի բոլոր խօսքերը կկատարեմ նրանց նկատմամբ»: 9 Եւ Տէրն ինձ ասաց. «Յուդայի երկրի մարդկանց եւ Երուսաղէմի այդ բնակիչների մէջ տեղ է գտել չարամտութիւնը: 10 Նրանք դարձ կատարեցին դէպի իրենց նախահայրերի մեղքերը, որոնք չէին կամենում հետեւել իմ խօսքերին: Ահաւասիկ նրանք գնում են օտար աստուածների յետեւից, որպէսզի ծառայեն նրանց: Իսրայէլի տունը եւ Յուդայի տունը խախտեցին իմ ուխտը, որ կապել էի նրանց հայրերի հետ»: 11 Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում. «Ահաւասիկ ես չարիք կբերեմ նրանց վրայ, որից չպիտի կարողանան դուրս գալ: Ինձ են կանչելու, բայց չեմ լսելու նրանց: 12 Յուդայի երկրի քաղաքներն ու Երուսաղէմի բնակիչները կգնան, կկանչեն իրենց աստուածներին, որոնց խունկ էին ծխում, բայց նրանցից փրկութիւն չի լինելու իրենց դժբախտութեան ժամանակ: 13 Քո աստուածները, Յուդայի՛ երկիր, թուով այնքան էին, որքան քո քաղաքները, եւ, ըստ Երուսաղէմի փողոցների թուի, ամօթի բագիններ ու սեղաններ կանգնեցրիք՝ Բահաղին խունկ ծխելու համար: 14 Իսկ դու մի՛ աղօթիր այդ ժողովրդի համար, խնդրանքներով մի՛ աղաչիր ու պաղատիր դրանց համար, որովհետեւ երբ իրենց դժբախտութեան ժամանակ կանչեն ինձ, ես չպիտի լսեմ: 15 Իմ սիրելի ժողովրդի մասին եմ ասում, քանզի նա իմ տաճարի ներսում պղծութիւն գործեց: Մի՞թէ աղօթքը եւ զոհերի միսը քեզնից կվերացնեն քո չարիքները, կամ թէ դրանցով դու կփրկուես: 16 Տէրը քո անունը գեղատես ու վարսաւոր ձիթենի կոչեց: Նրանց թլփատութեան ձայնից դու մեծ նեղութեան մէջ ես. անպէտքացան քո ոստերը: 17 Զօրութիւնների Տէր Աստուածը, որ քեզ տնկեց, Իսրայէլի տան եւ Յուդայի տան չարութիւնների պատճառով սպառնաց պատժել քեզ. նրանք իրենք իրենց արեցին դա, որովհետեւ ինձ բարկացնելու համար Բահաղին խնկարկեցին»: 18 Տէ՛ր, ճանաչե՛լ տուր ինձ, եւ ես կճանաչեմ. այն ժամանակ կտեսնեմ նրանց գործերը: 19 Ես, իբրեւ անմեղ մի գառ, որին մորթելու են տանում, չիմացայ, որ իմ մասին չար խորհուրդ են արել եւ ասում են. «Եկէք ոչնչացնենք ծառն իր պտղով եւ նրան ջնջենք ողջերի երկրից, թող նրա անունն այլեւս չյիշուի»: 20 Զօրութիւնների՛ Տէր, դու, որ արդար ես վարւում, քննում ես երիկամներն ու սրտերը, թող ես տեսնեմ, որ վրէժխնդիր ես լինում նրանցից, քանզի քեզ յանձնեցի իմ դատը: 21 Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում Անաթոթի մարդկանց մասին, որոնք քո անձն են փնտրում՝ ասելով. «Մեզ համար մի՛ մարգարէացիր, ապա թէ ոչ՝ կմեռնես մեր ձեռքով»: 22 Ահա թէ ինչու այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Ահաւասիկ ես պիտի պատժեմ նրանց. նրանց երիտասարդները սրով պիտի սպանուեն, եւ տղաներն ու աղջիկները սովից պիտի վախճանուեն: 23 Նրանցից ոչ ոք չի մնալու, որովհետեւ Անաթոթի բնակիչներին չարիք եմ բերելու այն տարին, երբ գամ նրանց պատժելու»:
121 Արդար ես դու, Տէ՛ր, բայց ես իմ դատը պէտք է պաշտպանեմ ու իմ իրաւունքի մասին խօսեմ. ինչպէ՞ս է, որ ամբարիշտների բռնած գործերը յաջողւում են, եւ բոլոր նրանք, ովքեր արհամարհում են ու անարգում, երջանիկ դարձան: 2 Տնկեցիր նրանց, եւ նրանք արմատ գցեցին, որդիներ ունեցան, պտուղ տուեցին: Դու, Տէ՛ր, նրանց շուրթերին ես, սակայն հեռու ես նրանց սրտերից: 3 Դու, ո՛վ Տէր, գիտես ինձ, տեսար ինձ եւ քո առաջ փորձեցիր իմ սիրտը. հաւաքի՛ր նրանց ինչպէս մորթելու ոչխար, եւ երբ նրանց սպանութեան օրը գայ, զոհաբերի՛ր նրանց: 4 Երկիրը մինչեւ ե՞րբ պէտք է սուգ պահի, ու խոտն ամէնուրեք չորանայ: Անասուն ու թռչուն կոտորուեցին երկրի բնակիչների չարութիւնների պատճառով, որովհետեւ ասացին, թէ՝ «Աստուած չի տեսնի մեր արարքները»: 5 Քո ոտքերը վազում են, բայց քեզ պիտի լքեն, էլ ինչպէ՞ս պիտի մրցես ձիաւորների հետ: Եւ հիմա այս խաղաղ երկրի վրա՞յ ես յոյսդ դրել. իսկ ի՞նչ ես անելու, երբ Յորդանան գետը բարձրանայ, 6 քանի որ քո եղբայրներն ու քո հօր տունը՝ նրանք անգամ դաւ նիւթեցին քո դէմ, նրանք էլ աղաղակ բարձրացրին քո յետեւից եւ կուտակուեցին քո գլխին: Մի՛ հաւատայ նրանց, որովհետեւ չարախօսում են քո մասին: 7 «Ես լքեցի իմ տունը, թողեցի իմ ժառանգութիւնը եւ իմ հոգու սիրելիին տուեցի իր թշնամիների ձեռքը: 8 Իմ ժառանգութիւնն ինձ համար դարձաւ անապատի առիւծ, իր ձայնն ինձ վրայ բարձրացրեց, դրա համար էլ ատեցի նրան: 9 Մի՞թէ իմ ժառանգութիւնն ինձ համար բորենու որջ է լինելու կամ նրան շրջապատող քարանձաւ. շրջեցէ՛ք, հաւաքեցէ՛ք անապատի բոլոր գազաններին, որ գան այն ուտելու: 10 Բազում հովիւներ ապականեցին իմ այգին, ոտնատակ տուեցին իմ բաժինը, իմ ցանկալի դաշտը խոպան անապատ դարձրին. 11 այն ենթարկուեց աւերի ու ապականութեան: Ողջ երկիրն իմ պատճառով քայքայուեց ու քանդուեց, որովհետեւ իմ սրտին մօտ չհամարեցի պարտահատոյց լինել, եւ չկայ մէկը, որի սիրտը ցաւի դրա համար: 12 Թշուառացած՝ մարդիկ անցան անապատի բոլոր ճանապարհներով, քանզի երկրի մի ծայրից մինչեւ միւսը Տիրոջ սուրն է մաշում, ոչ մի մարմնի համար հանգիստ չկայ: 13 Ցորեն ցանեցիք, սակայն փուշ էք հնձելու, եւ ձեր անդաստանները օգուտ չեն տալու ձեզ: Ձեր հպարտութիւնն ամօթանքի է փոխուելու այն նախատինքից, որ կրելու էք Տիրոջ առաջ»: 14 Այսպէս է ասում Տէրը բոլոր չար հարեւանների մասին, որոնք ձեռք են մեկնում իմ ժառանգութեանը, որ բաշխեցի Իսրայէլի իմ ժողովրդին. «Ահաւասիկ ես նրանց հեռացնելու եմ իրենց երկրից, Յուդայի տունը եւս հանելու եմ նրանց միջից: 15 Բայց նրանց արտաքսելուց յետոյ ես նորից պիտի դառնամ ու գթամ նրանց եւ իւրաքանչիւրին բնակեցնեմ իր ժառանգութեան մէջ՝ ամէն մէկին իր երկրում: 16 Եւ եթէ նրանք լաւ սովորեն իմ ժողովրդի ճանապարհը, երդուեն իմ անունով, թէ կենդանի է Տէրը, ինչպէս որ սովորեցրին իմ ժողովրդին երդուել Բահաղին, ապա նրանք կհաստատուեն իմ ժողովրդի մէջ: 17 Իսկ եթէ դարձի չգան, ես կջնջեմ այդ ազգին, կորստեան մատնելով՝ կվերացնեմ նրանց»,– ասում է Տէրը:
131 Այսպէս է ասում Տէրը. «Գնա, քեզ համար ձե՛ռք բեր կտաւէ գօտի, փաթաթի՛ր մէջքիդ, բայց ջրի միջով չանցնես»: 2 Հետեւելով Տիրոջ խօսքին՝ ես ձեռք բերեցի մի գօտի ու փաթաթեցի մէջքիս: 3 Տէրը, կրկին խօսքն ինձ ուղղելով, ասաց. 4 «Այդ գօտին, որ ձեռք բերեցիր, հանի՛ր քո մէջքից, վեր կաց գնա՛ Եփրատի ափը եւ դա թաքցրո՛ւ այնտեղ՝ ժայռի մի խոռոչում»: 5 Ու ես գնացի եւ այն թաքցրի Եփրատի ափին, ինչպէս պատուիրել էր ինձ Տէրը: 6 Եւ ահա շատ օրեր անց Տէրն ինձ ասաց. «Վեր կաց գնա՛ Եփրատի ափը եւ վերցրո՛ւ այն գօտին, որը հրամայեցի քեզ այնտեղ թաքցնել»: 7 Գնացի Եփրատ գետի ափը, փորեցի եւ վերցրի գօտին այնտեղից, ուր այն թաղել էի. բայց ահա գօտին փտել էր եւ ոչ մի բանի պիտանի չէր: 8 Տէրը, խօսքն ինձ ուղղելով, ասաց. 9 «Այսպէս է ասում Տէրը. այդպէս էլ ապականելու եմ Յուդայի երկրի հպարտութիւնը եւ Երուսաղէմի հպարտութիւնը, 10 քաղաքն ու իմ չար ժողովրդին, որոնք չէին ուզում ականջ դնել իմ խօսքերին, որոնք գնում են իրենց չար սրտերի ցանկութեամբ, ընթանում են օտար աստուածների յետեւից, որպէսզի ծառայեն նրանց եւ երկրպագեն. նրանք պիտի դառնան այդ գօտու պէս, որը ոչ մի բանի պիտանի չէ: 11 Ինչպէս որ գօտին պատում է մարդու մէջքը, այդպէս իմ շուրջը պատեցի Իսրայէլի այդ ամբողջ տունը եւ Յուդայի ամբողջ տունը,– ասում է Տէրը,– որպէսզի նրանք ինձ համար դառնան անուանի ժողովուրդ եւ պարծանք ու փառք. բայց նրանք չլսեցին ինձ: 12 Այդ ժողովրդին կյայտնես նաեւ հետեւեալ պատգամը. այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. “Ամէն մի տիկ գինով պէտք է լցուի”: Եւ եթէ այնպէս լինի, որ քեզ ասեն, թէ՝ “Մի՞թէ մենք չենք հասկանում ու չգիտենք, որ ամէն մի տիկ գինով պիտի լցուի”, 13 ապա կասես նրանց. այսպէս է ասում Տէրը. “Ահա ես այդպէս պիտի լցնեմ ու հարբեցնեմ այդ երկրի բոլոր բնակիչներին եւ թագաւորներին՝ Դաւթի որդիներին, որոնք նստում են նրա աթոռին, քահանաներին ու մարգարէներին, Յուդայի երկրի ու Երուսաղէմի բոլոր բնակիչներին: 14 Ցրելու եմ դրանց՝ մարդն իր եղբօր, հայրն իր զաւակների հետ միասին,– ասում է Տէրը.– չեմ գթալու եւ չեմ խնայելու, առանց ողորմելու դրանց բնաջնջելու եմ”»: 15 Լսեցէ՛ք, ունկնդի՛ր եղէք եւ մի՛ հպարտացէք, քանզի Տէրը խօսեց: 16 Ձեր Տէր Աստծուն փա՛ռք տուէք, քանի դեռ խաւարը չի պատել, եւ ձեր ոտքերը խաւար լեռների վրայ չեն սայթաքել: Լոյս պիտի ակնկալէք, իսկ այնտեղ մահուան ստուերներ են. ձեզ դնելու են խաւարի մէջ: 17 Եւ եթէ չլսէք նրան, դառնութիւնից ձեր հոգու խորքում լաց պիտի լինէք, արցունքը պիտի խեղդի ձեզ, ձեր աչքերից արտասուք պիտի թափուի, քանզի կործանուեց Տիրոջ հօտը: 18 Թագաւորին ու բռնակալներին ասացէ՛ք. «Խոնարհուեցէ՛ք ու գետնի՛ն նստեցէք, քանզի ձեր փառքի պսակն ընկաւ ձեր գլուխներից: 19 Հարաւի կողմի քաղաքները փակուեցին, եւ ոչ ոք չկայ, որ բաց անի. Յուդայի երկիրն ամբողջապէս գերուեց, սպառուեց լիովին»: 20 «Բարձրացրո՛ւ քո աչքերը, Երուսաղէ՛մ, եւ նայի՛ր հիւսիսից յարձակուողներին. ո՞ւր է այն հօտը, որ տրուեց քեզ, քո փառաւոր ոչխարներն ո՞ւր են: 21 Երբ քեզնից պահանջեն, այն ժամանակ ի՞նչ պատասխան ես տալու. դու ինքդ սովորեցրիր նրանց, որ իշխեն քեզ վրայ: Մի՞թէ քեզ երկունքի ցաւերը չեն բռնելու, ինչպէս ծննդկան կնոջը: 22 Եւ եթէ քո սրտում ասես՝ “Ինչո՞ւ պատահեց այս բանը ինձ հետ”, ապա դա եղաւ քո բազում անիրաւութիւնների պատճառով, քանի որ քո քղանցքները բացուեցին քո յետեւից՝ խայտառակելով քեզ: 23 Թէ որ հնդիկը փոխի իր մաշկը, ընձառիւծը՝ իր խայտուցները, դուք էլ կկարողանաք բարութիւն անել, դուք, որ սովորել էք չարիք գործել: 24 Ես ցրելու եմ նրանց անապատում հողմակոծ խռիւի նման: 25 Ինձ չհաւանելուդ համար այդ է քո մասն ու բաժինը, քանզի մոռացար ինձ եւ յոյսդ դրեցիր սուտ աստուածների վրայ: 26 Ես պիտի մերկացնեմ քո յետեւը՝ փեշդ քաշելով քո գլխին ու երեսին, որ երեւան քո ամօթոյքը, 27 քո շնութիւնն ու վրնջիւնը, դու, որ քո պոռնկութեամբ խորթացար ինձնից: Ես տեսայ քո գարշելի արարքները բագիններում ու անդաստաններում: Վա՜յ քեզ, Երուսաղէ՛մ, որ իմ յետեւից գալով՝ չես մաքրուելու: Մինչեւ ե՞րբ ես այդպէս մնալու»:
141 Տիրոջ խօսքը, որ նա ասաց Երեմիային երաշտի մասին: 2 «Սուգ մտաւ Հրէաստանը, նրա դռները մնացին թափուր, խաւարը պատեց երկիրը, եւ Երուսաղէմն աղաղակ բարձրացրեց: 3 Նրանց մեծամեծներն իրենց երիտասարդներին ջրի ուղարկեցին. նրանք եկան ջրհորները եւ ջուր չգտան. իրենց ամանները դատարկ յետ բերեցին: Ամաչեցին ու ամօթահար ծածկեցին իրենց գլուխները: 4 Երկրագործութիւնը դադարեց, որովհետեւ հողն առանց անձրեւի մնաց. մշակներն ամօթահար եղան, ծածկեցին իրենց գլուխները: 5 Հանդում եղնիկները ձագ ծնեցին, սակայն թողեցին իրենց ձագերին, որովհետեւ բուսականութիւն չկար. 6 ցիռերը դաշտերում վիշապների պէս օդ ծծեցին, նրանց աչքերը դուրս ընկան, որովհետեւ խոտ չկար»: 7 Թէպէտ մեր մեղքերը կանգնեցին մեր դէմ, բայց դու, Տէ՛ր, վարուի՛ր յանուն քո անուան: Բազում են մեր մեղքերը քո առաջ. 8 մեղք ենք գործել քո հանդէպ, ո՛վ յոյսդ Իսրայէլի: Տէ՛ր, նեղութեան ժամին փրկի՛ր մեզ: Ինչո՞ւ երկրի վրայ պանդուխտի պէս եղար կամ երկրի մի բնակչի պէս, որ իր իջեւանն է վերադառնում: 9 Մի՞թէ դու քնած մի մարդ ես կամ մի այր, որ զուրկ է փրկելու կարողութիւնից: Բայց դու, Տէ՛ր, մեր մէջ ես, եւ քո անունը դրուած է մեզ վրայ, մի՛ մոռացիր մեզ: 10 Այսպէս է ասում Տէրն այդ ժողովրդին. «Այդպէս սիրեցին նրանք թափառել ու իրենք իրենց չխնայեցին». եւ Աստուած բարեհաճ չեղաւ նրանց հանդէպ. այժմ պիտի յիշի նրանց անիրաւութիւնները եւ պիտի պատժի նրանց իրենց մեղքերի համար: 11 Տէրն ինձ ասում է. «Այն ժողովրդին բարիք անելու համար մի՛ աղօթիր: 12 Եթէ ծոմ էլ պահեն, ես չեմ լսելու նրանց խնդրանքները. եթէ ողջակէզներ ու զոհեր մատուցեն, դրան էլ հաճութիւն ցոյց չեմ տալու. սրով, սովով ու մահով պիտի սպառեմ նրանց»: 13 Իսկ ես ասում եմ. «Ո՛վ դու, որ Տէր Աստուած ես, ահա մարգարէներն ասում են նրանց, թէ՝ “Սուր չէք տեսնելու, սով չի լինելու ձեր մէջ, քանզի ճշմարտութիւն ու խաղաղութիւն պիտի շնորհուեն երկրի եւ այդ տեղի վրայ”»: 14 Տէրն ինձ ասում է. «Մարգարէներն իմ անունով սուտ մարգարէութիւն են անում. ես ո՛չ ուղարկել եմ նրանց, ո՛չ պատուէր եմ տուել նրանց եւ ո՛չ էլ խօսել եմ նրանց հետ. նրանք ձեզ մարգարէանում են սուտ տեսիլքներ, սնոտի գուշակութիւններ ու հմայութիւններ եւ իրենց սրտի ցանկութիւնները»: 15 Դրա համար Տէրն այսպէս է ասում մարգարէների մասին. «Նրանք մարգարէութիւն են անում իմ անունով, բայց ես չեմ ուղարկել նրանց, ոչ էլ պատուիրել եմ նրանց, որ ասեն, թէ՝ “Սուր ու սով չպիտի լինի այս երկրում”: Մահուան քայքայիչ հիւանդութեամբ եւ սրով ու սովով պիտի ոչնչանան այդ մարգարէները, 16 նաեւ այն ժողովուրդը, որի համար նրանք մարգարէանում են. նրանք, սրից ու սովից ընկած, պիտի մնան Երուսաղէմի ճանապարհներին, թէ՛ նրանք, թէ՛ նրանց կանայք եւ թէ՛ նրանց որդիներն ու դուստրերը. եւ նրանց թաղող չպիտի լինի. իրենց չարութիւնն իրենց վրայ պիտի թափեմ: 17 Կասես նրանց նաեւ այս խօսքը. “Զօր ու գիշեր ձեր աչքերից արտասո՛ւք թափեցէք, եւ թող վերջ չլինի դրան, քանզի իմ ժողովրդի կոյս աղջիկը մեծ կոտորածի, ամենացաւագին հարուածների ենթարկուեց: 18 Դաշտ եմ դուրս գալիս, եւ ահա՝ սրից վիրաւորուածներ, քաղաք եմ մտնում, եւ ահա՝ սովից տանջուողներ, որովհետեւ մարգարէն ու քահանան գնացին իրենց չճանաչած երկիրը”»: 19 Մի՞թէ իսպառ երես թեքեցիր Յուդայի երկրից, կամ նրանից բոլորովին հեռացաւ քո Հոգին. ինչո՞ւ այնպէս հարուածեցիր մեզ, բժշկութիւն չլինի մեզ համար: Խաղաղութիւն ակնկալեցինք, բայց բարի բան չկատարուեց, սպասեցինք բժշկութեան ժամին, բայց ահա խռովութիւն եղաւ: 20 Տէ՛ր, գիտակցեցինք մեր մեղքերը եւ մեր հայրերի անիրաւութիւնները, քանզի մեղք գործեցինք քո առաջ: 21 Քո անուան համար մեղմի՛ր բարկութիւնդ, կորստեան մի՛ մատնիր քո փառքի աթոռը. յիշի՛ր, մի՛ խզիր քո ուխտը, որ կապել ես մեզ հետ: 22 Հեթանոսական կուռքերի մէջ կա՞յ արդեօք մի կուռք, որ անձրեւ բերի, կամ թէ կարո՞ղ է երկինքը ինքնիրեն հեղեղ տեղալ. այդ անողը մի՞թէ դու ինքդ չես, ո՛վ Տէր Աստուած մեր, եւ մենք քեզ վրայ ենք դնում մեր յոյսը, քանզի դու ես այդ ամէնը կատարում:
151 Տէրն ինձ ասում է. «Եթէ Մովսէսն ու Սամուէլն իսկ իմ դիմաց կանգնեն, ես հոգով այդ ժողովրդի հետ չեմ լինի. այդ ժողովրդին հեռո՛ւ վանիր ինձնից, թող հեռանա՛յ: 2 Եւ եթէ պատահի, որ հարցնեն քեզ՝ ո՞ւր գնանք, կասես նրանց. այսպէս է ասում Տէրը. “Ովքեր մահուան համար են, թող գնան դէպի մահ, ովքեր սրի համար են՝ դէպի սուր, ովքեր սովի համար են՝ դէպի սով, իսկ ովքեր գերութեան համար են՝ դէպի գերութիւն”: 3 Ես նրանցից վրէժ լուծելու համար պիտի դիմեմ չորս միջոցի,– ասում է Տէրը.– սրին՝ սպանելու համար, շներին՝ պատառոտելու համար, երկնքի թռչուններին եւ երկրի գազաններին՝ յօշոտելու եւ ոչնչացնելու համար: 4 Յուդայի երկրի թագաւոր Եզեկիայի որդի Մանասէի պատճառով եւ այն ամէնի պատճառով, որ նա կատարեց Երուսաղէմում, նրանց պիտի մատնեմ աշխարհի բոլոր թագաւորութիւնների տանջանքին: 5 Ո՞վ կխնայի քեզ, Երուսաղէ՛մ, կամ ո՞վ կտրտմի քեզ համար եւ կամ ո՞վ կդառնայ դէպի քեզ՝ հարցնելու քո խաղաղութեան մասին, 6 քանզի դու երես թեքեցիր ինձնից,– ասում է Տէրը,– եւ յետ ես գնալու: Իմ ձեռքը պիտի երկարեմ քեզ վրայ եւ պիտի կործանեմ քեզ: 7 Այլեւս նրանց չեմ լսի, պիտի ցրեմ ու սփռեմ նրանց. իմ ժողովուրդն անզաւակ մնաց դռներին, որովհետեւ ես կորցրի իմ ժողովրդին նրանց չարութեան պատճառով, քանի որ նրանք չուղղուեցին: 8 Նրա չարիքներն աւելի բազմացան իմ շուրջը, քան ծովի աւազը: Ե՛ւ նրանց վրայ, ե՛ւ իրենց մօր վրայ շարժեցի երիտասարդներին: Միջօրէին նրանց շուրջը թշնամութիւն գցեցի. յանկարծակի դող ու տագնապ եկաւ: 9 Նա, որ եօթ զաւակ էր ծնել, զրկանքների մատնուեց, նրա հոգին նուաղեց. միջօրէին նրա արեւը մայր մտաւ. ամօթն ու նախատինքն են պատել նրան: Նրանց մնացորդներին իրենց թշնամիների աչքի առաջ սրի պիտի մատնեմ»,– ասում է Տէրը: 10 Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, մա՛յր իմ. իբրեւ ո՞ւմ ծնեցիր ինձ. իբրեւ մի մարդո՞ւ, որին երկրում ամէնուրեք դատափետել են, քաշքշել դատարան: Ո՛չ ես եմ ինչ-որ բան պարտք, ո՛չ էլ ուրիշն է ինձ որեւէ բան պարտք, բայց ինձ անիծողներից իմ ուժը սպառուեց: 11 Թող որ նրանք յաջողութիւն գտնեն բարի բաների մէջ, Տէ՛ր, թէպէտ նրանց փորձութեան ժամին կամ նրանց նեղութեան ժամանակ ես իմ թշնամիների հանդէպ բարիք չեմ գործել: 12 Երկաթի զօրութիւնը կարո՞ղ է ճանաչուել, իսկ քո զօրութիւնը քաղաքի պղնձէ պարսպի զօրութեան պէս է: 13 «Բոլոր մեղքերիդ պատճառով քո երկրի բոլոր սահմաններում քո գանձերը, իբրեւ փրկանք, տալու եմ օտարներին: 14 Քեզ ծառայեցնելու եմ քո թշնամիներին մի երկրում, որ դու չգիտես, քանզի իմ բարկութիւնից կրակ է վառւում, որ բորբոքուելու է ձեզ վրայ»: 15 Դու գիտես, Տէ՛ր, յիշի՛ր ինձ, Տէ՛ր, այցելի՛ր ինձ, փրկի՛ր ինձ իմ թշնամիներից. ինձ համար մի՛ ուշացիր, գիտցի՛ր, քեզ համար որքա՜ն նախատինք կրեցի քո խօսքերն արհամարհողներից: 16 Մեռցրո՛ւ նրանց, եւ քո խօսքն ինձ ուրախութիւն եւ իմ սրտի համար ցնծութիւն կլինի, քանզի քո անունը ինձ վրայ է դրուած, ո՛վ Ամենակալ Տէր Աստուած: 17 Ծաղր անողների հետ ատեան չնստեցի, այլ երկիւղ կրելով քեզնից՝ նստում էի առանձին, որովհետեւ դառնութեամբ էի լցուած: 18 Ինչո՞ւ նրանք, որ ինձ տրտմութիւն են պատճառում, զօրանում են, իսկ իմ վէրքերն ահաւոր են. ինչպէ՞ս պիտի բժշկուեմ: Փոխուեցի ու վերածուեցի անհամ ջրի, որի նկատմամբ չկայ հաւատ: 19 Դրա համար էլ այսպէս է ասում Տէրը. «Եթէ նորից դարձի գաս, քեզ կպատսպարեմ, եւ իմ աչքի առաջ կապրես. ու եթէ անարգի միջից դուրս հանես պատուականը, կլինես, ինչպէս իմ բերանը, ու եթէ նրանք վերադառնան դէպի քեզ, եւ ոչ թէ դու նորից դառնաս դէպի նրանց, 20 ես քեզ կտամ այդ ժողովրդին իբրեւ պղնձէ ամուր պարիսպ. նրանք պիտի կռուեն քեզ հետ, բայց չեն կարողանայ սասանել քեզ, քանզի ես քեզ հետ եմ քեզ փրկելու եւ պահպանելու համար,– ասում է Տէրը,– 21 ես քեզ կազատեմ չար ձեռքերից, քեզ կփրկեմ ժանտ ձեռքերից»,– ասում է Տէր Աստուածն Իսրայէլի:
16 2 «Քեզ համար կին մի՛ առ, եւ այդտեղ թող քեզ տղաներ ու աղջիկներ չծնուեն», 3 քանզի Տէրն այսպէս է ասում այն որդիների ու դուստրերի մասին, որ պիտի ծնուեն այդտեղ, նաեւ նրանց մայրերի մասին, որ պիտի ծնեն նրանց, ինչպէս եւ նրանց հայրերի մասին, որ այդ երկրում պիտի ունենան նրանց: 4 «Նրանք հիւանդութեամբ պիտի հիւծուեն ու մեռնեն. լացուկոծի չեն արժանանալու եւ ոչ էլ՝ թաղման, այլ երկրի երեսին պիտի խայտառակուեն. սրով պիտի ընկնեն ու սովից սպառուեն, իսկ նրանց դիակները երկնքի թռչուններին ու երկրի գազաններին կեր պիտի դառնան»: 5 Այսպէս է ասում Տէրը. «Նրանց համար լաց մի՛ եղիր, նրանց համար ողբ ու կոծի մի՛ գնայ եւ ոչ էլ նրանց վրայ սուգ պահիր, որովհետեւ իմ խաղաղութիւնը, ողորմութիւնն ու գթութիւնը յետ եմ վերցրել այդ ժողովրդից,– ասում է Տէրը:– 6 Թէ՛ մեծերը եւ թէ՛ փոքրերը պիտի մեռնեն այդ երկրում. նրանց համար չեն կոծելու, նրանց համար արիւնբզիկ չեն լինելու եւ մազերը չեն փետելու. նրանք լացի չեն արժանանալու եւ ոչ էլ թաղման: 7 Նրանց սգոյ հացը մեռնողի վրայ մխիթարութեան համար կտրող չի լինելու, եւ ոչ էլ նրա հօր ու մօր յիշատակին մխիթարութեան բաժակ են խմելու: 8 Նրանց հետ կերուխումի նստելու համար խնջոյքի տուն մի՛ մտիր». 9 քանզի այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Ահաւասիկ իմ աչքի առաջ եւ ձեր իսկ օրերում այդտեղից կվերացնեմ ձայնը ցնծութեան եւ ձայնն ուրախութեան, ձայնը փեսայի եւ ձայնը հարսի: 10 Եւ երբ պատահի, որ այն ժողովրդին պատմես այս բոլոր պատգամների մասին, ու քեզ ասեն՝ “Այդ բոլոր մեծ չարիքների համար Տէրն ինչո՞ւ խօսեց մեր դէմ, ի՞նչ անիրաւութիւն կայ մեր մէջ, կամ ի՞նչ մեղք, որ մեղանչած լինէինք մեր Տէր Աստծոյ առաջ”, 11 ապա կասես նրանց. “Որովհետեւ ձեր հայրերը լքեցին ինձ,– ասում է Տէրը,– եւ գնացին օտար աստուածների յետեւից, ծառայեցին նրանց, երկրպագեցին նրանց, իսկ ինձ թողեցին եւ իմ օրէնքը չպահեցին: 12 Բայց դուք այնքան անզգամ եղաք, որ կատարեցիք աւելին, քան ձեր հայրերը. ահաւասիկ դուք իւրաքանչիւրդ ինձ չլսելու համար ընթանում էք ձեր չար սրտերի հաճոյքների յետեւից: 13 Այս երկրից ես ձեզ կնետեմ մի երկիր, որը չգիտէք ո՛չ դուք եւ ո՛չ էլ ձեր հայրերը. այնտեղ օր ու գիշեր կծառայէք օտար աստուածներին, բայց ձեզ ողորմածութիւն չեն անի”: 14 Ահա այս պատճառով էլ օրեր են գալու,– ասում է Տէրը,– եւ այլեւս չեն ասի՝ “Կենդանի է Տէրը, որ իսրայէլացիներին հանեց Եգիպտացիների երկրից”, 15 այլ կասեն, թէ՝ “Կենդանի է Տէրը, որ իսրայէլացիներին հանեց հիւսիսի երկրից եւ այն բոլոր երկրներից, ուր արտաքսուել էին, ու նրանց վերստին կպատսպարի իրենց երկրում, որը տուել էր նրանց հայրերին”: 16 Ահաւասիկ ես կուղարկեմ բազում ձկնորսների,– ասում է Տէրը,– եւ նրանք կորսան նրանց. այնուհետեւ կուղարկեմ բազում որսորդների, եւ նրանք կորսան նրանց բոլոր լեռների վրայ, բոլոր բլուրների վրայ ու ժայռերի ծերպերից: 17 Իմ աչքը նրանց բոլոր ճանապարհներին է. նրանք իմ տեսողութիւնից չեն թաքնուել, ոչ էլ նրանց անիրաւութիւններն են ծածկուել իմ աչքերի առաջ: 18 Ես նախ նրանց կրկնակի կհատուցեմ իրենց անիրաւութիւնների դիմաց, նաեւ նրանց մեղքերի դիմաց, որոնցով պղծեցին իմ երկիրը, իրենց գարշելի մեռելոտիներով եւ իրենց անօրինութիւններով լցրին իմ ժառանգութիւնը»: 19 Տէ՛ր, ո՛վ իմ զօրութիւն, իմ օգնութիւն եւ չար օրերի իմ ապաւէն. աշխարհի ծայրերից հեթանոսները քեզ մօտ են գալու եւ ասելու. «Ինչպէ՜ս էին սուտ կուռքեր ստեղծում մեր հայրերը, իսկ նրանցից օգուտ չկար: 20 Մի՞թէ մարդ ինքն իր համար աստուածներ կշինի, բայց չէ՞ որ նրանք աստուածներ չեն»: 21 «Դրա համար էլ այժմ ես նրանց ցոյց կտամ իմ ձեռքը, ճանաչել կտամ նրանց նաեւ իմ զօրութիւնը, ու թող գիտենան, որ իմ անունը Տէր է»:
