русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
15 ապրիլի 2025թ. երեքշաբթի, ԲԿ
Աւագ երեքշաբթի
Պահք
Յիշատակ տասն կուսանացն







ԱՌԱԿ
id045Նշանակում է այլաբանական, իմաստալից խոսք՝ խրատական բովանդակությամբ:
Սուրբ Գրքում «առակներ» անվան տակ հանդես է գալիս Սողոմոն թագավորի հակիրճ խրատների ժողովածուն, ինչպես նաև՝ Քրիստոսի պատմած բազմաթիվ առակները: Իր քարոզներում Տերը հաճախ դիմում էր այլաբանության՝ բնության կամ կենցաղի օրինակներով, առակավոր խոսքով ներկայացնելով հոգևոր կյանքի ծածուկ խորհուրդները:
Նա որոշ առակներ առանձին բացատրում էր Իր աշակերտներին, իսկ ժողովրդին մեծ մասամբ չէր մեկնում դրանց իմաստը, որպեսզի մարդկանց ուշադրությունը սրվի, և նրանք սկսեն խորհել հավատի ու երկնքի արքայության մասին: Մեզ համար ևս Քրիստոսի առակները կարևոր միջոց են հոգևոր կյանքի, նրա օրինաչափությունների մասին մտորելու համար:
Քրիստոսի առակներն օժտված են զարմանալի պարզությամբ, սակայն նրանց իմաստը բազմաշերտ է ու բազմախորհուրդ, ինչը բացահայտվում է քրիստոնյայի ողջ կյանքի ընթացքում՝ առավել իմաստնացնելով նրան: Այս պատճառով դրանք վարդապետների կողմից արժանացել են ընդարձակ մեկնությունների:
Ավետարաններում զետեղված են բազմաթիվ առակներ, որոնցից շատերը վերաբերում են այն ավետիսին, որը Քրիստոս բերել էր աշխարհին, այն նոր ճանաչողությանն ու հավատին, որով բացվում է երկնքի արքայության մուտքը և հավիտենական կյանքի երանավետ հեռանկարը:

Ավագ երեքշաբթի, Տասը կույսերի առակի ծիսակատարության պահ
Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, 11 ապրիլի, 2006 թ.
Լուսանկար՝ Սերգեյ Հակոբյանի

Այդպիսին է Իմաստուն և հիմար կույսերի առակը [տե՛ս Մատթ. 25.1-13], որտեղ ձեթը խորհրդանշում է քրիստոնեական առաքինությունները՝ հատկապես ողորմությունը, որի պակասից հիմար կույսերը, այսինքն՝ առաքինությունից զուրկ քրիստոնյաները, ի տարբերություն իմաստունների, չմտան երկնքի արքայություն:

 
sacredtradition.am