русский  english    
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ
4 փետրվարի 2025թ. երեքշաբթի, ԴՁ
Սրբոց երկոտասան մարգարէիցն Ովսեայ, Ամովսայ, Միքիայ, Յովելեայ, Աբդիու, Նաւումայ, Ամբակումայ, Յովնանու, Սոփոնեայ, Անգեայ, Զաքարեայ եւ Մաղաքեայ












ՀՈՎՆԱՆ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VIII դ. առաջին կես)
id561Հովնանը տասներկու փոքր մարգարեների շարքում է ոչ թե իր գրած, այլ իր մասին պահպանված մի պատմության շնորհիվ, որը գրի է առնվել նրանից մի քանի դար հետո՝ բաբելոնյան գերության ժամանակ: Նա այն մարգարեն էր, ում միջոցով Աստված կանխահայտնել էր Հերոբովամ II թագավորի հաղթանակները [Դ Թագ. 14.25]: Այն գիրքը, որ հայտնի է «Հովնանի մարգարեությունը» անունով, սերնդեսերունդ պատմվել է իբրև ուսուցողական և խրատական պատմություն, որը հավաստում է Աստծո ողորմածությունը նաև հեթանոսների նկատմամբ, եթե նրանք ընդունեն Իր անունից կատարված քարոզը: Իր մարգարե Հովնանին Աստված ուղարկում է Ասորեստանի մայրաքաղաք Նինվե՝ սպառնալից խոսքերով քարոզելու այդ քաղաքի՝ մեծ մեղքերի մեջ ընկած բնակիչներին: Բայց մարգարեն, գիտենալով, որ Աստված գթասիրտ է և Իր սպառնալիքը չի իրագործի, եթե նինվեացիները հավատան ու զղջան, որոշում է չհնազանդվել Տիրոջը և նավով փախչում է Ավետյաց երկրից: Ճանապարհին մեծ փոթորիկ է սկսվում, և ծովը նետված Հովնանին Աստծո հրամանով կուլ է տալիս մի կետ ձուկ: Երեք օր կետի փորում աղոթելուց հետո մարգարեն ազատվում է և դարձյալ լսում նինվեացիներին քարոզելու Տիրոջ հրամանը: Նա գալիս է Նինվե և ասում՝ «Եվս երեք օր, և Նինվեն պիտի կործանվի», իսկ քաղաքի բնակիչները լրջորեն հավատում են և ապաշխարում, ինչի շնորհիվ ազատվում են վերահաս պատուհասից: Հովնանը տրտմում է, որ, ինչպես և սպասում էր, իր խոսքը չիրականացավ, բայց Աստված իմաստուն խրատով նրան ցուց է տալիս, թե որքան թանկ է Իր համար յուրաքանչյուր մարդ, և ինչպես է փափագում բոլոր մեղավորների՝ թե՛ հրեաների, թե՛ հեթանոսների դարձն ու փրկությունը:
Հովնանի գիրքը յուրահատուկ կոչ էր հրեաներին՝ ընկալելու Աստծո անպարփակելի սիրո էությունը, դուրս գալու նեղ ազգային կրոնական պատկերացումներից և պատրաստ լինելու Մեսիայի համատիեզերական կոչվածությանը: Նինվեացիների ապաշխարության օրինակով Քրիստոս հանդիմանեց փարիսեցիներին, իսկ Իր երեքօրյա հանգչելը գերեզմանում անվանեց «Հովնանի նշան»՝ կետի փորից մարգարեի ազատվելու հրաշքը ներկայացնեով որպես կյանքի և մահվան վրա ունեցած Իր իշխանության խորհրդանիշ [տե՛ս Ղուկ. 11.29-32]:





 
sacredtradition.am