171 «Յուդայի երկրի մեղքերը գրուած են երկաթէ գրչով, ադամանդէ գրչածայրով, որոնք փորագրուած պիտի լինեն նրանց սրտերի տախտակներին եւ նրանց զոհասեղանների եղջիւրներին մինչեւ այն ժամանակ, 2 քանի դեռ նրանց որդիները կյիշեն իրենց մեղքերը եւ իրենց պաշտամունքի անտառները՝ վարսաւոր ծառերի տակ, բարձր բլուրների եւ ամայի լեռների վրայ: 3 Քո զօրութիւնը, քո բոլոր գանձերը եւ քո մեղսառիթ բարձունքները քո բոլոր սահմանների մէջ աւարի պիտի մատնեմ: 4 Թող նկուն լինես ու զրկուես քո ժառանգութիւնից, որ քեզ տուեցի: Քո թշնամիների ձեռքով քեզ պիտի արտաքսեմ մի երկիր, որը չգիտես դու, քանզի իմ բարկութեան մէջ կրակ է վառուել եւ այն յաւիտեան պիտի բորբոքուի»: 5 Այսպէս է ասում Տէրը. «Թող անիծեալ լինի այն մարդը, որ իր յոյսը կդնի մարդու վրայ՝ ապաւինելով նրա մարմնին ու բազկին, իսկ նրա սիրտը կապստամբի Տիրոջ դէմ: 6 Նա կլինի ինչպէս վայրի մոշին անապատում, եւ երբ բարիքը գայ, չի նկատի. կբնակուի անապատի աղուտներում՝ մի աղտաղտուկ երկրում, ուր երբեք չեն ապրի: 7 Բայց թող օրհնեալ լինի այն մարդը, որ յոյսը Տիրոջ վրայ կդնի, որ Տէրը նրա յոյսը կդառնայ: 8 Նա կլինի ինչպէս հոսող ջրերի մօտ աճած ծառ եւ իր արմատները կձգի դէպի ջրերի հոսանքը. երբ տօթը հասնի, չի վախենայ. նրա սաղարթն անտառի պէս կտարածուի իր շուրջը. երաշտ տարուց չի վախենայ եւ չի դադարի պտուղ տալուց: 9 Սիրտը խոր է, քան ամէն բան. մարդ արարած է, ո՞վ կարող է ճանաչել նրան: 10 Ես՝ Տէրս, քննում եմ սրտերը եւ փորձում երիկամները, որպէսզի իւրաքանչիւրին հատուցեմ ըստ իր ընթացքի եւ ըստ իր գործերի արդիւնքի: 11 Կաքաւը ձայն տուեց, հաւաքեց նրանց, որոնց ինքը չէր ծնել. այնպէս էլ նա, ով անարդար ճանապարհով հարստութիւն է դիզում, իր օրերի կէսին պիտի թողնի այն ու իր վախճանի ժամին պիտի զգայ իր անմտութիւնը»: 12 Ո՛վ Տէր, ակնկալութի՛ւն Իսրայէլի, դու, որ ի սկզբանէ բարձրացած ես մեր սրբարանի փառքի աթոռը, 13 բոլոր նրանք, որ քեզ թողեցին, պիտի ամաչեն: Քեզնից հեռացածները պիտի կորչեն երկրի խորքում, որովհետեւ լքեցին Տիրոջը՝ կենաց ջրի Աղբիւրին: 14 Բժշկի՛ր ինձ, Տէ՛ր, եւ ես բուժուած կլինեմ, փրկի՛ր ինձ, Տէ՛ր, եւ ես փրկուած կլինեմ, քանզի դու ես իմ պարծանքը: 15 Ահաւասիկ նրանք ինձ ասում են. «Ո՞ւր է Տիրոջ խօսքը, թող այստեղ հասնի»: 16 Իսկ ես չձանձրացայ գալ քո յետեւից եւ չցանկացայ մարդու համար աղէտալի օր: Դու ինքդ իսկ գիտես, որ ինչ իմ շուրթերից ելնում է, այդ լինում է քո ներկայութեամբ: 17 Ինձնից մի՛ օտարացիր, չար օրը խնայի՛ր դու ինձ: 18 Իմ հալածիչնե՛րը թող ամօթահար լինեն, եւ ոչ թէ ես ամաչեմ, նրա՛նք թող զարհուրեն, եւ ոչ թէ ես զարհուրեմ. սեւ օ՛ր բեր նրանց գլխին, կրկնակի հարուածի ենթարկելով՝ կոտորի՛ր նրանց: 19 Այսպէս է ասում Տէրը. «Գնա կանգնի՛ր քո ժողովրդի դռներին, որտեղով մտնում ու ելնում են Յուդայի երկրի թագաւորները, նաեւ՝ Երուսաղէմի բոլոր դռներին. 20 եւ կասես նրանց. “Լսեցէ՛ք Տիրոջ պատգամները, Յուդայի երկրի՛ թագաւորներ, համա՛յն Հրէաստան եւ դո՛ւք՝ Երուսաղէմի բոլո՛ր բնակիչներ, որ մտնում էք այդ դռներով: 21 Այսպէս է ասում Տէրը. զգո՛յշ եղէք ձեր հոգիների համար. բեռներ մի՛ բարձէք շաբաթ օրը, Երուսաղէմի դռներով դուրս մի՛ ելէք, 22 շաբաթ օրը ձեր տներից բեռներ մի՛ հանէք, ոչ մի գործ մի՛ արէք եւ շաբաթ օրը սո՛ւրբ պահեցէք, ինչպէս պատուիրեցի ձեր հայրերին: 23 Բայց նրանք չլսեցին, չխոնարհեցրին իրենց ականջները եւ աւելի խստապարանոց դարձան, քան իրենց հայրերը, որպէսզի չլսեն ինձ եւ խրատ չընդունեն: 24 Եւ եթէ լինի այնպէս,– ասում է Տէրը,– որ լաւ լսէք ինձ, շաբաթ օրը բեռ չբերէք այդ քաղաքի դռներով, շաբաթ օրը սուրբ պահէք, այդ օրը ոչ մի գործ չանէք, 25 ապա այդ քաղաքի դռներով ներս պիտի մտնեն թագաւորներ ու իշխաններ, որպէսզի նստեն Դաւթի աթոռին. պիտի բարձրանան իրենց կառքերն ու հեծնեն իրենց երիվարները նրանք ու նրանց իշխանները, Յուդայի երկրի մարդիկ եւ Երուսաղէմի բնակիչները. եւ այդ քաղաքը յաւիտեան բնակուած պիտի լինի: 26 Ու ամէն կողմից Յուդայի երկրի քաղաքներից պիտի գան Երուսաղէմ, պիտի գան նաեւ Բենիամինի երկրից, դաշտերից, լեռնավայրերից եւ հարաւի կողմերից՝ բերելով ողջակէզներ, խունկ, ընծայ ու կնդրուկ, եւ օրհնութիւն պիտի մատուցեն Տիրոջ տան մէջ: 27 Իսկ եթէ ինձ չլսէք, շաբաթ օրը սուրբ չպահէք, շաբաթ օրը բեռներ բարձէք եւ մտնէք Երուսաղէմի դռներով, ապա կրակ կվառեմ նրա դռներին, որն ամէն կողմից կլափի Երուսաղէմն ու չի հանգի”»:
181 Երեմիային ուղղելով իր խօսքը՝ Տէրն ասաց. 2 «Գնա իջի՛ր բրուտի տունը եւ այնտեղ կլսես իմ խօսքերը»: 3 Ես իջայ բրուտի տունը, եւ ահա նա գործ էր անում քարերի վրայ: 4 Ու մի աման, որը նա պատրաստում էր կաւից, ընկաւ նրա ձեռքից, բայց նա դարձեալ այն վերածեց մի ուրիշ ամանի, ինչպէս որ իր աչքին հաճելի թուաց անել: 5 Եւ Տէրը, խօսքն ինձ ուղղելով, ասաց. 6 «Մի՞թէ այդ բրուտի պէս չեմ կարող անել քեզ, ո՛վ Իսրայէլի տուն: Ահաւասիկ,– ասում է Տէրը,– ինչպէս այդ կաւն է բրուտի ձեռքին, այդպէս էլ դու ես իմ ձեռքին, ո՛վ Իսրայէլի տուն: 7 Եթէ վճիռ կարդամ մի ազգի կամ թագաւորութեան վախճանի մասին նրանց վերացնելու, քանդելու եւ կործանելու համար, 8 եւ եթէ այն ազգը դարձի գայ իր չարութիւններից, որոնց մասին խօսեցի, ես եւս կզղջամ այն չարիքների համար, որ մտածեցի անել նրանց նկատմամբ: 9 Իսկ եթէ վճիռ կարդամ մի ազգի կամ թագաւորութեան մասին նրան շէնացնելու եւ կանգուն պահելու համար, 10 բայց նրանք չարութիւն անեն իմ առաջ՝ ականջ չդնելով իմ ձայնին, ես եւս կզղջամ այն բարիքների համար, որ ասացի, թէ կանեմ նրանց: 11 Արդ, խօսի՛ր Յուդայի երկրի տղամարդկանց եւ Երուսաղէմի բնակիչների հետ. կասես նրանց. այսպէս է ասում Տէրը. “Ահաւասիկ ձեր դէմ ես չարիքներ կնիւթեմ, ձեր մասին չար խորհուրդներ կխորհեմ. ամէն ոք թող դառնայ իր չար ընթացքից. ուղղեցէ՛ք ձեր ընթացքն ու ձեր ճանապարհները”»: 12 Բայց նրանք ասում են. «Մենք պիտի քաջ լինենք, պիտի հետեւենք մեր ապստամբութիւններին, եւ իւրաքանչիւր ոք իր չար սրտի հաճոյքները պիտի կատարի»: 13 Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում. «Այժմ հարցո՛ւմ արէք ազգերի մէջ. ո՞վ է լսել այնպիսի զարհուրելի բան, որ իրօք կատարեց Իսրայէլի կոյսը: 14 Մի՞թէ կցամաքի ջուրը ժայռի ստինքներից, կամ ձիւնը՝ Լիբանանից, կամ թէ հողմի սաստկութիւնից ջրերը բռնութեամբ յե՞տ կշրջուեն: 15 Մոռացաւ ինձ ժողովուրդն իմ. զուր տեղը խունկ ծխեցին: Իրենց վաղեմի ճանապարհներից դուրս գալով՝ նրանք պիտի տկարանան՝ մտնելով այն շաւիղները, որոնցից ելք չկայ. 16 իրենց երկիրը պիտի ենթարկուի յաւիտենական ապականութեան ու սուլոցի: Ամէնքն էլ, որ անցնելու են նրա միջով, պիտի զարմանան եւ շարժեն իրենց գլուխները: 17 Ինչպէս տապախառն հողմ՝ ես նրանց ցրիւ եմ տալու իրենց թշնամիների առաջ, ծոծրակս եւ ոչ թէ երեսս պիտի ցոյց տամ նրանց իրենց կորստեան օրը»: 18 Իսկ նրանք ասացին. «Եկէք մի բան մտածենք Երեմիայի դէմ, քանզի օրէնքը չի կորչի քահանայից, խորհուրդը՝ իմաստուններից, եւ խօսքը՝ մարգարէից: Եկէք նրան լեզուով ջախջախենք եւ նրա բոլոր խօսքերին ականջ չդնենք»: 19 Լսի՛ր ինձ, Տէ՛ր, անսա՛ իմ արդար ձայնին. 20 արդեօք կարելի՞ է բարու փոխարէն չար հատուցել. նրանք միասին իմ անձի դէմ չար բաներ խորհեցին՝ ծածուկ պահելով իրենց մտատանջութիւնները: Յիշի՛ր, թէ ինչպէս ես քո առաջ կանգնեցի, նրանց համար բարեխօսութիւն արեցի քո բարկութիւնը նրանցից դարձնելու համար: 21 Դրա համար էլ նրանց որդիներին սովի՛ մատնիր, հաւաքի՛ր ու սրի ձե՛ռքը տուր նրանց. թող նրանց կանայք որդեզուրկ այրիներ դառնան, նրանց տղամարդիկ մահուամբ կոտորուեն, իսկ նրանց երիտասարդները սրով ընկնեն պատերազմի մէջ: 22 Նրանց տներում թող գոյժ լսուի, երբ նրանց վրայ յանկարծակի աւազակներ բերես, որովհետեւ նրանք մտադրուեցին բռնել ինձ եւ իմ դէմ գաղտնի որոգայթներ լարեցին: 23 Ո՛վ Տէր, դու, որ իմացար ինձ մահ բերելու մասին նրանց բոլոր դիտաւորութիւնները, քաւութիւն չտաս նրանց անիրաւութիւններին, քո աչքի առաջ նրանց մեղքերը չջնջես, թող նրանք հիւանդութեամբ տառապեն քո առաջ, նրանց հետ վարուի՛ր ինչպէս քո բարկութեան ժամին:
191 Այն ժամանակ Տէրն ինձ ասաց. «Գնա, քեզ համար ձե՛ռք բեր կաւից շինուած մի կուժ, ժողովրդի աւագներից եւ քահանաների աւագներից մարդի՛կ վերցրու քեզ հետ, 2 բարձրացի՛ր նրանց որդիների գերեզմանոցը, որը գտնւում է Քարսիդի դռների մուտքի առաջ, եւ յայտնի՛ր այնտեղ այն բոլոր բաները, որ պիտի խօսեմ քեզ հետ: 3 Կասես նրանց. “Ո՛վ Յուդայի երկրի թագաւորներ, Հրէաստանի մարդիկ եւ Իսրայէլի բնակիչներ, լսեցէ՛ք Տիրոջ պատգամը: Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. ահաւասիկ այդ վայրի վրայ ես այնպիսի չարիքներ եմ բերելու, որ ով լսի, ականջները դժժան, 4 որովհետեւ նրանք լքեցին ինձ, այս վայրն ինձ համար օտար դարձրին, այստեղ խունկ ծխեցին օտար աստուածներին, որոնց իրենք եւ իրենց հայրերը չէին ճանաչում: Յուդայի երկրի թագաւորներն այս վայրը լցրին անմեղների արեամբ: 5 Բահաղին բագիններ կանգնեցրին, որպէսզի իրենց որդիներին, որպէս Բահաղի ողջակէզների, հրով այրեն, մի բան, որ ես չեմ պատուիրել եւ չեմ ասել, ոչ էլ անցել է իմ մտքով: 6 Դրա համար էլ ահա օրեր են գալու,– ասում է Տէրը,– երբ այդ վայրն այլեւս չի կոչուելու Գլորման վայր կամ Ենոմացիների գերեզման, այլ՝ Կոտորածի ձոր: 7 Այդտե՛ղ պիտի խափանեմ Յուդայի երկրի խորհուրդը եւ խորհուրդը Երուսաղէմի. սրով, ինչպէս եւ նրանց հոգիները փնտրողների ձեռքով նրանց դիտապաստ պիտի գցեմ իրենց թշնամիների առաջ: Նրանց դիակներն իբրեւ կերակուր պիտի տամ երկնքի թռչուններին ու երկրի գազաններին: 8 Այդ քաղաքն էլ պիտի մատնեմ ապականութեան ու ենթարկեմ սուլոցի. ամէն ոք, ով անցնի նրա միջով, պիտի տրտմի եւ սուլի նրա կրած բոլոր հարուածների համար: 9 Նեղութեան ու պաշարման մէջ նրանք ուտելու են իրենց որդիների մարմինները եւ մարմինները դուստրերի, իւրաքանչիւրը՝ իր ընկերոջ մարմինը: Նրանց պաշարելու են իրենց թշնամիները, որոնք ցանկանում էին տիրել նրանց հոգիներին”: 10 Կփշրես կուժն այն մարդկանց առաջ, որ բարձրանալու են քեզ հետ, 11 ու կասես նրանց. “Այսպէս է ասում ինձ Զօրութիւնների Տէրը. նոյն կերպ էլ պիտի խորտակեմ այդ ժողովրդին ու այդ քաղաքը, ինչպէս որ փշրւում է խեցեղէն ամանը, որն այլեւս չի կարող վերականգնուել: Եւ թող նրանք թաղուեն Տափեթում թաղելու տեղ չլինելու պատճառով: 12 Այդպէս պիտի վարուեմ այդ վայրի հետ,– ասում է Տէրը,– նաեւ բնակչութեան հետ, որ դրա մէջ է՝ այդ քաղաքը մատնելով կործանման: 13 Ու թող Երուսաղէմի տներն ու Յուդայի երկրի թագաւորների տները դառնան սպանութեան վայր այն պղծութիւնների պատճառով, որ կատարեցին բոլոր տներում, որտեղ նրանց տանիքների վրայ խունկ էին ծխում երկնքի բոլոր զօրութիւններին եւ նուէրներ ընծայաբերում օտար աստուածներին”»: 14 Երեմիան եկաւ Տափեթից, այն է՝ Գլորման վայրից, ուր ուղարկել էր նրան Տէրը՝ մարգարէանալու այնտեղ: Նա կանգնեց Տիրոջ տան սրահում եւ ասաց ամբողջ ժողովրդին. 15 «Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. “Ահաւասիկ այս քաղաքի վրայ բերելու եմ ամենայն չարիք, ինչպէս ասացի նրա մասին, նաեւ՝ սրա միւս բոլոր քաղաքների ու աւանների վրայ, քանզի նրանք խստապարանոց դարձան, որպէսզի չլսեն իմ խօսքերը”»:
201 Եմմերի որդին՝ Պասքոր քահանան, որ Տիրոջ տան հրամանատարն էր եւ իշխանը, լսեց այդ խօսքերը Երեմիայից, երբ սա մարգարէանում էր: 2 Պասքորը հարուածեց Երեմիա մարգարէին եւ արգելափակեց նրան բանտում, Բենիամինի դարպասի մօտ, Տիրոջ տան վերնայարկում: 3 Իսկ երբ յաջորդ օրը Պասքորը Երեմիային հանեց բանտից, Երեմիան նրան ասաց. «Տէրը քո անունը կոչեց ոչ թէ Պասքոր, այլ՝ Թափառական գերի: 4 Արդարեւ, այսպէս է ասու Տէրը. “Ահաւասիկ քեզ քո բոլոր բարեկամներով հանդերձ պիտի մատնեմ գերութեան. նրանք պիտի ընկնեն իրենց թշնամիների սրով, եւ քո աչքերը պիտի տեսնեն դա: Քեզ եւ Յուդայի այդ ամբողջ տունը պիտի տամ բաբելացիների թագաւորի ձեռքը. թող գերի՛ տանեն նրանց Բաբելոն, թող կոտորե նրանց սրով: 5 Այս քաղաքի ամբողջ հարստութիւնը, նրա բոլոր վաստակները, նրա ողջ թանկարժէք անօթներն ու Յուդայի երկրի թագաւորի բոլոր գանձերը պիտի տամ իրենց թշնամիների ձեռքը, նրանք պիտի յափշտակեն, առնեն դրանք ու տանեն Բաբելոն: 6 Իսկ դու, Պասքո՛ր, դու եւ քո տան բոլոր բնակիչները պիտի գերի գնաք Բաբելոն, պիտի գնաք եւ այնտեղ մեռնէք ու այնտեղ էլ թաղուէք, դու եւ քո բոլոր բարեկամները, որոնց համար դու սուտ մարգարէութիւն արեցիր”»: 7 Տէ՛ր, խաբեցիր ինձ, ու ես խաբուեցի. յաղթեցիր ու զօրացար: Ծաղր ու ծանակի առարկայ դարձայ, օրս մթնեցրի ծաղրի մէջ, 8 որովհետեւ իմ դառը խօսքերով այպ ու արհամարհանք վաստակեցի: Իմ թշուառութեան պատճառով ես բողոք եմ բարձրացնելու, քանզի Տիրոջ խօսքն ինձ բերեց նախատինք եւ հանապազօրեայ ծաղրուծանակ: 9 Ես ասացի. «Չեմ տայ Տիրոջ անունը, այլեւս չեմ խօսի նրա անունից»: Սակայն իմ սրտում կարծես կրակ վառուեց, բորբոքուեց ոսկորներիս մէջ, ու ես ամէն կողմից լքուած մնացի, չկարողացայ հանդարտուել: 10 Լսեցի շատերի պարսաւանքը, որոնք հաւաքուել խռնուել էին իմ շուրջը, թէ՝ «Ո՛վ դուք բոլորդ, որ դրա բարեկամներն էք, եկէք յարձակուենք դրա վրայ, մի հնարք հնարենք դրա դէմ, գուցէ խաբուի, եւ մենք յաղթենք ու մեր վրէժը լուծենք դրանից»: 11 Բայց Տէրն ինձ հետ էր որպէս պատերազմող եւ ուժ էր տալիս: Դրա համար էլ նրանք հալածեցին ինձ, բայց ոչ մի հնարք չկարողացան գտնել, խիստ ամօթով մնացին, որովհետեւ անմիտ վարուեցին: Նրանց անարգանքը թող յաւիտեանս չմոռացուի: 12 Ո՛վ Զօրութիւնների Տէր, որ արդար ես կշռում, քննում ես սրտերն ու երիկամները, այնպէս արա, որ տեսնեմ քո վրէժխնդրութիւնը նրանցից. չէ՞ որ իմ աղերսանքը ես քեզ յայտնեցի: 13 Օրհնեցէ՛ք Տիրոջը, գովեցէ՛ք նրան, քանզի նա տնանկի հոգին փրկեց չարագործների ձեռքից: 14 Անիծեալ լինի այն օրը, երբ ես ծնուեցի. թող ուխտի օր չլինի այն օրը, երբ իմ մայրը ծնեց ինձ: 15 Անիծեալ լինի այն մարդը, որն աւետիս տուեց իմ հօրը եւ ասաց, թէ՝ «Քեզ արու մանուկ ծնուեց», եւ ցնծութեամբ ուրախացրեց նրան: 16 Թող այդ մարդը դառնայ այն քաղաքների պէս, որոնք Տէրը բարկութեամբ կործանեց եւ չզղջաց. թող նա առաւօտները բօթ լսի, իսկ միջօրէի ժամին՝ աղաղակ, 17 որովհետեւ Տէրը հէնց արգանդի մէջ չսպանեց ինձ, որպէսզի մայրն իմ ինձ համար դառնար գերեզման ու արգանդ յաւիտենական յղութեան: 18 Ինչո՞ւ այսպէս պատահեց, որ ես դուրս ելայ արգանդից՝ տեսնելու վշտեր ու տառապանքներ, եւ իմ օրերն ամօթալի վախճան ունեցան:
211 Սա է Տիրոջ խօսքը, ուղղուած Երեմիային, երբ Սեդեկիան վերջինիս մօտ ուղարկեց Մելքիայի որդի Պասքորին եւ Մասիայի որդի Սոփոնիա քահանային՝ յայտնելով. 2 «Մեր մասին հարցրո՛ւ Տիրոջը, որովհետեւ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան յարձակուեց մեզ վրայ. գուցէ Տէրն ըստ իր բոլոր հրաշքների մի բան անի մեզ համար եւ վանի նրան մեզնից»: 3 Իսկ Երեմիան նրանց ասաց. «Այսպէ՛ս ասացէք Սեդեկիային. 4 “Այսպէս է ասում Տէր Աստուածն Իսրայէլի. ահաւասիկ ես շուռ եմ տալու ձեր պատերազմական զէնքերը, որ բռնել էք ձեռքներիդ եւ նրանցով կռւում էք բաբելացիների արքայի ու քաղդէացիների դէմ, որոնք պարսպի դրսից պաշարել են ձեզ: Այդ զէնքերը հաւաքելու եմ քաղաքի մէջ: 5 Ես էլ պիտի պատերազմեմ ձեր դէմ՝ ձեռքս երկարած, բազուկս բարձրացրած, սրտմտութեամբ, բարկութեամբ ու մեծ ցասմամբ: 6 Այդ քաղաքի բնակիչներին՝ մարդ թէ անասուն, պիտի կոտորեմ սոսկալի մահով, ու նրանք պիտի մեռնեն: 7 Իսկ դրանից յետոյ,– ասում է Տէրը,– Յուդայի երկրի արքայ Սեդեկիային, իր ծառաներին ու ժողովրդին, որ այդ քաղաքի մէջ փրկուած կլինեն մահից, սրից ու սովից, պիտի մատնեմ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը, իրենց թշնամիների ձեռքը, այն մարդկանց ձեռքը, ովքեր հետամուտ էին սպանելու նրանց. նրանք սրի սայրով պիտի կոտորեն դրանց: Ես չեմ խնայելու դրանց, չեմ ողորմելու դրանց եւ չեմ գթալու դրանց”: 8 Ու ժողովրդին կյայտնես. “Այսպէս է ասում Տէրը. ահաւասիկ ես ձեր դիմաց դրել եմ կեանքի ճանապարհը եւ մահուան ճանապարհը: 9 Ով որ նստի այդ քաղաքում, սրով, սովով ու մահով պիտի մեռնի, իսկ նա, ով ելնի ու կանգնի քաղդէացիների առաջ, որոնք պաշարել են ձեզ, պիտի ապրի. նրա հոգին իրեն պարգեւ պիտի լինի, եւ նա ողջ պիտի մնայ: 10 Երեսս դէպի այդ քաղաքը դարձրի չարութիւն անելու համար եւ ոչ թէ բարութիւն,– ասում է Տէրը.– այդ քաղաքը պիտի մատնուի բաբելացիների թագաւորի ձեռքը, որը հրով պիտի այրի դա”»: 11 Ո՛վ Յուդայի երկրի թագաւորի տուն եւ Դաւթի տուն, լսեցէ՛ք Տիրոջ պատգամը: 12 Այսպէս է ասում Տէրը. «Առաւօտից սկսած արդա՛ր դատաստան արէք, իրաւապա՛հ եղէք, զրկուածին փրկեցէ՛ք նրան զրկողի ձեռքից, որպէսզի իմ բարկութիւնը չբորբոքուի որպէս կրակ. թէ չէ այն կվառուի, եւ ձեր անիրաւ ընթացքի պատճառով ոչ ոք չի լինի, որ հանգցնի: 13 Ահա ես կանգնած եմ քո դէմ, ո՛վ դու, որ բնակւում ես Տիւրոսի ծործորներում ու դաշտերում,– ասում է Տէրը.– դուք էիք, որ ասում էիք. “Ո՞վ կզարհուրեցնի մեզ, կամ ո՞վ կմտնի մեր բնակատեղին”: 14 Ըստ ձեր չար ընթացքի՝ ես կպատժեմ ձեզ,– ասում է Տէրը,– կրակ կվառեմ ձեր անտառներում, եւ նա ամէն ինչ կլափի իր շուրջը»:
221 Այսպէս է ասում Տէրը. «Գնա իջի՛ր Յուդայի երկրի թագաւորի տունը եւ այս խօսքը յայտնի՛ր այնտեղ՝ ասելով. 2 “Լսի՛ր Տիրոջ պատգամները, ո՛վ թագաւորդ Յուդայի երկրի, որ բազմում ես Դաւթի աթոռին, դո՛ւ, նաեւ քո ծառաներն ու քո ժողովուրդը, որոնք ներս են մտնում այս դռներով”»: 3 Այսպէս է ասում Տէրը. «Իրաւունք ու արդարութի՛ւն արէք, կողոպտուածին փրկեցէ՛ք իրեն զրկողի ձեռքից, պանդուխտին, որբին ու այրուն մի՛ բռնադատէք եւ ամբարիշտ մի՛ եղէք, այդտեղ անմեղ արիւն մի՛ թափէք: 4 Եթէ այս բանը կատարէք, ապա այդ տան դռներով ներս կմտնեն թագաւորներ, որոնք կբազմեն Դաւթի աթոռին եւ կնստեն կառքեր ու կհեծնեն երիվարներ, թէ՛ իրենք եւ թէ՛ իրենց ծառաներն ու իրենց ժողովուրդը: 5 Իսկ եթէ չկատարէք այս բաները, ապա ինքս ինձ երդւում եմ,– ասում է Տէրը,– որ աւերակ պիտի դառնայ այդ տունը»: 6 Ահա այսպէս է ասում Տէրը Յուդայի երկրի թագաւորի քո տան մասին. «Գաղաա՛դ, դու ես ինձ համար Լիբանանի բարձունքը, բայց քեզ աւերակի ու անբնակ քաղաքների պիտի վերածեմ: 7 Քո դէմ կհանեմ աւերողներ՝ իւրաքանչիւրին իր տապարով, որոնք կկոտորեն քո ընտիր-ընտիր մայրիները եւ կնետեն կրակի մէջ: 8 Բազում ազգեր կանցնեն այդ քաղաքի միջով, եւ իւրաքանչիւրն իր ընկերոջը կասի. “Այդ մեծ քաղաքի հետ Տէրն ինչո՞ւ այդպէս վարուեց”: 9 Ու կպատասխանեն. “Որովհետեւ թողեցին իրենց Աստծոյ ուխտը, երկրպագեցին օտար աստուածներին ու ծառայեցին նրանց”»: 10 Լաց մի՛ եղէք մեռածի վրայ, մի՛ ողբացէք նրան, այլ լացելով լացէք նրա՛ վրայ, ով կհեռանայ եւ այլեւս չի դառնայ ու չի տեսնի իր ժողովրդի երկիրը: 11 Այսպէս է ասում Տէրը Յոսիայի որդի Յովակիմի մասին, որը թագաւորեց՝ յաջորդելով իր հայր Յոսիային եւ որը այդտեղից դուրս էր եկել. «Նա այլեւս չի վերադառնայ, 12 կմեռնի այնտեղ, որտեղ գերեցին նրան, այլեւս այս երկիրը չի տեսնի»: 13 Վա՜յ նրան, ով կկառուցի իր տունը, բայց՝ ոչ արդարութեամբ, եւ՝ իր վերնայարկերը, բայց՝ անիրաւ կերպով: Նրա մերձաւորը նրա համար ձրի գործ կանի, բայց նրա վարձը նա չի հատուցի նրան: 14 Քեզ համար յարմարաւէտ տուն շինեցիր՝ կառուցելով լուսամուտներով հովասուն վերնատուն, պատելով մայրի փայտի տախտակներով եւ ծեփելով ձիւթով: 15 Եթէ դու մայրի փայտից կերտուած քո հօր այս տան մէջ զայրացար, ի՛նչ է, կարծում ես թագաւորելո՞ւ ես: Թող ո՛չ ուտեն եւ ո՛չ խմեն, որովհետեւ իրաւունքը, արդարութիւնն ու բարութիւնը չճանաչեցին, 16 տնանկի իրաւունքը չպահեցին եւ աղքատին չարդարացրին: «Իսկ դա հէնց ինձ չճանաչել չի՞ նշանակում»,– ասում է Տէրը: 17 Ահաւասիկ քո աչքերը եւ քո սիրտը հակուած են ոչ թէ դէպի բարութիւն, այլ՝ դէպի ագահութիւն, դէպի անպարտ արիւնահեղութիւն, դէպի անիրաւութիւն ու սպանութիւն: 18 Դրա համար էլ Տէրը Յուդայի երկրի թագաւոր Յոսիայի որդի Յովակիմի մասին այսպէս է ասում. «Թող այդ մարդու վրայ չողբան եւ չասեն՝ վա՜յ, վա՜յ եղբայր, թող չկոծեն ու չասեն՝ վա՜յ, վա՜յ տէր, վա՜յ, վա՜յ սիրելի: 19 Թող նա էշի թաղումով թաղուի, թող նեխուի ու գցուի Երուսաղէմի դարպասից այն կողմ»: 20 Ե՛լ դէպի Լիբանան ու գուժի՛ր, ձայնդ արձակի՛ր դէպի Բասան, աղաղա՛կ բարձրացրու ծովի այն կողմը, որովհետեւ քո բոլոր հոմանիները միասին խորտակուեցին: 21 Խօսեցի քեզ հետ, երբ դու սխալուեցիր եւ ասացիր, թէ՝ քեզ չեմ լսի: Քո մանկութիւնից սկսած դա է եղել քո ճանապարհը, քանզի ականջ չդրեցիր իմ ձայնին: 22 Քո բոլոր հովիւներին քամիները պիտի քշեն, ու քո բոլոր հոմանիները գերութեան պիտի գնան, որպէսզի այն ժամանակ ամաչես եւ անարգուես քո բոլոր սիրելիներից: 23 Ո՛վ դու, որ Լիբանանում ես բնակւում եւ ամրացել ես մայրիների մէջ, պիտի հեծեծես, երբ քեզ հասնեն ցաւերն ու երկունքը, ինչպէս ծննդկան կնոջը: 24 «Կենդանի եմ ես,– ասում է Տէրը:– Եթէ դու, Յուդայի երկրի արքայ Յովակիմի որդի Յեքոնիա՛, իմ աջ ձեռքին կնիք էլ դառնալու լինես, այդտեղից էլ կկորզեմ քեզ, 25 կմատնեմ քեզ քո անձը փնտրողների ձեռքը, նրա՛նց ձեռքը, որոնց երեսից զարհուրում էիր, բաբելացիների արքայ Նաբուքոդոնոսորի ձեռքը եւ քաղդէացիների ձեռքը. 26 քեզ ու քո մօրը կնետեմ օտար երկիր, ուր դու չես եղել, եւ դուք կմեռնէք այնտեղ: 27 Նրանք չեն վերադառնայ այն երկիրը, ուր իրենք հոգով ուխտած կլինեն վերադառնալ, 28 քանզի ինքն ու իր զաւակը ընկան օտար երկիր, արհամարհուած բերանը տարագիր դարձաւ, շպրտուելով անարգուեց Յեքոնիա ասուած մարդը ինչպէս անպէտք աման, շպրտուեց մի երկիր, որը չէր ճանաչում»: 29 Երկի՛ր, երկի՛ր, ո՛վ երկիր, լսի՛ր Տիրոջ պատգամները: 30 Այսպէս է ասում Տէրը. «Այդ մարդուն համարիր տարագիր այր, թող նա իր տարիներին սերունդ չտայ, թող նրա զաւակից տղամարդ չաճի, որ նստի Դաւթի աթոռին իբրեւ Յուդայի երկրի տան իշխան»:
231 «Վա՜յ հովիւներին, որ կորցրին ու ցրեցին քո արօտի ոչխարներին»,– ասում է Տէրը: 2 Ահա թէ ինչու Իսրայէլի Տէր Աստուածն այսպէս է ասում այդ հովիւների մասին, որ հովւում են իմ ժողովրդին. «Դուք ցրեցիք իմ ոչխարներին, հեռացրիք նրանց, չխնամեցիք նրանց: Այժմ ահա ես վրէժ եմ լուծելու ձեզնից՝ ըստ ձեր չար ընթացքի,– ասում է Տէրը:– 3 Ես կընդունեմ իմ ժողովրդի բոլոր մնացորդներին ամէն մի երկրից, ուր նրանց վտարել եմ, եւ նրանց կհաստատեմ իրենց արօտներում. 4 թող աճեն ու բազմանան: Հովիւներ կկարգեմ, որ հովուեն նրանց, եւ նրանք այլեւս չեն վախենայ, չեն զարհուրի, արհամարհուած չեն լինի,– ասում է Տէրը:– 5 Ահա օրեր են գալու,– ասում է Տէրը,– ու ես Դաւթի համար ծնունդ եմ տալու մի արդար Շառաւիղի, որ թագաւորելու է որպէս արքայ. նա խելամիտ է լինելու, իրաւունք ու արդարութիւն է պաշտպանելու երկրի վրայ: 6 Նրա ժամանակ փրկուելու է Յուդայի երկիրը, Իսրայէլը յոյսով է ապրելու: Եւ նրա անունը, որով կոչելու է նրան Տէրը, այս է՝ Յոսեդեկ, այսինքն՝ մարգարէների մէջ մեր արդարութիւնը: 7 Ահա թէ ինչու օրեր են գալու,– ասում է Տէրը,– երբ այլեւս չեն ասի, թէ՝ “Կենդանի է Տէրը, որն Իսրայէլի ժողովրդին դուրս հանեց Եգիպտացիների երկրից”, 8 այլ թէ՝ “Կենդանի է Տէրը, որն Իսրայէլի բոլոր զաւակներին դուրս հանեց հիւսիսի երկրից եւ այն բոլոր երկրներից, ուր նրանց վտարել էր, եւ վերստին պատսպարեց նրանց իրենց երկրում”»: 9 Մարգարէների համար սիրտս մէջս կտոր-կտոր եղաւ, ցնցուեցին բոլոր ոսկորներս. ես դարձել եմ մի խեղուած մարդ, մի մարդ, որ գլուխը կորցրել է գինուց Աստծոյ եւ նրա մեծավայելուչ փառքի պատճառով, 10 քանզի երկիրը լցուել է շնացողներով, նզովքից երկիրը սուգ է բռնել, անապատի արօտավայրերը չորացել են. չար է նրանց ընթացքը, նրանց ուժն էլ այն չէ, ինչ պէտք է լինի: 11 «Արդարեւ, մարգարէ ու քահանայ պիղծ են դարձել. իմ տան մէջ անգամ ես տեսայ նրանց չարութիւնները,– ասում է Տէրը:– 12 Ահա թէ ինչու նրանց ճանապարհը իրենց համար սայթաքուն պիտի դառնայ. խաւարի մէջ պիտի գայթեն ու կործանուեն, որովհետեւ այն տարին, երբ պատժելու լինեմ, չարիք պիտի բերեմ նրանց վրայ,– ասում է Տէրը:– 13 Նաեւ Շամրինի մարգարէների մէջ տեսայ անօրինութիւն, քանզի Բահաղի անունից մարգարէացան եւ մոլորեցրին իմ ժողովրդին՝ Իսրայէլի երկիրը: 14 Երուսաղէմի մարգարէների մէջ աւելի զարհուրելի բաներ տեսայ, քանզի նրանք շնանում ու գնում էին սուտ աստուածների յետեւից եւ զօրավիգ դառնում չար ձեռքերին, որպէսզի ոչ մէկը յետ չդառնայ իր չար ճանապարհից: Ամէնքն ինձ համար Սոդոմ եղան, իսկ նրա բնակիչները՝ Գոմոր»: 15 Դրա համար էլ Զօրութիւնների Տէրն այսպէս է ասում մարգարէների մասին. «Ահաւասիկ ես դրանց ցաւեր եմ տալու իբրեւ կերակուր, դրանց խմեցնելու եմ լեղի ջուր, որովհետեւ պղծութիւնն արար աշխարհում տարածուեց Երուսաղէմի մարգարէներից»: 16 Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Մի՛ լսէք այն մարգարէների խօսքերը, որ ձեզ համար մարգարէութիւն են անում. դրանք փուչ բաներ են ասում ձեզ, իրենց սրտի ցնորքներից են խօսում եւ ոչ թէ Տիրոջ բերանից: 17 Տիրոջ խօսքի դէմ ըմբոստացածներին նրանք ասում են. “Խաղաղութի՜ւն լինի ձեզ”. բոլոր նրանց, ովքեր ընթանում են ըստ իրենց կամակորութեան, կամ իւրաքանչիւրին, ով ընթանում է ըստ իր սրտի մոլորութեան, ասում են. “Քո գլխին չարիք չի գալու”: 18 Իսկ ո՞վ հաւատարիմ մնաց Տիրոջ խորհրդին եւ անսաց ու հետեւեց նրա խօսքին: Ո՞վ լսեց ու ականջ դրեց իմ խօսքին»: 19 Ահա մի դղրդոց, որ գալիս է Տիրոջից, նրա բարկութիւնը մրրկաշարժ պիտի բարձրանայ ամբարիշտների վրայ, 20 պիտի գայ Տիրոջ ցասումը եւ չնահանջի, մինչեւ որ նա ի կատար ածի եւ հաստատի իր սրտի փափագը. եւ դա պիտի իմանան ու գիտակցեն վերջին ժամանակներում: 21 «Ե՛ս չուղարկեցի այդ մարգարէներին, սակայն նրանք գնում էին, չխօսեցի նրանց հետ, սակայն նրանք մարգարէութիւն էին անում: 22 Եթէ իմ խորհրդին հաւատարիմ մնային, ապա իմ խօսքերը լսելի կդարձնէին իմ ժողովրդին, յետ կպահէին նրան իր չար ճանապարհներից, իր չար վարքից: 23 Ես մերձաւոր Աստուած եմ եւ ոչ թէ հեռաւոր Աստուած,– ասում է Տէրը:– 24 Եթէ մարդը թաքնուի թաքստոցում, մի՞թէ ես նրան չեմ տեսնի,– ասում է Տէրը:– Մի՞թէ երկինքն ու երկիրը ես չեմ լցնում,– ասում է Տէրը:– 25 Ես լսեցի, թէ ինչ են խօսում մարգարէները, որոնք սուտ մարգարէութիւններ էին անում իմ անունով եւ ասում. “Ես մի երազ, մի տեսիլք տեսայ”: 26 Մինչեւ ե՞րբ պէտք է ստութիւնը տեղ գտնի այդ մարգարէների սրտում, որոնք մարգարէանում են. նրանք իրենց սրտի ցանկութիւնն են մարգարէանում, 27 մտածում են իրենց երազների միջոցով, որ նրանցից ամէն մէկը պատմում է իր ընկերոջը, մոռացութեան տալ իմ ժողովրդին իմ օրէնքները, ինչպէս նրանց հայրերը Բահաղի միջոցով մոռացութեան տուեցին իմ անունը: 28 Այն մարգարէն, որը երազ ունի, թող պատմի իր երազը, իսկ ով որ իմ խօսքն ունի, թող յայտնի իմ խօսքը ճշմարտութեամբ: Ցորենի մօտ ի՞նչ է յարդը,– ասում է Տէրը:– 29 Իմ խօսքերն արդեօք կրակի նման չե՞ն կամ մուրճի, որ քար է կտրում: 30 Ահա դրա համար էլ ես դէմ եմ այդ մարգարէներին,– ասում է Տէրը,– նրանցից ամէն մէկն իմ խօսքերն է գողանում: 31 Ահա ես դէմ եմ այդ մարգարէներին,– ասում է Տէրը,– որոնք իրենց լեզուից վանում են իմ մարգարէութիւնը եւ ննջելով քնում են: 32 Ահա ես դէմ եմ այդ մարգարէներին, որոնք մարգարէանում են սուտ երազներ,– ասում է Տէրը,– պատմում են դրանց մասին եւ իրենց ստութեամբ ու իրենց խաբէութեամբ մոլորեցնում իմ ժողովրդին. բայց ես նրանց չեմ ուղարկել, պատուէր չեմ տուել նրանց, եւ նրանք որեւէ օգուտ չեն կարող տալ այդ ժողովրդին,– ասում է Տէրը:– 33 Եւ եթէ այդ ժողովուրդը կամ որեւէ մարգարէ եւ կամ քահանայ քեզ հարց տայ ու ասի, թէ՝ “Ի՞նչ պատգամ է դա Տիրոջ կողմից”, ապա կասես նրանց. “Պատգամը ձեզ է վերաբերում, եւ ես կործանելու եմ ձեզ”,– ասում է Տէրը:– 34 Մարգարէ լինի, քահանայ թէ ժողովուրդ, ով որ ասի “Տիրոջ պատգամը”, այդ մարդուց եւ նրա ընտանիքից վրէժխնդիր եմ լինելու: 35 Հապա ինչո՞ւ ամէն ոք իր ընկերոջը կամ իր եղբօրը չի ասում նաեւ, թէ՝ “Ի՞նչ պատասխան տուեց Տէրը, ի՞նչ խօսեց Տէրը”: 36 Այլեւս մի՛ անուանէք Տիրոջ պատգամ, քանզի մարդու համար Տիրոջ պատգամ է դառնում իր իսկ խօսքը: Դուք աղաւաղել էք կենդանի Աստծոյ՝ Զօրութիւնների Տէր մեր Աստծոյ պատգամները: 37 Այսպէս ասացէք մարգարէին. “Ի՞նչ պատասխան տուեց քեզ Տէրը, ի՞նչ խօսեց Տէրը”: 38 Եթէ Տիրոջ պատգամ էք ասելու, ապա դրա համար Տէրն այսպէս է ասում. “Քանի որ ասացիք այդ խօսքը՝ Տիրոջ պատգամ, ես էլ ուղարկեցի ձեզ մօտ՝ պատուիրելու. "Մի՛ ասէք Տիրոջ պատգամ"”: 39 Ահա թէ ինչու ես ձեզ վերցնելու եմ իբրեւ աւար, իմ աչքի առաջ կործանելու եմ ե՛ւ ձեզ, ե՛ւ այդ քաղաքը, որ տուեցի ձեզ ու ձեր հայրերին: 40 Ձեզ վրայ յաւիտենական նախատինք եմ դնելու եւ յաւիտենական անարգանք, որ չեն մոռացուելու»:
241 Տէրն ինձ ցոյց տուեց թզով լի երկու կողով, որոնք դրուած էին Տիրոջ տաճարի առաջ այն բանից յետոյ, երբ բաբելացիների արքայ Նաբուքոդոնոսորը Երուսաղէմից գերեց Յուդայի երկրի արքայ Յովակիմի որդի Յեքոնիային, Յուդայի երկրի իշխաններին, արհեստաւորներին, դարբիններին ու մեծամեծներին եւ տարաւ նրանց Բաբելոն: 2 Կողովներից մէկը լցուած էր անչափ քաղցր թզով, ինչպիսին լինում է վաղահաս թուզը, իսկ երկրորդ կողովը՝ ժանտահամ թզով, որն իր դառնութեան պատճառով չի ուտւում: Տէրն ինձ ասաց. «Ի՞նչ ես տեսնում, Երեմիա՛»: 3 Ասացի. «Թուզ, քաղցր թուզ, շատ քաղցր թուզ, նաեւ՝ ժանտ թուզ, անչափ ժանտ, որ իր դառնութեան պատճառով չի ուտւում»: 4 Տէրը, խօսքն ուղղելով Երեմիային, ասաց. 5 «Այսպէս է ասում Տէր Աստուածն Իսրայէլի. ինչպէս այդ քաղցր թուզն է, այդպէս են ինձ համար Յուդայի երկրի գերեալները, որոնց այդտեղից ուղարկեցի Քաղդէացիների երկիրը բարիք անելու համար. 6 եւ իմ աչքը պիտի պահեմ նրանց վրայ բարութեան համար, նրանց պիտի պատսպարեմ այս երկրում. պիտի կառուցեմ նրանց եւ ոչ թէ քանդեմ, պիտի տնկեմ նրանց եւ ոչ թէ արմատախիլ անեմ: 7 Ես նրանց այնպիսի սիրտ եմ տալու, որ ճանաչեն ինձ, թէ ես եմ Տէրը. թող նրանք ինձ համար ժողովուրդ լինեն, իսկ ես նրանց համար կլինեմ Աստուած, որպէսզի նրանք իրենց ամբողջ սրտով ի՛նձ դառնան: 8 Իսկ ինչպէս որ այդ ժանտ թուզն է, որն իր դառնութեան պատճառով չի ուտւում, այդ վիճակին պիտի մատնեմ Յուդայի երկրի արքայ Սեդեկիային, նրա մեծամեծներին, Երուսաղէմում մնացածներին, այդ երկրում մնացածներին եւ Եգիպտոսում բնակուողներին: 9 Դրանց պիտի ցրեմ աշխարհի բոլոր թագաւորութիւնների մէջ՝ նախատինքի, անարգանքի, ատելութեան ու անէծքի արժանացնելով ամէնուրեք, ուր էլ որ վտարեմ դրանց: 10 Դրանց վրայ պիտի ուղարկեմ սուր, սով ու մահ, մինչեւ որ անհետանան այն երկրից, որը տուեցի իրենց եւ իրենց հայրերին»:
251 Այս է Երեմիային ուղղուած խօսքը Յուդայի երկրի ժողովրդի մասին՝ ասուած Յուդայի արքայ Յոսիայի որդի Յովակիմի չորրորդ տարում, որ համապատասխանում է բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի առաջին տարուն. 2 այն խօսքը, որ յայտնեց Երեմիա մարգարէն Յուդայի երկրի համայն ժողովրդին եւ Երուսաղէմի բնակիչներին՝ ասելով. 3 «Յուդայի երկրի արքայ Ամոնի որդի Յոսիայի տասներեքերորդ տարուց մինչեւ այսօր, այսինքն՝ քսաներեք տարի, Տէրը խօսեց ինձ հետ, ու ես վաղ առաւօտից իսկ խօսում էի ձեզ հետ, ասում, բայց դուք չլսեցիք»: 4 «Վաղօրօք արձակեցի ու ձեզ մօտ ուղարկեցի իմ ծառաներին՝ մարգարէներին, բայց դուք չլսեցիք, չանսացիք ու ձեր ականջներով չլսեցիք: 5 Ասում էի. “Ամէնքդ դարձէ՛ք ձեր չար ճանապարհից, ձեր չար ընթացքից, որպէսզի բնակուէք այդ երկրում, որ յաւիտեանս յաւիտենից տուել եմ ձեզ ու ձեր հայրերին: 6 Չգնաք օտար աստուածների յետեւից նրանց ծառայելու եւ երկրպագելու համար, չբարկացնէք ինձ ձեր ձեռքի գործերով, որպէսզի չչարչարեմ ձեզ”: 7 Բայց դուք ինձ չլսեցիք,– ասում է Տէրը,– քանզի բարկացրիք ինձ ձեր ձեռքի գործերով, որպէսզի չարչարեմ ձեզ»: 8 Դրա համար էլ այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Քանի որ չհաւատացիք իմ խօսքերին, 9 ահա ես կուղարկեմ, կառնեմ հիւսիսի բոլոր ցեղերին,– ասում է Տէրը,– նաեւ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքային՝ իմ ծառային, եւ նրանց կբերեմ այդ երկրի վրայ, դրա բնակիչների վրայ, այն բոլոր ցեղերի վրայ, որ դրա շուրջն են, կբնաջնջեմ դրանց, կմատնեմ աւարի ու ապականութեան, սուլոցի ու յաւիտենական նախատինքի: 10 Դրանց միջից կվերացնեմ ուրախութեան ձայնը եւ ձայնը ցնծութեան, փեսայի ձայնը եւ ձայնը հարսի, երկանքի ձայնը եւ լոյսը ճրագի: 11 Այդ ողջ երկիրը կվերածուի աւերի ու ապականութեան, նրա բնակիչները եօթանասուն տարի կծառայեն այդ ցեղերին եւ բաբելացիների արքային: 12 Իսկ երբ լրանայ եօթանասուն տարին, վրէժխնդիր կլինեմ բաբելացիների արքայից եւ այդ ազգից իրենց անօրինութիւնների համար,– ասում է Տէրը,– ինչպէս եւ Քաղդէացիների երկրից. դրանք կդարձնեմ յաւիտենապէս ամայի: 13 Այդ ամբողջ երկրի վրայ կբերեմ այն ամէնը, ինչ ասել եմ նրա մասին, ըստ այն ամէնի, ինչ գրուած է այս գրքում, որ մարգարէացել է Երեմիան բոլոր ազգերի մասին, որոնց ծառայել են նրանք: 14 Դրանք բազում ցեղեր են եւ մեծամեծ թագաւորութիւններ. նրանց ես պիտի հատուցեմ ըստ իրենց անօրինութիւնների, ըստ իրենց ձեռքի գործերի»: 15 Այսպէս է ասում ինձ Տէր Աստուածն Իսրայէլի. «Անխառն գինու այս բաժակը վերցրո՛ւ իմ ձեռքից եւ խմեցրու բոլոր ազգերին, որոնց մօտ կուղարկեմ քեզ. 16 նրանք կխմեն այն ցմրուր եւ խելքները կթռցնեն այն սրի ահից, որ ես նրանց վրայ եմ ուղարկելու»: 17 Ես վերցրի բաժակը Տիրոջ ձեռքից եւ խմեցրի այն բոլոր ազգերին, որոնց մօտ ուղարկեց ինձ Տէրը՝ 18 Երուսաղէմին եւ Յուդայի երկրի քաղաքներին, նրա թագաւորներին եւ նրա իշխաններին՝ մատնելու դրանք աւերի ու անապատի, սուլոցի ու անէծքի, ինչպէս որ այս օրերում են, 19 նաեւ եգիպտացիների արքայ փարաւոնին, նրա պաշտօնեաներին եւ նրա մեծամեծներին, նրա ամբողջ ազգին եւ ամբողջ խառնիճաղանջ զօրքին, 20 նաեւ կղզու բոլոր թագաւորներին եւ այլազգիների երկրի բոլոր թագաւորներին՝ Ասկաղոնին ու Գազային, Ակկարոնին ու Ազոտոսի մնացորդներին, 21 եդոմացիներին, մովաբացիներին եւ ամոնացիներին, 22 նաեւ Տիւրոսի բոլոր թագաւորներին, սիդոնացիների բոլոր թագաւորներին եւ այն կղզու թագաւորներին, որ գտնւում է ծովի միւս կողմում, 23 Դեդանին, Թեմանին, Բոկին եւ բոլոր նրանց, ովքեր երեսներն են ածիլում, 24 նաեւ արաբացիների բոլոր թագաւորներին եւ անապատում ապրող խառնիճաղանջ ցեղերի բոլոր թագաւորներին. 25 նաեւ Զամբրիի բոլոր թագաւորներին, Ելամի բոլոր թագաւորներին ու պարսից բոլոր թագաւորներին. 26 նաեւ միմեանցից հեռու կամ իրար մօտ հիւսիս-արեւելքի բոլոր թագաւորներին, ինչպես նաեւ երկրի բոլոր թագաւորներին, որոնք կան աշխարհի երեսին: Իսկ ամենավերջում պիտի խմի Սիսակ թագաւորը: 27 «Ապա կասես նրանց. այսպէս է ասում Իսրայէլի Ամենակալ Տէր Աստուածը. “Պիտի խմէք ու հարբէք, յիմարանաք ու կործանուէք եւ ոտքի չէք կանգնելու այն սրի պատճառով, որ ես ուղարկելու եմ ձեզ վրայ”: 28 Իսկ երբ այնպէս լինի, որ խմելու համար քո ձեռքից չկամենան ընդունել բաժակը, կասես նրանց. այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. “Խմելով պիտի հարբէք, 29 որովհետեւ չարչարանքի սկիզբը դնելու եմ այն քաղաքից, որի վրայ դրուած է իմ անունը: Իսկ դուք մաքո՞ւր պիտի դուրս գաք: Ո՛չ, մաքուր չէք դուրս գալու, քանզի ես սրի կոչ արձակեցի ամէնքի դէմ, ովքեր բնակւում են երկրի վրայ”,– ասում է Զօրութիւնների Տէրը:– 30 Դու էլ նրանց համար կմարգարէանաս իմ այս բոլոր պատգամները եւ կասես նրանց. “Տէրն իր սուրբ բարձունքից հրաման պիտի տայ, իր ձայնը, հրամանի իր խօսքը պիտի արձակի իր տեղից, եւ նրանք այգեկութ անողների պէս երկրի բոլոր բնակիչներին պատասխան պիտի տան, թէ մահը վրայ հասաւ երկրից, 31 քանզի Տէրն ազգերի մէջ դատաստան պիտի տեսնի, պիտի դատի ամէն մարդու, եւ ամբարիշտները սրի են մատնուելու”»,– ասում է Տէրը: 32 Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Ահա չարիքները պիտի անցնեն մի ազգից միւսին, երկրի ծագերից մեծ մրրիկ պիտի բարձրանայ, 33 եւ Աստծոյ ամէն օր աշխարհի մի ծայրից մինչեւ միւսը պիտի գտնուեն Տիրոջ կողմից խոցուածներ: Նրանք կոծի չեն արժանանալու, չեն հաւաքուելու, ինչպէս աղբ՝ թափուած են մնալու դաշտի երեսին: 34 Գո՛յժ բարձրացրէք եւ աղաղակեցէ՛ք, ո՛վ հովիւներ, ողբացէ՛ք, ոչխարների հօտի՛ խոյեր, որովհետեւ հասան ձեր մորթուելու եւ ցիրուցան լինելու օրերը. պիտի զոհ գնաք, ինչպէս ընտիր խոյեր: 35 Հովիւները փախչելու տեղ չեն գտնելու, իսկ ոչխարների հօտի խոյերը՝ փրկութիւն: 36 Ահա լսւում է հովիւների գոյժի ձայնը, ոչխարների հօտի խոյերի աղաղակը, քանզի Տէրը ոչնչացրեց նրանց արօտները: 37 Տիրոջ բարկութեան ու ցասման պատճառով վերացաւ խաղաղութեան գեղեցկութիւնը: 38 Նրանք լքեցին երկիրը, ինչպէս առիւծն՝ իր որջը, եւ նրանց երկիրն անապատ դարձաւ ահեղ սրի բարկութիւնից ու ցասումից, Տիրոջ բարկութիւնից ու ցասումից»:
261 Այս է Տիրոջ խօսքը՝ ասուած Յուդայի երկրի արքայ Յոսիայի որդի Յովակիմի թագաւորութեան սկզբում. 2 այսպէս է ասում Տէրը. «Կանգնի՛ր Տիրոջ տան գաւթում եւ Յուդայի երկրի ողջ ժողովրդին, որ երկրպագելու է գալիս Տիրոջ տունը, յայտնի՛ր այն բոլոր բաները, որ պատուիրեցի քեզ մարգարէանալու նրանց համար: Ոչ մի բան չպակասեցնես: 3 Թերեւս լսեն, ու ամէն մէկը յետ կանգնի իր չար ճանապարհից, ես էլ յետ կանգնեմ այն չարութիւններից, որ մտածում եմ անել նրանց՝ ի պատասխան իրենց չար ընթացքի: 4 Ապա կասես նրանց. այսպէս է ասում Տէրը. “Եթէ ինձ չլսէք, չընթանաք ձեզ համար կարգած իմ օրէնքով, 5 ականջ չդնէք իմ ծառայ մարգարէների խօսքերին, որոնց ես կանխաւ ուղարկեցի ձեզ մօտ – ուղարկեցի, բայց դուք չլսեցիք – 6 ապա այդ տունը կդարձնեմ Սելոմի նման, իսկ այս քաղաքն աշխարհի բոլոր ցեղերի անէծքին կդատապարտեմ”»: 7 Տիրոջ տան մէջ այս խօսքերն ասելիս քահանաները, սուտ մարգարէներն ու ողջ ժողովուրդը լսեցին Երեմիային: 8 Իսկ երբ Երեմիան դադարեց խօսելուց՝ ամբողջ ժողովրդին ասելով ամէն բան այնպէս, ինչպէս նրան հրամայել էր Տէրը, նրան բռնեցին քահանաները, սուտ մարգարէներն ու ողջ ժողովուրդը եւ ասացին. 9 «Դու մահ պիտի գտնես, որովհետեւ Տիրոջ անունից մարգարէացար եւ ասացիր, թէ այս տունը պիտի դառնայ Սելոմի նման, եւ այս քաղաքը պիտի ամայանայ բնակիչներից»: Ժողովուրդը Տիրոջ տան մէջ կուտակուեց Երեմիայի շուրջը: 10 Յուդայի երկրի իշխանները, լսելով այս բաները, թագաւորի պալատից եկան Տիրոջ տունը եւ նստեցին Տիրոջ տան նոր դարպասի առաջ: 11 Քահանաներն ու սուտ մարգարէներն իշխաններին եւ ողջ ժողովրդին ասացին. «Այդ մարդը մահուան դատավճռի է արժանի, որովհետեւ, ինչպէս ձեր իսկ ականջներով լսեցիք, մարգարէացաւ այս քաղաքի մասին»: 12 Իսկ Երեմիան բոլոր իշխաններին եւ ողջ ժողովրդին ասաց. «Տէրն ինձ ուղարկեց այս տան եւ քաղաքի վերաբերեալ մարգարէանալու այն բոլոր խօսքերը, որ լսեցիք. 13 ուրեմն ձեր ճանապարհներին ու ձեր գործերին ուղի՛ղ ընթացք տուէք եւ ակա՛նջ դրէք ձեր Տէր Աստծոյ ձայնին, որպէսզի Տէրը յետ կանգնի այն չարութիւններից, որոնց մասին յայտնեց ձեզ: 14 Ես ահաւասիկ ձեր ձեռքին եմ. վարուեցէ՛ք ինձ հետ, ինչպէս ձեզ համար օգտակար կամ լաւ կհամարէք: 15 Բայց լա՛ւ իմացէք, որ եթէ դուք ինձ սպանէք, անմեղ արեան տակ պիտի ընկնէք դուք եւ այս քաղաքն ու իր բնակիչները, քանզի արդարեւ, Տէրն ինձ ուղարկեց ձեզ մօտ՝ ձեր ականջին ասելու այս բոլոր խօսքերը»: 16 Այն ժամանակ իշխաններն ու ողջ ժողովուրդն ասացին քահանաներին եւ սուտ մարգարէներին. «Այդ մարդը մահուան դատավճռի ենթակայ չէ, որովհետեւ Տէր Աստծոյ անունից խօսեց մեզ հետ»: 17 Երկրի ծերերից մի քանի մարդիկ ոտքի ելան եւ ասացին հաւաքուած ողջ ժողովրդին. 18 «Յուդայի երկրի արքայ Եզեկիայի ժամանակ Միքիէ Մորստացին մարգարէացել է եւ ասել Յուդայի երկրի ամբողջ ժողովրդին. այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. “Սիոնը, ինչպէս ագարակ, արօրով պիտի հերկուի, Երուսաղէմը պիտի վերածուի այգեպանների հիւղակների, իսկ այդ տան լեռը՝ մայրու անտառի”: 19 Բայց արդեօք Յուդայի երկրի Եզեկիա արքան եւ համայն Հրէաստանը դրա համար նրան սպանեցի՞ն. մի՞թէ չվախեցան Տիրոջից ու չխնդրեցին Տիրոջը. եւ Տէրը հրաժարուեց այն բոլոր չարութիւններից, որ ասել էր նրանց դէմ: Իսկ մենք ինքներս մեծ չարիք ենք բերելու մեզ»: 20 Մի մարդ էլ կար՝ կարիաթարիմցի Սամէայի որդի Ուրիան, որ մարգարէութիւն արեց Տիրոջ անունից. մարգարէութիւն արեց այս քաղաքի ու այս երկրի վերաբերեալ՝ յար եւ նման Երեմիայի բոլոր ասածներին: 21 Նրա բոլոր խօսքերը լսեցին Յովակիմ արքան, նրա բոլոր մեծամեծները եւ բոլոր իշխանները: Նրանք ուզում էին սպանել նրան: Ուրիան լսելով՝ վախեցաւ ու փախաւ գնաց Եգիպտացիների երկիրը: 22 Իսկ Յովակիմ արքան մարդիկ ուղարկեց Եգիպտոս. նա Աքոբորի որդի Եղնաթանին մի քանի մարդկանց հետ ուղարկեց Եգիպտոս: 23 Նրանք հանեցին նրան այնտեղից եւ բերեցին Յովակիմ արքայի մօտ. սա սրով սպանեց նրան եւ գցեց հասարակաց գերեզմանոցը: 24 Բայց Սափանի որդի Աքիկամի բազուկը Երեմիայի հետ էր, որ չլինի թէ նա ժողովրդի ձեռքը մատնուի, ու սպանեն նրան:
271 Այս է Տիրոջ խօսքը՝ ասուած Երեմիային Յուդայի երկրի արքայ Յովսիայի որդի Յովակիմի թագաւորութեան սկզբում: 2 Տէրն այսպէս է ասում ինձ. «Քեզ համար կապանքներ ու լո՛ւծ պատրաստիր եւ գցի՛ր պարանոցդ: 3 Դրանցից ուղարկի՛ր նաեւ եդոմայեցիների թագաւորին եւ մովաբացիների թագաւորին, ամոնացիների թագաւորին, Տիւրոսի թագաւորին եւ սիդոնացիների թագաւորին նրանց դեսպանների միջոցով, որոնք գալիս են Երուսաղէմ՝ Յուդայի երկրի արքայ Սեդեկիայի մօտ: 4 Նրանց կպատուիրես յայտնելու իրենց տէրերին, թէ այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. “Այսպէս կասէք ձեր տէրերին. 5 ես իմ մեծ զօրութեամբ եւ յաղթ բազկով ստեղծեցի երկիրը, մարդկանց, անասուններին ու այն ամէնը, ինչ կայ երկրի երեսին. ես այն կտամ նրան, ով հաճելի է իմ աչքին: 6 Արդ, ես ինքս բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի՝ իմ ծառայի ձեռքը տուեցի ամբողջ երկիրը, տուեցի նաեւ տափաստանների գազաններին, որ ծառայեն նրան: 7 Ու բոլոր ազգերը պիտի ծառայեն նրան, նաեւ նրա որդիներին եւ նրա որդոց որդիներին, մինչեւ որ գայ նրա եւ նրա երկրի վրայ իմ բարկանալու ժամանակը: Նրան պիտի ծառայեն բազում ազգեր եւ մեծամեծ թագաւորներ: 8 Իսկ եթէ լինեն ազգեր ու թագաւորութիւններ, որոնք չենթարկուեն բաբելացիների արքայ Նաբուքոդոնոսորին, անմիջապէս իրենց պարանոցները չդնեն բաբելացիների արքայի լծի տակ, այդպիսի ազգերին սրով, սովով ու մահուամբ պիտի պատժեմ,– ասում է Տէրը,– մինչեւ որ ոչնչացուեն նրա ձեռքով: 9 Եւ դուք մի՛ լսէք ձեր մարգարէներին ու ձեր գուշակներին, ձեր երազատեսներին ու ձեր վհուկներին, ձեր հաւահմաներին եւ ձեր կախարդներին, որոնք ձեզ ասում են, թէ՝ "Չենթարկուէ՛ք բաբելացիների արքային", 10 քանզի դրանք ձեզ համար սուտ մարգարէութիւն են անում, որպէսզի հեռացնեն ձեզ ձեր երկրից, որպէսզի ցրիւ տամ ձեզ, ու դուք կորչէք: 11 Իսկ այն ազգը, որն իր պարանոցը կդնի բաբելացիների արքայի լծի տակ եւ կենթարկուի նրան, կթողնեմ իր երկրում,– ասում է Տէրը.– կմշակի այն եւ կբնակուի այնտեղ”»: 12 Այս բոլոր բաները մէկ առ մէկ յայտնեցի նաեւ Յուդայի երկրի արքայ Սեդեկիային՝ ասելով. «Ձեր պարանոցները դրէ՛ք բաբելացիների արքայի լծի տակ, ծառայեցէ՛ք նրան ու նրա ազգին, որպէսզի ապրէք: 13 Ինչի՞ համար սրով, սովով ու մահով մեռնէք դու եւ քո ժողովուրդը, ինչպէս այն ազգը, որը չի ուզի ծառայել բաբելացիների արքային, եւ որի մասին խօսեց Տէրը: 14 Մի՛ լսէք այն մարգարէների խօսքերը, որոնք ձեզ ասում են, թէ՝ “Չենթարկուէ՛ք բաբելացիների արքային”. նրանք սուտ մարգարէութիւն են անում ձեզ համար»: 15 «Ե՛ս չեմ ուղարկել նրանց,– ասում է Տէրը,– իսկ նրանք իմ անունից սուտ մարգարէութիւն են անում, միայն թէ կորստի մատնեն ձեզ: Դուք էլ, ձեր մարգարէներն էլ, որ ձեզ համար անտեղի ու սուտ մարգարէութիւն են անում, կորստեան էք դատապարտուելու»: 16 Ինչ որ խօսեցի, կյայտնես նաեւ քահանաներին ու համայն ժողովրդին, թէ այսպէս է ասում Տէրը. «Ականջ մի՛ դրէք այն մարգարէների խօսքերին, որ մարգարէութիւն են անում ձեզ համար եւ ասում. “Ահա Տիրոջ տան սպասքը այժմ եւեթ Բաբելոնից պիտի վերադարձուի”: Բայց դա զուր են մարգարէանում ձեզ համար. ե՛ս չեմ ուղարկել նրանց: 17 Մի՛ լսէք նրանց, այլ ծառայեցէ՛ք բաբելացիների արքային, որպէսզի ապրէք: Ինչո՞ւ այս քաղաքն աւերակ դառնայ: 18 Եթէ մարգարէներ են, ու նրանց մէջ կայ Տիրոջ խօսքը, թող գան դէմս կանգնեն»: Տէրն այսպէս է ասում. «Եւ մնացած սպասքը, որ չյափշտակեց բաբելացիների արքան, երբ Յեքոնիային գերի վարեց Երուսաղէմից, պիտի Բաբելոն տարուի,– ասում է Զօրութիւնների Տէրը:– Իսկ այն սպասքի մասին, որոնք,– ասում է Զօրութիւնների Տէրը,– մնացին Տիրոջ տանը եւ Յուդայի երկրի թագաւորի տանը, Երուսաղէմից Բաբելոն նրանց չտարուելու մասին, 19 սիւների մասին, մեծ աւազանի մասին, խարիսխների ու անօթների մասունքների մասին, որ մնացին այս քաղաքում, 20 որոնք չյափշտակեց բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան, երբ ինքը Յուդայի երկրի արքայ Յովակիմի որդի Յեքոնիային եւ Յուդայի երկրի ու Երուսաղէմի ողջ ազատանուն գերի տարաւ Երուսաղէմից Բաբելոն, 21 ահա այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը, Տիրոջ տանը, Յուդայի երկրի թագաւորի տանը եւ Երուսաղէմում մնացած այդ սպասքի մասին. 22 թող դրանք Բաբելոն տարուեն ու այնտեղ մնան մինչեւ այն օրը, երբ այցելութիւն կտամ նրանց»: Այսպէս է ասում Տէրը. «Դուրս կհանեմ դրանք եւ կվերադարձնեմ այստեղ»:
281 Այդ նոյն տարում, Յուդայի երկրի արքայ Սեդեկիայի թագաւորութեան սկզբում, չորրորդ տարուայ հինգերորդ ամսին, Ազորի որդին՝ սուտ մարգարէ Անանիան, որ Գաբաւոնից էր, Տիրոջ տանը քահանաների եւ ողջ ժողովրդի առաջ ասաց ինձ, թէ 2 այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Բաբելացիների արքայի լուծը պիտի խորտակուի. 3 երկու տարուց յետոյ ես այստեղ պիտի վերադարձնեմ Տիրոջ տան այն ամբողջ սպասքը, որ մի ժամանակ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան յափշտակել էր այստեղից եւ տարել Բաբելոն. 4 նաեւ Յուդայի երկրի արքայ Յովակիմի որդի Յեքոնիային եւ Հրէաստանի բոլոր գերիներին, որոնք տարուեցին Բաբելոն, ես պիտի վերադարձնեմ այս վայրերը,– ասում է Տէրը,– թէ՛ Յեքոնիային եւ թէ՛ Յուդայի երկրի գերեալներին, քանզի պիտի խորտակեմ բաբելացիների արքայի լուծը»: 5 Իսկ Երեմիա մարգարէն Տիրոջ տանը գտնուող քահանաների ներկայութեամբ ամբողջ ժողովրդի առաջ ասաց սուտ մարգարէ Անանիային. 6 «Արդարեւ, թող այդպէս անի Տէրը. թող հաստատի քո խօսքը, որ մարգարէացար այս տան սպասքը եւ բոլոր գերիներին Բաբելոնից այստեղ վերադարձնելու մասին: 7 Սակայն լսեցէ՛ք Տիրոջ պատգամները, որ ես կասեմ ձեր ականջներին եւ ամբողջ ժողովրդի ականջներին: 8 Այն մարգարէները, որոնք ինձնից ու քեզնից առաջ միշտ էլ եղել են, բազում երկրների եւ մեծամեծ թագաւորութիւնների համար գուշակել են պատերազմ, չարիք ու մահ: 9 Իսկ այն մարգարէն, որ խաղաղութիւն է գուշակում, եւ այդ մարգարէի խօսքը կատարւում է, ապա այդ մարգարէին ընդունում են իբրեւ մէկին, որին իսկապէս Տէրն է ուղարկել նրանց մօտ»: 10 Այն ժամանակ Անանիա մարգարէն ողջ ժողովրդի առաջ Երեմիայի պարանոցից վերցրեց լուծը եւ խորտակեց: 11 Անանիան համայն ժողովրդի ներկայութեամբ ասաց. «Այսպէս է ասում Տէրը. “Երկու տարուց յետոյ այսպէս պիտի խորտակուի բաբելացիների արքայ Նաբուքոդոնոսորի լուծը բոլոր ազգերի պարանոցներից”»: 12 Եւ Երեմիա մարգարէն գնաց իր ճանապարհով: 13 Այն բանից յետոյ, երբ Անանիա մարգարէն Երեմիա մարգարէի պարանոցից խորտակեց լուծը, Տէրը խօսքն ուղղեց Երեմիային՝ ասելով. «Գնա խօսի՛ր Անանիայի հետ եւ ասա՛, թէ այսպէս է ասում Տէրը. “Փայտէ լուծը դու խորտակեցիր, բայց նրա փոխարէն ես երկաթէ լուծ պիտի շինեմ”»: 14 Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Երկաթէ լուծ դրեցի այդ բոլոր ազգերի պարանոցին՝ հպատակուելու բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքային. եւ նրանք պիտի ծառայեն նրան. նաեւ տափաստանների գազաններին ենթարկեցի նրան»: 15 Իսկ Երեմիա մարգարէն ասաց Անանիա մարգարէին. «Այժմ լսի՛ր, Անանիա՛. Տէրը քեզ չի ուղարկել, եւ դու իզուր փուչ բաների համար յոյս տուեցիր այդ ժողովրդին: 16 Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում. “Ահա ես վռնդելու եմ քեզ երկրի երեսից: Այս տարուայ մէջ իսկ պիտի մեռնես դու, որովհետեւ հակառակ բաներ խօսեցիր Տիրոջ անունից”»: 17 Եւ Անանիա մարգարէն նոյն այդ տարուայ մէջ, եօթերորդ ամսին, մեռաւ:
291 Սրանք են այն նամակի խօսքերը, որ Երեմիա մարգարէն Երուսաղէմից ուղարկեց գերութեան մէջ գտնուող ծերերին, քահանաներին եւ սուտ մարգարէներին: Սոյն նամակը յղուած էր Բաբելոն՝ գերիներին եւ առհասարակ ժողովրդին, որոնց Նաբուքոդոնոսորը գերեվարեց Երուսաղէմից Բաբելոն՝ 2 Յեքոնիա արքային եւ տիկնոջը, ներքինիներին ու Յուդայի երկրի իշխաններին, ինչպէս եւ ողջ ազատանուն, արհեստաւորներին ու դարբիններին Երուսաղէմից տանելուց յետոյ: 3 Նամակն ուղարկուած էր Սափանի որդի Ելարիայի եւ Քեղկիայի որդի Գամարիայի ձեռքով, որոնց Սեդեկիա արքան Բաբելոն ուղարկեց բաբելացիների արքայ Նաբուքոդոնոսորի մօտ՝ յայտնելով. 4 «Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը, գերիներիդ մասին, որ Երուսաղէմից գերեվարուեցիք Բաբելոն. 5 “Տնե՛ր շինեցէք եւ բնակուեցէ՛ք, այգինե՛ր տնկեցէք եւ կերէ՛ք դրանց պտուղները, 6 կի՛ն առէք, եւ թող ծնուեն տղաներ ու աղջիկներ, ձեր տղաների համար կի՛ն առէք, իսկ ձեր աղջիկներին մարդո՛ւ տուէք, եւ թող ծնուեն տղաներ ու աղջիկներ, բազմացէ՛ք այդտեղ եւ մի՛ նուազէք: 7 Խաղաղութեա՛մբ ապրեցէք այդ երկրում, ուր գերեվարել տուեցի ձեզ, այդ երկրի համար աղօ՛թք արէք Տիրոջը, որովհետեւ նրա խաղաղութեամբ ձեզ համար եւս խաղաղութիւն կլինի”»: 8 Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Թող ձեզ չհրապուրեն ձեր սուտ մարգարէները, որոնք ձեր մէջ են, նաեւ ձեր գուշակները, ուշք մի՛ դարձրէք ձեր երազներին, որ դուք տեսնում էք, 9 որովհետեւ նրանք սուտ մարգարէութիւն են անում իմ անունից, իսկ ես նրանց չեմ ուղարկել»,– ասում է Տէրը: 10 Այսպէս է ասում Տէրը. «Երբ որ մօտենայ Բաբելոնի եօթանասուն տարին լրանալու ժամանակը, ես այցի կգամ ձեզ եւ կհաստատեմ ձեր մասին իմ բարի խօսքերը՝ վերադարձնելու ձեզ այս վայրերը, 11 քանզի ե՛ս միայն գիտեմ իմ մտադրութիւնները, որ խորհում եմ եւ պիտի խորհեմ ձեր մասին,– ասում է Տէրը.– խաղաղութեան մտադրութիւն եւ ոչ թէ՝ չարութեան: Դրանից յետոյ ես յոյս կտամ ձեզ, 12 եւ դուք կկանչէք ինձ, կգնաք եւ կաղօթէք ինձ, ու ես կլսեմ ձեզ: 13 Կփնտրէք ինձ եւ կգտնէք, որովհետեւ ինձ փնտրելու էք ձեր ամբողջ սրտով: 14 Ես կերեւամ ձեզ,– ասում է Տէրը,– եւ կվերացնեմ ձեր գերութիւնը. կհաւաքեմ ձեզ բոլոր ազգերի միջից եւ բոլոր վայրերից, ուր ցրեցի ձեզ,– ասում է Տէրը,– եւ կվերադարձնեմ ձեզ այնտեղ, որտեղից գերեվարել տուեցի ձեզ, 15 քանի որ դուք ասելու էք, թէ՝ “Տէրը մեզ համար մարգարէներ կարգեց նաեւ Բաբելոնում”»: 16 Այսպէս է ասում Տէրը թագաւորի մասին, որ նստում է Դաւթի աթոռին, ամբողջ ժողովրդի մասին, որ բնակւում է այդ քաղաքում, ձեր եղբայրների մասին, որոնք ձեզ հետ գերութեան չգնացին: 17 Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Ահաւասիկ ես նրանց մէջ ուղարկում եմ սով, սուր եւ մահ: Նրանց պիտի դարձնեմ գարշ ու ժանտ թզի պէս, որ իր դառնութեան պատճառով չի ուտւում: 18 Նրանց պիտի հալածեմ սրով, սովով ու մահով, նրանց պիտի մատնեմ աշխարհի բոլոր թագաւորութիւնների ցասումին, նզովքին, ապականութեանը, սուլոցի ու նախատինքի այն բոլոր ազգերի մէջ, ուր պիտի ցրեմ նրանց, 19 որովհետեւ նրանք չանսացին իմ խօսքերին,– ասում է Տէրը.– ես նրանց մօտ ուղարկեցի իմ ծառաներին՝ մարգարէներին, կանխապէս ուղարկեցի, բայց դուք չլսեցիք,– ասում է Տէրը:– 20 Իսկ դուք, բոլո՛ր գերիներդ, որոնց ուղարկել եմ Երուսաղէմից Բաբելոն, լսեցէ՛ք Տիրոջ խօսքը. 21 այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը, Ուլկիի որդի Աքիաբի եւ Մաասի որդի Սեդեկիայի մասին, որոնք սուտ մարգարէացան իմ անունից. ահաւասիկ ես նրանց կյանձնեմ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը, որը նրանց կսպանի ձեր աչքի առաջ: 22 Եւ նրանցից այս անէծքը կմնայ Յուդայի երկրի բոլոր գերիների մէջ, որոնք գտնւում են Բաբելոնում: Նրանք պիտի ասեն. “Թող Տէրը քեզ անի այնպէս, ինչպէս արեց Սեդեկիային եւ Աքիաբին, որոնց բաբելացիների արքան կրակի վրայ խորովեց”: 23 Արդարեւ, նրանք անօրինութիւններ գործեցին Իսրայէլում. շնութիւն էին անում համաքաղաքացիների կանանց հետ, իմ անունից սուտ պատգամներ էին ասում, որը նրանց չէի հրամայել. ես ինքս դրան իրազեկ եւ վկայ եմ,– ասում է Տէրը:– 24 Կյայտնես նաեւ ելիմացի Սամէային, թէ այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. 25 “Դու իմ անունից նամակներ ես ուղարկել Երուսաղէմ՝ ամբողջ ժողովրդին – մինչդեռ իմ կողմից ես քեզ չեմ ուղարկել – նաեւ՝ Մաաս քահանայի որդի Սոփոնիային, ինչպէս եւ բոլոր քահանաներին եւ ասել. 26 "Տէրը քեզ քահանայ կարգեց Յովիդիա քահանայի փոխարէն, որպէսզի Տիրոջ տանը վերակացու լինես ամէն մարդու վրայ, որ կմարգարէանայ, եւ ամէն մէկի վրայ, որ գուշակութիւն կանի, ու նրանց բանտի մէջ շղթայի զարնես: 27 Արդ, ինչո՞ւ չպատուհասեցիք անաթոթացի Երեմիային, որ մարգարէութիւն է անում ձեզ համար: 28 Նա մեզ լուր է ուղարկել Բաբելոն՝ ասելով, թէ հեռու է ժամանակը. տնե՛ր կառուցեցէք եւ բնակուեցէ՛ք, այգինե՛ր տնկեցէք եւ կերէ՛ք նրանց պտուղները"”»: 29 Սոփոնիա քահանան Երեմիա մարգարէի ականջին ընթերցեց նամակը: 30 Եւ Տէրը, խօսքն ուղղելով Երեմիային, ասաց. 31 «Լո՛ւր ուղարկիր բոլոր գերուածներին եւ յայտնի՛ր. այսպէս է ասում Տէրը ելիմացի Սամէայի մասին. “Քանի որ Սամէան, որին ես չեմ ուղարկել, մարգարէացաւ եւ ձեզ փուչ բաների յոյս տուեց, 32 դրա համար էլ Տէրն այսպէս է ասում. ահաւասիկ ես դատաստան պիտի տեսնեմ ելիմացի Սամէայի եւ նրա սերնդի հետ. նրանից չի լինելու որեւէ մէկը, որ նստի ձեր մէջ՝ տեսնելու այն բարիքը, որ ես անելու եմ ձեզ,– ասում է Տէրը,– քանզի նա Աստծուն հակառակ խօսքեր ասաց”»:
301 Այս է այն խօսքը, որ Տէրն ուղղեց Երեմիային՝ ասելով. 2 «Այսպէս է ասում Տէր Աստուածն Իսրայէլի. այն բոլոր բաները, որ քեզ հրամայեցի, քեզ համար գրի՛ առ մատեանի մէջ: 3 Ահա օրեր են գալու,– ասում է Տէրը,– երբ Իսրայէլի իմ գերեալ ժողովրդին, նաեւ Յուդայի երկրի ժողովրդին վերադարձնելու եմ. վերադարձնելու եմ այն երկիրը,– ասում է Տէրը,– որ տուեցի նրանց հայրերին, որպէսզի տիրեն նրան»: 4 Սրանք են այն խօսքերը, որ խօսեց Տէրը Իսրայէլի եւ Յուդայի երկրի մասին. 5 այսպէս է ասում Տէրը. «Սարսափի ձայն պիտի լսէք, ձայնը ահեղ գոյժի, որից մարդկանց մէջքերը պիտի դողան, եւ փրկութիւն ու հանգստութիւն չպիտի լինի: 6 Հարցրէ՛ք ու տեսէ՛ք, թէ երբեւէ արուն ծնե՞լ է. հապա ինչո՛ւ ամէն տղամարդու տեսնում եմ իր ձեռքերը մէջքին պահած, ինչպէս ծննդկան կինը, եւ բոլորի դէմքի գոյնը դալուկ դարձած. 7 քանզի մեծ է այն օրը, եւ նրա նմանը չկայ: Դա Յակոբի համար սարսափելի նեղութեան ժամանակ է լինելու, բայց նա փրկուելու է դրանից: 8 Այն օրը,– ասում է Զօրութիւնների Տէրը,– նրանց պարանոցից խորտակելու եմ լուծը, խզելու եմ նրանց կապանքները. նրանք այլեւս օտարներին հարկատու չեն մնալու, 9 այլ ծառայելու են իրենց Տէր Աստծուն. նրանց համար վերականգնելու եմ իրենց Դաւիթ արքային: 10 Սակայն դու մի՛ երկնչիր, ո՛վ իմ ծառայ Յակոբ,– ասում է Տէրը,– չզարհուրես, ո՛վ Իսրայէլ, որովհետեւ ահաւասիկ քեզ ազատելու եմ հեռաստանից, իսկ քո սերնդին՝ իր գերութեան երկրից: Պիտի վերադառնայ Յակոբը, հանգստութիւն պիտի գտնի ու բարեկեցիկ կեանք ունենայ, ոչ ոք չի լինի, որ զարհուրեցնի նրան: 11 Ահա ես քեզ հետ եմ,– ասում է Տէրը,– որպէսզի փրկեմ քեզ եւ կործանեմ այն ազգերին, որոնց մէջ ցրեցի քեզ: Բայց քեզ չեմ ոչնչացնելու. քեզ արդարութեամբ եմ պատժելու եւ քաւութիւն տալով՝ անմեղ չեմ համարելու քեզ»: 12 Այսպէս է ասում Տէրը. «Սաստկացրի քո տառապանքը. քո կրած հարուածները ցաւագին են, 13 քո դատը պաշտպանող չկայ: Դու բժշկուեցիր քո ցաւերից, բայց դա քեզ օգուտ չբերեց: 14 Քո բոլոր բարեկամները քեզ մոռացան եւ չեն հարցնում քո մասին: Իբրեւ սոսկալի խրատ՝ ես թշնամական հարուածներ հասցրի քեզ: Քո բոլոր անօրինութիւնների պատճառով բազմացան մեղքերդ: 15 Քո կրած հարուածների համար ի՞նչ ես աղաղակ բարձրացրել: Բայց ես քեզ չեմ ոչնչացնելու: Բուռն են քո ցաւերը. դրանք սաստկացան քո բազում անօրինութիւնների պատճառով, դրանք քո մեղքերի՛ հետեւանքն են: 16 Սակայն ամէնքը, որ յօշոտում էին քեզ, իրենք պէտք է յօշոտուեն, քո բոլոր թշնամիները պիտի յօշոտեն իրենց մարմինները: Քո անօրինութիւնները բազմացան ու յաճախակի դարձան. դրանք քո մեղքերի՛ հետեւանքն են: Քեզ աւերողներն իրենք պիտի աւերի ենթարկուեն, քո բոլոր աւարառուներին ես աւարի պիտի մատնեմ: 17 Քո ցաւագին վէրքերին բժշկութիւն պիտի բերեմ, պիտի բժշկեմ քեզ,– ասում է Տէրը,– որովհետեւ, Սիո՛ն, դու աստանդական կոչուեցիր. ասացին. “Դա է ձեր որսը, բայց ով որ փնտրի, չի գտնի նրան”»: 18 Այսպէս է ասում Տէրը. «Ահաւասիկ ես Յակոբի վտարանդի վրանները կվերադարձնեմ, ողորմած կլինեմ նրա գերեալների նկատմամբ. քաղաքը կվերաշինուի իր բարձունքի վրայ, տաճարն իր կարգ ու կանոնով կվերականգնուի: 19 Այնտեղից կծաւալուի երգիչների ու պարողների ձայնը: Պիտի բազմացնեմ նրանց, եւ նրանք չպիտի նուազեն, պիտի տարածեմ նրանց, եւ նրանք չպիտի թուլանան: 20 Նրանք առաջուայ պէս ելումուտ պիտի անեն. նրանց օրէնքներն իմ աչքին հաստատուն պիտի դառնան: Դատաստան պիտի կարդամ նրանց նեղողների գլխին, 21 որոնց հանդէպ նրանք աւելի զօրաւոր պիտի լինեն: Իրենց իշխանը իրենց միջի՛ց պիտի ելնի: Պիտի հաւաքեմ նրանց, ու նրանք պիտի վերադառնան ինձ մօտ, քանզի ո՞վ ինքնիրեն սիրտ կանի դառնալ Տիրոջ մօտ,– ասում է Տէրը:– 22 Դուք ինձ համար ժողովուրդ կլինէք, իսկ ես ձեզ համար կլինեմ Աստուած»: 23 Ահա Տիրոջ բարկութիւնը ցասմամբ բորբոքուեց, մրրիկի պէս բորբոքուեց նրա բարկութիւնն ամբարիշտների վրայ: 24 Տիրոջ բարկութիւնն ու զայրոյթը կգան ու յետ չեն շրջուի, մինչեւ որ նա կատարի իր սրտի կամքը: Վերջին օրերին դուք կհասկանաք դա:
311 «Այն ժամանակ,– ասում է Տէրը,– ես Իսրայէլի ժողովրդի համար Աստուած կլինեմ, իսկ նա ինձ համար՝ ժողովուրդ»: 2 Այսպէս է ասում Տէրը. «Այնտեղ, անապատում, նրանք հանդիպեցին տապի եւ սուսերով սպանողների»: Հեռացէ՛ք, մի՛ սպանէք Իսրայէլը: 3 Հեռու-հեռուից նրան երեւաց Տէրը. «Յաւիտենական սիրով սիրեցի քեզ, դրա համար էլ քեզ գթութեան արժանացրի: 4 Նորից պիտի շէնացնեմ քեզ, ու դու վերստին պիտի բարգաւաճես, ո՛վ կոյսդ Իսրայէլի: Դարձեալ պիտի առնես քո թմբուկը եւ խառնուես պարողների խմբերին: 5 Դարձեալ այգիներ պիտի տնկէք Սամարիա լեռան վրայ, տունկեր պիտի տնկէք եւ փառաբանէք, 6 քանզի հասել է օրը, երբ Եփրեմի լեռներում պահակները ձայնելու են. “Եկէք ելնե՜նք Սիոն՝ մեր Տէր Աստծոյ մօտ”»: 7 Այսպէս է ասում Տէրը. «Ցնծացէ՛ք Յակոբի համար, ուրա՛խ եղէք եւ կանչեցէ՛ք նրան, որ ազգերի մէջ գլխաւորն է, իմա՛ց տուէք, օրհնեցէ՛ք ու ասացէ՛ք. “Տէրը փրկեց իր ժողովրդին՝ Իսրայէլի մնացորդներին”: 8 Ահա նրանց պիտի բերեմ ես հիւսիսի երկրից, աշխարհի ծագերից պիտի հաւաքեմ նրանց Պասեքի տօնին. նրանց մէջ մեծ բազմութեամբ որդիներ պիտի ծնուեն, կոյրն ու կաղը, յղին եւ ծննդաբերուածը միահամուռ, իբրեւ մեծ ժողովուրդ, պիտի վերադառնան այստեղ: 9 Նրանք լալով հեռացան, բայց ես մխիթարելով պիտի բերեմ նրանց՝ հանգիստ պարգեւելով ջրերի վտակների մօտ, ուղիղ ճանապարհով, որպէսզի չմոլորուեն նրա վրայ, քանզի Իսրայէլի համար ես հայր եղայ, եւ Եփրեմն իմ անդրանիկն է: 10 Ո՛վ ազգեր, լսեցէ՛ք Տիրոջ պատգամները, պատմեցէ՛ք հեռաւոր կղզիներում եւ ասացէ՛ք. “Ով ցրեց Իսրայէլը, նա էլ կհաւաքի նրան եւ կպահպանի, ինչպէս նախրապանը՝ իր հօտը”: 11 Տէրն ազատեց Յակոբին եւ փրկեց նրան նրա վրայ բռնացողների ձեռքից: 12 Պիտի գան եւ ուրախանան, պիտի ցնծան Սիոնի լեռան վրայ, պիտի գան դէպի Տիրոջ բարիքները՝ ցորենի ու գինու, բերքի ու հօտերի, արջառի ու ոչխարի երկիրը. նրանց անձերը պիտի լինեն պտղալից ծառի պէս, այլեւս քաղց չպիտի զգան: 13 Այն ժամանակ կոյսերը պիտի ցնծան երիտասարդների շուրջպարի մէջ, ծերերը պիտի խնդան: Նրանց սուգը խնդութեան պիտի վերածեմ, տրտմութիւնից ուրախութեան պիտի հասցնեմ նրանց: 14 Ղեւիի որդի քահանաների հոգիները զմայլանքով պիտի լցնեմ ու արբեցնեմ, եւ իմ ժողովուրդը պիտի լիանայ իմ բարիքներով,– ասում է Տէրը»: 15 Այսպէս է ասում Տէրը. «Մի ձայն էր լսւում Ռամայում՝ ողբ, լաց ու գոյժ. Ռաքէլը ողբում էր իր որդիներին, որդիների պատճառով չէր ուզում մխիթարուել, քանի որ նրանք չկային»: 16 Այսպէս է ասում Տէրը. «Թող քո անձը դադարի լաց լինելուց, իսկ քո աչքերը՝ արտասուքից, որովհետեւ քո գործերի համար վարձ կայ,– ասում է Տէրը:– Նրանք կվերադառնան թշնամիների երկրից, 17 եւ վերջում քո յոյսը կիրականանայ,– ասում է Տէրը.– քո որդիները կվերաբնակուեն իրենց սահմաններում: 18 Լսեցի Եփրեմի այս ողբը. “Խրատեցիր ինձ, Տէ՛ր, ու ես խրատուեցի, բայց չսովորեցի ինչպէս անվարժ արջառ: Դարձրո՛ւ ինձ, եւ ես կդառնամ, քանզի դու իմ Տէր Աստուածն ես: 19 Իմ գերութիւնից յետոյ զղջացի. երբ խելքի եկայ, իմ ամօթալի օրերի համար հոգոց հանեցի եւ քեզ ցոյց տուեցի, թէ իմ տղայութեան պատճառով նախատինք կրեցի”: 20 Եփրեմն իմ սիրելի որդին է՝ գուրգուրելի մանուկը. հէնց որ իմ խօսքը նրա մասին է լինում, նորից յիշում եմ նրան: Ահա թէ ինչու շտապում եմ նրա համար, անչափ պիտի ողորմեմ նրան,– ասում է Տէրը:– 21 Ճանաչի՛ր ինքդ քեզ, ո՛վ Սիոն, արդարութեան վրէ՛ժ խնդրիր, թիկո՛ւնք դարձրու քո ցանկութիւնից, անցի՛ր քո ճանապարհը, դարձի՛ր, ո՛վ կոյսդ Իսրայէլի, նորի՛ց դարձիր դէպի քո սգաւոր քաղաքները: 22 Մինչեւ ե՞րբ պիտի թափառես, ո՛վ անարգուած դուստր. չէ՞ որ Տէրը փրկութիւն է հաստատել նոր ստեղծած վայրում, որպէսզի մարդիկ ազատագրուած շրջեն այնտեղ»: 23 Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Յուդայի երկրում եւ նրա քաղաքներում, երբ վերադարձնեմ նրա գերեալներին, պիտի կրկնեն այս խօսքը. “Օրհնեալ է Տէրն իր արդար ու սուրբ լեռան վրայ”: 24 Եւ Հրէաստանի բնակիչները՝ իրենց քաղաքներով ու գործաւորներով հանդերձ, պիտի փարթամանան հօտերով, 25 քանզի ես արբեցրի բոլոր ծարաւ հոգիներին, բոլոր քաղցած հոգիներին լիացրի: 26 Ահա թէ ինչու արթնացայ ու նայեցի, եւ իմ քունն ինձ համար քաղցրացաւ: 27 Ահա օրեր են գալու,– ասում է Տէրը,– ու Իսրայէլի տունը եւ Յուդայի տունը սերմանելու եմ մարդու սերնդով եւ անասունի սերնդով: 28 Ու ինչպէս որ աչքերս բաց արեցի նրանց վրայ խլելու եւ կործանելու, քանդելու, կորստեան մատնելու եւ չարչարելու համար, այդպէս էլ աչքերս պիտի բաց անեմ նրանց վրայ,– ասում է Տէրը,– կառուցելու եւ տնկելու համար: 29 Այն օրերին այլեւս չեն ասելու, թէ՝ “Հայրերն ազոխ կերան՝ որդիների ատամներն առնուեցին”, 30 այլ իւրաքանչիւրն իր մեղքով պիտի մեռնի, եւ ով ազոխ է ուտելու, նրա՛ ատամներն են առնուելու: 31 Ահաւասիկ օրեր են գալու,– ասում է Տէրը,– երբ նոր ուխտ եմ կապելու Իսրայէլի տան հետ եւ Յուդայի երկրի տան հետ: 32 Ոչ թէ՝ ըստ այն ուխտի, որ մի օր ես ուխտեցի նրանց հայրերի հետ, երբ բռնեցի նրանց ձեռքից դուրս հանելու համար նրանց Եգիպտացիների երկրից, բայց նրանք իմ ուխտին հաւատարիմ չմնացին, ու ես նրանց մասին հոգ չտարայ,– ասում է Տէրը,– 33 այլ այս ուխտն է, որ ուխտելու եմ Իսրայէլի տան հետ այն օրերից յետոյ,– ասում է Տէրը,– իմ օրէնքները նրանց մտքի մէջ եմ դրոշմելու, դրանք նրանց սրտերի մէջ եմ գրելու, նրանց համար Աստուած եմ լինելու, իսկ նրանք ինձ համար լինելու են ժողովուրդ: 34 Եւ այլեւս ամէն մէկն իր ընկերոջը չի սովորեցնելու, կամ ամէն մէկն իր եղբօրը չի ասելու, թէ՝ “Ճանաչի՛ր Տիրոջը”, քանզի ամէնքը՝ նրանց փոքրերից մինչեւ մեծերը, ճանաչելու են ինձ,– ասում է Տէրը,– որովհետեւ նրանց անիրաւութիւնները պիտի ներեմ եւ նրանց մեղքերն այլեւս չպիտի յիշեմ»: 35 Տէրը, որ արեւը հաստատեց ցերեկուայ լուսաւորութեան, իսկ լուսինն ու աստղերը՝ գիշերուայ լուսաւորութեան համար, աղաղակ տուեց ծովին, ու նրա ալիքները շառաչում են. նա, որի անունը Տէր Ամենակալ է, այսպէս է ասում. 36 «Եթէ իմ աչքի առաջ այս օրէնքները դադարեն գործելուց, ապա Իսրայէլի ազգն էլ,– ասում է Տէրը,– իմ աչքի առաջ ընդմիշտ պիտի դադարի ազգ լինելուց»: 37 Այսպէս է ասում Տէրը. «Եթէ անգամ երկինքը դէպի վեր բարձրանայ, իսկ երկրի յատակները դէպի վար խոնարհուեն, ես դարձեալ չեմ անտեսի համայն Իսրայէլի ազգին այն ամէնի համար, որ նա կատարեց: 38 Ահա օրեր պիտի գան,– ասում է Տէրը,– երբ Անամայէլի աշտարակից մինչեւ Անկեան դուռը Տիրոջ համար քաղաք պիտի շինուի: 39 Եւ դեռ պիտի ձգուի չափալարը եւ նրանց առջեւով պիտի երկարի մինչեւ Գարեբի բլուրը՝ այն բոլորելով ընտիր քարերից շինուած պատով: 40 Եւ Փաքադիմի ու Մոխիրների ողջ ձորը, ողջ Սարեմոթը՝ մինչեւ Կեդրոնի ձորը, մինչեւ արեւելեան կողմի Ձիերի դռան անկիւնը, պէտք է դառնան Տիրոջ սրբութիւնը. եւ այս բոլորը այլեւս չի յափշտակուելու եւ չի աւերուելու մինչեւ յաւիտենութիւն»:
321 Այս է այն խօսքը, որ Յուդայի երկրի Սեդեկիա արքայի տասներորդ տարին, այն է՝ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի տասնութերորդ տարին, Տէրն ուղղեց Երեմիային: 2 Այն ժամանակ բաբելացիների արքայի զօրքը պաշարել էր Երուսաղէմը, իսկ Երեմիա մարգարէն կալանաւորուած էր Յուդայի երկրի թագաւորի ապարանքի բանտի սրահում, որտեղ արգելափակել էր նրան Սեդեկիա արքան՝ ասելով. 3 «Ինչո՞ւ դու մարգարէութիւն ես անում եւ ասում, թէ այսպէս է ասում Տէրը. “Ահաւասիկ ես այս քաղաքը բաբելացիների թագաւորի ձեռքը պիտի յանձնեմ, նա պիտի վերցնի դա, 4 եւ Յուդայի երկրի Սեդեկիա արքան չպիտի փրկուի քաղդէացիների ձեռքից, պիտի մատնուի բաբելացիների թագաւորի ձեռքը, դէմ առ դէմ պիտի խօսի նրա հետ, եւ իր աչքերը պիտի տեսնեն նրա աչքերը: 5 Սեդեկիան պիտի մտնի Բաբելոն եւ պիտի նստի այնտեղ, մինչեւ որ այցելութեան գամ իրեն,– ասում է Տէրը.– ինչո՞ւ էք մարտնչում քաղդէացիների դէմ, որից ոչ մի յաջողութիւն չէք ունենալու”»: 6 Եւ Տէրը, խօսքն ուղղելով Երեմիային, ասում է. 7 «Ահա քո հօրեղբայր Սելոմի որդի Անամայէլը քեզ մօտ է գալու եւ ասելու. “Դու քեզ համար գնի՛ր իմ ագարակը, որը գտնւում է Անաթոթում, որովհետեւ ազգակցութեան կարգով պատշաճ է, որ դո՛ւ առնես այն որպէս սեփականութիւն”»: 8 Եւ իմ հօրեղբայր Սելոմի որդի Անամայէլը, ըստ Տիրոջ խօսքի, ինձ մօտ բանտի սրահը եկաւ եւ ասաց ինձ. «Գնի՛ր իմ ագարակը, որը գտնւում է Անաթոթում՝ Բենիամինի երկրում, որովհետեւ քեզ է յարմար ձեռք բերել այդ ժառանգութիւնը, քանզի աւագը դու ես»: Այն ժամանակ ես հասկացայ, որ դա Տիրոջ խօսքն է, 9 եւ իմ հօրեղբօր որդի Անամայէլից գնեցի ագարակը, որն Անաթոթում է: Նրա համար կշռեցի արծաթը՝ տասնեօթ սիկղ. 10 մուրհակ գրեցի ու կնքեցի, վկաներ դրեցի եւ արծաթը կշեռքով կշռեցի: 11 Ապա, ըստ հրամանի ու իրաւունքի, վերցրի սեփականութեան մասին կնքուած մուրհակն ու չկնքուածը 12 եւ սեփականութեան մասին մուրհակը իմ հօրեղբօր որդի Անամայէլի ներկայութեամբ այնտեղ գտնուողների աչքի առաջ տուեցի Մաասի որդի Ներիայի որդի Բարուքին: Բանտի սրահում նստած բոլոր հրեաների առաջ նրանք ստորագրեցին սեփականութեան մասին մուրհակը: 13 Ու նրանց առաջ պատուիրեցի Բարուքին՝ ասելով. 14 «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. “Վերցրո՛ւ այդ մուրհակները, սեփականութեան մասին կնքուած մուրհակը ու չկնքուած մուրհակը եւ դի՛ր խեցէ ամանի մէջ, որ պահպանուեն բազում օրեր”: 15 Այսպէս է ասում Ամենակալ Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. “Այս երկրի մէջ տները, ագարակներն ու այգիները նորից պիտի գնուեն”»: 16 Երբ սեփականութեան մասին մուրհակը յանձնեցի Ներիայի որդի Բարուքին, աղօթեցի Տիրոջը եւ ասացի. 17 «Տէ՛ր, ո՛վ դու Տէր, քո մեծ զօրութեամբ եւ քո յաղթ բազկով դու ստեղծեցիր երկինքն ու երկիրը. չկայ ոչ մի բան, որ կարողանայ թաքնուել քեզնից: 18 Հազարաւոր սերունդների ողորմածութիւն ես անում եւ հայրերի մեղքերի պատիժը նրանցից յետոյ հատուցում ես նրանց որդիներին: Մե՛ծ եւ հզօ՛ր Աստուած, քո անունը Զօրութիւնների Տէր է, 19 խորհուրդներով մեծ ես եւ գործերով՝ զօրաւոր: Ո՛վ դու, Ամենակալ մեծանո՛ւն Տէր, քո աչքերը բաց են մարդկանց որդիների բոլոր ճանապարհների վրայ իւրաքանչիւրին հատուցելու համար ըստ իր ճանապարհի եւ ըստ իր գործերի արդիւնքի: 20 Դու հրաշքներ ու սքանչելիքներ կատարեցիր Եգիպտացիների երկրում, նաեւ մինչեւ այժմ Իսրայէլում ու ողջ աշխարհի մարդկանց մէջ քեզ համար ստեղծեցիր մի անուն, որ կայ առ այսօր. 21 Իսրայէլի քո ժողովրդին դու դուրս հանեցիր Եգիպտացիների երկրից հրաշքներով ու սքանչելիքներով, հզօր ձեռքով ու յաղթ բազկով եւ մեծամեծ տեսիլքներով: 22 Նրանց տուեցիր այս երկիրը, ինչպէս երդուել էիր իրենց հայրերին՝ տալ նրանց մի երկիր, որ կաթ ու մեղր է բխեցնում: 23 Նրանք մտան եւ ժառանգեցին այն, բայց ականջ չդրեցին քո ձայնին եւ չընթացան ըստ քո հրամանների, եւ այն ամէնը, ինչ պատուիրեցիր նրանց անել, չկատարեցին, այլ արեցին այնպէս, որ այս բոլոր չարիքները եկան նրանց գլխին: 24 Եւ ահա զօրքն այս քաղաքի վրայ է հասել, որպէսզի այն գրաւի, ու քաղաքը մատնուել է քաղդէացիների ձեռքը, որոնք պատերազմում են նրա հետ սրի, սովի ու մահուան միջոցով: Ինչպէս ասել էիր, այդպէս էլ եղաւ. դու ինքդ էլ տեսնում ես: 25 Իսկ դու, Տէ՛ր, ասում ես ինձ, թէ՝ “Արծաթով քեզ համար ագարակ գնիր”: Ես մուրհակ գրեցի ու կնքեցի եւ վկաներ դրեցի, բայց քաղաքը մատնուեց քաղդէացիների ձեռքը»: 26 Եւ Տէրը խօսքն ինձ ուղղեց՝ ասելով. 27 «Ահա ես բոլոր մարմնաւորների Տէր Աստուածն եմ. մի՞թէ որեւէ բան ինձնից կարող է թաքուն մնալ»: 28 Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում. «Այդ քաղաքը պիտի մատնուի քաղդէացիների ձեռքը եւ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը, որը պիտի գրաւի դա: 29 Պիտի գան քաղդէացիները, որպէսզի պատերազմեն այդ քաղաքի դէմ եւ հրով այրեն դա. պիտի կրակի մատնեն այն տները, որոնց տանիքներին խունկ էին ծխում Բահաղին ու զոհեր մատուցում օտար աստուածներին, որպէսզի ինձ դառնութիւն պատճառէին: 30 Իսրայէլացիներն ու Յուդայի երկրի մարդիկ իրենց մանկութիւնից սկսած իմ աչքերի առաջ միմիայն չարիք էին գործում: Իսրայէլացիներն իրենց ձեռքի գործերով բարկացրին ինձ,– ասում է Տէրը:– 31 Այն օրից, ինչ շինեցի այդ քաղաքը, մինչեւ այսօր այն գոյութիւն ունեցաւ ինձ բարկացնելու եւ զայրացնելու համար. 32 իմ աչքի առաջ պէտք է ջնջել դա այն բոլոր չարիքների համար, որ ինձ դառնացնելու նպատակով կատարեցին իսրայէլացիներն ու Յուդայի երկրի մարդիկ՝ իրենք, իրենց թագաւորներն ու իրենց մեծամեծները, իրենց քահանաներն ու իրենց մարգարէները, Յուդայի երկրի տղամարդիկ եւ Երուսաղէմի բնակիչները: 33 Նրանք իրենց թիկունքները դարձրին ինձ եւ ոչ թէ՝ երեսները: Սկզբից եւեթ ես սովորեցրի նրանց, սովորեցրի, բայց չուզեցին խրատ ընդունել: 34 Իրենց պղծութիւնները դրեցին այն տան մէջ, որը կրում է իմ անունը: 35 Իրենց աղտեղութիւնների համար Ենոմացիների ձորում Բահաղին բագիններ կանգնեցրին, որպէսզի իրենց տղաներին ու աղջիկներին նուիրաբերեն Մողոքին, մի բան, որ ես չէի պատուիրել նրանց, եւ ոչ էլ մտքովս անցել էր կատարել տալ նրանց այդ պղծութիւնը Յուդայի երկիրը յանցանքի մէջ մեղադրելու համար»: 36 Արդ, այսպէս է ասում Տէր Աստուած Իսրայէլի այդ քաղաքի վերաբերմամբ, որի մասին դու ասացիր, թէ մատնուեց բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը՝ սրի, սովի ու գերութեան: 37 «Ահա ես նրանց կհաւաքեմ այն բոլոր երկրներից, ուր ցրիւ տուեցի նրանց իմ բարկութեամբ, զայրոյթով ու մեծ ցասումով. նրանց կվերադարձնեմ այս վայրերը, յոյսով կբնակեցնեմ նրանց, 38 նրանք ինձ համար ժողովուրդ կլինեն, իսկ ես նրանց համար կլինեմ Աստուած: 39 Եւ ես կտամ նրանց մի այլ սիրտ ու ճանապարհ՝ հանապազ երկնչելու ինձնից ի բարօրութիւն իրենց, իսկ իրենցից յետոյ՝ ի բարօրութիւն իրենց որդիների: 40 Նրանց հետ կկնքեմ յաւիտենական ուխտ, որից չեմ հրաժարուի՝ բարութիւն անելով նրանց, եւ իմ երկիւղը կդնեմ նրանց սրտերի մէջ, որպէսզի նրանք չապստամբեն իմ դէմ: 41 Բարութիւն անելու համար այցի կգնամ նրանց, հաւատով, իմ ամբողջ սրտով եւ իմ ամբողջ հոգով նրանց կտնկեմ այս երկրում»: 42 Արդարեւ, այսպէս է ասում Տէրը. «Ինչպէս որ այդ ժողովրդի վրայ բերեցի այս բոլոր մեծամեծ չարիքները, այնպէս էլ նրա համար կբերեմ բարիքներ, ինչպէս ասել էի դրանց մասին: 43 Նորից ագարակներ պիտի առնեն այդ երկրում, որի մասին դու ինքդ ասացիր, թէ թափուր է դարձել մարդ ու անասունից, որոնք մատնուել են քաղդէացիների ձեռքը: 44 Նրանք արծաթով ագարակներ պիտի գնեն, մուրհակներ պիտի գրեն եւ վկաներ կարգեն Բենիամինի երկրում եւ Երուսաղէմի շրջակայքում, Յուդայի երկրի քաղաքներում եւ լեռան քաղաքներում, Սեփելայի քաղաքներում եւ Նագեբի քաղաքներում, որովհետեւ նրանց պիտի վերադարձնեմ գերութիւնից»,– ասում է Տէրը:
331 Աստուած երկրորդ անգամ իր խօսքն ուղղեց Երեմիային, որ տակաւին փակուած էր բանտի սրահում, եւ ասաց. 2 այսպէս է ասում Տէրը, որ արարեց երկիրը, ստեղծեց եւ հաստատեց այն. Տէր է նրա անունը: 3 «Կանչի՛ր ինձ, եւ ես պատասխան կտամ քեզ, կպատմեմ քեզ մեծամեծ ու զօրաւոր բաների մասին, որ դու չգիտես: 4 Այո՛, այսպէս է ասում Տէր Աստուածն Իսրայէլի այս քաղաքի տների մասին եւ Յուդայի երկրի արքայի ապարանքի մասին, որոնք քանդուել են պատնէշներ եւ մարտկոցներ կառուցելու նպատակով, 5 որպէսզի եկողները մարտնչեն քաղդէացիների դէմ եւ դրանք լցնեն այն մարդկանց դիակներով, որոնց հարուածեցի իմ բարկութեամբ ու զայրոյթով եւ իմ երեսը շուռ տուեցի նրանցից նրանց բոլոր չարութիւնների պատճառով: 6 Ահաւասիկ ես պիտի բուժեմ նրանց վէրքերը, պիտի բժշկեմ նրանց. խաղաղութեան ձայնը եւ ապահովութիւն պիտի բերեմ նրանց: 7 Պիտի վերադարձնեմ Յուդայի երկրի եւ Երուսաղէմի գերեալներին ու վերականգնեմ նրանց իրենց նախկին վիճակի մէջ: 8 Նրանց պիտի մաքրեմ այն բոլոր անիրաւութիւններից, որ գործեցին իմ նկատմամբ, ու այլեւս չպիտի յիշեմ նրանց յանցանքները, որ կատարեցին իմ հանդէպ՝ ապստամբելով իմ դէմ: 9 Նրանք ինձ համար ուրախութիւն, օրհնանք ու պարծանք պիտի դառնան երկրի բոլոր ժողովուրդների առաջ, որոնք, իմանալով այն բոլոր բաների մասին, որ ես անելու եմ Երուսաղէմի եւ Յուդայի երկրի համար, երկիւղ պիտի կրեն ու դառնանան դրանց համար կատարած իմ բոլոր բարիքների եւ խաղաղութեան գործերի շնորհիւ»: 10 Այսպէս է ասում Տէրը. «Այդ տեղում, որի մասին դուք ինքներդ ասում էք, թէ մարդկանցից ու անասուններից թափուր է, Յուդայի երկրի քաղաքներում եւ Երուսաղէմից դուրս, որոնք աւերակների են վերածուել, որովհետեւ չկան մարդիկ, չկան բնակիչներ, չկան անասուններ, այդ նոյն տեղում դարձեալ պիտի հնչեն 11 ձայնն ուրախութեան եւ ձայնը ցնծութեան, ձայնը փեսայի եւ ձայնը հարսի, որոնք պիտի ասեն. “Գոհութի՛ւն մատուցէք Ամենակալ Տիրոջը, քանզի քաղցր է նա, եւ յաւիտենական է նրա ողորմութիւնը”: Օրհնութեան նուէրներ պիտի բերեն Տիրոջ տունը, քանզի այդ երկրի գերեալներին առաջուայ վիճակին պիտի վերադարձնեմ»,– ասում է Տէրը: 12 Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Մարդ ու անասունից զուրկ այդ աւերակ վայրում եւ դրա բոլոր քաղաքներում դարձեալ պիտի լինեն հովուական իջեւաններ ու ոչխարների հօտերի մակաղատեղիներ: 13 Լեռնային քաղաքներում, Սեփելայի քաղաքներում ու Նագեբի քաղաքներում, Բենիամինի երկրում, Երուսաղէմի շրջակայքում եւ Յուդայի քաղաքներում դարձեալ ոչխարների հօտեր են անցնելու դրանք հաշուողի ձեռքի տակով,– ասում է Տէրը:– 14 Ահա օրեր են գալու,– ասում է Տէրը,– եւ ես հաստատ կատարելու եմ իմ բարի խօսքերը, որ յայտնեցի Իսրայէլի տան մասին եւ Յուդայի տան մասին: 15 Այն օրերում եւ այն ժամանակ Դաւթի համար մի արդար շառաւիղ պիտի ծնեմ, որն իրաւունք ու արդարութիւն պիտի պաշտպանի երկրի վրայ: 16 Այն օրերում Յուդայի երկիրը պիտի փրկուի, եւ Երուսաղէմը յոյսով պիտի ապրի: Այս է այն անունը, որով նա պիտի կոչուի՝ “Տէրն է մեր արդարութիւնը”»: 17 Տէրն այսպէս է ասում. «Դաւթի սերնդից Իսրայէլի տան գահին նստող մարդ չպիտի պակասի, 18 եւ ղեւտացի քահանաներից իմ առաջ ամէն օր ողջակէզ մատուցող, զոհաբերութիւն անող եւ խունկ ծխող մարդ չպիտի պակասի»: 19 Տէրն իր խօսքն ուղղեց Երեմիա մարգարէին՝ ասելով. 20 «Այսպէս է ասում Տէրը. եթէ կարողանաք խափանել ցերեկուայ իմ ուխտը եւ գիշերուայ իմ ուխտը այնպէս, որ ցերեկն ու գիշերը իրենց ժամանակին չլինեն, 21 ապա կխափանուի նաեւ իմ ուխտը, որ կնքել եմ իմ ծառայ Դաւթի հետ, նաեւ՝ իմ պաշտօնեաների՝ ղեւտացի քահանաների հետ, թէ՝ չի ունենայ նա որդի, որ թագաւորի նրա գահի վրայ: 22 Ինչպէս որ անթուելի են երկնքի աստղերը, եւ անչափելի ծովի աւազը, այդպէս էլ պիտի բազմացնեմ իմ ծառայ Դաւթի սերունդը եւ ղեւտացիներին՝ իմ պաշտօնեաներին»: 23 Տէրը, իր խօսքն ուղղելով Երեմիա մարգարէին, ասում է. 24 «Չե՞ս տեսնում՝ ինչ է խօսում այդ ժողովուրդը՝ ասելով, թէ՝ “Աստուած, որ ընտրել էր երկու ազգատոհմերի, աչքից գցեց նրանց”: Այդպիսով նրանք զայրացնում են իմ ժողովրդին, կարծես թէ նրանց համար նա այլեւս ազգ չէ»: 25 Այսպէս է ասում Տէրը. «Եթէ ցերեկուայ ու գիշերուայ, երկնքի ու երկրի մասին իմ ուխտը չեմ հաստատել, 26 ապա Յակոբի եւ իմ ծառայ Դաւթի սերունդը կանարգե՞մ, Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի սերնդի վրայ նրա սերնդից իշխան չե՞մ դնի. ո՛չ, ես նրանց գերեալներին պիտի վերադարձնեմ, պիտի ողորմեմ նրանց»:
341 Երբ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան իր բոլոր զօրքերով, իր իշխանութեանը ենթակայ բոլոր թագաւորութիւններով ու բոլոր ժողովուրդներով պատերազմի ելաւ Երուսաղէմի եւ Յուդայի երկրի բոլոր քաղաքների դէմ, Տէրը խօսքն ուղղեց Երեմիային՝ ասելով. 2 «Այսպէս է ասում Տէր Աստուածն Իսրայէլի. գնա՛ Յուդայի երկրի Սեդեկիա արքայի մօտ եւ ասա՛ նրան. “Այսպէս է ասում Տէրը. այդ քաղաքն անպայման պիտի մատնուի բաբելացիների արքայի ձեռքը, որը պիտի գրաւի ու հրով այրի այն: 3 Դու էլ նրա ձեռքից չպիտի փրկուես, անպայման պիտի բռնուես ու մատնուես նրա ձեռքը: Քո աչքերը պիտի տեսնեն նրա աչքերը, դէմ առ դէմ պիտի խօսես նրա հետ եւ գնաս Բաբելոն: 4 Բայց լսի՛ր Տիրոջ պատգամները, ո՛վ Յուդայի երկրի Սեդեկիա արքայ. այսպէս է ասում Տէրը քո մասին. 5 սրով չպիտի մեռնես, այլ խաղաղութեան մէջ պիտի մեռնես, եւ ինչպէս որ ողբացին քո հայրերին՝ առաջին թագաւորներին, որոնք նախորդեցին քեզ, այնպէս էլ պիտի ողբան քեզ, թէ՝ "Վա՜յ, վա՜յ, տէ՛ր": Պիտի լացուկոծ անեն քեզ համար, քանզի շատ խիստ խօսեցի”»,– ասում է Տէրը: 6 Երեմիա մարգարէն այս բոլոր բաները Երուսաղէմում յայտնեց Յուդայի Սեդեկիա արքային: 7 Իսկ բաբելացիների թագաւորի զօրքը կռւում էր Երուսաղէմի եւ Յուդայի երկրի մնացած բոլոր քաղաքների դէմ՝ Լաքիսի եւ Ազեկայի դէմ, որովհետեւ Յուդայի երկրի քաղաքների մէջ միայն սրանք էին մնացել որպէս ամուր քաղաքներ: 8 Տէրն իր խօսքն ուղղեց Երեմիային այն բանից յետոյ, երբ Սեդեկիա արքան ազատութեան կոչով ուխտ կնքեց Երուսաղէմում եղած ամբողջ ժողովրդի հետ, 9 որպէսզի իւրաքանչիւր ոք՝ իր ծառային, եւ ամէն մէկն՝ իր աղախնին, լինի եբրայեցի տղամարդ կամ եբրայեցի կին, ազատութիւն տայ եւ արձակի նրանց, որպէսզի Յուդայի ազգատոհմից ոչ մի մարդ իր եղբօրը ծառայ չդառնայ: 10 Եւ բոլոր մեծամեծներն ու ամբողջ ժողովուրդը, որոնք ուխտ էին դրել ազատ արձակել իւրաքանչիւրն՝ իր ծառային, եւ ամէն մէկն՝ իր աղախնին, լինի եբրայեցի տղամարդ կամ եբրայեցի կին, արձակեցին նրանց, որպէսզի նրանք այլեւս իրենց չծառայեն: 11 Լսեցին ու արձակեցին, իսկ յետոյ յետ կանգնեցին եւ նորից բերեցին իրենց ծառաներին ու աղախիններին, որոնց ազատ էին արձակել, եւ նրանց դարձրին ծառաներ ու աղախիններ: 12 Տէր Աստուած, խօսքն ուղղելով Երեմիային, ասաց. 13 «Այսպէս է ասում Տէր Աստուածն Իսրայէլի. ես ուխտ կնքեցի ձեր հայրերի հետ այն օրը, երբ նրանց փրկեցի Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից, եւ ասացի, թէ՝ 14 “Երբ վեց տարին լրանայ, քո եբրայեցի եղբօրը, որ քեզ կվաճառուի եւ վեց տարի քեզ համար կաշխատի, քեզնից ազա՛տ արձակիր”, բայց ձեր հայրերը չլսեցին ինձ, չխոնարհեցրին իրենց ականջները: 15 Այսօր նրանք յետ են դարձել, որպէսզի իմ աչքի առաջ անեն այն, ինչ հաճելի է ինձ, որ իւրաքանչիւրն ազատ յայտարարի իր ընկերոջը, իմ աչքի առաջ կատարեն ուխտն այն տան մէջ, որի վրայ դրուած է իմ անունը: 16 Բայց դուք շրջուեցիք ու պղծեցիք իմ անունը, իւրաքանչիւրը դարձաւ իր ծառայի մօտ՝ ամէն մէկն իր աղախնի մօտ, որոնց ձեր հոգու համար ազատ էիք արձակել, եւ ստիպեցիք, որ վերադառնան եւ ծառայ ու աղախին լինեն ձեզ»: 17 Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում. «Դուք չլսեցիք ինձ, իւրաքանչիւրն՝ իր եղբօրը, եւ ամէն մէկն իր մերձաւորին ազատ չյայտարարեց. ահա ես էլ ձեզ համար ազատութիւն պիտի հռչակեմ սրի, սովի ու մահուան միջոցով,– ասում է Տէրը.– 18 ձեզ պիտի ցրեմ աշխարհի բոլոր թագաւորութիւնների մէջ: Այն մարդկանց, որոնք խախտեցին իմ ուխտը եւ իմ առաջ կատարած իրենց ուխտի պատգամներին հաւատարիմ չմնացին, հորթը երկու մասի բաժանեցին եւ անցան նրա երկու մասերի միջով, 19 Յուդայի երկրի իշխաններին եւ Երուսաղէմի իշխաններին, ներքինիներին ու քահանաներին, նաեւ երկրի ամբողջ ժողովրդին, որոնք անցան հորթի երկու մասերի միջով, 20 այդ մարդկանց ես տալու եմ իրենց թշնամիների ձեռքը, նրանց հոգիները պահանջողների ձեռքը, նրանց դիակներն իբրեւ կերակուր պիտի նետեմ երկնքի թռչուններին ու երկրի գազաններին: 21 Իսկ Հրէաստանի Սեդեկիա արքային ու նրա իշխաններին պիտի մատնեմ իրենց թշնամիների ձեռքը, նրանց հոգիները պահանջողների ձեռքը, բաբելացիների արքայի զօրքի ձեռքը, որ եկել հասել են նրանց վրայ: 22 Ահաւասիկ ես հրաման եմ տալու,– ասում է Տէրը,– եւ նրանց նորից արձակելու եմ այդ քաղաքի վրայ. նրանք պիտի պատերազմեն դրա դէմ, գրաւեն ու հրով այրեն այն: Յուդայի երկրի քաղաքներն իրենց բնակիչներից թափուր եմ դարձնելու»:
351 Յուդայի երկրի արքայ Յոսիայի որդի Յովակիմի օրերին Տէրը իր խօսքն ուղղեց Երեմիային՝ ասելով. 2 «Գնա՛ Ռաքաբիմների տունը, կանչի՛ր նրանց, բե՛ր Տիրոջ տան սրահներից մէկը եւ գինի՛ խմեցրու նրանց»: 3 Ու ես Քաբասինիայի որդի Երեմի որդի Յեքոնիային, նրա եղբայրներին ու նրա բոլոր որդիներին՝ Ռաքաբիմի ամբողջ գերդաստանը, 4 բերեցի Տիրոջ տունը՝ Աստծոյ մարդ Գոդողիայի որդի Անանի որդու սրահը, որը գտնւում էր իշխանների սրահի մօտ՝ մուտքի պահապան Սելոմի որդի Մաասի սրահի վերեւում: 5 Ռաքաբիմի որդիների առաջ դրեցի մի աման լիքը գինի ու բաժակներ եւ ասացի նրանց. «Խմեցէ՛ք այդ գինին»: 6 Նրանք ասացին. «Գինի չենք խմում, որովհետեւ մեր հայր Յոնադաբը՝ Ռեքաբի որդին, մեզ պատուիրել է ու ասել. “Դուք եւ ձեր որդիները յաւիտեան գինի մի՛ խմէք, 7 նաեւ տներ չշինէք, սերմ չցանէք եւ այգիներ չտնկէք, այլ ձեր բոլոր օրերում բնակուեցէ՛ք վրանների մէջ, որպէսզի այդ երկրում, ուր դուք պանդուխտ էք, բազմապատկուեն ձեր կեանքի օրերը”: 8 Եւ մենք ամէն բանում, ինչ պատուիրել էր մեզ, ականջ դրեցինք մեր հայր Յոնադաբի՝ Ռեքաբի որդու ձայնին – թէ՛ մենք եւ թէ՛ մեր կանայք, թէ՛ մեր տղաներն ու աղջիկները – որ մեր բոլոր օրերում չխմենք գինի, 9 տներ չշինենք եւ չբնակուենք նրանց մէջ. մենք չունեցանք նաեւ այգիներ, հանդեր ու ցանքեր. 10 բնակուեցինք վրանների տակ եւ լսեցինք ու կատարեցինք այն ամէնը, ինչ պատուիրել էր մեզ մեր հայր Յոնադաբը: 11 Բայց երբ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան մտաւ այս երկիրը, ասացինք. “Քաղդէացիների զօրքի պատճառով, ասորեստանցիների զօրքի պատճառով վեր կենանք գնանք Երուսաղէմ եւ այնտեղ ապրենք”»: 12 Եւ Տէրը խօսքն ինձ ուղղեց՝ ասելով. 13 «Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. գնա՛ եւ յայտնի՛ր Յուդայի երկրի մարդկանց ու Երուսաղէմի բնակիչներին. “Խրատ չէ՞ք առնում հետեւելու համար իմ խօսքերին”,– ասում է Տէրը: 14 Ռեքաբի որդի Յոնադաբի որդիները հաւատարիմ մնացին այն պատուիրանին, որ նա տուել էր իր որդիներին՝ գինի չխմել: Եւ նրանք չխմեցին մինչեւ օրս, որովհետեւ իրենց հօր պատուիրանը լսող եղան: Իսկ ես սկզբից եւեթ խօսեցի ձեզ հետ, բայց դուք չլսեցիք ինձ: 15 Ձեզ մօտ ուղարկեցի իմ բոլոր ծառաներին՝ մարգարէներին, կանխաւ ուղարկեցի, որ ամէնքդ յետ դառնաք ձեր չար ճանապարհից, աւելի բարի գործեր կատարէք, չհետեւէք օտար աստուածներին ու չծառայէք նրանց, որպէսզի բնակուէք այդ երկրում, որ տուեցի ձեզ ու ձեր հայրերին: Բայց դուք չխոնարհեցրիք ձեր ականջները եւ չլսեցիք ինձ: 16 Ռեքաբի որդի Յոնադաբի որդիները պահեցին իրենց հօր տուած պատուիրանը, իսկ այդ ժողովուրդը չլսեց ինձ»: 17 Դրա համար էլ այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Ահաւասիկ ես Յուդայի երկրի եւ Երուսաղէմի բոլոր բնակիչների վրայ պիտի բերեմ այն բոլոր չարիքները, որոնց մասին խօսել էի, որովհետեւ ասացի նրանց, բայց չլսեցին, կանչեցի նրանց, բայց ինձ պատասխան չտուեցին»: 18 Իսկ Ռեքաբի տան մարդկանց այսպէս ասաց Երեմիան. «Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. “Քանի որ Ռեքաբի որդի Յոնադաբի որդիները հետեւեցին իրենց հօր պատուիրանին, հաւատարիմ մնացին նրա բոլոր հրամաններին՝ կատարելով այն ամէնը, ինչ որ նրանց պատուիրել էր իրենց հայրը, 19 դրա համար էլ այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. այս երկրի ողջ գոյութեան ընթացքում թող Ռեքաբի որդի Յոնադաբի որդիներից այր մարդ չպակասի՝ իմ առաջ կանգնելու համար”»:
361 Յուդայի երկրի արքայ Յոսիայի որդի Յովակիմի չորրորդ տարում Տէրը խօսեց ինձ հետ՝ ասելով. 2 «Քեզ համար մատեա՛ն վերցրու եւ նրա մէջ գրի՛ր այն ամէնը, ինչ ասել եմ քեզ Իսրայէլի, Յուդայի երկրի եւ բոլոր ազգերի մասին՝ սկսած այն օրից, երբ խօսեցի քեզ հետ՝ Յուդայի երկրի արքայ Յոսիայի օրերից մինչեւ այժմ. 3 թերեւս Յուդայի տունն իմանայ այն բոլոր չարիքների մասին, որ մտածել եմ կատարել նրա նկատմամբ, որպէսզի իւրաքանչիւրը յետ դառնայ իր չար ճանապարհից, եւ ես քաւիչ լինեմ նրա անօրինութիւններին ու նրա մեղքերին»: 4 Երեմիան կանչեց Ներիայի որդի Բարուքին, եւ Բարուքը Երեմիայի բերանից մատեանում գրի առաւ այն բոլոր խօսքերը, որ Տէրը յայտնել էր նրան: 5 Երեմիան Բարուքին պատուիրեց ու ասաց. «Ես կալանքի մէջ եմ եւ չեմ կարող մտնել Տիրոջ տունը. 6 դու կգնաս եւ այն, ինչ գրի առար իմ բերանից՝ Տիրոջ խօսքերը, պահեցողութեան օրը Տիրոջ տանը այդ մատեանից կընթերցես ի լուր ժողովրդի, կընթերցես նաեւ ի լուր Յուդայի երկրի բոլոր մարդկանց, որոնք եկած կլինեն իրենց քաղաքներից: 7 Թերեւս Տիրոջ առաջ նրանց սիրտը գութ ընկնի, եւ ամէնքն իրենց չար ճանապարհներից յետ դառնան, քանզի սաստիկ են զայրոյթն ու բարկութիւնը, որ Տէրն արտայայտեց այդ ժողովրդի դէմ»: 8 Եւ Ներիայի որդի Բարուքն ամէն ինչ կատարեց այնպէս, ինչպէս պատուիրել էր նրան Երեմիա մարգարէն՝ Տիրոջ տան մէջ մատեանից ընթերցել Տիրոջ պատգամները: 9 Յուդայի երկրի արքայ Յոսիայի որդի Յովակիմի հինգերորդ տարում, իններորդ ամսին, Երուսաղէմի ամբողջ բնակչութիւնը, Յուդայի երկրի քաղաքներից Երուսաղէմ եկած համայն ժողովուրդը եւ Յուդայի տունը հաւաքուեցին Տիրոջ առաջ պահեցողութեան համար: 10 Իսկ Բարուքը Տիրոջ տան, Սափանիա ատենադպրի որդի Գամարիայի գաւթում, Տիրոջ տան Նոր դարպասի մուտքի մօտ, ի լուր ամբողջ ժողովրդի՝ մատեանից կարդաց Երեմիայի խօսքերը: 11 Երբ Սափանիայի որդի Գամարիայի որդի Միքիան այդ մատեանից լսեց Տիրոջ բոլոր պատգամները, 12 իջաւ թագաւորի տունը՝ ատենադպրի դիւանը, ուր նստած էին բոլոր իշխանները՝ Եղիսամա ատենադպիրը, Սամէայի որդի Դալիան, Աքոբորի որդի Եղնաթանը, Սափանիայի որդի Գամարիան, Անանիայի որդի Սեդեկիան եւ շատ ուրիշ իշխանաւորներ: 13 Միքիան նրանց հաղորդեց իր լսած այն բոլոր խօսքերը, որ մատեանից ընթերցել էր Բարուքը ի լուր ամբողջ ժողովրդի: 14 Այն ժամանակ բոլոր իշխանները Քուսիի որդի Սելոմի որդի Նաթանի որդի Յուդիին ուղարկեցին Բարուքի մօտ եւ յայտնեցին. «Այն մատեանը, որ ընթերցում էիր ի լուր ժողովրդի, ա՛ռ քո ձեռքը եւ ե՛կ այստեղ»: Ներիայի որդի Բարուքը մատեանն իր ձեռքն առաւ ու գնաց նրանց մօտ: 15 Նրան ասացին. «Հապա նորի՛ց կարդա, որ մենք էլ լսենք»: Եւ Բարուքը կարդաց, որ լսեն: 16 Իսկ երբ նրանք բոլոր պատգամները լսեցին, միմեանց հետ խորհուրդ արեցին ու ասացին Բարուքին. «Մենք այդ բոլոր բաները կհաղորդենք արքային»: 17 Բարուքին հարց տուեցին՝ ասելով. «Դէ, մեզ պատմի՛ր. որտեղի՞ց գրեցիր այդ բոլոր խօսքերը, ո՞ւմ բերանից»: 18 Բարուքը նրանց պատասխանեց. «Երեմիայի բերանից. նա է ինձ պատմել այդ բոլոր բաները, իսկ ես թանաքով գրել եմ այս մատեանի մէջ»: 19 Իշխանները Բարուքին ասացին. «Գնա թաքնուի՛ր Երեմիայի հետ. թող ոչ ոք չիմանայ, թէ որտեղ էք գտնւում»: 20 Մատեանը պահ տալով Եղիսամա ատենադպրի տանը՝ նրանք գնացին սրահ՝ արքայի մօտ, եւ արքային պատմեցին ամէն բան: 21 Իսկ արքան մատեանը բերելու ուղարկեց Յուդիին, որն այն բերեց Եղիսամա ատենադպրի տնից: Յուդին ի լուր թագաւորի եւ ի լուր թագաւորի շուրջը գտնուող բոլոր իշխանների ընթերցեց մատեանը: 22 Թագաւորը, որովհետեւ իններորդ ամիսն էր, նստած էր ձմեռային պալատում, իսկ նրա դիմաց գտնւում էր վառուող կրակարանը: 23 Ու երբ Յուդին ընթերցում էր երեք կամ չորս էջ, թագաւորը ատենադպրի զմելիով կտրում էր այն ու նետում կրակարանի կրակի մէջ, մինչեւ որ ամբողջ մատեանը կրակարանի բոցի մէջ ոչնչացաւ: 24 Թագաւորն ու նրա բոլոր պաշտօնեաները, որ լսեցին այդ բոլոր խօսքերը, չաղաչեցին եւ չպատառոտեցին իրենց պատմուճանները: 25 Եղնաթանը, Դալիան եւ Գամարիան թէպէտ յուշեցին արքային չայրել մատեանը, բայց նա նրանց չլսեց: 26 Արքան հրաման տուեց արքայորդի Յերեմիէլին, Եսրիէլի որդի Սարէային եւ Աբդիէլի որդի Սեղեմիային, որ բռնեն Բարուք ատենադպրին եւ Երեմիա մարգարէին, սակայն սրանք հեռացան ու թաքնուեցին: 27 Այն բանից յետոյ, երբ թագաւորն այրեց մատեանը, ուր Բարուքը Երեմիայի բերանից գրի էր առել նրա բոլոր խօսքերը, Տէրը խօսեց Երեմիայի հետ՝ ասելով. 28 «Նորից դու մի այլ մատեան վերցրո՛ւ եւ նրա մէջ գրի՛ր նախորդ բոլոր խօսքերը, որոնք տեղ էին գտել առաջին մատեանում, որ այրեց Յուդայի երկրի Յովակիմ արքան: 29 Իսկ Յուդայի երկրի Յովակիմ արքային էլ կասես, թէ այսպէս է ասում Տէրը. “Դու վառեցիր մատեանն այն եւ ասացիր. ինչո՞ւ նրա մէջ գրեցիր ու յայտնեցիր, թէ բաբելացիների արքան պիտի ներխուժի ու ջնջի այս երկիրը, պիտի զրկի այն մարդ ու անասունից: 30 Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում Յուդայի երկրի Յովակիմ արքայի մասին. նրա սերնդից մարդ չի մնալու, որ նստի Դաւթի աթոռին, եւ նրանց դիակները ցերեկն ընկած պիտի մնան տօթի, իսկ գիշերը՝ ցրտի մէջ: 31 Իր անօրինութիւնների համար պատժելու եմ նրան, նրա ցեղին ու նրա պաշտօնեաներին, նրանց վրայ, Երուսաղէմի բնակչութեան վրայ եւ Յուդայի երկրի վրայ բերելու եմ այն բոլոր չարիքները, որոնց մասին յայտնեցի նրանց, բայց նրանք չլսեցին”»: 32 Եւ Երեմիան մի այլ մատեան վերցրեց ու յանձնեց Ներիայի որդուն՝ Բարուք ատենադպրին, որը նրա մէջ Երեմիայի բերանից գրի առաւ այն մատեանի բոլոր խօսքերը, որ կրակի մէջ այրել էր Յուդայի երկրի արքայ Յովակիմը: Այդ մատեանի մէջ ուրիշ խօսքեր եւս աւելացան, առաւել, քան նախորդ խօսքերը:
371 Յովակիմի որդի Յեքոնիայի փոխարէն թագաւորեց Յոսիայի որդի Սեդեկիան, որին Յուդայի երկրի վրայ թագաւոր կարգեց բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան: 2 Սա, իր ծառաներն ու երկրի ժողովուրդը եւս ականջ չդրեցին Տիրոջ խօսքերին, որ նա յայտնել էր Երեմիա մարգարէի միջոցով: 3 Սեղեմիայի որդի Յովաքաղին եւ Մաասիայի որդի Սոփոնիային, որոնք քահանաներ էին, Սեդեկիա արքան ուղարկեց Երեմիա մարգարէի մօտ՝ ասելով. «Դու մեզ համար աղօթի՛ր մեր Տէր Աստծուն»: 4 Իսկ Երեմիան գնում-գալիս էր ամբոխի մէջ, եկաւ, ու նրան բանտ չէին գցել: Այն ժամանակ փարաւոնի զօրքը ելաւ Եգիպտացիների երկրից, որի մասին լսելով՝ քաղդէացիները, որոնք պաշարել էին Երուսաղէմը, հեռացան Երուսաղէմից: 5 Տէրը խօսեց Երեմիա մարգարէի հետ եւ ասաց. 6 «Այսպէս է ասում Տէր Աստուածն Իսրայէլի. “Այսպէս կասէք Յուդայի երկրի արքային, որն ինձ մօտ է ուղարկել ձեզ՝ խնդրելու այս բանը. ահա փարաւոնի զօրքը, որը եկել է ձեզ օգնութեան, նորից պիտի վերադառնայ Եգիպտոս, 7 իսկ քաղդէացիները կրկին պիտի վերադառնան այստեղ. պիտի պատերազմեն այս քաղաքի դէմ, պիտի գրաւեն եւ հրով պիտի այրեն այն”»: 8 Այսպէս է ասում Տէրը. «Դուք ձեզ մի՛ խաբէք այն բանով, թէ՝ “Քաղդէացիները ելան հեռացան մեզնից”: Նրանք ձեզնից ձեռք չեն քաշելու: 9 Անգամ եթէ ձեզ հետ կռուող քաղդէացիների ամբողջ զօրքը կոտորէք, այն վիրաւորները, որոնք մնալու են նրանցից, ամէն կողմից պիտի բորբոքուեն ու հրով այրեն այս քաղաքը»: 10 Երբ քաղդէացիների բանակը եգիպտացիների զօրքերի ահից հեռացաւ Երուսաղէմից, 11 Երեմիան դուրս եկաւ Երուսաղէմից, որպէսզի գնայ Բենիամինի երկիրը եւ այնտեղ, ժողովրդի մէջ, գնի իր բաժին հողը: 12 Նա եկաւ հասաւ Բենիամինի դուռը: Այդտեղ մի մարդ կար, որին հանդիպեց նա, անունը՝ Սարու, Անանիայի որդի Սեղեմիայի տղան: Սա բռնեց Երեմիա մարգարէին՝ ասելով. «Դու փախել ես եւ ուզում ես քաղդէացիների մօտ գնալ»: 13 Իսկ Երեմիան ասաց. «Սուտ ես ասում, ես չեմ փախչում քաղդէացիների մօտ»: Բայց նա չլսեց նրան: Սարուն Երեմիային ձերբակալեց եւ բերեց իշխանների մօտ: 14 Իշխանները զայրացան Երեմիայի վրայ, գանահարեցին ու բանտարկեցին նրան Յովնաթան ատենադպրի ապարանքում, քանի որ սրա ապարանքը բանտի էին վերածել: 15 Երեմիան ընկաւ Այերինոթ՝ այն տունը, որտեղ գուբն էր: Այդտեղ Երեմիան անցկացրեց երկար օրեր: 16 Սեդեկիա արքան մարդ ուղարկեց ու կանչեց նրան: Իր տան մէջ թագաւորը ծածուկ հարցրեց նրան՝ ասելով. «Տիրոջ կողմից որեւէ պատգամ չկա՞յ արդեօք»: Իսկ Երեմիան ասաց՝ այո՛, կայ: Ապա ասաց. «Բաբելացիների թագաւորի ձեռքը պիտի մատնուես: 17 Քո եւ քո պաշտօնեաների ու ժողովրդի հանդէպ ի՞նչ մեղք գործեցի,– ասաց Երեմիան Սեդեկիա թագաւորին,– որ դու ինձ բանտ ես նստեցրել: 18 Իսկ ո՞ւր են ձեր այն մարգարէները, որոնք մարգարէութիւն էին անում ու ասում, թէ բաբելացիների արքան չի գալու այս երկիրը՝ ձեզ վրայ: 19 Արդ, լսի՛ր, աղաչում եմ, տէ՛ր իմ արքայ, թող աղերսանքս հասնի քո սրտին. ինչո՞ւ ես ինձ նորից յետ դարձնում Յովնաթան ատենադպրի տունը, որ այնտեղ մեռնեմ»: 20 Սեդեկիա արքան հրաման արձակեց, եւ նրան գցեցին բանտի գաւիթը: Նրան դրսից հացագործներն օրը մի նկանակ հաց էին տալիս, մինչեւ որ հացը քաղաքից բոլորովին կտրուեց: Եւ Երեմիան մնաց բանտի գաւթում:
381 Մատթանի որդի Սափատիան, Պասքորի որդի Գոդողիան, Սեղեմիայի որդի Յովաքաղը եւ Մելքիայի որդի Պասքորը լսեցին Երեմիայի խօսքերը, որ նա ասում էր ամբողջ ժողովրդին, թէ՝ 2 այսպէս է ասում Տէրը. «Ով որ մնայ այս քաղաքում, սրով, սովով ու ժանտախտով պիտի մեռնի, իսկ ով գնայ քաղդէացիների մօտ, պիտի ապրի. նրա համար իր հոգին վերագտնուածի պէս պիտի լինի, նա պիտի փրկուի»: 3 Այսպէս է ասում Տէրը. «Այդ քաղաքը պիտի մատնուի բաբելացիների թագաւորի զօրքի ձեռքը, պիտի գրաւեն դա»: 4 Եւ իշխաններն ասացին թագաւորին. «Թող սպանուի այս մարդը, որովհետեւ այդպիսով նա թուլացնում է բազուկները կռուող մարդկանց, որոնք մնացել են այս քաղաքում, եւ բազուկները ամբողջ ժողովրդի՝ այդպիսի խօսքեր ասելով նրան. այս մարդը ոչ թէ օգուտի եւ խաղաղութեան խօսքեր է ասում ժողովրդին, այլ՝ չարութեան»: 5 Իսկ Սեդեկիա արքան, ամենեւին ձեռնհաս չլինելով նրանց դէմ որեւէ բան անելու, ասաց. «Ահա նա ձեր ձեռքում է»: 6 Առան Երեմիային եւ նրան գցեցին թագաւորի որդի Մելքիայի գուբը, որ գտնւում էր բանտի գաւթում: Երեմիային պարաններով իջեցրին գուբը: Իսկ գբի մէջ բոլորովին ջուր չկար, այլ լոկ տիղմ էր: Երեմիան մնաց տիղմի մէջ: 7 Եթովպացի Աբդիմելէքը՝ ներքինի մի մարդ, որը թագաւորի ապարանքում էր, լսեց, որ Երեմիային գցել էին գուբը: Արքան նստած էր Բենիամինի դռանը, 8 երբ թագաւորական ապարանքից նրա մօտ գնաց Աբդիմելէքը, խօսեց թագաւորի հետ ու ասաց. 9 «Տէ՛ր արքայ, այդպէս վարուելով Երեմիա մարգարէի հետ՝ այդ մարդիկ, ըստ ամենայնի, չարիք գործեցին, որովհետեւ նրան նետեցին գուբը, որի ներսում նա մեռնելու է: Դու չարիք գործեցիր՝ սովի միջոցով մահուան մատնելով Աստծոյ մարդուն, քանզի այս քաղաքում հաց չկայ»: 10 Թագաւորը եթովպացի Աբդիմելէքին հրաման տուեց ու ասաց. «Այստեղից դու քեզ հետ վերցրո՛ւ երեսուն մարդ, մարգարէին հանեցէ՛ք այն գբից, որպէսզի չմեռնի»: 11 Աբդիմելէքն իր հետ վերցրեց մարդկանց, գնաց թագաւորի ապարանքը, գետնափոր գանձատունը, այնտեղից առաւ հին կապերտներ ու հին պարաններ եւ դրանք իջեցրեց Երեմիայի մօտ՝ գբի մէջ: 12 Աբդիմելէք Եթովպացին Երեմիային ասաց. «Հին կապերտներն ու բրդերը դի՛ր քո թեւատակերին՝ պարանների տակ»: 13 Երեմիան այդպէս էլ արեց: Նրան պարաններով քաշեցին եւ հանեցին գբից: Երեմիան նստեց բանտի գաւթի մէջ: 14 Սեդեկիա արքան մարդ ուղարկեց եւ մարգարէին կանչեց իր մօտ՝ Ասսալիսայի կացարանը, որը գտնւում էր Տիրոջ տաճարի մէջ: Արքան նրան ասաց. «Մի բան պիտի հարցնեմ քեզ, բայց չլինի թէ ինձնից պահես»: 15 Իսկ Երեմիան թագաւորին ասաց. «Եթէ պատմեմ քեզ, արդեօք ինձ մահով չե՞ս մեռցնի, իսկ եթէ քեզ որեւէ խրատ տամ, ինձ չե՞ս լսի»: 16 Սեդեկիա արքան գաղտնի երդում տուեց նրան եւ ասաց. «Կենդանի է Տէրը, որ մեր մէջ այս շունչն է արարել. քեզ չեմ սպանելու եւ չեմ մատնելու այն մարդկանց ձեռքը, որոնք քո հոգին են պահանջում»: 17 Երեմիան նրան ասաց. «Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. “Եթէ ելնես գնաս բաբելացիների արքայի զօրավարի մօտ, ապա քո անձը ողջ կմնայ, եւ այս քաղաքը հրով չի այրուի. կապրէք դու էլ, քո տունն էլ: 18 Իսկ եթէ չգնաս բաբելացիների արքայի իշխանների մօտ, այս քաղաքը կմատնուի քաղդէացիների ձեռքը, հրով կայրեն դա, ու դու նրանց ձեռքից չես փրկուի”»: 19 Սեդեկիա արքան Երեմիային ասաց. «Ես կասկած ունեմ քաղդէացիների մօտ փախած հրեաների նկատմամբ. գուցէ ինձ մատնեն նրանց ձեռքը, եւ նրանք ծաղրուծանակի ենթարկեն ինձ»: 20 Իսկ Երեմիան ասաց. «Չեն մատնի քեզ, սակայն լսի՛ր Տիրոջ խօսքերը, որ ես յայտնում եմ քեզ. քեզ համար լաւ կլինի, եւ քո անձը կփրկուի: 21 Իսկ եթէ չկամենաս գնալ, ապա արդիւնքը կլինի այն բանը, ինչ Տէրն ինձ ցոյց է տուել: 22 Ահաւասիկ այն բոլոր կանայք, որոնք մնացել են քո՝ Յուդայի երկրի թագաւորիդ տանը, պիտի տարուեն բաբելացիների արքայի իշխանների մօտ: Նրանք պիտի ասեն. “Մարդիկ, որոնք քեզ հետ հաշտութեան մէջ էին, քեզ խաբեցին եւ յաղթեցին, մոլորութեան մէջ գցեցին քո ոտքերը եւ երես դարձրին քեզնից: 23 Քո բոլոր կանանց ու որդիներին պիտի հանեն տանեն քաղդէացիների մօտ, եւ դու էլ նրանց ձեռքից չես փրկուելու, որովհետեւ բաբելացիների թագաւորի ձեռքով պիտի բռնուես, իսկ այս քաղաքը պիտի այրուի հրով”»: 24 Եւ թագաւորը նրան ասաց. «Ո՛վ դու մարդ, թող ոչ ոք չիմանայ այդ բաների մասին, թէ չէ կմեռնես: 25 Իսկ եթէ իշխանները լսեն, որ խօսեցի քեզ հետ, եւ գան քեզ մօտ ու ասեն՝ “Պատմի՛ր մեզ՝ ի՞նչ խօսեցիր արքայի հետ, մեզնից մի՛ թաքցրու, մենք քեզ չենք սպանի”, կամ թէ՝ “Արքան քեզ ի՞նչ ասաց”, 26 ապա նրանց կասես. “Ես գութ աղերսեցի արքայի առաջ, որ ինձ նորից յետ չդարձնի Յովնաթանի տունը, որ այնտեղ մեռնեմ”»: 27 Եւ բոլոր իշխանները եկան Երեմիայի մօտ ու հարցուփորձ արեցին նրան. նա պատմեց նրանց այն ամէնը, ինչ պատուիրել էր նրան թագաւորը, ու նրան հանգիստ թողեցին, որովհետեւ ոչինչ յայտնի չդարձաւ: 28 Ու Երեմիան նստեց բանտի գաւթում մինչեւ այն ժամանակ, երբ Երուսաղէմը գրաւուեց:
391 Իսկ Երուսաղէմը գրաւուելու ժամանակ, Յուդայի երկրի Սեդեկիա արքայի իններորդ տարում, տասներորդ ամսին, բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան ինքը իր ամբողջ զօրքով եկաւ հասաւ Երուսաղէմ եւ պաշարեց այն: 2 Սեդեկիայի տասնմէկերորդ տարում, չորրորդ ամսին, ամսի իններորդ օրը, քաղաքը ճեղք տուեց, 3 եւ բաբելացիների արքայի բոլոր զօրավարները՝ Ներգէլը, Սարասարը, Սարմագադը, Նաբուսարսեքիմը, Ռափսարիսը եւ Ներգէլը, Սարասարը, Ռաբմագը ու բաբելացիների արքայի այլ իշխաններ, մտան եւ բազմեցին միջին դռան առաջ: 4 Իսկ երբ Յուդայի երկրի Սեդեկիա արքան եւ բոլոր կռուող մարդիկ տեսան նրանց, գիշերով փախան եւ արքունի այգու ճանապարհով, պարիսպների միջեւ գտնուող դարպասով, ելան քաղաքից, դուրս եկան Արաբիայի ճանապարհը: 5 Նրանց հետապնդեցին քաղդէացիների զօրքերը եւ Երիքովի Արաբոթում հասան Սեդեկիային, բռնեցին նրան ու բերեցին Եմաթի երկիրը՝ Դեբլաթա, բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի առաջ, որը նրա հետ դատաստան տեսաւ: 6 Բաբելացիների արքան Դեբլաթայում Սեդեկիայի առաջ սպանեց նրա որդիներին: Բաբելացիների արքան նաեւ կոտորեց Յուդայի երկրի ողջ ազատանուն, 7 իսկ Սեդեկիայի աչքերը կուրացրեց, կապեց նրան պղնձէ շղթաներով, որպէսզի նրան տանեն Բաբելոն: 8 Քաղդէացիները հրով այրեցին թագաւորի տունն ու ժողովրդի տները, քանդեցին Երուսաղէմի պարիսպները: 9 Ժողովրդի մնացած մասին, քաղաքում մնացածներին եւ իրենց կողմն անցածներին, ինչպէս եւ ժողովրդի թափթփուկներին Նաբուզարդան դահճապետը քշեց Բաբելոն: 10 Աղքատ ու ընչազուրկ ժողովրդին Նաբուզարդան դահճապետը թողեց դարձեալ Յուդայի երկրում եւ նոյն օրն իսկ նրանց տուեց այգիներ ու ջրարբի հողեր: 11 Իսկ Երեմիային բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան յանձնելով Նաբուզարդան դահճապետի ձեռքը՝ պատուիրեց նրան ուասաց. 12 «Վերցրո՛ւ դրան, աչքդ պահի՛ր դրա վրայ. ոչ մի վատ բան չանես դրան, այլ ինչ որ քեզ ասի, կանես դրա համար»: 13 Ապա Նաբուզարդան դահճապետին ու Նաբուսազաբան ներքինապետին, Ներգէլին, Սարասարին, Ռոբոգոմին ու բաբելացիների արքայի բոլոր մեծամեծներին ուղարկեցին Երեմիայի մօտ, 14 նրան հանեցին բանտից եւ յանձնեցին Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային. նրան տարան մի տուն, եւ նա ապրում էր ժողովրդի մէջ: 25 Մինչ Երեմիան բանտի գաւթում նեղութեան մէջ էր, Տէրը խօսեց նրա հետ եւ ասաց. 16 «Գնա յայտնի՛ր Աբդիմելէք Եթովպացուն, թէ այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. “Ահա ես այդ քաղաքի մասին ասած իմ խօսքը պիտի գործադրեմ չարիքի եւ ոչ թէ բարիքի համար. դա պիտի կատարուի այն օրը՝ քո աչքի առաջ: 17 Իսկ քեզ այդ օրը պիտի փրկեմ,“” ասում է Տէրը:– Քեզ ոչ թէ պիտի տամ այն մարդկանց ձեռքը, որոնցից դու երկնչում ես, 18 այլ անպայման պիտի ազատեմ քեզ. դու սրով չպիտի ընկնես, եւ քո անձը քեզ համար պիտի լինի վերստին գտնուած, քանզի դու յոյսդ ինձ վրայ դրեցիր”»,– ասում է Տէրը:
401 Սա է այն խօսքը, որ Տէրն ուղղեց Երեմիային այն բանից յետոյ, երբ Նաբուզարդան դահճապետը նրան ազատ արձակեց Ռամայում: Նրան, ձեռքերը շղթայակապ, վերցրին Երուսաղէմի եւ Յուդայի երկրի բոլոր գերիների միջից, որոնց քշում էին Բաբելոն: 2 Առաւ նրան դահճապետն ու ասաց. «Քո Տէր Աստուածը հէնց այս տեղի համար բարբառեց այդ չարութիւնների մասին: 3 Տէրը սպառնաց եւ կատարեց այնպէս, ինչպէս խօսել էր, քանզի մեղանչեցիք Տիրոջ հանդէպ եւ ականջ չդրեցիք նրա ձայնին, որի համար էլ այդ բանը պատահեց ձեզ հետ: 4 Եւ ահա այժմ արձակեցի քեզ այն կապանքներից, որոնք քո ձեռքերին էին. եթէ քեզ համար հաճելի ես գտնում ինձ հետ գալ Բաբելոն, արի՛, աչք կպահեմ քեզ վրայ, իսկ եթէ քո աչքին վատ է թւում ինձ հետ գալ Բաբելոն, մնա՛ այստեղ: Ահա այս ամբողջ երկիրը բարիքներով քո առաջ է. ուր որ հաճելի է քեզ, այնտեղ էլ գնա՛: 5 Քանի դեռ ես այստեղ եմ, գնա՛, ում մօտ որ կամենում ես: Վերադարձի՛ր Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիայի մօտ, որին բաբելացիների արքան Հրէաստանի՝ քո երկրի վրայ իշխան կարգեց. նրա հետ կբնակուես ժողովրդի մէջ: Իսկ եթէ չես ուզում, քո աչքին ուր որ դուր է գալիս գնալ, գնա՛»: Ապա դահճապետը նրան պաշար ու պարգեւներ տուեց եւ արձակեց: 6 Երեմիան գնաց Մասեփա՝ Աքիկամի որդի Գոդողիայի մօտ, եւ բնակուեց այնտեղ՝ երկրում մնացած ժողովրդի մէջ: 7 Բոլոր զօրքերի հրամանատարները, որոնք գտնւում էին դաշտում, իրենք ու իրենց զօրքերը լսեցին, որ բաբելացիների արքան երկրին վերակացու է կարգել Աքիկամի որդի Գոդողիային՝ նրան յանձնելով տղամարդկանց ու կանանց եւ մեծաթիւ ժողովրդի, ինչպէս եւ երկրի բնակչութեան աղքատ մասին, որոնց չէր գաղթեցրել Բաբելոն: 8 Իրենց հետ եղած մարդկանցով Գոդողիայի մօտ Մասեփա եկան Նաթանի որդի Իսմայէլը, Կարէի որդիներ Յովնանն ու Յովնաթանը, Թանաթէմի որդի Սարեան, Նետոփատի որդի Օփերի որդիներն ու Մաքաթիի որդի Յեզոնիան: 9 Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիան նրանց ու նրանց հետ եղած մարդկանց երդում տուեց ու ասաց. «Մի՛ վախեցէք քաղդէացի պաշտօնեաներից, ապրեցէ՛ք այս երկրում, հարկատո՛ւ դարձէք բաբելացիների արքային, եւ ձեզ համար լաւ կլինի: 10 Ես էլ ահաւասիկ մնում եմ Մասեփայում, որպէսզի դէմ կանգնեմ այն քաղդէացիներին, որոնք կյարձակուեն ձեզ վրայ: Իսկ դուք գինի ու միրգ մթերեցէ՛ք, ձեր ամանների մէջ իւղ կուտակեցէ՛ք եւ բնակուեցէ՛ք ձեր քաղաքներում, որոնք դուք քաջութեամբ պահեցիք»: 11 Եւ բոլոր հրեաները, որոնք Մովաբացիների երկրում էին եւ ամոնացիների մէջ, որոնք Եդոմում էին, ոմանք էլ՝ տարբեր երկրներում, լսեցին, որ բաբելացիների արքան ժողովրդի մի մասը թողել է Հրէաստանում եւ նրանց վրայ վերակացու է դրել Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային, 12 այդ բոլոր հրեաներն ամէն տեղից, ուր ցրուած էին, եկան Յուդայի երկիրը՝ Մասեփա, Գոդողիայի մօտ, եւ չափազանց շատ գինի ու միրգ մթերեցին: 13 Կարէի որդի Յովնանն ու զօրքերի բոլոր հրամանատարները եւս, որոնք ուրիշ տեղ էին գտնւում, Մասեփայում ներկայացան Գոդողիային եւ ասացին նրան. 14 «Գիտե՞ս այն մասին, որ ամոնացիների Բայաելիս թագաւորը Նաթանի որդի Իսմայէլին ուղարկել է քեզ մօտ, որպէսզի սպանի քեզ»: Բայց Աքիկամի որդի Գոդողիան չհաւատաց նրանց: 15 Ապա Կարէի որդի Յովնանը Մասեփայում Գոդողիային գաղտնի ասաց. «Թո՛յլ տուր գնամ սպանեմ Նաթանի որդի Իսմայէլին, ու ոչ ոք թող չիմանայ. գուցէ մի օր նա սպանի քեզ, եւ հրեաները, որոնք հաւաքուած են քեզ մօտ, ցրուեն, ու Յուդայի երկրի մնացորդներն էլ կորչեն»: 16 Իսկ Աքիկամի որդի Գոդողիան Կարէի որդի Յովնանին ասաց. «Մի՛ արայ, ինչպէս ասացիր, քանզի Իսմայէլի մասին դու սուտ խօսեցիր»:
411 Պատահեց այնպէս, որ եօթերորդ ամսին թագաւորազարմ Եղիսամայի որդի Նաթանի որդի Իսմայէլը թագաւորի պաշտօնեաների եւ տասը մարդու ուղեկցութեամբ եկաւ Մասեփա՝ Աքիկամի որդի Գոդողիայի մօտ, եւ նրանք միասին հաց կերան Մասեփայում: 2 Ապա Նաթանի որդի Իսմայէլն իր հետ եղած տասը տղամարդկանցով վեր կացաւ, սրով հարուածեց Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային եւ սպանեց նրան, որին բաբելացիների արքան երկրի վրայ վերակացու էր դրել: 3 Բոլոր հրեաներին եւս, որոնք Գոդողիայի հետ Մասեփայում էին, ինչպէս նաեւ այնտեղ գտնուած բոլոր քաղդէացիներին, որոնք պատերազմող մարդիկ էին, Իսմայէլը կոտորեց: 4 Իսկ Գոդողիայի սպանութեան յաջորդ օրը, երբ դեռ ոչ ոք այդ մասին չգիտէր, 5 Սիւքէմից, Սաղէմից եւ Շամրինից մարդիկ եկան՝ ութսուն տղամարդ, մօրուքները սափրած, զգեստները պատառոտած, կոծ անելով, ձեռքներին ընծաներ եւ կնդրուկ, որպէսզի տանեն Տիրոջ տունը: 6 Մասեփայում նրանց ընդառաջ ելաւ Նաթանի որդի Իսմայէլը. նա գնում էր ու լաց լինում: Իսկ երբ մօտեցաւ նրանց, ասաց. «Մտէ՛ք Աքիկամի որդի Գոդողիայի մօտ»: 7 Հէնց որ քաղաքամէջ հասան, Նաթանի որդի Իսմայէլն իր հետ եղած մարդկանցով քաղաքի մէջ կոտորեց նրանց եւ լցրեց ջրհորը: 8 Այնտեղ տասը մարդ կար, որոնք ասացին Իսմայէլին. «Մեզ մի՛ սպանիր, որովհետեւ մենք դաշտում գանձեր ունենք՝ ցորեն ու գարի, մեղր ու իւղ»: Նա զիջեց, ընկերների միջից միայն նրանց չսպանեց: 9 Իսկ ջրհորը, որի մէջ Իսմայէլը լցրել էր այն բոլոր մարդկանց դիակները, որոնց կոտորել էր Գոդողիայի պատճառով, մի մեծ ջրհոր էր, որը Իսրայէլի Բաասա արքայի վախից շինել էր Ասա արքան. Նաթանի որդի Իսմայէլն այն լցրեց սպանուածներով: 10 Իսմայէլը գերեվարեց Մասեփայում մնացած ամբողջ ժողովրդին եւ թագաւորի դուստրերին՝ Մասեփայում եղած ժողովրդի թափթփուկների հետ միասին, որոնց Նաբուզարդան դահճապետը յանձնել էր Աքիկամի որդի Գոդողիային: Նաթանի որդի Իսմայէլը առաւօտ կանուխ ելաւ գնաց միւս կողմը՝ ամոնացիների մօտ: 11 Երբ Կարէի որդի Յովնանը եւ զօրքերի բոլոր հրամանատարները, որոնք նրա հետ էին, լսեցին այն բոլոր չարիքների մասին, որ գործել էր Նաթանի որդի Իսմայէլը, հաւաքեցին իրենց բոլոր զինուորներին 12 եւ շարժուեցին, որպէսզի գնան, պատերազմ մղեն Նաթանի որդի Իսմայէլի դէմ: Նրան հանդիպեցին Գաբաւոնում՝ յորդ ջրերի մօտ: 13 Իսկ երբ Իսմայէլի հետ եղած ամբողջ ժողովուրդը նկատեց Կարէի որդի Յովնանին եւ բոլոր զօրապետներին, որ նրա հետ էին, ուրախացաւ: 14 Ամբողջ ժողովուրդը, որին Իսմայէլը գերել էր Մասեփայում, անցաւ նրանց կողմը, եկաւ Կարէի որդի Յովնանի մօտ: 15 Բայց Նաթանի որդի Իսմայէլը ութ տղամարդու հետ փրկուեց Յովնանի ձեռքից եւ ընկաւ ամոնացիների մօտ: 16 Ապա Կարէի որդի Յովնանն ու բոլոր զօրապետները, որ նրա հետ էին, Մասեփայից վերցրին ժողովրդի այն մասը, որ մնացել էր, ազատեցին նրանց Նաթանի որդի Իսմայէլի ձեռքից այն բանից յետոյ, երբ սա սպանեց Աքիկամի որդի Գոդողիային, Գաբաւոնացիների երկրից առան հզօր ու պատերազմող մարդկանց, կանանց, տղամարդկանց ու ներքինիներին, 17 գնացին ու կանգ առան Բերութքամամ երկրում՝ Բեթղահէմի դիմաց, որպէսզի քաղդէացիների երկիւղից անցնեն գնան Եգիպտացիների երկիրը: 18 Նրանք վախենում էին նրանցից, քանի որ Իսմայէլը սպանել էր Աքիկամի որդի Գոդողիային, որին բաբելացիների արքան երկրի վրայ կառավարիչ էր կարգել:
421 Բոլոր զօրապետները, Կարէի որդի Յովնանը, Օսէի որդի Յեզոնիան եւ ամբողջ ժողովուրդը՝ փոքրից մինչեւ մեծ, մօտեցան ու ասացին Երեմիա մարգարէին. 2 «Թող մեր աղերսն ընդունելի լինի քո առաջ. մեզ համար՝ այս մնացորդներիս համար, աղօթի՛ր քո Տէր Աստծուն: Շատերից այս քչերս ենք մնացել, ինչպէս դու տեսնում ես մեզ քո աչքերով: 3 Թող քո Տէր Աստուածը մեզ ցոյց տայ ճանապարհը, որով ընթանանք, կամ այն բանը, որ կատարենք»: 4 Իսկ Երեմիա մարգարէն նրանց ասաց. «Լսեցի. ձեր խնդրանքի համար այժմ ես աղօթքի կկանգնեմ մեր Տէր Աստծոյ առաջ, եւ Տէրն ինչ պատասխան որ տայ, կյայտնեմ ձեզ. ոչ մի բան ձեզնից չեմ պահի»: 5 Իսկ նրանք Երեմիային ասացին. «Թող Տէրը մեզ համար արդար ու ճշմարիտ վկայ լինի, եթէ ամէն բան չանենք ըստ այն խօսքի, որ Տէրը կուղարկի քեզ մեզ համար: Մենք այնպէս կանենք: 6 Մենք կանսանք մեր Տէր Աստծոյ ձայնին, որի մօտ ենք ուղարկում քեզ, այն բարի լինի թէ չար, որպէսզի մեզ համար լաւ լինի: Մենք կանսանք մեր Տէր Աստծոյ ձայնին»: 7 Երբ անցել էր տասը օր, Աստուած խօսեց Երեմիայի հետ, 8 որը կանչեց Կարէի որդի Յովնանին, բոլոր զօրապետներին, որոնք նրա հետ էին, եւ ամբողջ ժողովրդին՝ փոքրից մինչեւ մեծ, 9 ու ասաց նրանց. «Այսպէս է ասում Տէր Աստուածն Իսրայէլի, որի մօտ ուղարկեցիք ինձ, որպէսզի գութ աղերսեմ նրա առաջ. 10 “Եթէ մնաք այս երկրում, ձեզ կշէնացնեմ եւ ոչ թէ կքանդեմ, ձեզ կտնկեմ եւ ոչ թէ արմատախիլ կանեմ, որովհետեւ մեղմացել եմ այն չարութիւնից, որ ասացի, թէ ձեր նկատմամբ պիտի անեմ: 11 Մի՛ վախեցէք բաբելացիների արքայից, որից զարհուրած էիք, չվախենաք նրանից,– ասում է Տէրը,– քանզի ես ձեզ հետ եմ, որպէսզի փրկեմ ձեզ եւ ազատեմ նրանց ձեռքից: 12 Կգթամ ձեզ, կողորմեմ ձեզ ու կվերադարձնեմ ձեզ ձեր երկիրը: 13 Իսկ եթէ ասէք՝ "Չենք բնակուի այս երկրոմ եւ չենք անսայ մեր Տէր Աստծոյ ձայնին, 14 այլ կգնանք Եգիպտացիերի երկիրը, որտեղ պատերազմ չենք տեսնի, շեփորի ձայն չենք լսի, հացից քաղցած չենք մնայ, եւ այնտեղ կապրենք", 15 ապա այդ մասին լսեցէ՛ք Տիրոջ պատգամները, ո՛վ Հրէաստանի մնացորդներ:– Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը.– եթէ դուք երեսներդ շուռ տաք ու մտնէք Եգիպտոս, որպէսզի այնտեղ բնակուէք, 16 ապա այն սուրը, որից դուք վախենում էք, այնտեղ, Եգիպտացիների երկրում, պիտի գտնի ձեզ, եւ այն սովը, որից տագնապում էք, այնտեղ, Եգիպտացիների երկրում, պիտի հասնի ձեզ, եւ այնտեղ պիտի մեռնէք: 17 Բոլոր մարդիկ, որոնք կդիմեն ու կանցնեն Եգիպտացիների երկիրը, որպէսզի բնակուեն այնտեղ, սրով, սովով ու ժանտախտով պիտի մեռնեն, նրանցից ոչ ոք չպիտի կարողանայ փրկուել այն չարիքներից, որ բերելու եմ նրանց գլխին”: 18 Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. “Ինչպէս որ իմ զայրոյթն ու բարկութիւնը թափուեց Երուսաղէմի բնակիչների վրայ, նոյնպէս էլ իմ զայրոյթը պիտի թափուի ձեզ վրայ, երբ դուք մտնէք Եգիպտոս: Պիտի լինէք անապատում, վտարանդի, նզովուած ու նախատուած, այլեւս չպիտի տեսնէք այս վայրերը”, 19 ինչպէս ասաց Տէրը ձեզ՝ Յուդայի երկրի մնացորդներիդ, թէ՝ “Չմտնէք Եգիպտոս”: Բայց այժմ լա՛ւ իմացէք, այսօր ձեր առաջ վկայում եմ, 20 որ մեղք գործեցիք ձեր հոգու դէմ, քանի որ ինձ ուղարկեցիք ձեր Տէր Աստծոյ մօտ՝ ասելով. “Մեզ համար աղօթի՛ր մեր Տէր Աստծուն, եւ այն ամէնը, ինչ որ մեր Տէր Աստուածը խօսի քեզ հետ, նոյն ձեւով յայտնի՛ր մեզ, ու մենք կկատարենք”: 21 Եւ ես յայտնեցի ձեզ այսօր, բայց դուք ձեր Տէր Աստծոյ ձայնին չանսացիք, որի համար նա ինձ ձեզ մօտ էր ուղարկել: 22 Արդ, իմացէ՛ք, որ սրով, սովով ու ժանտախտով պիտի մեռնէք նոյն այն տեղում, ուր դուք կամենում էք գնալ ու բնակուել»:
431 Երբ Երեմիան վերջացրեց ամբողջ ժողովրդին յայտնել նրա Տէր Աստծոյ բոլոր խօսքերը, որոնք նրան էր յղել Տէր Աստուած, 2 այն ժամանակ Օսէի որդի Յեզոնիան, Կարէի որդի Յովնանը եւ բոլոր ամբարտաւան մարդիկ Երեմիային ասացին. «Դու սուտ ես խօսում. մեր Տէր Աստուածը քեզ չի ուղարկել մեզ մօտ՝ ասելու, թէ՝ “Մի՛ մտէք Եգիպտոս այնտեղ բնակուելու համար”, 3 այլ քեզ մեր դէմ է գրգռում Ներիայի որդի Բարուքը, որպէսզի մեզ մատնես քաղդէացիների ձեռքը, որ կոտորեն եւ գերի տանեն մեզ Բաբելոն»: 4 Կարէի որդի Յովնանը, բոլոր զօրապետներն ու ամբողջ ժողովուրդը չանսացին Տիրոջ ձայնին՝ բնակուելու Յուդայի երկրում: 5 Կարէի որդի Յովնանը եւ բոլոր զօրապետներն առան Յուդայի երկրի բոլոր մնացորդներին, որոնք Յուդայի երկրում ապրելու համար վերադարձել էին այն բոլոր ազգերի մօտից, ուր ցրուած էին նրանք, 6 տղամարդկանց, կանանց ու մանուկներին, թագաւորի դուստրերին եւ այն անձանց, որոնց Նաբուզարդան դահճապետը թողել էր Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիայի մօտ, ինչպէս եւ Երեմիա մարգարէին ու Ներիայի որդի Բարուքին, 7 եւ գնացին Եգիպտացիների երկիրը, որովհետեւ չանսացին Տիրոջ ձայնին, եւ հասան Տափնաս: 8 Տափնասում Տէրն իր խօսքն ուղղեց Երեմիային եւ ասաց. 9 «Դու մեծ-մեծ քարե՛ր վերցրու, թաղի՛ր Տափնասում՝ աղիւսատան թաքստոցի մէջ, փարաւոնի ապարանքի մուտքի մօտ, ի տես Յուդայի երկրի մարդկանց 10 եւ ասա՛ նրանց. “Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. ահաւասիկ ես կուղարկեմ ու կբերեմ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքային՝ իմ ծառային, որն իր գահը պիտի կանգնեցնի այդ քարերի վրայ, որոնք դու թաքցրիր: Դրանց վրայ կանգնած՝ նա պիտի կապի իր զէնքերը, 11 պիտի գայ ու հարուած հասցնի Եգիպտացիների երկրին. ում մահ է վիճակուած, պիտի դատապարտի մահուան, ում գերութիւն՝ գերութեան, ում սուր՝ սրի: 12 Նրանց աստուածների տան մէջ կրակ պիտի գցի, պիտի այրի նրանց ու գերի տանի: Պիտի քրքրի Եգիպտացիների երկիրը, ինչպէս հովիւն է քրքրում իր հագուստները, եւ այդտեղից հանգիստ պիտի դուրս գայ: 13 Պիտի խորտակի Եգիպտացիների երկրում գտնուող Արեգ քաղաքի սիւները եւ նրանց աստուածների մեհեաններն այրի հրով”»:
441 Տէրը Երեմիայի միջոցով խօսեց բոլոր հրեաների մասին, որոնք բնակւում էին Եգիպտացիների երկրում, գտնւում էին Մագդողում, Տափնասում, Մեմփիսում եւ Պաթուրէս երկրում, ու ասաց. 2 այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Դուք ինքներդ գիտէք այն բոլոր չարիքները, որ բերեցի Երուսաղէմի վրայ եւ ամբողջ Հրէաստանի քաղաքների վրայ: 3 Ահա դրանք այսօր ամայի են բնակիչներից այն չարութիւնների պատճառով, որ նրանք կատարեցին ինձ դառնացնելու համար, քանզի գնացին խունկ ծխելու եւ պաշտելու օտար աստուածներին, որոնց դուք եւ ձեր հայրերը չէիք ճանաչում: 4 Ու ես միշտ էլ կանխաւ ձեզ մօտ ուղարկեցի իմ բոլոր ծառաներին՝ մարգարէներին, եւ ասացի, թէ մի՛ արէք այդ պիղծ բաները, որ ես ատում եմ: 5 Բայց նրանք չլսեցին ինձ եւ չհնազանդուեցին, որ դարձի գան իրենց չարութիւններից, խունկ չծխեն օտար աստուածներին: 6 Եւ իմ բարկութիւնն ու զայրոյթը թափուեց ու բորբոքուեց Յուդայի երկրի քաղաքներում եւ Երուսաղէմի հրապարակներում, որոնք աւեր ու անապատ դարձան, ինչպէս այսօր են: 7 Արդ, այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. ինչո՞ւ ձեր հոգիների առաջ մեծամեծ մեղքեր էք գործում, որ Յուդայի երկրի միջից ջնջէք ձեր տղամարդուն, կնոջն ու ծծկեր մանկանը, որ ձեզնից որեւէ մէկը չմնայ, 8 ձեր ձեռքի գործերով ինձ դառնութիւն պատճառէք եւ Եգիպտացիների երկրում, ուր դուք գնացել էք բնակուելու, խնկարկէք օտար աստուածներին, որ բնաջնջուէք եւ անէծքի ու նախատինքի առարկայ դառնաք աշխարհի բոլոր ազգերի մէջ, 9 որովհետեւ դուք մոռացութեան չտուեցիք ձեր հայրերի չար գործերը, Յուդայի երկրի թագաւորների չարութիւնները, նրանց կանանց չարութիւնները, ձեր չարութիւնները եւ ձեր կանանց չարութիւնները, որ նրանք կատարեցին Յուդայի երկրում եւ Երուսաղէմի հրապարակներում: 10 Մինչեւ այսօր նրանք յետ չկանգնեցին, չվախեցան եւ ոչ էլ հաւատարիմ մնացին իմ օրէնքին ու պատուիրաններին, որ դրեցի ձեր աչքի առաջ եւ ձեր հայրերի աչքի առաջ: 11 Դրա համար էլ այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. ահա ես իմ երեսը դարձնում եմ դէպի ձեզ չարութեան համար, ոչնչացնելու համար ամբողջ Յուդայի երկիրը: 12 Պիտի առնեն Յուդայի երկրի մնացորդներին, որոնք դիմեցին ու եկան Եգիպտացիների երկիրը՝ այստեղ բնակուելու համար, Եգիպտոսում եղած բոլոր մնացորդներին պիտի կորստեան մատնեն. պիտի սրի քաշուեն եւ սովից բնաջնջուեն, փոքրից մինչեւ մեծերը սրից պիտի ընկնեն ու սովից մեռնեն, պիտի մատնուեն նզովքի ու կորստեան, անէծքի ու նախատինքի: 13 Եւ նրանց, որ Եգիպտոսում են բնակւում, պիտի պատժեմ սրով, սովով ու մահով, ինչպէս պատժեցի Երուսաղէմին. 14 եւ Յուդայի երկրի մնացորդներից, որոնք բնակւում են Եգիպտացիների երկրում, ոչ ոք չպիտի փրկուի, որ վերադառնայ Յուդայի երկիրը, ուր նրանք վերադառնալու եւ այնտեղ բնակուելու յոյսն էին փայփայում իրենց հոգում: Չպիտի վերադառնան, բացի միայն փրկուածներից»: 15 Այն ժամանակ այն բոլոր տղամարդիկ, որոնք գիտէին, որ իրենց կանայք խունկ են ծխում օտար աստուածներին, նաեւ այնտեղ եղած բոլոր կանանց մեծ բազմութիւնն ու ամբողջ ժողովուրդը, որ բնակւում էր Եգիպտացիների երկրում՝ Պաթուրէսում, պատասխան տուեցին Երեմիային եւ ասացին. 16 «Մենք չենք լսի քո այդ խօսքը, որ Տիրոջ անունից ասացիր մեզ, 17 բայց անպայման կկատարենք ամէն բան, ինչ ելաւ մեր բերանից. խունկ կծխենք երկնքի թագուհուն, նրան նուէրներ կընծայենք, ինչպէս արել ենք մենք ու մեր հայրերը, մեր թագաւորներն ու մեր իշխանները Յուդայի երկրի քաղաքներում ու Երուսաղէմի հրապարակներում, երբ առատ էինք հացով, վայելքի մէջ էինք ու չարիք չէինք տեսնում: 18 Իսկ երբ դադարեցինք երկնքի թագուհուն խունկ ծխելուց եւ նրան նուէրներ ընծայելուց, ամէն ինչի կարօտ մնացինք եւ սրով ու սովով կոտորուեցինք: 19 Երբ մենք,– աւելացրին կանայք,– երկնքի թագուհուն խունկ էինք ծխում եւ նրան նուէրներ ընծայում, ինչ է, առանց մեր ամուսինների իմացութեա՞ն էինք թխուածք ու կարկանդակներ պատրաստում կամ նուէրներ ընծայում նրան»: 20 Ժողովրդի բոլոր զօրաւոր մարդկանց ու նրանց կանանց եւ ամբողջ ժողովրդին, որոնք իրեն այդպիսի պատասխան խօսք ասացին, Երեմիան պատասխանեց ու ասաց. 21 «Արդեօք Տէրը չյիշե՞ց, նրա միտքը չընկա՞ւ այդ խունկը, որ դուք ու ձեր հայրերը, ձեր թագաւորները, ձեր իշխաններն ու երկրի ժողովուրդը ծխում էիք Յուդայի երկրի քաղաքներում ու Երուսաղէմի հրապարակներում: 22 Ձեր չար արարքների եւ ձեր արած գարշելի գործերի պատճառով Տէրը չկարողացաւ համբերել, եւ ձեր երկիրը, բնակիչներից զրկուած, դարձաւ աւերակ ու անապատ եւ նզովքի առարկայ, ինչպէս այսօր է: 23 Այն բանի համար, որ դուք դրանց խնկարկում էք եւ դրանով իսկ մեղանչում Տիրոջ հանդէպ, չէք լսում Տիրոջ ձայնը եւ չէք ընթանում ըստ նրա օրէնքների, ըստ նրա ցուցումների եւ հրամանների, դրա համար էլ ձեզ վիճակուեցին այդ չարիքները, ինչպիսիք այսօր էլ կան»: 24 Եւ Երեմիան ամբողջ ժողովրդին ու բոլոր կանանց ասաց. «Լսեցէ՛ք Տիրոջ պատգամները, Յուդայի երկրի բոլո՛ր մարդիկ, որ գտնւում էք Եգիպտացիների երկրում. 25 այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. “Դուք եւ ձեր կանայք, ինչ որ ասացիք ձեր բերաններով, այն էլ արեցիք ձեր ձեռքերով. ասում էք, թէ՝ "Մեր դաւանածը պիտի դաւանենք, խունկ պիտի ծխենք երկնքի թագուհուն եւ նուէրներ ընծայենք": Եւ դուք հաստատ մնացիք ձեր դաւանութեանը եւ ճշտօրէն կատարեցիք ձեր ուխտը”: 26 Դրա համար էլ լսեցէ՛ք Տիրոջ պատգամը, Յուդայի երկրի բոլո՛ր մարդիկ, որ բնակւում էք Եգիպտացիների երկրում. “Ահա ես երդուեցի իմ մեծ հոգով,– ասում է Տէր Աստուած,– որ եթէ իմ անունը նորից հնչի Յուդայի երկրի որեւէ մարդու բերանից, եթէ ասեն, թէ՝ "Տէրը կենդանի է Եգիպտացիների այս ամբողջ երկրում", 27 ապա ես կծառանամ դրանց դէմ դրանց չարչարելու եւ ոչ թէ բարութիւն անելու համար: Եւ Յուդայի երկրի բոլոր մարդիկ, որ պրում են Եգիպտացիների երկրում, պիտի կոտորուեն սրով ու սովով, մինչեւ որ նուազեն: 28 Իսկ սրից ազատուածները՝ սակաւաթիւ մարդիկ, Եգիպտացիների երկրից պիտի վերադառնան Յուդայի երկիրը: Եւ Յուդայի երկրի բոլոր մնացորդները, որ բնակւում են Եգիպտացիների երկրում, պիտի իմանան, թէ ում խօսքն է հաստատուելու՝ ի՞մը, թէ՞ իրենցը: 29 Եւ սա թող ձեզ նշան լինի,– ասում է Տէրը,– որ այստեղ ես ձեզ պատժելու պիտի գամ, որպէսզի գիտենաք, որ իմ խօսքերը ձեր նկատմամբ ի չարը պիտի կատարուեն”: 30 Այսպէս է ասում Տէրը. “Ահա ես եգիպտացիների արքայ Վափառ փարաւոնին կյանձնեմ իր թշնամիների ձեռքը՝ իր հոգին պահանջողների ձեռքը, ինչպէս որ Սեդեկիա արքային տուեցի իր թշնամու եւ իր հոգին պահանջողի՝ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը”»:
451 Ահա այն խօսքը, որ Յուդայի երկրի արքայ Յոսիայի որդի Յովակիմի չորրորդ տարում Երեմիա մարգարէն յայտնեց Ներիայի որդի Բարուքին, որն այն ժամանակ սոյն մատեանում Երեմիայի բերանից գրի առաւ այս բաները: 2 Այսպէս է ասում քո մասին Տէր Աստուածն Իսրայէլի. «Ո՛վ Բարուք, 3 դու, որ ասացիր, թէ՝ “Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, քանզի Տէրն իմ ցաւերի վրայ տառապանք աւելացրեց, ես հեծեծանքով քուն մտայ եւ հանգստութիւն չգտայ”, 4 այսպէս կասես նրան, թէ այսպէս է ասում Տէրը. “Ահա ինչ որ ես շինեցի, ինքս քանդում եմ, եւ ինչ որ ես տնկեցի, ինքս եմ արմատախիլ անում՝ այս ամբողջ երկիրը: 5 Իսկ դու քեզ համար մեծ-մեծ բաներ ես խնդրում. մի՛ խնդրիր, որովհետեւ,– ասում է Տէրը,– ահա իւրաքանչիւր մարմնի ես չարիք եմ բերելու, իսկ քո անձը ամէնուրեք, ուր էլ որ գնալու լինես, քեզ եմ պարգեւելու իբրեւ փրկութիւն”»:
46 Եգիպտոսի մասին1 Ահա Երեմիա մարգարէին ուղղուած Տիրոջ խօսքը եգիպտական բոլոր ազգատոհմերի 2 եւ եգիպտացիների արքայ Նեքաւով փարաւոնի զօրաբանակի մասին, որը գտնւում էր Եփրատ գետի մօտ՝ Քարքամիսում, եւ որին Հրէաստանի Յոսիա արքայի որդի Յովակիմի չորրորդ տարում ջախջախեց բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան: 3 «Զէնք ու վահա՛ն վերցրէք, մտէ՛ք մարտի մէջ, 4 պատրաստեցէ՛ք երիվարները, ձի՛ հեծէք, ո՛վ սպառազինուածներ, դրէ՛ք սաղաւարտները, առա՛ջ ուղղեցէք գեղարդները, հագէ՛ք ձեր զրահները: 5 Բայց այդ ի՞նչ է կատարւում. դրանք, ահաւասիկ, զարհուրածներն են, որ դէպի յետ են շարժւում, որովհետեւ նրանց զօրաւոր մարդիկ ջախջախուեցին, եւ իրենք փախուստի են դիմել, իսկ դրանցից նրանք, որ շրջապատման մէջ ընկան, չպիտի վերադառնան,– ասում է Տէրը:– 6 Ո՛չ արագաշարժը պիտի փախչի, ո՛չ էլ հզօրը փրկուի. հիւսիսի կողմերում, Եփրատ գետի մօտ, նրանք ուժասպառ եղան ու կործանուեցին: 7 Ո՞վ է սա, որ բարձրացել է գետի պէս եւ ջրեր կուտակած գետերի պէս յորձանք է տալիս: 8 Եգիպտոսի ջրերը գետի պէս յորդել են, գետի պէս ալեկոծուած են նրա ջրերը: Դա Եգիպտոսն է, որ ասում է. “Ես կելնեմ ու կծածկեմ երկիրը, կկործանեմ քաղաքներն ու նրանց բնակիչներին: 9 Երիվարնե՛ր հեծէք, կառքե՛ր լծեցէք, ելէ՛ք, ո՛վ եթովպացի մարտիկներ եւ զինավառ լիբիացիներ, վե՛ր կացէք, աղեղներդ լարեցէ՛ք, ո՛վ լիդացիներ”: 10 Այս օրը ահա մեր Տէր Աստծոյ վրէժխնդրութեան օրն է իր թշնամիներից վրէժ առնելու համար: Սուրը պիտի ուտի եւ յագենայ, պիտի հարբի նրանց արիւնից, որովհետեւ Զօրութիւնների Տիրոջ զոհը հիւսիսի երկրից պիտի լինի՝ Եփրատ գետի ափին: 11 Գնա՛ Գաղաադ եւ դեղ ու բալասա՛ն առ եգիպտացիների կոյս դստեր համար. իզուր ես շատացնում դեղորայքը. ոչ մի տեղից քեզ օգուտ չկայ: 12 Ազգերը լսեցին քո գոյժը, եւ երկիրը լցուեց քո աղաղակով. պատերազմողը պատերազմողի հետ բախուեց ու թուլացաւ, եւ երկուսն էլ միասին ընկան»: 13 Ահա այն խօսքը, որ Տէրը յայտնեց Երեմիա մարգարէի միջոցով, երբ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան եկաւ հարուած հասցնելու Եգիպտացիների երկրին. 14 «Գուժեցէ՛ք Եգիպտոսում, ձա՛յն արձակեցէք Մագդողում, իմա՛ց տուէ՛ք Մեմփիսին, ազդարարէ՛ք Տափնասին, թէ՝ “Արի պատրա՛ստ եղիր, որովհետեւ սուրը կերաւ քո ճիւղերը, 15 քո ընտիր ցուլը փախուստ տուեց, չմնաց, քանի որ Տէրը լքեց նրան”: 16 Եւ բազմութիւնը տկարացաւ. ամէն մէկն իր ընկերոջ մօտ ընկաւ: Ապա ասացին. “Եկէք հեթանոսի սրից իւրաքանչիւրս դառնանք դէպի մեր ժողովուրդը, գնանք ամէն մէկս իր երկիրը: 17 Եգիպտացիների փարաւոն արքայի անունը կոչեցէ՛ք Սաոն, Եբիր եւ Մովեդ”: 18 Կենդանի եմ ես,– ասում է Տէրը,– Զօրութիւնների Թագաւոր է նրա անունը: Ինչպէս գահաւանդակն է լեռների մէջ, կամ ինչպէս Կարմելոսը՝ ծովում, նա պէտք է գայ: 19 Գերութեան պատրաստութի՛ւն տես, ո՛վ դուստր, բնակի՛չդ Եգիպտոսի, քանզի Մեմփիսն աւերակ պիտի դառնայ, եւ վայ պիտի տան նրան այնտեղ բնակիչներ չլինելու պատճառով: 20 Եգիպտոսը զարդարուած ու գեղեցիկ երինջ է. նրա կործանումը հիւսիսից պիտի գայ: 21 Նրա վարձկանները նրա մէջ նման են պարարտ եզների, ու նրանք էլ առհասարակ փախուստի պիտի դիմեն եւ չպիտի հանդարտուեն, որովհետեւ նրանց վրայ եկաւ կործանման օրը, եւ հասաւ վրէժխնդրութեան ժամանակը: 22 Նրանց ձայնը լինելու է ինչպէս օձի շչիւնը, քանի որ նրանք աւազի միջով են գնալու: Տապարակիրները նրա վրայ են գալու որպէս անտառահատներ: 23 Կտրեցէ՛ք նրա ծառերը,– ասում է Տէր Աստուած,– քանզի նրանց հաշիւը ոչ ոք չի կարող անել. նրանք մորեխից աւելի են բազմացել, նրանց թիւ չկայ: 24 Ամօթով մնաց Եգիպտոսի դուստրը, նա պիտի մատնուի հիւսիսի զօրքերի ձեռքը»: 25 Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը, ասում է. «Ահա ես վրէժխնդիր եմ լինելու նրա որդի Ամոնից, փարաւոնից ու եգիպտացիներից, նրանց աստուածներից ու նրա թագաւորներից, փարաւոնից ու նրան ապաւինողներից. 26 նրանց մատնելու եմ նրանց հոգիները պահանջողների ձեռքը, բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը ու նրա պաշտօնեաների ձեռքը, եւ այնուհետեւ նրանք կապրեն, ինչպէս առաջ,– ասում է Տէրը:– 27 Բայց դու մի՛ վախեցիր, ո՛վ իմ ծառայ Յակոբ, դու չպէտք է զարհուրես, ո՛վ Իսրայէլ, քանզի ես ահա փրկելու եմ քեզ հեռաստանից, իսկ քո սերունդը՝ նրանց գերութիւնից: Պիտի վերադառնայ Յակոբը, դադար պիտի առնի ու հանգիստ լինի, եւ չի լինելու որեւէ մէկը, որ լլկի նրան: 28 Իսկ դու մի՛ վախեցիր, ո՛վ իմ ծառայ Յակոբ,– ասում է Տէրը,– որովհետեւ ես քեզ հետ եմ. եթէ ես բնաջնջեմ այն բոլոր ազգերին, որոնց մէջ ցրեցի քեզ, քեզ, սակայն, չեմ բնաջնջելու: Քեզ արդարութեամբ պիտի խրատեմ, թէեւ լրիւ չպիտի արդարացնեմ»:
47 Այլազգիների մասին1 Տիրոջ խօսքը այլազգիների մասին՝ ուղղուած Երեմիա մարգարէին, երբ փարաւոնը դեռ չէր աւերել Գազան: 2 Այսպէս է ասում Տէրը. «Ահաւասիկ ջրեր են բարձրանում հիւսիսից, որոնք, յորդահոս հեղեղների վերածուելով, պիտի ողողեն երկիրն ամբողջութեամբ, քաղաքն իր բնակիչներով: Լացուկոծ պիտի անեն մարդիկ, եւ երկրի բոլոր բնակիչները աղաղակ պիտի բարձրացնեն 3 ասպատակող հեծելազօրի զէնքերի ու ոտքերի ձայնից, նրա կառքերի շաչիւնից եւ դրանց անիւների շառաչից: Հայրերը չպիտի համարձակուեն շրջուել դէպի իրենց որդիները, որովհետեւ նրանց ձեռքերը պիտի թուլանան 4 այն օրը, որը վրայ է հասնելու բոլոր այլազգիներին կորստեան մատնելու համար: Կորստեան պիտի մատնեմ նաեւ Ծուրն ու Ծայդանը եւ նրանց միւս բոլոր օգնականներին»: Տէրը ոչնչացնելու է կղզիներում եւ Գամիրքում մնացած այլազգիներին: 5 Գազայում այնպիսի սուգ պիտի լինի, որ մարդիկ խուզեն իրենց գլուխները, Ասկաղոնը պիտի ոչնչանայ, ինչպէս եւ Ենակիմի մնացորդները: 6 Ո՛վ դու Տիրոջ սուր, մինչեւ ե՞րբ պիտի կոտորես, մինչեւ ե՞րբ դադար պիտի չառնես, վերադարձի՛ր քո պատեանը, հանգի՛ստ առ, յե՛տ կանգնիր: 7 Ինչպէ՞ս դադար առնի նա. չէ՞ որ Տէրը հրամայեց նրան յարձակուել Ասկաղոնի եւ նրանց վրայ, ովքեր մնացել էին ծովեզերքին:
48 Մովաբի մասին1 Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Վա՜յ Նաբաւին, որ կործանուեց, Կարիաթիմն ամօթահար եղաւ, գրաւուեց. ամօթահար եղաւ Մոսոգամբն ու պարտութեան մատնուեց: 2 Մովաբն այլեւս Եսեբոնում պարծենալու բան չունի: Նրա մասին չարիք են որոճում, թէ՝ “Եկէք ազգի միջից նրան ոչնչացնենք, թող լռի ու պապանձուի”: Հուրն է շրջում քո յետեւից: 3 Օրոնայիմից լսւում է գուժկանների բօթը. “Մովաբն աւերուեց ու մեծ կոտորածի ենթարկուեց”: 4 Գո՛յժ տուէք Զոգորին, քանզի Ալոթը ողբով լցուեց, 5 եւ լացով են բարձրանում Օրոնայիմի ճանապարհով: Տագնապ ու կոտորածի բօթ լսեցի. 6 փախէ՛ք ու փրկեցէ՛ք ձեր անձերը ու կլինէք ինչպէս անապատի ցիռ: 7 Յոյսդ դրել էիր քո ամրոցների վրայ, բայց պիտի վրայ հասնեն նեղութիւնները, ու դու պիտի բռնուես: Քամոսը գերի պիտի գնայ իր քուրմերի ու իր իշխանների հետ: 8 Միանգամից կործանում պիտի հասնի բոլոր քաղաքներին, մի քաղաք իսկ չպիտի փրկուի, բնակիչը պիտի ոչնչանայ, դաշտեցին՝ բնաջնջուի»: 9 Այսպէս է ասում Տէրը. «Մի ծաղի՛կ տուէք Մովաբին որպէս նշան, որը տոչորուելով պիտի տոչորուի, իսկ նրա բոլոր քաղաքները անապատի պիտի վերածուեն բնակիչներ չլինելու պատճառով»: 10 Թող անիծեալ լինի նա, ով Տիրոջ գործը ծուլութեամբ կկատարի, թող անիծեալ լինի նաեւ նա, ով Տիրոջ սուրը արիւնից յետ կպահի: 11 «Իր մանկութիւնից ի վեր Մովաբը հանգիստ էր, իր փառքին էր ապաւինել, ամանից աման չէր թափուել եւ գերութեան չէր գնացել, դրա համար էլ նրա համն իր մէջ էր մնացել, եւ բոյրը չէր չքացել: 12 Ահա թէ ինչու օրեր պիտի գան,– ասում է Տէրը,– ու ես մարդիկ պիտի ուղարկեմ նրա մօտ, որոնք պիտի կռացնեն նրան, նրա անօթները պիտի մանրեն ու նրա ամանները փշրեն: 13 Մովաբը պիտի ամաչի Քամոսից, ինչպէս Իսրայէլի տունն ամաչեց Բեթէլից՝ իր ապաւէնից: 14 Ինչո՞ւ էք ասում, թէ՝ “Հզօր ենք, կռուի մէջ զօրեղ տղամարդ ենք”: 15 Կորստեան մատնուեց Մովաբն իր քաղաքներով, եւ նրա ընտիր-ընտիր երիտասարդները գնացին մեռնելու,– ասում է աԱրքան, որի անունը Զօրութիւնների Տէր է:– 16 Մովաբի օրհասը մօտ է, եւ ձախորդութիւնները մեծ արագութեամբ նրա վրայ են գալիս: 17 Խղճացէ՛ք նրան ամէն կողմից. ամէնքդ, որ գիտէք նրա անունը, ասացէ՛ք. “Ինչո՞ւ խորտակուեց գեղեցիկ ցուպը՝ մեծարանքի գաւազանը”: 18 Խոնարհուի՛ր քո փառքից եւ նստի՛ր խոնաւութեան մէջ, ո՛վ դուստր, որ բազմել ես Դեբոնում, քանզի Մովաբը կորստեան մատնուեց, վրայ հասաւ քո ամրոցները կործանողը: 19 Դու, որ նստում ես Արովէրում, կանգնի՛ր ճանապարհներին, նայի՛ր եւ հարցրո՛ւ փախստականներին ու փրկուածներին, ասա՛. “Ի՞նչ տեղի ունեցաւ”: 20 Ամօթահար եղաւ Մովաբը, որովհետեւ կործանուեց: Ճչա՛ եւ աղաղակի՛ր, գո՛յժ տուր Առնոնին, թէ Մովաբը կործանուեց: 21 Դատաստանն է սպառնում Միսորի երկրին՝ 22 Քիլոնին, Յասսային, Մոփաթին, Դեբոնին եւ Նաբաւին, Դեբլաթեմի տանն 23 ու Կարիաթիմին, Գամողի տանը եւ Մաւոնի տանը, 24 Կարիաւոթին, Բոսորին եւ Մովաբի երկրի հեռաւոր ու մօտիկ բոլոր քաղաքներին: 25 Ջարդուեց Մովաբի եղջիւրը, եւ նրա յանդգնութիւնը խորտակուեց»,– ասում է Տէրը: 26 Հարբեցրէ՛ք նրան, որովհետեւ նա յոխորտաց Տիրոջ դէմ. Մովաբը թող ծափ տայ, որպէսզի ինքն էլ խայտառակ լինի: 27 Արդեօք Իսրայէլը քեզ համար ծաղրի առարկայ չէ՞ր՝ գողութեան մէջ բռնուած, երբ մարտնչում էիր նրա դէմ. նրա կողմից դու պիտի գերուես: 28 Մովաբի բնակիչները թողեցին քաղաքները եւ բնակուեցին քարերի ծերպերում. նմանուեցին քարերի ծերպերում եւ խոռոչների ճեղքերում բոյն դրած աղաւնիներին: 29 Լսեցի Մովաբի գոռոզութեան մասին, քանզի նա խիստ գոռոզացաւ իր վէսութեամբ, խրոխտութեամբ ու ամբարտաւանութեամբ, մեծամիտ դարձաւ նա: 30 «Ես էլ իմացայ նրա արած գործերը,– ասում է Տէրը:– Մի՞թէ ըստ նրա կարողութեան չէին նրա բազուկները, բայց նա այդպէս չգործեց: 31 Ահա թէ ինչու ճի՛չ բարձրացրէք Մովաբի համար, ամէն կողմից ողբացէ՛ք Մովաբին, այն մարդկանց, որոնք խզում, փետում ու մրում են իրենց մազերը: 32 Պիտի հառաչեմ Յազերի լացով, պիտի լաց լինենք քեզ համար, ո՛վ դու Սաբեմի այգի: Քո ճիւղերը տարածուեցին դէպի ծով, հասան մինչեւ Յազեր, քո մրգերին եւ քո այգեքաղին սպառնաց մահը: 33 Կարմելոսից եւ մովաբացիների երկրից վերացան ուրախութիւնն ու ցնծութիւնը: Գինի կար քո հնձաններում. այսուհետեւ առաւօտները խաղող չպիտի ճմլեն, եւ երեկոները հնձանահարների ձայն չպիտի լսուի: 34 Եսեբոնի աղաղակը հասաւ մինչեւ Ելելա եւ մինչեւ Յասսա. նրանց քաղաքները՝ Սեգորից մինչեւ Օրոնայիմ, իրենց ձայնը բարձրացրին եւ գուժեցին մինչեւ Սալէս, որովհետեւ Եբերիմի ջուրն անգամ տաքանալով ցամաքեց: 35 Կորստեան պիտի մատնեմ Մովաբը,– ասում է Տէրը,– որ բագիններն էր բարձրանում եւ խնկարկում օտար աստուածներին: 36 Դրա համար էլ սիրտն իմ սրնգի պէս կանչ է արձակում Մովաբի վրայ, սիրտն իմ, իբրեւ շեփորի ձայն, ուղղուած է այն մարդկանց, որոնք ընկած են պատերի տակ: Դրա համար էլ ինչ հարստութիւն որ ունէր, մարդկանց ձեռքով պիտի կորչի: 37 Բոլոր գլուխներն ամէնուրեք պիտի սափրուեն, բոլոր մօրուքները կտրուեն, բոլոր ձեռքերին կտրուածքներ պիտի լինեն, բոլոր մարմինները պիտի լինեն քրձազգեաց: 38 Մովաբի բոլոր տանիքներին ու նրա հրապարակներում ամբողջովին լացուկոծ է լինելու: Ես փշրեցի Մովաբը ինչպէս մի աման, որ ոչ մի բանի պիտանի չէ,– ասում է Տէրը:– 39 Ինչպէ՜ս կործանուեց, ողբացէ՛ք, ինչպէ՜ս դարձրեց նա իր թիկունքը. ամաչեց, ծաղրելի դարձաւ, եւ նրան քինախնդիր եղան իրեն շրջապատողները»: 40 Այսպէս է ասում Տէրը. «Ահա արծուի նման թշնամին առաջ պիտի սլանայ եւ իր թեւերը տարածի Մովաբի վրայ: 41 Պիտի գրաւուի Կարիաւոթը, պիտի նուաճուեն նրա ամրոցները, եւ այն օրը Մովաբի զօրաւոր մարդկանց սիրտը պիտի դառնայ երկունքի մէջ գտնուող կանանց սրտի պէս: 42 Մովաբը, իբրեւ ժողովուրդ, պիտի կորչի, որովհետեւ նա յոխորտաց Տիրոջ դէմ: 43 Վիհ, սարսափ ու որոգայթ պիտի լինի քեզ համար, ո՛վ դու, որ բնակւում ես Մովաբում. 44 ու նա, որ փախուստ է տալու սարսափից, պիտի ընկնի վիհը, իսկ վիհից ելնողը պիտի բռնուի որոգայթի մէջ, քանզի այն տարին, երբ պատժելու լինեմ Մովաբին, ամէն ինչ նրա գլխին պիտի բերեմ,– ասում է Տէրը:– 45 Որոգայթից փախչողները հասան Եսեբոնի տանիքների տակ, բայց Եսեբոնից կրակ դուրս եկաւ, ու Սեհոն քաղաքից՝ բոց, լափեց Մովաբի իշխաններին եւ փորձութեան ենթարկեց ամոնացիներին: 46 Վա՜յ քեզ, Մովա՛բ, որ կորցրիր Քամոսի ժողովրդին, քանզի նրա որդիներն ու դուստրերը գերեվարուեցին: 47 Բայց վերջին օրերը,– ասում է Տէրը,– Մովաբի գերեալներին պիտի վերադարձնեմ»: Մովաբի դատաստանը մինչեւ այստեղ է լինելու:
49 Ամոնացիների մասին1 Այսպէս է ասում Տէրը. «Մի՞թէ Իսրայէլը որդիներ չունի եւ կամ մի՞թէ ժառանգորդ չունի: Ինչո՞ւ Մեղքոմը տիրեց Գադի հողերին, ու Մեղքոմի ժողովուրդը նրա քաղաքներում է բնակւում: 2 Դրա համար էլ,– ասում է Տէրը,– օրեր են գալու, երբ Ռաբոթում ամոնացիներին գոյժ պիտի տամ քաղաքների մասին, որոնք անապատի պիտի վերածուեն ու անհետանան, նրանց բագինները հրով պիտի այրուեն, եւ Իսրայէլը պիտի ստանայ իր իշխանութիւնը,– ասում է Տէրը:– 3 Աղաղակի՛ր, Եսեբո՛ն, որովհետեւ Գեհը կործանուեց, բողո՛ք բարձրացրէք, ո՛վ Ռաբայի դուստրեր, քո՛ւրձ հագէք, մոլեգնեցէ՛ք, սգացէ՛ք եւ ցանկապատերի շուրջն այս ու այն կո՛ղմ թափառեցէք, որովհետեւ Մեղքոմն իր քրմերի ու իշխանների հետ միասին գերի է գնում: 4 Ինչո՞ւ ես ցնծում քո խորանների մէջ, ո՛վ Զեփ, եւ քո դաշտերում, ո՛վ անզգամ դուստր, որ ապաւինել էիր քո գանձերին եւ ասում էիր, թէ՝ “Ո՞վ պիտի գայ ինձ վրայ”: 5 Ահա ամէն կողմից սարսափ պիտի բերեմ քեզ՝ քո շուրջը բնակուողներից,– ասում է Զօրութիւնների Տէրը.– դուք ցրուելու էք ամէն կողմ, ու ոչ ոք չի լինելու, որ հաւաքի թափառականներին: 6 Դրանից յետոյ եմ վերադարձնելու գերեալ ամոնացիներին»,– ասում է Տէրը: 7 Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Այլեւս իմաստութիւն չկայ Թեմանում, հանճարեղները խելակորոյս եղան. գնաց նրա իմաստութիւնը, ծաղրի առարկայ դարձաւ նրա երկիրը: 8 Գնացէ՛ք ապրելու թաքուն եւ դժուարին տեղերում, ո՛վ Դեդանի բնակիչներ, որովհետեւ նրանց վրայ պիտի բերեմ մի ժամանակ, երբ պիտի գամ պատժելու նրանց: 9 Այգեկութ անողները վրայ հասան եւ մնացորդներ չեն թողնելու քո մէջ, ինչպէս գիշերուայ գողեր՝ իրենց ձեռքերը դնելու են նրանց վրայ: 10 Ես կործանեցի Եսաւին եւ նրա թաքստեան տեղերը յայտնի դարձրի. այլեւս նրանք չեն կարող թաքնուել: Նրա զաւակը կորստեան մատնուեց իր եղբօր եւ դրացու ձեռքով. 11 չկայ քո որբը, որ ապրի, իսկ նրանց այրիներն ինձ վրայ էին յոյս դրել»: 12 Այսպէս է ասում Տէրը. «Ահա նրանք, որոնք պէտք չէ, որ խմէին բաժակը, բայց խմելով հարբեցին, իսկ դու բոլորովին անպատի՞ժ պիտի մնաս. դու չես արդարանայ, այլ խմելով պիտի հարբես, 13 քանզի ես իմ անձով երդուեցի,– ասում է Տէրը,– որ Եդոմի ժառանգութեան մէջ դու ապականութեան, նախատինքի, անապատի ու անէծքի պիտի վերածուես, իսկ քո բոլոր քաղաքները յաւիտեան աւերակ պիտի դառնան»: 14 Լուր առայ Տիրոջից, որ սուրհանդակներ ուղարկեց ազգերի մօտ, թէ՝ «Հաւաքուեցէ՛ք ու գնացէ՛ք նրա վրայ, պատերազմի՛ դուրս ելէք, 15 որովհետեւ ահա մի փոքր ժամանակ եւս, եւ ես ազգերի մէջ, մարդկանց մէջ քեզ կդարձնեմ արհամարհուած: 16 Այդ բանը քո գլխին բերեց քո խայտառակութիւնը, քո սրտի լրբութիւնը քեզ ստիպեց ժայռերի մէջ ծակամուտ լինել եւ խլեց քո բարձրացած բլրի զօրութիւնը. բայց եթէ արծուի պէս բարձրացնես քո բոյնը, այնտեղից էլ կիջեցնեմ քեզ,– ասում է Տէրը:– 17 Եդոմն անապատ պիտի դառնայ, ամէն ոք, ով անցնի նրա միջով, պիտի զարմանայ ու սուլի նրա կրած բոլոր աղէտների համար: 18 Ինչպէս Սոդոմն ու Գոմորը եւ նրանց բնակիչները կործանուեցին,– ասում է Տէրը,– այնպէս էլ մարդ չպիտի նստի նրա մէջ, մարդու որդի չպիտի բնակուի նրա մէջ: 19 Ահա, իբրեւ առիւծ, թշնամին Յորդանանի միջից դուրս պիտի գայ դէպի Եթեմմա վայրը, որպէսզի արագօրէն հալածական դարձնեմ նրան այնտեղից: Ո՞վ է այնտեղ ընտրեալը, որ այցի գամ նրան, կամ ո՞վ կհամարձակուի ելնել իմ դէմ, ո՞վ է այն հովիւը, որ կկանգնի իմ առջեւ»: 20 Լսեցէ՛ք, ուրեմն, Տիրոջ խորհուրդը, որ նա խորհել է եդոմայեցիների մասին, եւ նրա խորհուրդը, որ խորհել է Թեմանի բնակիչների մասին. «Մի՞թէ չեն խփում հօտի վերջին ոչխարներին, որ գնան, կանգնած չմնան, եւ հօտը չցրուի: 21 Նրա կործանման ձայնից երկիրը ցնցուեց, բօթը հասաւ Կարմիր ծով, լսուեց նրա աղաղակը: 22 Ահաւասիկ թշնամին պիտի երեւայ ինչպէս արծիւ, պիտի սլանայ ու տարածի իր թեւերը նրա ամրոցների վրայ, եւ այդ օրը Եդոմի զօրաւոր մարդկանց սիրտը պիտի դառնայ երկունքի մէջ գտնուող կանանց սրտի պէս: 23 Ամաչեցին Եմաթն ու Արփաթը, որովհետեւ չար լուր լսեցին, տագնապի մատնուեցին ծովում, զայրացան եւ չեն կարողանում հանգստանալ: 24 Դամասկոսը վհատուեց, փախուստի դիմեց եւ կործանուեց. դողը բռնեց նրան, ցաւերն են այրում նրան, ինչպէս ծննդկանին: 25 Ինչպէ՞ս է, որ նա չխնայեց իմ քաղաքը՝ այն աւանը, որը ես սիրեցի: 26 Քո հրապարակներում պիտի ընկնեն երիտասարդները, բոլոր կռուող մարդիկ պիտի զոհուեն այն օրը,– ասում է Զօրութիւնների Տէրը:– 27 Ես կրակ պիտի վառեմ Դամասկոսի պարսպի վրայ, որը պիտի ճարակի Ադերի որդիների ապարանքները»: 28 Այսպէս է ասում Տէրը թագուհու ապարանքի մասին, որին հարուած հասցրեց բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան. «Եկէք յարձակուեցէ՛ք Կեդարի վրայ եւ սպանեցէ՛ք Կեդէմի որդիներին: 29 Նրանց վրանները, նրանց ոչխարները պիտի խլեն, նրանց շորերը, նրանց ամբողջ կահ-կարասին, նրանց ուղտերի երամակները պիտի վերցնեն իրենց համար: Աղաղա՛կ բարձրացրէք, որ չորս կողմից նրանց կորուստ է սպառնում: 30 Արա՛գ փախէք, ապրելու համար թաքստոցնե՛րը մտէք, ո՛վ ապարանքի բնակիչներ, որովհետեւ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան ձեր մասին խորհուրդ է խորհել, վճիռ է կայացրել ձեր դէմ: 31 Վե՛ր կաց,– ասում է Տէրը,– գնա՛ այն ազգի վրայ, որը խաղաղ ապրում է հանգստութեան մէջ, որը ո՛չ դռներ ունի եւ ո՛չ էլ նիգեր, ապրում է առանձին: 32 Թող նրանց ուղտերի երամակներն աւար դառնան, նրանց ոչխարների բազմութիւնները ձեռքից գնան, պիտի քշեմ, քամու բերանը պիտի տամ երեսները ածիլածներին, բոլոր կողմերից նրանց կործանում պիտի բերեմ,– ասում է Տէրը:– 33 Ապարանքը յաւիտեան պիտի վերածուի ջայլամների բնակավայրի եւ անապատի, մարդ չպիտի բնակուի այնտեղ, հողածնի որդին այնտեղ չպիտի ապրի»: 34 Յուդայի երկրի արքայ Սեդեկիայի թագաւորութեան սկզբում Տէրը Երեմիա մարգարէի միջոցով խօսեց Ելամի մասին եւ ասաց. 35 այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Ահա խորտակուեց Ելամի աղեղը՝ նրանց բռնապետութիւնը: 36 Երկրի չորս ծագերից չորս հողմ եմ բերելու Ելամի վրայ եւ նրանց ցրիւ եմ տալու այդ չորս հողմերին: Չի լինելու մի ազգ, որի մօտ չհասնեն Ելամի թափառականները: 37 Նրանց պիտի սարսափեցնեմ իրենց թշնամիների առաջ, որոնք պահանջում էին նրանց հոգիները: Նրանց վրայ պիտի բերեմ իմ բարկութիւնն ու ցասումը,– ասում է Տէրը,– եւ իմ սուրը պիտի արձակեմ նրանց յետեւից, մինչեւ որ այն սպառի նրանց: 38 Իմ աթոռը Ելամում պիտի դնեմ եւ այնտեղից պիտի վերացնեմ թագաւորներին ու մեծամեծներին,– ասում է Տէրը:– 39 Բայց ես վերջին օրերին Ելամի գերեալներին պիտի վերադարձնեմ»,– ասում է Տէրը: Ելամի մասին այս խօսքը յայտնուել է Սեդեկիայի թագաւորութեան սկզբին:
501 Ահա այն խօսքը, որ Տէրը Երեմիա մարգարէի միջոցով ասաց Բաբելոնի՝ Քաղդէացիների երկրի մասին: 2 «Պատմեցէ՛ք ազգերին, լո՛ւր տուէք, նշա՛ն արէք, լսելի՛ դարձրէք, մի՛ ծածկէք, ասացէ՛ք. “Բաբելոնը գրաւուեց, Բելը՝ այդ փափկասունն ու անվախը, ամօթով մնաց, Մերոդաքը մատնուեց, խայտառակուեցին նրա կուռքերը, ամօթահար եղան նրա աստուածները”: 3 Արդարեւ, հիւսիսից նրա վրայ յարձակուեց մի ազգ, որը նրա երկիրն աւերակ պիտի դարձնի, եւ ոչ ոք չպիտի բնակուի այնտեղ՝ մարդուց մինչեւ անասուն, որովհետեւ բոլորը պիտի քանդուեն ու գնան: 4 Այն օրերին եւ այն ժամանակ,– ասում է Տէրը,– պիտի գան Իսրայէլի որդիները, նրանք եւ Յուդայի երկրի որդիները միասին պիտի շրջեն ու լալով գան դէպի իրենց Տէր Աստուածը, պիտի փնտրեն նրան, 5 մինչեւ Սիոն պիտի հարցնեն նրա ճանապարհի մասին, դէպի այստեղ պիտի ուղղուեն, պիտի գան ու ապաւինեն Տիրոջը. չէ՞ որ ուխտը յաւիտենական է, եւ դրանք չպիտի մոռացուեն: 6 Իմ ժողովուրդը նմանուեց կորած ոչխարների. հովիւները լեռները քշեցին նրանց, մոլորեցրին նրանց լեռ ու բլրի վրայ: Նրանք գնացին ու մոռացան իրենց մակաղելու տեղերը, 7 եւ բոլոր նրանք, ովքեր գտնում էին, սպանում էին նրանց: Նրանց թշնամիներն ասացին. “Չպիտի ներենք նրանց, որովհետեւ մեղք գործեցինք Տիրոջ առաջ: Արդարութեան արօտ է Տէրը, որ հաւաքեց նրանց հայրերին”: 8 Հեռացէ՛ք Բաբելոնի միջից, Քաղդէացիների երկրից դո՛ւրս ելէք եւ եղէ՛ք ինչպէս վիշապներ՝ ոչխարների հօտի առաջ: 9 Ահա ես ոտքի պիտի հանեմ եւ հիւսիսի երկրից բաբելացիների վրայ պիտի բերեմ մեծամեծ ազգերի բազմութիւններ, որոնք ճակատ պիտի կազմեն նրա շուրջը, եւ նա պիտի գրաւուի նոյնքան հաստատ, որքան հմուտ պատերազմողի նետը, որ չի վրիպում: 10 Քաղդէացիների երկիրն աւարառութեան պիտի ենթարկուի, եւ նրա բոլոր աւարառուները պիտի յագենան,– ասում է Տէրը.– դուք ուրախանում էիք եւ պարծենում՝ յափշտակելով իմ ժառանգութիւնը. 11 խայտում էիք, ինչպէս հորթերը դալարիքի վրայ, եւ ցուլերի պէս ոգորում իրար դէմ: 12 Ձեր քաղաքը՝ ձեր մայրը, խիստ ամօթահար եղաւ, մայր, որ բարութեան մէջ էր: Ահա նա Տիրոջ բարկութեան պատճառով ազգերի մէջ յետինը եղաւ, դարձաւ աւեր, անջուր երկիր եւ անապատ: 13 Նա բնակելի չպիտի լինի, այլ ամբողջովին ապականութեան պիտի վերածուի, եւ իւրաքանչիւր ոք, ով անցնի Բաբելոնով, պիտի վշտանայ ու սուլի նրա բոլոր աղէտների համար: 14 Ճակա՛տ կազմեցէք Բաբելոնի շուրջը, ո՛վ դուք, բոլո՛ր աղեղնաւորներ, նետահարեցէ՛ք նրան, մի՛ խնայէք ձեր նետերը, որովհետեւ նա Տիրոջ դէմ մեղք գործեց: 15 Ցնծութեան աղաղա՛կ բարձրացրէք նրա շուրջը, որովհետեւ թուլացան նրա ձեռքերը, տապալուեցին աշտարակները, եւ կործանուեցին նրա պարիսպները, քանզի վրէժխնդրութիւնն Աստծուց է: Վրէժխնդի՛ր եղէք դրանից. ինչպէս ինքն արեց, իրե՛ն արէք: 16 Բաբելացի այն զաւակին, որը հնձի ժամանակ մանգաղ կառնի իր ձեռքը, սպանեցէ՛ք. հեթանոսի սրից իւրաքանչիւրը թող վերադառնայ դէպի իր ժողովուրդը, ամէն մէկը թող փախչի դէպի իր երկիրը»: 17 Իսրայէլը մոլորեալ ոչխար է, առիւծներն են փախցրել նրան. նախ նրան կերաւ ասորեստանցիների թագաւորը, իսկ ապա բաբելացիների արքան կերաւ նրա ոսկորները: 18 Դրա համար էլ այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Ահաւասիկ ես վրէժխնդիր եմ լինելու բաբելացիների արքայից եւ նրա երկրից, ինչպէս վրէժխնդիր եղայ ասորեստանցիների արքայից: 19 Իսկ Իսրայէլին նորից պատսպարելու եմ իր արօտավայրերում, նա պիտի արածի Կարմելոսում, Բասանում, Եփրեմի լեռան վրայ եւ Գաղաադում, ու նրանց հոգիները պիտի յագուրդ ստանան: 20 Այն օրերին ու այն ժամանակ,– ասում է Տէրը,– Իսրայէլի մօտ անօրինութիւն պիտի փնտրեն, բայց այլեւս այն չի լինելու, պիտի փնտրեն նաեւ Յուդայի երկրի մեղքերը, բայց չեն գտնելու, քանզի ես երկրի վրայ պիտի լինեմ քաւութիւն տալու համար նրանց անիրաւութիւններին»: 21 Դառը զայրոյթով յարձակուի՛ր նրա վրայ եւ վրէժխնդի՛ր եղիր նրա բնակիչներից: Սուրն ու աւերածութիւնը թող հետապնդեն նրան,– ասում է Տէրը.– ամէն ինչ արա՛ այնպէս, ինչպէս պատուիրեցի քեզ: 22 Քաղդէացիների երկրից պատերազմի ձայն է լսւում. մեծ կոտորած է: 23 Ինչպէ՜ս խորտակուեց ու փշրուեց ամբողջ երկրի մուրճը, ինչպէ՜ս Բաբելոնը ազգերի մէջ աւեր դարձաւ: 24 Ասացի. “Կյարձակուեն քեզ վրայ, դու կբռնուես, ո՛վ Բաբելոն, եւ չես իմանայ”. ահա գտնուեցիր ու բռնուեցիր, որովհետեւ Տիրոջ դէմ կանգնեցիր»: 25 Տէրը բաց արեց իր զինանոցը եւ հանեց իր բարկութեան զէնքերը, քանզի Զօրութիւնների Տէրն անելիք ունի Քաղդէացիների երկրում: 26 Հասել է նրա ժամանակը, բացէ՛ք նրա շտեմարանները, խուզարկեցէ՛ք նրան քարայրների պէս եւ սպանեցէ՛ք նրան. թող նրանից մնացորդներ չլինեն: 27 Այրեցէ՛ք նրա բոլոր զաւակներին. թող իջնեն սպանուելու համար. վա՜յ նրանց, որովհետեւ հասել է նրանց օրը, նրանցից վրէժխնդիր լինելու ժամը: 28 Բաբելոնի երկրից փախածների ու փրկուածների ձայնն է հնչում, որ Սիոնում իմաց տայ մեր Տէր Աստծոյ վրէժխնդրութեան մասին, նրա տաճարի վրէժխնդրութեան մասին: 29 Հրամա՛ն տուէք ամէնքին գնալու Բաբելոնի վրայ, բոլոր աղեղնաւորներին, թէ՝ «Բանա՛կ դրէք դրա շուրջը, որպէսզի ոչ ոք այդտեղից չփրկուի: Հատուցեցէ՛ք դրան ըստ իր գործերի, իր ամբողջ կատարածի համեմա՛տ դրան արէք, որովհետեւ ընդդիմացաւ Տիրոջը՝ Իսրայէլի սուրբ Աստծուն»: 30 «Ահա թէ ինչու նրա երիտասարդները պիտի ընկնեն նրա հրապարակներում, նրա բոլոր կռուող մարդիկ պիտի կոտորուեն այն օրը,– ասում է Տէրը:– 31 Ահա ես քեզ վրայ եմ գալու,– ասում է Զօրութիւնների Տէրը,– քեզ վրայ, ո՛վ դու ամբարտաւան, որովհետեւ հասել է քո օրը՝ քեզնից վրէժխնդիր լինելու ժամանակը: 32 Հպարտութիւնդ տեղի պիտի տայ, եւ դու պիտի կործանուես. ոչ ոք քեզ չի բարձրացնելու: Կրակ պիտի վառեմ քո անտառներում, որ իր շուրջը եղած ամէն բան պիտի լափի»: 33 Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Բռնութեան ենթարկուեցին իսրայէլացիները, ինչպէս եւ Յուդայի երկրի որդիները, բոլորն էլ, ովքեր գերեցին նրանց, բռնութեամբ պահեցին ու չկամեցան արձակել նրանց: 34 Նրանց հզօր Փրկիչը, որի անունը Տէր Ամենակալ է, նրա ոսոխների հետ դատաստան պիտի տեսնի, որպէսզի վերացնի երկիրը եւ զայրանայ Բաբելոնի բնակիչների վրայ: 35 Սուրը թող բարձրանայ քաղդէացիների վրայ,– ասում է Տէրը,– Բաբելոնի բնակիչների վրայ, նրա բոլոր մեծամեծների վրայ ու նրա խորհրդականների վրայ: 36 Սուրը թող բարձրանայ նրա գուշակների վրայ, եւ թող վերանան նրանք. թող բարձրանայ սուրը նրա պատերազմողների վրայ, եւ թող լքուեն նրանք: 37 Թող բարձրանայ սուրը նրա երիվարների ու կառքերի վրայ, թող բարձրանայ սուրը նրանց քաջամարտիկների վրայ, այդտեղ եղած համայն խառնամբոխի վրայ, եւ թող նրանք դառնան կանանց նման: 38 Թող բարձրանայ սուրը նրա գանձերի վրայ, եւ թող յափշտակուեն դրանք: Թող բարձրանայ սուրը նրա ջրերի վրայ, եւ թող ամաչեն, որովհետեւ իրենց երկիրը կուռքերի երկիր է, նաեւ թող բարձրանայ կղզիների վրայ, որոնցով նրանք պարծենում էին. 39 դրա համար էլ թող ճիւաղները բնակուեն կղզիներում, թող յուշկապարիկների դուստրերն ապրեն այնտեղ, թող այդ երկիրն այլեւս իսպառ չվերաշինուի, թող այնտեղ յաւիտեան այլեւս բնակուող չլինի: 40 Ինչպէս Աստուած բնաջնջեց սոդոմացիների ու գոմորացիների երկիրը եւ նրանց դրացիներին,– ասում է Տէրը,– այդպէս էլ թող այնտեղ մարդ չբնակուի, թող մարդու որդին չպանդխտի այնտեղ: 41 Ահա հիւսիսից մի զօրագունդ է գալիս, մի մեծ ազգ, նաեւ բազում թագաւորներ ոտքի են ելնելու երկրի ծայրերից՝ 42 աղեղն ու նիզակը ձեռքներին: Նրանք յանդուգն են ու անողորմ, նրանց ձայնը որոտում է ինչպէս ծով, ձիեր հեծած՝ նրանք պատրաստ են կրակի պէս կռուի նետուելու քեզ վրայ, ո՛վ բաբելացիների դուստր: 43 Բաբելացիների արքան երբ նրանց լուրն առաւ, նրա ձեռքերը թուլացան, նեղութիւնը ծննդկան կնոջ երկունքի պէս տագնապի մէջ գցեց նրան: 44 Ահա, իբրեւ առիւծ, Յորդանան գետի յորձանքներից դուրս պիտի գայ դէպի Եթամա վայրը, որպէսզի արագօրէն հալածեմ նրան այնտեղից ու բոլոր երիտասարդներին ոտքի հանեմ նրա դէմ: Ո՞վ է ինձ նման, ո՞վ կհամարձակուի ելնել իմ դէմ, ո՞վ է այն հովիւը, որ կկանգնի ինձ հակառակ»: 45 Լսեցէ՛ք, ուրեմն, Տիրոջ խորհուրդը, որ նա խորհել է Բաբելոնի մասին, նրա խորհուրդը, որ խորհել է քաղդէացի բնակչութեան մասին: Մի՞թէ չպիտի ոչնչացնէք նրանց հօտի գառներին, մի՞թէ նրանց արօտները չպիտի ամայանան, 46 որովհետեւ Բաբելոնի կործանման ձայնից երկիրը պիտի ցնցուի, նրա բօթը պիտի լսուի հեթանոսների մէջ:
511 Այսպէս է ասում Տէրը. «Ահա ես Բաբելոնի վրայ եւ նրա բնակիչների վրայ պիտի բերեմ զայրոյթով լցուած մի սիրտ, կործանարար հողմ ու խորշակ: 2 Անարգողներ պիտի ուղարկեմ Բաբելոն. թող նախատեն նրան եւ ապականեն նրա երկիրը, քանզի Բաբելոնի վրայ նրա չարչարանքի օրը ամէն կողմից վայ է գալու»: 3 Ով լարելու է, թող լարի իր աղեղը, եւ ով զէնք ունի, թող վերցնի այն: Մի՛ խնայէք նրա երիտասարդներին, ոչնչացրէ՛ք նրա ողջ զօրութիւնը: 4 Վիրաւորները պիտի թափուեն Քաղդէացիների երկրում, իսկ նրա շուրջը՝ խոցուածները, 5 քանզի Իսրայէլը եւ Յուդայի երկիրը իրենց Աստծուց եւ Տէր Ամենակալից չայրիացան, թէեւ նրանց երկիրն Իսրայէլի սրբերի դէմ անօրինութիւններով լցուեց: 6 Փախէ՛ք Բաբելոնի միջից, թող ամէն մէկն իրեն փրկի, որպէսզի չկործանուէք նրա անիրաւութիւնների պատճառով, քանզի հասել է ժամանակը, երբ Տէրը նրանից վրէժխնդիր է լինելու, ինքն է հատուցելու նրա պատիժը: 7 Բաբելոնը Տիրոջ ձեռքին ոսկի բաժակ է, որն իր գինուց արբեցնում է ամբողջ երկիրը. խմեցին հեթանոսները, դրա համար էլ շարժուեցին ազգերը, 8 եւ Բաբելոնը յանկարծակի վայր ընկաւ ու փշրուեց: Ողբացէ՛ք նրա վրայ, նրա վէրքերին դե՛ղ արէք. թերեւս բժշկուի: 9 Բժշկեցինք Բաբելոնին, բայց նա չբժշկուեց, թողնենք նրան եւ իւրաքանչիւրս գնանք մեր երկիրը, որովհետեւ նրա դատաստանը մինչեւ երկինք հասաւ, բարձրացաւ մինչեւ աստղերը, 10 եւ Տէրը նրա գլխին պատիժ բերեց: Եկէ՛ք Սիոնում պատմենք մեր Տէր Աստծոյ գործերը: 11 Պատրաստեցէ՛ք աղեղները, լցրէ՛ք կապարճները, քանի որ Տէրն արթնացրեց մարերի թագաւորի հոգին, քանի որ նրա բարկութիւնը Բաբելոնի վրայ է, պիտի ջնջի նրան, քանզի Տիրոջ վրէժխնդրութիւնն է դա, նրա տաճարի վրէժխնդրութիւնը: 12 Բաբելոնի պարիսպների վրայ դրօ՛շ կանգնեցրէք, պահապաննե՛ր կարգեցէք, արթնացրէ՛ք առաջապահներին, զէնքերը պատրաստեցէ՛ք, քանզի Տէրը ձեռնամուխ եղաւ անելու այն, ինչ ասել է Բաբելոնի բնակիչների մասին, 13 որոնք ապրում են յորդառատ ջրերի մօտ եւ նստում անթիւ գանձերի վրայ: Հասել է քո վախճանը, արդարեւ, այն ստուգապէս քո փորն է մտել: 14 Զօրութիւնների Տէրը երդուեց իր բազկով, թէ՝ «Քեզ լցնելու եմ զօրքով, ինչպէս մորեխով, եւ նրանք, որ քո մէջ են իջնելու, աղաղակ են բարձրացնելու քեզ վրայ»: 15 Նա իր զօրութեամբ ստեղծեց երկիրը, իր իմաստութեամբ հիմնեց տիեզերքը, իր հանճարով տարածեց երկինքը, 16 իր հրամանով երկնքում տեղաւորեց շառաչող ջրերի առատութիւնը. նա երկրի ծագերից ամպեր է հանում վեր, փայլատակումներ առաջացնում անձրեւների ժամանակ, լոյս է հանում իր շտեմարաններից: 17 Իւրաքանչիւր մարդ խելակորոյս դարձաւ, բոլոր ոսկերիչներն իրենց կուռքերի պատճառով ամօթահար եղան, որովհետեւ սուտ բաներ ձուլեցին, նրանց մէջ հոգի չկայ. 18 սնոտի ու խայտառակ գործեր են. երբ ես իրենց այցելութեան գնամ. կորստեան են մատնուելու: 19 Այդպիսին չէ Յակոբի բաժինը. նրա բաժինը նա է, ով ստեղծեց ամենայն ինչ, եւ նրա անունը Զօրութիւնների Տէր է: 20 «Դու ինձ համար ցիրուցան պիտի անես պատերազմական զէնքերը, իսկ ես քո միջոցով ցիրուցան պիտի անեմ ազգերին, քեզնով վերացնեմ թագաւորներին, 21 ոչնչացնեմ նրանց այրուձին, քեզնով պիտի ոչնչացնեմ նրանց կառքերն ու հեծեալներին: 22 Քո միջոցով պիտի ոչնչացնեմ տղամարդուն ու կնոջը, քեզնով ծերին ու երիտասարդին պիտի ոչնչացնեմ, քեզնով պիտի ոչնչացնեմ կտրիճին ու կոյսին: 23 Քո միջոցով պիտի ոչնչացնեմ հովուին ու նրա հօտը, քեզնով հողագործին ու նրա հողագործութիւնը պիտի ոչնչացնեմ, քեզնով պիտի ոչնչացնեմ քո զօրավարներին ու զօրագլուխներին: 24 Բաբելոնին եւ քաղդէացի բնակիչներին պիտի պատժեմ այն բոլոր չարիքների համար, որ ձեր աչքի առաջ գործեցին Սիոնի նկատմամբ,– ասում է Տէրը:– 25 Ահա ես քո դէմ եմ, ո՛վ դու ապականիչ լեռ,– ասում է Տէրը,– դու, որ ապականում էիր ամբողջ երկիրը. իմ ձեռքը քեզ վրայ եմ երկարելու եւ քեզ ժայռերից ներքեւ եմ գլորելու, քեզ վերածելու եմ խանձուած լեռան: 26 Եւ այլեւս քեզնից չեն վերցնելու ո՛չ անկիւնաքար, ո՛չ էլ հիմքի քար, որովհետեւ դու յաւիտեան պիտի լինես ապականութեան մէջ,– ասում է Տէրը:– 27 Դրօ՛շ բարձրացրէք երկրի վրայ, փո՛ղ փչեցէք բոլոր ազգերի մէջ, զօրագնդե՛ր կանչեցէք նրա դէմ: Իմ կողմից հրամա՛ն տուէք Այրարատեան թագաւորութիւններին եւ ասքանազեան գնդին, նրա շուրջը նետաձիգ սարքե՛ր կանգնեցրէք, յարձակուեցէ՛ք նրանց վրայ: Շարժուեց ու տանջուեց երկիրը, որովհետեւ Բաբելոնի վրայ հասաւ Տիրոջ խորհուրդը, եւ երիվարները հասան ինչպէս մորեխի բազմութիւն: 28 Նրա վրա՛յ հրաւիրեցէք ազգերին եւ մարերի թագաւորին, նրանց զօրավարներին ու նրանց բոլոր զօրագլուխներին, երկրի բոլոր իշխանութիւններին՝ 29 աւերածութեան ենթարկելու համար Բաբելացիների երկիրը, որպէսզի այնտեղ բնակութիւն չլինի: 30 Բաբելոնի քաջամարտիկները պատերազմից յետ կանգնեցին, մնացին պաշարման մէջ, բեկուեց նրանց զօրութիւնը, նրանք դարձան կանանց նման, հրդեհի մատնուեցին նրանց տները, ջարդուեցին դրանց փականքները: 31 Փախչողը փախչողի պիտի պատահի, գուժկանը պիտի հանդիպի գուժկանի՝ բօթը տալու բաբելացիների թագաւորին, թէ նրա քաղաքը գրաւուած է, 32 ելքերը բռնուած են չորս կողմից, բնակիչները կրակի մէջ այրուել են, իսկ պատերազմող մարդիկ խոյս են տուել դէպի դարպասները»: 33 Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Բաբելացիների տունը պիտի կալսուի հասած օրանի նման, մի քիչ եւս, եւ կգայ նրա հնձի ժամանակը»: 34 «Կերաւ ինձ, հասաւ ինձ վրայ, բաժանեց ինձ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան, ինձ դարձրեց կարծես մի դատարկ աման, վիշապի նման ինձ կուլ տուեց, իր փորը լցրեց իմ փափկութիւններով: 35 Թող հեռանան իմ տանջանքները, եւ ինձ հասած տառապանքները հասնեն Բաբելոնին»,– այսպէս պիտի ասի Սիոնի բնակիչը: «Իմ արիւնը քաղդէացի բնակիչների վրայ թող լինի»,– այսպէս պիտի ասի Երուսաղէմը: 36 Դրա համար էլ այսպէս է ասում Տէրը. «Ահա ես պիտի դատեմ քո ոսոխին եւ պիտի առնեմ քո վրէժը, պիտի աւերեմ նրա ծովը եւ ցամաքեցնեմ նրա աղբիւրները: 37 Բաբելոնը բլուրների պիտի վերածուի, վիշապների բնակավայրի, աւերածութեան ու սուլոցի պիտի ենթարկուի, բնակելի չպիտի լինի: 38 Նրանց բոլոր որդիները պատրաստուեցին իբրեւ առիւծներ, իբրեւ առիւծի կորիւններ. 39 իրենց տաք խշտիների մէջ նրանց արհաւիրք եմ բերելու, հարբեցնելու եմ նրանց, որ թմրեն ու ննջեն յաւիտենական քնով եւ չարթնանան,– ասում է Տէրը:– 40 Իջեցրո՛ւ, մորթելո՛ւ տար նրանց ինչպէս ոչխարների, ինչպէս խոյերի ու այծերի»: 41 Ինչպէ՜ս պարտութեան մատնուեցիր, ո՛վ Սիսակ, ինչպէ՜ս որսի պէս բռնուեցիր, ո՛վ դու պարծանքդ ամենայն երկրի: Ինչպէ՜ս Բաբելոնն ամայացաւ հանուր ազգերի մէջ: 42 Իր ալիքների գոչիւնով ծովը բարձրացաւ Բաբելոնի վրայ, եւ նա ծածկուեց: 43 Նրա քաղաքները դարձան աւեր, անջուր երկիր ու անապատ, ուր ոչ ոք չի բնակուի, ուր մարդու որդին կանգ չի առնի: 44 «Բաբելոնում վրէժխնդիր պիտի լինեմ Բէլից, եւ ինչ որ նա կուլ տուեց, նրա բերանից պիտի հանեմ: Ազգերն այլեւս նրա մօտ չեն հաւաքուի: Բաբելոնի պարիսպներն էլ պիտի խորտակուեն: 45 Դո՛ւրս արի նրա միջից, ո՛վ իմ ժողովուրդ, ամէն մէկդ ձեր ա՛նձը փրկեցէք Տիրոջ ցասումից ու բարկութիւնից: 46 Թող երբեք չահաբեկուեն ձեր սրտերը, մի՛ վախեցէք այն լուրերից, որ կլսէք երկրում, որովհետեւ նոյն տարում պիտի գայ մի լուր, իսկ յաջորդ տարում՝ այլ լուր, եւ անիրաւութիւն պիտի լինի երկրում, խայտառակութիւն՝ խայտառակութեան վրայ: 47 Դրա համար էլ ահա օրեր պիտի գան,– ասում է Տէրը,– երբ ես պիտի պատժեմ բաբելացիների կուռքերին, եւ նրա ողջ երկիրն ամօթով պիտի մնայ, նրա բոլոր վիրաւորները պիտի ընկնեն նրա մէջ: 48 Այն ժամանակ Բաբելոնի վրայ պիտի ցնծան երկինք ու երկիր եւ նրանցում եղած ամէն ինչ, քանի որ հիւսիսից պիտի գան նրան թշուառացնողները,– ասում է Տէրը,– 49 եւ ամբողջ երկրի վիրաւորները պիտի ընկնեն Բաբելոնում»: 50 Ելէ՛ք այդ երկրից, ո՛վ փրկուածներ, մի՛ մնացէք, յիշեցէ՛ք Տիրոջը, ո՛վ դուք հեռաւորներ, եւ թող Երուսաղէմը ձեր միտքը գայ: 51 Ամօթահար եղանք, որովհետեւ լսեցինք մեր նախատինքը, մեր անարգանքը ծածկեց մեր երեսը, այլազգիները Տիրոջ տան մէջ մեր սրբարանները ներխուժեցին: 52 «Դրա համար էլ ահա օրեր են գալու,– ասում է Տէրը,– ու ես վրէժխնդիր եմ լինելու նրա կուռքերից, ամբողջ երկրում ընկնելու են վիրաւորները: 53 Եւ եթէ Բաբելոնը երկնքի պէս վեր բարձրանայ եւ ամրացնի իր բարձր զօրութիւնը, միեւնոյն է, իմ կողմից կործանողներ պիտի գան նրա համար»,– ասում է Տէրը: 54 Բօթն է հնչում Բաբելոնում, մեծ կոտորած է Քաղդէացիների երկրում, 55 քանզի Տէրն աւերեց Բաբելոնը եւ այնտեղից չքացրեց նրա բարձր ձայնը՝ նրա ալիքների գոչիւնը, կարծես բազում ջրեր ձայնեցին նրա կործանման մասին: 56 «Բաբելոնի վրայ հասաւ թշուառութիւնը, նրա սպառազէնները բռնուեցին, նրա աղեղնաւորները զարհուրեցին: Չէ՞ որ Աստուած հատուցող է, Տէրն ինքը պիտի հատուցի նրա պատիժը 57 եւ սաստիկ հարբեցնի նրա զօրավարներին ու նրա իմաստուններին, նրա իշխաններին, նրա զօրագլուխներին ու նրա զօրաւոր մարդկանց. նրանք պիտի ննջեն յաւիտենական քնով եւ չարթնանան»,– ասում է արքան, որի անունը Տէր Ամենակալ է: 58 Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Լայն էր Բաբելոնի պարիսպը, բայց նա կործանուելով պիտի կործանուի, նրա բարձր դարպասները հրով պիտի այրուեն, ժողովուրդները զուր չարչարուեցին, եւ ազգերը սկզբից եւեթ պիտի ոչնչանային»: 59 Այն խօսքը, որ Տէրը պատուիրեց Երեմիա մարգարէին՝ ասելու Մաասիայի որդի Ներիայի որդի Սարեային, երբ սա Յուդայի երկրի Սեդեկիա արքայի կողմից նրա թագաւորութեան չորրորդ տարում գնում էր Բաբելոն: Սարեան նրա գանձապետն էր: 60 Երեմիան մի մատեանի մէջ նկարագրեց այն բոլոր չարիքները, որ գալու էին Բաբելոնի վրայ, այսինքն՝ Բաբելոնի մասին գրուած այս բոլոր բաները: 61 Երեմիան ասաց Սարեային. «Երբ Բաբելոն գնաս եւ նայես ու կարդաս այս բոլոր բաները, 62 կասես. “Տէ՛ր, դու խօսեցիր այս վայրի մասին, որ բնաջնջես սա, որ այստեղ այլեւս բնակիչ չմնայ՝ մարդուց մինչեւ անասուն, որ յաւիտեան ամայութիւն լինի”: 63 Իսկ երբ վերջացնես այդ մատեանի ընթերցումը, քար կկապես դրան, կգցես Եփրատի մէջ 64 ու կասես. “Թող Բաբելոնն այսպէս ընկղմուի ու չբարձրանայ այն չարիքներից, որ ես բերելու եմ նրա վրայ”»: Երեմիա մարգարէի խօսքերը մինչեւ այստեղ են հասնում:
52 Այս խօսքերը Թագաւորութիւնների չորրորդ գրքից են.1 Քսանմէկ տարեկան էր Սեդեկիա արքան, երբ թագաւոր դարձաւ: Տասնմէկ տարի թագաւորեց Երուսաղէմում: Նրա մօր անունն Ամիտաալ էր. սա դուստրն էր Երեմիայի, որը Լուբենայից էր: 2 Սեդեկիան Տիրոջ առաջ չարիք գործեց, ինչպէս Յովակիմն էր գործել: 3 Տէրը զայրացել էր Երուսաղէմի եւ Յուդայի երկրի վրայ այն աստիճան, որ նրանց իր աչքից գցեց, եւ Սեդեկիան ապստամբեց բաբելացիների արքայի դէմ: 4 Իսկ նրա թագաւորութեան իններորդ տարում, տասներորդ ամսին, ամսի տասին, բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան իր ամբողջ զօրքով եկաւ Երուսաղէմ եւ պաշարեց այն: Նրա շուրջը քառակուսի քարերից պատնէշ պատնէշի վրայ կանգնեցրեց: 5 Մինչեւ Սեդեկիա արքայի տասնմէկերորդ տարին քաղաքն ընկաւ նեղութեան մէջ: 6 Իսկ չորրորդ ամսին, երբ ամսի ինն էր, քաղաքում սաստկացաւ սովը. հաց չկար, որ երկրի բնակչութիւնն ուտէր: 7 Քաղաքի պարիսպը ճեղք տուեց, բոլոր կռուող մարդիկ փախուստի դիմեցին եւ գիշերով, երբ քաղդէացիները քաղաքի շուրջն էին, ներքին եւ արտաքին պարիսպների մէջ ընկած դարպասի ճանապարհով, արքունի պարտէզի կողմով դուրս եկան քաղաքից եւ շարժուեցին արաբացիների ճանապարհով: 8 Քաղդէացիների թագաւորի զօրքերը հետապնդեցին եւ Երիքովից այն կողմ հասան Սեդեկիա արքային, իսկ նրա բոլոր ծառաները թողեցին հեռացան նրանից: 9 Բռնեցին թագաւորին եւ բերեցին Դեբլաթա՝ Եմաթի երկիրը, բաբելացիների արքայի մօտ, որը նրա հետ դատաստան տեսաւ: 10 Բաբելացիների արքան Սեդեկիայի առաջ կոտորեց նրա որդիներին, Դեբլաթայում կոտորեց նաեւ Յուդայի երկրի բոլոր իշխաններին, 11 Սեդեկիայի աչքերը կուրացրեց եւ ձեռքերը կապեց շղթաներով: Բաբելացիների արքան տարաւ նրան Բաբելոն եւ մինչեւ նրա մահուան օրը պահեց նրան ջրաղացի մէջ: 12 Հինգերորդ ամսին, ամսի տասին – դա բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի տասնիններորդ տարին էր – բաբելացիների արքայի առջեւ նրա սպասին կանգնող Նաբուզարդան դահճապետը եկաւ, 13 կրակի մատնեց Տիրոջ տունը եւ արքունի ապարանքները, քաղաքի բոլոր տներն ու բոլոր մեծամեծ դղեակները հրով այրեց, 14 իսկ քաղդէացի բոլոր զօրքերը, որոնք եկել էին դահճապետի հետ, Երուսաղէմի պարիսպներն ամբողջապէս շուրջանակի քանդեցին: 15 Բայց ժողովրդի չքաւոր մասին ու թափթփուկներին, որոնք մնացել էին քաղաքում, ինչպէս եւ փախստականներին, որոնք փախել էին բաբելացիների արքայի մօտ, եւ մնացած բազմութեանը Նաբուզարդան դահճապետը ձեռք չտուեց: 16 Երկրի աղքատների մի մասին Նաբուզարդան դահճապետը թողեց այգեգործներ ու հողագործներ լինելու համար: 17 Տիրոջ տան պղնձէ սիւներն ու խարիսխները եւ պղնձէ մեծ աւազանը, որ Տիրոջ տան մէջ էր, քաղդէացիները ջարդեցին եւ ամբողջ պղինձը տարան Բաբելոն: 18 Դահճապետն առաւ նաեւ եռոտանիներն ու վերնախարիսխները, պսակներն ու տաշտերը, մսի պատառաքաղներն ու պղնձէ ամանեղէնը, որոնցով սպասարկում էին: 19 Դահճապետն առաւ նաեւ կոնքերն ու թաղարները, քամիչներն ու աշտանակները, խնկամաններն ու տուփերը. որը ոսկի էր, վերցրեց իբրեւ ոսկի, որն արծաթ էր՝ իբրեւ արծաթ: 20 Սիւները երկուսն էին, պղնձէ մեծ աւազանը՝ մէկը. իսկ աւազանի տակ տասներկու ցուլեր կային, որոնք Տիրոջ տան մէջ շինել էր Սողոմոն արքան: Եւ պղնձին ու պղնձէ բոլոր անօթներին հաշիւ չկար: 21 Սիւներից ամէն մէկի բարձրութիւնը երեսունհինգ կանգուն էր, որոնցից իւրաքանչիւրի շուրջը տարածւում էր տասներկու կանգուն երկարութեամբ շղթայ՝ չորս մատ հաստութեամբ: 22 Նրանց գլխին պղնձէ խոյակներ կային, ամէն մի խոյակի բարձրութիւնը՝ հինգ կանգուն. մի խոյակի մակերեսը շուրջանակի բոլորում էին ցանցակերպ եւ նռնաձեւ զարդերը՝ համակ պղնձից: Նոյն ձեւի էր եւ երկրորդ սեանը, տասներկու կանգուններից ամէն մի կանգունը՝ ութ նռնազարդով: 23 Նռնազարդերի թիւը մի կողմի վրայ իննսունվեց էր, իսկ բոլոր նռնազարդերը շուրջանակի ցանցի վրայ հարիւր հատ էին: 24 Դահճապետը բռնեց Սարեային՝ գլխաւոր քահանային, Սոփոնիային՝ երկրորդ քահանային, ու երեք դռնապանների: 25 Այդ քաղաքից ձերբակալեց նաեւ մի ներքինու, որ պատերազմող մարդկանց զօրապետն էր, եւ եօթ անուանի մարդկանց, որոնք թագաւորի առջեւ նրա սպասին էին կանգնում, եւ որոնց գտան քաղաքում, ինչպէս եւ ատենադպրին՝ զօրքի իշխանին, երկրի ժողովրդի ատենադպրին ու երկրի բնակչութիւնից վաթսուն մարդու, որոնց գտան քաղաքում: 26 Նաբուզարդան դահճապետն առաւ նրանց ու տարաւ բաբելացիների արքայի մօտ՝ Դեբլաթա: 27 Բաբելացիների արքան մահուան դատապարտեց նրանց ու սպանեց Դեբլաթայում՝ Եմաթի երկրում: Յուդայի երկրի ժողովուրդն իր երկրից գերեվարուեց: 28 Սա է այն ժողովուրդը, որին գերեց Նաբուքոդոնոսոր արքան. եօթերորդ տարում՝ երեք հազար քսաներեք հրեայ, 29 Նաբուքոդոնոսորի տասնութերորդ տարում Երուսաղէմից տարան ութ հարիւր երեսուներկու հոգի, 30 Նաբուքոդոնոսորի քսաներեքերորդ տարում Նաբուզարդան դահճապետը հրեաներից գերի տարաւ եօթ հարիւր քառասունհինգ հոգի, բոլորը միասին՝ չորս հազար վեց հարիւր հոգի: 31 Յուդայի երկրի արքայ Յովակիմի գերութեան երեսունեօթերորդ տարին էր, տասներկուերորդ ամիսը, ամսի քսանչորսը, երբ բաբելացիների Ուլմարոդաք արքան իր թագաւոր դարձած տարին պատուի արժանացրեց Յուդայի երկրի արքայ Յովակիմին. հանեց նրան այն տնից, որտեղ նա գտնւում էր հսկողութեան տակ, 32 նրա հետ քաղցրութեամբ խօսեց եւ նրա բարձն աւելի վեր դրեց, քան այն թագաւորների բարձերը, որոնք Բաբելոնում նրա մօտ էին: 33 Փոխեց բանտի նրա պատմուճանը, եւ նա, ինչքան ժամանակ որ ապրեց, ամէն օր միշտ արքայի մօտ էր հաց ուտում: 34 Նրա համար սահմանուեց մշտական ռոճիկ, որը նրա կեանքի ամբողջ ընթացքում բաբելացիների արքայի կողմից տալիս էին նրան օրըստօրէ՝ մինչեւ նրա մահուան օրը: